Հայերը Եվդոկիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերը Եվդոկիայում, Եվդոկիան (թուրքերեն՝ Թոքաթ, հայկական աղբյուրներում՝ Թոխար) Փոքր Ասիայի հնագույն հայկական գաղթավայրերից է։ Միջնադարում եղել է հայ գրչության կենտրոն, գործել են Սուրբ Հովհաննես Ոսկեբերան և Սուրբ Հովակիմ-Աննա վանքերը։ 1914 թվականին քաղաքն ունեցել է շուրջ 12 հազար հայ բնակիչ։ Գործել է 8 եկեղեցի (Սուրբ Աստվածածին, Սուրբ Երրորդություն, Սուրբ Քառասնից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մինաս, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գևորգ, ինչպես նաև կաթոլիկ Ս. Ավետման), Վարդանյան և Վարդուհյան վարժարանները, Սուրբ Աստվածածին, Սուրբ Երրորդություն և Սուրբ Գևորգ եկեղեցիներին կից նախակրթարանները, թատերական խմբեր և այլն։ Եվդոկիայում հրատարակվել են «Երախայրիք» ամսագիրը, «Իրիս» կիսամսյա թերթը։ Եղել է Սեբաստիայի (Սվազի) վիլայեթի համանուն սանջակի կենտրոնը։ 1915 թվականին քաղաքի և շրջակա բնակավայրերի հայերն ամբողջությամբ տեղահանվել են, մեծ մասը կոտորվել։ 1939 թվականին Եվդոկիայում բնակվել է ընդամենը 400 հայ, որոնք հետագայում հեռացել են։ Եվդոկիայում է ծնվել 17-րդ դարի հայ տպագրիչ Աբգար դպիր Թոխաթեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։