Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը 1895 թվականին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը 1895 թվականին (ռուսերեն՝ "Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году"), Օսմանյան կայսրության հայ բնակչության վիճակին (19-րդ դարի 2-րդ կես) նվիրված հայտնի գիտնականների և հասարակական գործիչների աշխատությունների ժողովածու։ Հրատարակվել է 1896 թվականին Մոսկվայում, ռուսերեն։ Նախաբանը՝ պրոֆեսոր Լ. Ա. Կամարովսկու։ ժողովածուում հրապարակված է 1895 թվականի հուլիսի 26-ին Չեստերի միտինգում Ու. Գլադստոնի արտասանած ճառը՝ Արևմտյան Հայաստանում իրադրության սրման, հայերի ջարդերի վերաբերյալ։

«Հայաստանը, հայերն ու դաշնագրերը» աշխատության մեջ բելգիացի իրավաբան Գ. Ռոլեն-Ժեկմենն ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, վիճակագրական տվյալներ հաղորդում արևմտյան Հայաստանի ազգային կազմի մասին, վերլուծում այնտեղ տիրող դրությունը՝ Փարիզի 1856 թվականի դաշնագրից հետո կնքված դիվանագիտական վավերագրերի հիման վրա։

Անգլիացի հասարակական գործիչ, քահանա Մ. Մաքկոլը «Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի առջև» աշխատության մեջ քննում է Օսմանյան կայսրության հայ բնակչության կացությունը, 1894-95 թթ. հայկական կոտորածների իրական պատճառները, լուսաբանում Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը հայկական հարցում։

Ամերիկյան միսիոնեի Ֆ. Դ. Գրինի «Հայկական ճգնաժամը և թուրքերի տիրապետությունը» ուսումնասիրությունը նվիրված է Սասունի 1894 թվականի կոտորածների պատճառների վերլուծությանն ու դեպքերի նկարագրությանը, հայկական հարցի լուծման հնարավոր ուղիներին։

Իռլանդացի հայտնի գիտնական Էմիլ Դիլոնի «Իրադրությունը Թուրքական Հայաստանում» հոդվածում լուսաբանվում են թուրքական իշխանությունների վերաբերմունքը քրիստոնեական փոքրամասնությունների նկատմամբ, 1894-96 թթ. հայկական կոտորածները, վերլուծվում եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում։

Ժողովածուում տեղ է գտել նաև հայ հրապարակախոս Գ. Ա. Ջանշյանի (Տանշիև) նամակագրությունը (1894) պոլսեցի մի լրագրողի հետ՝ Օսմանյան կայսրությունում հայերի դրության մասին։

Ժողովածուն հետաքրքրությամբ ընդունվեց ռուս հասարակայնության կողմից, որը հնարավորություն ստացավ ծանոթանալ հայկական հարցին նվիրված եվրոպական հեղինակների աշխատություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։