Հայերը Թեոդոսիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Կաֆայումից)
Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Թեոդոսիայում

Հայերը Թեոդոսիայում հաստատվել են զարգացած միջնադարում՝ կապված Անիի Բագրատունյաց թագավորության (885-1045) անկման հետ։ 11-12-րդ դարերում Ղրիմի հայկական գաղութները սկսում են ստվարանալ Հայաստանից և Փոքր Ասիայի հայաշատ քաղաքներից այստեղ տեղափոխված վաճառականների ու արհեստավորների խմբերի շնորհիվ[1]։

Ղրիմահայերի ոչ պաշտոնական կենտրոնը Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա) քաղաքն էր։ 11-12-րդ դարերում այստեղ հիմնվեց ղրիմահայերի կողմից ստեղծված ամենահին կառույցը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն տեղակայված է քաղաքի կենտրոնում, և նրան առընթեր գտնվում է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանը[2]։ Վերջինս 1845 թվականին կառուցել էր նաև իր արվեստանոցը, որը հետագայում վերածվում է պատկերասրահի[3]։

Զարգացած միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սարգիս եկեղեցի

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս և մի քանի այլ հայկական եկեղեցիները հիշատակվում են Կաֆայի 1316 թվականի կանոնադրության մեջ։ Կաֆան եղել է եպիսկոպոսանիստ քաղաք, որտեղ 14-րդ դարում եպիսկոպոսի ջանքերով անցկացվել է ջրմուղ։ Քաղաքի պաշտպանական կառույցների մեջ նշանավոր էր Հայկական պարիսպը, որը կոչվում էր «Հայոց բերդ»։ Դրա մի հատվածը մինչև օրս պահպանվել է։ Կաֆան 14-րդ դարում ուներ 70 հազար բնակիչ, որից 46 հազարը հայեր էին[4]։ Ծովային և ցամաքային ապրանքաշրջանառության այս խոշոր կենտրոնի առևտուրը 13-15-րդ դարերում հիմնականում կատարվում էր հայերի միջոցով, որոնք ունեին վաճառականական ընկերություններ, վարձակալած նավեր, իջևանատներ, պահեստաշենքեր, վարկատու տներ, 12 դրամատուն (բանկ)։ Հայերից բացը առևտուրը գտնվում էր նաև ռուս և ջենովացի վաճառականների ձեռքում։

Բյուզանդիայի կայսր Միքայել VIII Պալեոլոգը, որը ջենովացիների օգնությամբ 1260 թվականին հետ էր գրավել Կոստանդնուպոլիսը և վերացրել Լատինական կայսրությունը, Նինֆեի պայմանագրով ջենովացիներին լիակատար ազատություն էր արտոնել անցնելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով և նավարկելու Սև ծովում։ Ջենովացիները պահպանում էին հայ վաճառականների հետ ունեցած կապը, քանի որ նրանք Կաֆայի հիմնական բնակիչներն էին և թաթարական շրջանների հետ առևտրական շփումների մեծ փորձ ունեին։ Կաֆան ջենովացիներին հնարավորություն էր տալիս գրեթե չդիմելու քարավանային հեռավոր և վտանգներով լի առևտրին և այն իրականացնել հայ կամ այլազգի վաճառականների միջոցով։ Եթե 13-15-րդ դարերում թերակղզու հարավարևելյան շրջաններում քաղաքական կյանքի տնօրինումը պատկանում էր ջենովացիներին, ապա թերակղզու տնտեսական կյանքում առաջնությունը հայերինն էր։ Հատկապես մեծ դերակատարում ունեին հայ վաշխառուները։ Նոտարական մի շարք ակտերի վկայությամբ՝ դրամատերեր Պետրոսը, Կիլակոզը, Օբերվալին վարկավորել էին ջենովացիներին, ընդ որում ծանր էին դրամատվության պայմանները. եթե պարտքը վճարելու ժամկետն անցներ, ջենովացիները պետք է վճարեին ստացած գումարի կրկնակին։

Սևծովյան գաղթավայրերում իրավական և տնտեսական կյանքը կարգավորելու համար Ջենովական հանրապետությունը ստեղծել էր հատուկ վարչակարգ, որը սկզբում ղեկավարվում էր 1290 և 1316 թվականների կանոնադրություններով։

Ուշ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոսիայի ջենովական ամրոց

Ջենովայի հանրապետության 1449 թվականի՝ «Սև ծովի ջենովական գաղութների կանոնադրությամբ» Կաֆայի և ամբողջ Խազարիայի գլխավորը հյուպատոսին ըստ աստիճանակարգի հաջորդում էին Ավագների խորհուրդը, մասարները և այլ պաշտոնյաներ։ Կանոնադրությունը չէր միջամտում այլազգիների ներքին կյանքին ու սովորույթներին։ Կաֆացի հայերը, ենթարկվելով ջենովական գաղութային իշխանություններին, միաժամանակ կրթամշակութային, եկեղեցական կյանքը ըստ ազգային կանոնների և սովորույթների տնօրինելու որոշակի ինքնավարություն են ունեցել։ Հայերը ներգրավված էին նաև քաղաքական ոլորտում. դա վկայում է հայ համայնքի իրավունքների ճանաչման մասին։ Այս ամենը պայմանավորված էր Կաֆայում հայերի մեծամասնություն կազմելու հանգամանքով։

Կաֆահայերի վրա էր ծանրացած քաղաքի պաշտպանության, ինչպես նաև կարգուկանոնը պահպանելու ծախսերի զգալի մասը։ Կաֆահայերը իրենց ծախսերով պահում էին ոստիկանություն՝ քաղաքացիների անձի և գույքի պաշտպանության համար, զինված ուժեր, որոնք տեղակայվել էին Կազարատ բերդապահ ավանում և Կաֆան պաշտպանում էին թաթարական ասպատակություններից։ 1475 թվականի հունիսին հինգ օր շարունակ հայերից ու հույներից կազմված զինական ուժերը դիմադրություն են ցույց տալիս թուրք-թաթարական 60 հազարանոց համատեղ ուժերին։ Սակայն Կաֆան գրավվում է, իսկ բնակչությունը սրի քաշվում ու գերեվարվում։ Շուտով կաֆահայերը ստիպված են լինում պատերազմական տուրքեր և խոշոր հարկեր վճարել։ Թուրքական փաշան, զգալով հայերին սիրաշահելու անհրաժեշտությունը, մեղմացնում է իր քաղաքականությունը, նրանց է վերադարձնում հայկական եկեղեցիներն ու վանքերը, թույլատրում վերսկսել տնտեսական գործունեությունը։

Ջենովացիներից հետո էլ, թուրք-թաթարական տիրապետության շրջանում (15-18-րդ դարեր), կաֆահայերը, և առհասարակ ղրիմահայերը շարունակում էին օգտվել որոշակի ինքնավարությունից։ Եթե չլիներ այս իրողությունը, ապա չէր լինի նաև Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» օրինակը, որը, ըստ երևույթին, թարգմանված է եղել ղրիմահայերի համար։ Այն նպատակ է ունեցել կարգավորելու հայ համայնքների ներքին ինքնուրույնությունը։

Ավարառու հարձակումներից ու տարբեր հարկերից թաթարներին մնացած հարցերը, մասնավորապես՝ կրոնի ու ներքին կյանքի հետ կապված խնդիրները, չէին հետաքրքրում։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գեորգի եկեղեցի

17-18-րդ դարերում Կաֆայի հայկական գաղութը նորից տնտեսական, մշակութային և եկեղեցական կյանքի առաջընթաց է ապրում։ Քաղաքը դարձել էր հայ գրչության և մանրանկարչության կարևոր կենտրոններից մեկը։

1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո անկախ հռչակված Ղրիմը Ռուսական կայսրությանը միացնելու համար 1777 թվականին ռուսական զորքերը նորից մտան Ղրիմ։ Ռուսական արքունիքը կարևոր նշանակություն էր տալիս տեղի քրիստոնյա բնակչությանը թերակղզուց դուրս հանելու խնդրին։ Դրա իրականացմամբ Ղրիմի խանը կզրկվեր իր հարկատու հիմնական դասերից և ընկնելով ֆինանսական կախման մեջ ռուսական արքունիքից՝ կդառնար վերջինիս կամակատարը։

1778 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ռուսական կառավարության ծախսերով և խանի համաձայնությամբ Ղրիմից դուրս են բերվում հին բնակիչները՝ հայերը և հույները, ավելի քան 31 հազար մարդ։

Տեղահանված մոտ 13 հազար հայերից 6 հազարը կաֆահայեր էին։ Մոտ 700 հայեր խուսափել են վերաբնակեցումից։ 1783 թվականին Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո ռուսական կառավարությունը ստիպված էր միջոցներ ձեռնարկել թերակղզին քրիստոնյաներով բնակեցնելու համար։ Ղրիմում հայերի վերահաստատմանը 1790-ական թվականներին մեծապես օժանդակել է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, որի հղած դիմումները իրենց արտահայտությունն են գտել 1799 թվականի հոկտեմբերի 28-ի կայսերական հրովարտակում։

Մյուս ղրիմահայ համայնքների նման Կաֆայի հայ գաղութը սկսել է աստիճանաբար վերականգնվել։ Հրովարտակի համաձայն՝ Թեոդոսիայում կանգուն մնացած 22 եկեղեցիներից 4-ը, որոնց թվում՝ Սուրբ Սարգիս և Միքայել ու Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցիները, վերադարձվել են հայերին՝ «Հայկական սլոբոդա» հիմնելու համար։

19-րդ դարում Թուրքիայից և Նոր Նախիջևանից Ղրիմ անցած հայ գաղթականության որոշ մասը հաստատվել է նաև Թեոդոսիայի հայկական թաղամասում։ Տեղի հայերը նախկինի պես զբաղվում էին ներքին և արտաքին առևտրով, առևտրական նավագնացությամբ, ձկնորսությամբ, ձկնարդյունաբերությամբ, արհեստներով, արդյունագործությամբ և այլն։

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի

19-րդ դարի երկրորդ կեսին հասարակական-մշակութային կյանքի վերելքը կապված էր Հովհաննես և Գաբրիել Այվազովսկի եղբայրների անվան հետ։ 1858 թվականի Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի հայկական թեմի առաջնորդ Գաբրիել արքեպիսկոպոս Այվազովսկին հայ ժողովրդի արևելահայ և արևմտահայ հատվածների հետ ավելի սերտ շփումներ հաստատելու համար թեմի կենտրոնը Քիշնևից տեղափոխել է Թեոդոսիա։ 1860 թվականից այստեղ հրատարակել է Փարիզի «Մասյաց աղավնի» հանդեսը։ 1858 թվականին հիմնադրել է Խալիբյան ուսումնարանը (իր անվանումը ստացել է հայ մեծահարուստ Հարություն Խալիբյանի անունից, որը ուսումնարանը հիմնելու համար տրամադրել էր 200 000 ռուբլի), որին կից 1860 թվականին հիմնել է տպարան, հրատարակվել հանդես։ Այստեղ հրատարակված գրքերի մեծ մասը եղել են դասագրքեր։

Ուսումնարանում դասավանդվում էին բոլոր այն գիտությունները, որոնք մտնում էին ընդհանուր գիմնազիական կրթության մեջ կամ անհրաժեշտ էին առևտրով զբաղվել ցանկացողներին։ Ուսման դասընթացը բաժանվում էր վեց դասարանի, ուսուցումը կատարվում էր հայերեն, բացառությամբ ռուսաց լեզվի, ռուսաց պատմության (որոնք դասավանդվում էին ռուսերեն) և ֆրանսերեն լեզվի (դասավանդվում էր ֆրանսերեն)։ Ուսումնական մասը ղեկավարում էին վերատեսուչը և նրա նշանակած ուսուցիչներից կազմված խորհուրդը, իսկ տնտեսական մասը՝ վարչությունը, որը բաղկացած էր վեց անդամից։ Ուսումնարանի վերատեսուչը Գաբրիել Այվազովսկին էր։ 1865 թվականից Խալիբյան ուսումնարանը եկեղեցական գումարներից զրկվելու պատճառով աստիճանաբար անկում է ապրում, թեև գոյատևում է ևս վեց տարի։ 13-ամյա գոյությունից հետո 1870 թվականի դեկտեմբերին այն փակվում է։

Մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունեցավ նաև 1880-ական թվականներին քաղաքում Հովհաննես Այվազովսկու թանգարանի հիմնումը։ Այվազովսկին նյութապես օգնել է քաղաքի հայկական եկեղեցիների նորոգմանը, անձամբ նկարազարդել դրանցից մի քանիսը։ Նկարչի նախաձեռնությամբ և նրա միջոցներով Թեոդոսիայում անցկացվել է ջրմուղ, որը ցար Նիկոլայ II-ի առաջարկությամբ կոչվել է Այվազյան։ Հովհաննես Այվազովսկին մասնակցություն է ունեցել նաև այլ գործերում։

Նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես և Գաբրիել Այվազովսկի եղբայրների հուշարձանը Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում

Խորհրդային տարիներին Ղրիմի հայկական մյուս գաղթավայրերի նման Թեոդոսիայի հայկական համայնքի ազգային-մշակութային կյանքն անկում է ապրում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին, քաղաքի հայերը տեղահանվում են։ Սակայն 1990 թվականից քաղաքի հայ համայնքը վերստեղծվում է։ Այժմ այնտեղ գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, եկեղեցի, Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը[Ն 1]։

2012 թվականին Գաբրիել Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ (մայիսի 10-ին) Թեոդոսիայի հնագիտական թանգարանում բացվել է «Գաբրիել Այվազովսկին և Խալիբյան ուսումնարանը. թանգարանի ֆոնդերի նյութերը» ցուցադրությունը[5]։

2014 թվականի դեկտեմբերին Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Դմիտրի Շչեպետկովը այցելել էր վերականգնման կարիք ունեցող Սուրբ Գևորգ և Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցիներ։ Նա հայտնեց, որ նախնական հաշվարկներով, հարկավոր են լուրջ պետական ներդրումներ՝ մոտ 1, 5 մլն դոլար[6]։ Տեղի հայ համայնքի միջոցներով 2016 թվականին սկսվեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքները[7][8]։

2015 թվականի մայիսին այստեղ բացվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը[9]։ Դրանից մեկ ամիս անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այցելել էր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած «Ռուսաստանի գրքեր» փառատոնին, ղրիմյան ցուցատախտակի մոտ նկատելով ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերը՝ նշեց, որ հնարավոր է մեկնի Ղրիմ և այցելի Այվազովսկու պատկերասրահը Թեոդոսիայում[10]։

2017 թվականին՝ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առթիվ, նախատեսվում էր կարգի բերել բոլոր հայկական ճարտարապետական հուշարձանները[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղրիմահայոց ընկերությունը, որը հիմնադրվել է 1993 թվականին Սիմֆերոպոլում, հասարակական-քաղաքական և մշակութային կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել ղրիմահայերի հասարակական-քաղաքական, մշակությաին և իրավական շահերը։ Հրատարակում է «Մասյաց աղավնի» երկշաբաթաթերթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Народы Феодосии // kafanews.com.
  2. Խ. Ա. Փորքշեյան Երբ է կատարվել հայերի մուտքը Ղրիմ. — Էջ  105-117. Արխիվացված է 15 դեկտեմբերի 2016 սկզբնաղբյուրից:
  3. Л. П. Даниленко Три года в Ереване. Из истории национальной картинной галереи им. И.К. Айвазовского. — Թեոդոսիա — Էջ  44-47.
  4. Գ. Մաքսուդյան, The Armenian People From Ancient to Modern Times, հ. 2, Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century (Armenian Communities in Eastern Europe) (խմբ. Ռիչարդ Հովհաննիսյան), Նյու Յորք, 1997 — 52, էջեր 52, ISBN ISBN 1-4039-6422-X
  5. Թեոդոսիայում բացվել է գիտնական Գաբրիել Այվազովսկու ծննդյան 200-ամյակի ցուցահանդես. Արխիվացված է 15 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  6. Թեոդոսիայի իշխանություններին 1, 5 մլն դոլար է հարկավոր հայկական եկեղեցիների նորոգման համար // hayernaysor.am. Արխիվացված է 15 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  7. Թեոդոսիայում վերականգնվում է միջնադարյան հայկական եկեղեցին // newsinfo.am. Արխիվացված է 15 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  8. Թեոդոսիայում վերականգնվում է միջնադարյան հայկական եկեղեցին // panarmenian.net. Արխիվացված է 15 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  9. Թեոդոսիայում բացվել է Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը (վիդեո) // panarmenian.net. Արխիվացված է 15 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  10. Պուտինը խոստացել է ժամանել Թեոդոսիա և այցելել Այվազովսկու թանգարան // panarmenian.net. Արխիվացված է 15 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:
  11. В средние века в Феодосии было много армянских церквей - Кафа // kafanews.com. Արխիվացված է 15 դեկտեմբերի, 2016 սկզբնաղբյուրից:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Միքայելյան, «Ղրիմի հայկական գաղութի պատմություն» Երևան, 1964
  • Վ. Միքայելյան, «Ղրիմի հայկական գաղութի պատմություն (1801–1917)», Երևան, 1970
  • Վ. Միքայելյան, «Ղրիմահայոց պատմություն», Երևան, 1974
  • Վ. Միքայելյան, «Ղրիմահայ գաղութը Արևելք-Արևմուտք հարաբերությունների ոլորտում (13–18-րդ դարեր)», Երևան, 2000
  • В. Микаелян, “История крымских армян” (Симферополь), Ереван, 2004
  • В. Микаелян, “На крымской земле”, Ереван, 1989
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։