Հայերը Ստավրոպոլի երկրամասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիսլովոդսկի Սուրբ Վարդան եկեղեցին

Հայերը Ստավրոպոլի երկրամասում, Ռուսաստանի երկրորդ մեծ հայկական համայնքը (Կրասնոդարի երկրամասից հետո)։

Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքը իր կազմավորումը սկսել է 11-14-րդ դարերում՝ հին հայկական թագավորության անկումից հետո[1]։ Սակայն Ստավրոպոլի հայերի հիմնական մասը Լեռնային Ղարաբաղից ներգաղթյալների հետնորդներ են, որոնք տեղափոխվել են Հյուսիսային Կովկաս հիմնականում 18-19-րդ դարերում։

Այսօր հայերը տարածաշրջանում երկրորդ ամենամեծ ազգն են՝ ռուսներից հետո։ 2014 թվականին Ստավրոպոլի երկրամասում եղել է 11 գործող հայկական եկեղեցի և կոմպակտ հայ բնակչություն ունեցող շատ շրջաններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի հայ համայնքը միատարր չէ, այն պայմանականորեն կարելի է բաժանել չորս խմբի՝ ըստ տարածաշրջանում իրենց բնակության ժամանակի․

  • Ժամանակակից Ստավրոպոլի երկրամասի տարածքում հաստատվածների հոսքերը 11-14-րդ դարերում, այսինքն՝ այդ հողերը Ռուսական կայսրությանը միացնելուց 400-700 տարի առաջ[2]։ Նրանք հիմնականում Ղրիմից ժամանած հայերն էին և Արևելյան Հայաստանի հայերը, ովքեր ապաստան էին փնտրում Հյուսիսային Կովկասում օտարերկրյա զավթիչներից, որոնք ոչնչացրել էին հայկական թագավորությունը։
  • 18-րդ դարից սկսած, հատկապես Ռուսաստանի կայսր Պավել I-ի 1799 թվականի հոկտեմբերի 28-ի «Ամենաբարձր պատվոգիր» հրամանագրից հետո հաստատվածների ժառանգները, ըստ որի հայ գաղթականներին հող հատկացվեց բնակարանի համար և թույլատրվեց տնտեսական գործունեությամբ զբաղվել[3]։ Նրանք հիմնադրել են Ղարաբաղլի կոչվող գյուղը, որը հետագայում դարձել է Բուդյոննովսկ քաղաք[4]։ Չորս տարի անց նրանց թույլատրվել է այդ վայրում «մի քաղաք հիմնել, որտեղ գտնվել են Հին Մաջարները, Սուրբ Խաչ անունով»[5]։ Հայերը տեղափոխվել են ժամանակակից Բուդյոննովսկի տարածք սլավոնների հետ միաժամանակ։ Այստեղից նրանց հետնորդները տեղափոխվել են Պյատիգորյայի շրջան և ժամանակակից Ստավրոպոլի երկրամասի այլ վայրեր։

Հայերը եկել են իրենց հատկացված տարածք՝ հիմնականում Լեռնային Ղարաբաղից։ Հայտնի է, որ 1764-1810 թվականներին տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ լքել են Արցախը (Լեռնային Ղարաբաղ) և տեղափոխվել Հյուսիսային Կովկաս, որոնց զգալի մասը բնակություն են հաստատել Ստավրոպոլի տարածքում։ Այսպիսով, մենք կարող ենք եզրակացնել, որ «բնիկ» ստավրոպոլահայերի մեծ մասը ղարաբաղահայության սերունդներն են։ Ժամանող հայերը կառուցել են իրենց թաղամասերը, եկեղեցիները, գյուղերն ու ամբողջ քաղաքներ։

Թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1979 թվականի  մարդահամարի տվյալների, Ստավրոպոլի մարզում ապրել է 40 հազար հայ, 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ 161 324: Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների, հայերը կազմում են շրջանի բնակչության 6%-ը։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Ստավրոպոլի երկրամասում բնակվում է շուրջ 300-400 հազար հայ (շրջանի բնակչության 11%-ից 15%)։  

Ստավրոպոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստավրոպոլում հայերը հայտնվել են գրեթե բերդի կառուցման հետ միաժամանակ։ Այդ մասին են վկայում գավառագետ Ի. Վ. Բենտկովսկու կողմից 1830 թվականին արձանագրված 75-ամյա Խոպյոր կազակի հուշագրությունները․

Այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Հայկական փողոցը, անտառի միջով կածան կար։ Մենք այդ կածանով գնում էինք բերդի համար ջուր բերելու ... Ներկայիս հայկական եկեղեցու մոտ լիճ կար, որը գոյացել էր լեռների  աղբյուրներից հոսող ջրերից։

Հետագայում քաղաքի մի նշանակալի հատված, որը գտնվում էր Հայկական փողոցին հարող տարածքում, կոչվեց հայկական թաղամաս։ Հենց այստեղ կանգնեցվեց կազակի հուշերում հիշատակված հայկական եկեղեցին։ Դրա կառուցման և ավերման պատմությունը ուշադրության է արժանի։ 1810 թվականին այստեղ հիմնադրված փայտե եկեղեցին կառուցվել է միայն 1830 թվականին։ Նրա երկու գմբեթներից մեկի փլվելուց հետո որոշվեց այդ վայրում կառուցել քարե եկեղեցի, որի շինարարությունն ավարտվել է 1881 թվականին։ 20-րդ դարի քսանական թվականներին թալանված, պղծված և խարխլված վիճակում այն մնաց ևս 40 տարի։ Քանդելուց հետո այդ վայրում կառուցվեց վարչական շենք։ Հայկական ազգանունները հազվադեպ չէին նախահեղափոխական Ստավրոպոլի ձեռներեցների շրջանում, ինչի վկայությունն են նրանց հովանավորությամբ կանգնեցված շենքերը և դրանց մասին  պահպանված փաստաթղթերը։ Գավառագետ Գերման Բելիկովը «Խաչի քաղաքը» գրքում նկարագրել է Կարապետ Իսաևիչ Յագոյանցի բազմաբնակարան շենքը, որը քաղաքի զարդն է եղել։ Քաղաքի հայկական թաղամասում հայ արհեստավորները կոմպակտ էին ապրում՝ կոշկակարներ, դերձակներ, շինարարներ, հետագայում նրանք բնակություն հաստատեցին ամբողջ քաղաքում։ Այժմ հայկական ազգանունները նույնպես բավականին տարածված են քաղաքի բժիշկների և ուսուցիչների շրջանում։

Հայկական փողոցը բաղկացած էր մեկ հարկանի փայտե խրճիթներից, որոնք ծածկված էին կավով պատված եղեգնյա տանիքով։ Նրանց փոխարինեցին քարե երկհարկանի պատշգամբներով տները, որոնք պահպանվել են մինչ օրս։ Երկար ժամանակ Հայկական փողոցը քաղաքի կենտրոնի ամենահարմար անկյուններից մեկն էր։ Հետագայում փողոցի տների հարավային շարքը անհետացավ, փոքր փողոցին  փոխարինեց գլխավոր փողոցը։ Այստեղ կառուցվել է ամուր քարե ցանկապատ։ Հայկական փողոցի հարևանությամբ մնացել էին միայն կենտ համարի տները, իսկ 1938 թվականի հունվարի 25-ին էլ փողոցը վերացել է։ Քաղաքային խորհրդի որոշմամբ հայկական փողոցը (ի թիվս 282 փողոցների, նրբանցների, հրապարակների) վերանվանվել է։ Այն կոչվել է ազգությամբ հայ, հեղափոխական, Կովկասի ժողովրդական կոմիսարների խորհրդի կոմիսար, ծնունդով Թիֆլիսից Ստեփան Շահումյանի անունով, որին 1918 թվականին Կրասնովոդսկի մերձակայքում բրիտանացիները գնդակահարել են։

Այսօր քաղաքն ունի հայկական եկեղեցի, հայկական դպրոցներ, կան մի քանի միկրոշրջաններ կոմպակտ հայ բնակչությամբ։

Պյատիգորսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը սկսել են հաստատվել ներկայիս Պյատիգորսկի տարածքում 12-րդ դարում՝ Գորյաչևոդսկայա կայարանից  Հարավ-արևելք գտնվող  բացատի տարածքում, որը  հետագայում կոչվեց «Հայկական անտառ», որտեղ  կար մի փոքրիկ հայկական գյուղ՝ Հայկական աուլ։ Ավելի ուշ՝ 18-րդ դարի սկզբին, դեպի այս տարածք սկսվեց հայկական արտագաղթի նոր ալիք։ Սկզբում դրանք վաճառականներ և սպաներ էին, ովքեր իրենց առանձնատները կառուցում էին Պոդկումոկ գետի հովտում։ Իր «Մեր ժամանակի հերոսը» ստեղծագործության մեջ Միխայիլ Լերմոնտովը նկարագրում է Ն. Ա. Չելախովի հանրախանութը, որտեղից մարդիկ ամբողջ քաղաքից գալիս էին գնումներ կատարելու։

19-րդ դարում առողջարանային քաղաքի զարգացման հետ մեկտեղ հայ բնակչությունն ավելացավ արհեստավորների և շինարարների հաշվին։ 1870-1885 թվականներին քաղաքում կառուցվել է Հայ առաքելական Սուրբ Թարգմանչաց եկեղեցին։ Եկեղեցու առաջին երեցփոխանը Բաղդասար Խոջայանն էր, որի ընտանիքը քաղաքում մեծ հարգանք էր վայելում։

Ծնունդով հայ Ռուսաստանի կայսրության ներքին գործերի նախարար կոմս Լորիս-Մելիքովի ջանքերով Պյատիգորսկ քաղաքը դարձել է վարչական կենտրոն։ Նա նաև գումար է ներդրել Փրկչի տաճարի կառուցման համար։ Հայ գեներալ Ակիմ Խաստատովի տունը Կովկասյան հանքային ջրերի հոգևոր կյանքի կենտրոնն է եղել։ Հայերը զբաղեցրել են քաղաքապետի պաշտոնը, քաղաքի ազնվականության պարագլուխներն են եղել, ղեկավարել են բժշկական ու կրթական հաստատությունները, ակտիվ են եղել առևտրում։ Հայ վաճառականների առևտրային հաստատությունները հայտնի են եղել Կովկասյան հանքային ջրերի սահմաններից դուրս։ Եվ դրանք նույնիսկ խորհրդանշել են Պյատիգորսկը։ 20-րդ դարի սկզբին քաղաքի շենքերի մեծ մասը պատկանել է հայերին։ Կարևոր գործոն է համարվել նաև հայկական դպրոցի աշխատանքը, որտեղ նրանք հայոց լեզու և գրականություն ուսուցանելուն զուգահեռ ուսումնասիրել են հայ ժողովրդի պատմությունը, բեմադրել ներկայացումներ մայրենի լեզվով։

1915 թվականին քաղաքում գործել է Պյատիգորսկի հայ կամավորականների և փախստականների օգնության հայկական կոմիտեն։ Թուրքիայում հայերի ջարդերի սկսվելուց հետո կոմիտեն հրատարակել է Լեյզեր Օշերովովսկու «Ռուսաստանի պրոտեկտորատի տակ գտնվող Թուրքահայաստանի տարածքում ինքնավար համակարգի գաղափարը» գրքույկը։ Գիրքը տպագրվել է «Գ․ Դ․ Սուքիասյանցի Էլեկտրոպեչատնայա» քաղաքային տպարանում[6]։

1944 թվականին դպրոցը փակվել է, իսկ 1958 թվականին հայկական եկեղեցին ավերվել է։

Գործում է հայկական եկեղեցի, դպրոց, մարզական ակումբ, հայկական ժողովրդական պարերի սրահ և այլն։

Բուդյոնովսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Բուդյոնովսկի տարածքում գտնվող բնակավայրը կոչվել է Ղարաբաղլի և հիմնադրվել է ղարաբաղցի հայ վերաբնակիչների կողմից 1799 թվականին, համաձայն Ռուսաստանի կայսր Պավել I-ի շնորհագրի։

1796 թվականին Պավել I-ը կատարել է պարսկական մեկ այլ արշավանք և 500 հայ ընտանիքների վերաբնակեցրել է կովկասյան գծում, որոնք վախենում էին պարսիկների վրեժխնդրությունից ռուսական զորքերին օգնելու համար։ Այս ընտանիքները բնակեցվել էին Կիզլյարի, Մոզդոկի և Գեորգիևսկի գավառներում։

1797 թվականին 50 հայ և 20 վրացի ընտանիքներ դիմեցին Աստրախանի նահանգային կառավարությանը՝ իրենց ազատ հողեր հատկացնելու համար «Տոմուզլովկա գետի երկայնքով և նրա բերանից Կումա գետի հոսանքն ի վար, ձախ ափը մինչև Բույվոլա գետի գետաբերանը»։ Կառավարման խորհուրդը տվեց իր համաձայնությունը և 70 ընտանիքներից 30-ը տեղափոխվեցին այդ տարածքը,  ստեղծեցին  բնակավայր, այն անվանելով Կարաբաղլա (ի պատիվ Ղարաբաղի, որտեղից եկել էին հայերը)։ 1797-1798 թվականներին  հրապարկվում են 7.10.1797 և 4.08.1798 հրամանագրերը, որով որոշում են լրացուցիչ հողատարածք հատկացնել «Պարսկաստանից և Դերբենդից հեռացած և դեռ չբնակեցված 11 հազար ընտանիքների»։ 1799 թվականի հունվարի 1-ի և ապրիլի 15-ի ցարի հրամանագրերով  որոշեցին Պարսկաստանից և Դերբենդից ներգաղթյալների համար հողատարածքների  և անհրաժեշտ անտառի տարածքների հատկացման պայմանները։ Հոկտեմբերի 28-ին ցարը ստորագրեց շնորհագիր, ըստ որի թույլատրվում է քաղաք հիմնել այն վայրում, որտեղ գտնվում էին Հին Մաջարները՝ այն կոչելով «Սուրբ Խաչ»։ Այդ շնորհագրով որոշում էր «Աստրախանի, Կիզլյարի և Մոզդոկի հայ հասարակության իրավունքները, արտոնություններն ու ազատությունները»։ Ներգաղթյալների համար  սահմանվել էին  «տարբեր արտոնություններ և առավելություններ օգտակար հաստատություններ հիմնելու գործում, նրանց մոտ  նախանձ և աշխատսիրություն  առաջացնելու համար»։ Թույլատրվել է կառուցել եկեղեցիներ, զանգակատներ և այլ շինություններ։ 1842 թվականին 309 հայ ընտանիքներ, ովքեր ապրել են Մալախալինսկ, Կարաժալինսկ, Դերբենտ և Պարաբիչևսկ հայկական գյուղերում, տեղափոխվեցին քաղաք։ Նրանք կազակների դասից տեղափոխվեցին քաղաքացիական դաս ՝պարտադիր վերաբնակեցվելով Սուրբ Խաչ քաղաքում։ 1910 թվականին քաղաքում ապրում էր 15 հազար մարդ, այդ թվում՝ 10 հազար ռուս և ուկրաինացի (70%) և 5 հազար հայ (30%)։

Այսօր քաղաքում գործում են երկու հայկական եկեղեցի (նախկինում կար երեք), հայկական դպրոցներ և մշակութային կենտրոններ։

Եդեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասում այժմ հայտնի հայկական բնակավայրերից առաջինը գտնվում է Կուրսկի շրջանում, Չեչնիայի հետ սահմանին։ Այն ունի 5800 բնակիչ, որոնց 95%-ը հայեր են։

Գյուղը հիմնադրվել է 1797 թվականին, կայսր Պավել I-ի հրամանագրով. «Անսալով Դերբենդի և շրջակա բնակավայրերի  հայերի խնդրանքին, ովքեր ցանկանում են վերաբնակվել, հանձնարարում եմ այդպիսի վերաբնակեցումներ կատարել, ժամանելուն պես ընտրել նրանց կյանքի տեսակը և նրանց կարիքների  համար հող հատկացնել»։

Եդեսիացիները ծագումով Ադրբեջանի ներկայիս  Դիվիչինի շրջանի տարածքում գտնվող Կիլվար գյուղից թուրքախոս (կամ թաթախոս[7]) հայեր են։ Անունը ծագում է Փոքր Ասիա յի Եդեսիա քաղաքից (Թուրքիայի ժամանակակից Շանլիուրֆա քաղաք), որտեղ, ըստ ավանդության, ապրել են նրանց նախնիները։

Գյուղում  գործում է 1830 թվականին կառուցված հայկական եկեղեցի (տարածաշրջանում ամենահինը)։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստավրոպոլի երկրամասի հայերի մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնյաներ են։ Մարզում կան 11 Հայ Առաքելական եկեղեցիներ, այդ թվում․

  • Սուրբ Հարություն եկեղեցի, Բուդյոնովսկ,
  • Սուրբ Խաչ եկեղեցի, Բուդյոնովսկ,
  • Սուրբ Գևորգ եկեղեցի, Գեորգիևսկ,
  • Սուրբ  Պողոս Պետրոս եկեղեցի[8], Գեորգիևսկ, ավերված է,
  • Էսենտուկիի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի,
  • Սուրբ Վարդան Մամիկոնյան եկեղեցի[9], Կիսլովոդսկ,
  • Սուրբ Սարգիս եկեղեցի, Պյատիգորսկ,
  • Ստավրոպոլի Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին (կառուցվել է 1967 թվականին ավերված եկեղեցու տեղում)[10],
  • Ստավրոպոլի Սուրբ Մարիամ Մագդաղենացու մատուռ,
  • Քրիստոս Փրկչի եկեղեցի (կառուցվում է), Սուվորով։
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի, Եդեսիա, Ստավրոպոլի երկրամաս (1830)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. Новосельцев, Владимир Терентьевич Пашуто, Лев Владимирович Черепнин. Пути развития феодализма. — М.: Наука, 1972. — С. 47.
  2. Анатолий Петрович Новосельцев, Владимир Терентьевич Пашуто, Лев Владимирович Черепнин. Пути развития феодализма. — М.: Наука, 1972. — С. 47.
  3. «Первый лист Жалованной грамоты Павла Первого армянам на основание города Святого Креста.jpg». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  4. Ставропольская губерния: по сведениям 1873 года. Издан Ставропольским губернским статистическим комитетом. Составлен действительным членом и секретарем Комитета И. Бентковским. — Ставрополь: в типографии Ставропольского губернского правления, 1874. — [2], III, 158 с.
  5. К 210-летию Будённовска выйдет в свет второе издание монографии «Святой Крест»
  6. Л. Я. Ошеровский. /Идея автономного строя в Турецкой Армении под протекторатом России / - Пятигорск : Изд. Пятигорского армянского ком. по оказанию помощи добровольцам-дружинникам и беженцам армянам, 1915. - 15 с
  7. [https://web.archive.org/web/20150402122127/http://forum.vardanank.org/index.php?showtopic=161&st=0&start=0 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine Таты-армяне — Армянский форум Вардананк [армяне, политика, история, военное дело]]
  8. Утраченная архитектура Пятигорска
  9. фото
  10. Ստավրոպոլում կրկին կառուցվել է սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին