Հայերը Կահիրեում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խան ալ Խալխի շուկան

Կահիրեում հայերը սկսել են հաստատվել քաղաքի հիմնադրման ժամանակներից։ Եգիպտական արքունիքում ծառայող հայ վեզիրները խրախուսել են հայերի մուտքը Կահիրե, օժանդակել նրանց առևտրական գործունեությանը, հովանավորել արհեստավորներին ու վարպետներին։ Քաղաքի հյուսիսային դարպասի շինարարության ժամանակ (1074-1094 թթ.), ծագումով հայ վեզիր Բադր ալ Ջամալիի նախաձեռնությամբ, Եդեսիայից հրավիրվել են հայ ճարտարապետ եղբայրներ։ 13-րդ դարում Կահիրեում հայտնի է եղել շինարար, ճարտարապետ Բահա աղ Դին Գարագուշը, որը կառուցել է Գիզայի նշանավոր կամուրջը, քաղաքի մի ջին պարիսպը և այլ շինություններ։ Քաղաքում նրա անունով հրապարակ է կոչվել։ 14-րդ դարում Կահիրեում եղել է հայկական երեք թաղամաս։ Կահիրեի ամենահայտնի Խան ալ Խալխի շուկայում այսօր պահպանվել են հայ ոսկերիչների արհեստանոցները։

Հայ գաղութը Մուհամմեդ Ալիի կառավարման տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գաղութը բուռն ծաղկում է ապրել Եգիպտոսի փաշա Մուհամմեդ Ալիի կառավարման տարիներին։ Կառուցվել են Սուրբ Աստվածածին (1839 թ.), Սուրբ Մինաս (1843 թ.) եկեղեցիները, կույս Մարիամի մատուռը։ Բացվել է առաջին՝ Գալուստյան (Եղիազարյան) ազգային վարժարանը, ինչպես նաև՝ հիվանդանոց և հյուրանոց։ 1865 թ.-ից Կահիրեում սկսել է հրատարակվել եգիպտահայ առաջին՝ «Արմավենի» պարբերականը։ 1880-1884 թթ.-ին գործել է Ուսում նասիրաց ընկերությունը։

Համայնքի ղեկավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Կահիրեում ապրել է 5607 հայ, եղել է երեք դպրոց, գործել են տարբեր բնույթի ազգային ընկերություններ և միություններ։ 1954 թ.-ին հայերի թիվը կազմել է արդեն 22-23 հազար, գործել է 6 դպրոց։ 2003 թ.-ին Կահիրեում բնակվում է մոտ 5 հազար հայ։ Համայնքի կյանքը ղեկավարում են Կահիրեի հայոց թեմական ժողովը և ազգային իշխանությունը։ Շարունակում են գործել հայկական եկեղեցիներն ու ազգային վարժարանները։ Հայապահպան գործունեություն են իրականացնում ՀՀԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղը, Հայ գեղարվեսաասիրաց միությունը, Հայկական ընթերցասրահը, Կոկանյան ակումբը, Համազգային մշակութային միությունը, Նոր սերունդ երիտասարդական մշակութային միությունը, Հուսաբեր մշակութային ընկերակցությունը և ակումբը, Հայ Կարմիր խաչը, Հայ մշակույթի բարեկամների միությունը, Հայ ազգային հիմնադրամը, ՀՄԸՄ «Արարատ», «Նուբար» մարզական ակումբները։

Պարբերականները[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ.-ի հունվարին բացվել է Հայկական մատենադարան (կրում է հայ երգարվեստի երախտավոր Մարգարիտ-Պայծառ Հակոբյանի անունը)։ Լույս են տեսնում «Արև», «Հուսաբեր», «Ջահակիր» պարբերականները։ 1954 թ.-ից Համազգային մշակութային միության նախաձեռնությամբ գործում է ամենօրյա մեկժամանոց հայկական ռադիոժամ։ Կահիրեն հայ մշակույթի կենտրոններից էր։ Այստեղ են ստեղծագործել անվանի գրողներ, դերասաններ, նկարիչներ, ճարտարապետներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png