Հայերը Բեռլինում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլին

Հայերը Բեռլինում հաստատվել են 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին։ Նրանք գլխավորապես Բեռլինի համալսարանի և բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների ուսանողներն էին։ Ունեցել են իրենց հայրենակցական միությունը։ Նույն ժամանակ Բեռլինում գործել են հայ քաղաքական կուսակցությունների (ՀՀԳ, Հայ սոցիալդեմոկրատներ) խմբակներ։ Հիմնվել են մի շարք հասարակական և մշակութային կազմակերպություններ ու ընկերություններ, 1914 թվականի հունիսին կազմավորվել է Գերմանա-հայկական ընկերությունը, 1923 թվականին պաշտոնապես գրանցվել է Բեռլինի հայ համայնքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում գտնվող խորհրդային բանակի հայ գերիներին օգնելու նպատակով Բեռլինում ստեղծվել է Հայ ազգային խորհուրդ։

Արևմտյան Բեռլինի հայ համայնքը, որը մինչև Գերմանիայի վերամիավորումը (1991 թվական) առավել կազմակերպվածն էր, ստեղծել էր իր ընտրովի վարչությունը, բացել ակումբ՝ Հայ տուն, մշտապես նպաստել երկրում բնակվող հայերի ազգային ինքնագիտակցության աճին։ Պարբերաբար գումարվել են հայ երիտասարդության հավաքներ՝ հայոց լեզվին և պատմությանը նվիրված դասընթացներով և դասախոսություններով։ Համայնքը նշել է Մեծ եղեռնի տարելիցները, գերմաներեն հրատարակել և տարածել գրականություն Հայ դատի և հայերի ցեղասպանության մասին, Եվրախորհրդարանին ներկայացրել (1987 թվական) անհրաժեշտ վավերագրեր Հայ դատի վերաբերյալ։

1985 թվականին հիմնվել է Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոնը, 1979 թվականից գործում է Վտանգված ազգերի համար ընկերակցության հայկական համագործակցության խմբակը։ 1920 թվականից Բեռլինի համալսարանի հնդեվրոպական լեզուների ֆակուլտետի կազմում գործում է հայկական բաժինը, քաղաքում կա «Հայկական» կոչվող փողոց։ Արևմտյան Բեռլինում հայ մշակույթի օրերի անցկացմանը։ 2003 թվականին Բեռլինում բնակվում է շուրջ 1000 հայ։