Հայդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Հայդի
Spyri Heidi Cover 1887.jpg
Հեղինակ Յոհաննա Սփիրի
Տեսակ գիրք
Ժանր մանկական գրականություն և վեպ
Թեմա Որբ
Բնօրինակ լեզու գերմաներեն
Երկիր Շվեյցարիա
Հրատարակման տարեթիվ 1880 և հունվարի 1, 1880
Heidi Վիքիպահեստում

«Հայդին», շվեյցարացի գրող Յոհաննա Սփիրիի ամենահայտնի մանկական ստեղծագործությունն է, որն առ այսօր համարվում է համաշխարհային մանկագրության ամենահայտնի գործերից մեկը։ Վեպը առաջին անգամ լույս է տեսել 1880 թ.՝ «Հայդիի ուղևորության և ուսման տարիները» (գերմաներենով՝ Heidis Lehr- und Wanderjahre) վերնագրով, իսկ մեկ տարի անց՝ 1881 թ., հրատարակվել է վեպի երկրորդ մասը՝ «Հայդին կարողանում է իր սովորածն օգտագործել» (գերմաներենով՝ Heidi kann brauchen, was es gelernt hat) վերնագրով[1]։ Հետագայում վեպի երկու մասերը հաճախ հրատարակվել են միասին՝ «Հայդի» վերնագրով։

Վեպը պատմում է փոքրիկ Հայդիի մասին, ով ծնողների մահից հետո ապրում էր մորաքրոջ՝ Դեթեի հետ, իսկ այնուհետև տեղափոխվում է պապիկի մոտ։ Այն գրվել է «երեխաների և երեխաներին սիրողների համար», ինչպես գրված է գրքի ենթավերնագրում[2]։

«Հայդին» ընդգրկված է ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում[3] և շվեյցարական գրականության ամենաճանաչված գրքերից է[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդին մի որբ աղջիկ է, որին հոր՝ Թոբիասի և մոր՝ Ադելհայդի վաղաժամ մահից հետո մեծացրել է նրա մորաքույր Դեթեն Շվեյցարիայի Մայնֆելդ քաղաքում։ Սակայն շուտով նա հնգամյա Հայդիին տանում է նրա հայրական պապիկի տուն, ով գյուղի բնակիչների հետ իր տարաձայնությունների և Աստծո հանդեպ դառնացած լինելու պատճառով լքել էր Դորֆլի գյուղը և մեկուսացած ապրում էր Ալպյան լեռներում։ Իր մեկուսացած կյանքի պատճառով գյուղացիները նրան տվել էին «Ալմ Օհի» մականունը՝ քեռի Ալպ։

Սկզբում Հայդիի ժամանումը վրդովեցնում է պապիկին, սակայն շուտով աղջկա բացահայտ խելացիության ու կենսուրախության շնորհիվ նա փոխում է իր վերաբերմունքը թոռնուհու նկատմամբ։ Ալմ Օհիի սերը Հայդիի նկատմամբ օրեցօր ուժգնանում է, բայց պապիկը դժվարանում է դա ցուցադրել։ Հայդին խանդավառությամբ ընկերանում է իր հարևանների՝ երիտասարդ հովիվ Փեթերի, նրա մոր՝ Բրիգիտեի և Փեթերի կույր տատիկի հետ։ Լեռնագագաթի բնակիչները հետզհետե ավելի են մտերմանում Հայդիի հետ։ 

Երեք տարի անց մորաքույր Դեթեն վերադառնում է իր զարմուհու մոտ ու նրա կամքին հակառակ տանում Ֆրանկֆուրտ՝ ապրելու մի հարուստ ընտանիքում։ Հայդին վարձավճարի դիմաց պետք է ընկերակցեր նրանց հաշմանդամ դստերը՝ Քլարա Զեզեմանին։ Քլարան հմայվում է Հայդիի անմիջականությամբ և ընկերասիրությամբ, իսկ Հայդիի ձախորդությունները, ի տարբերություն Զեզեմանների ընտանիքի խիստ տնտեսուհու՝ օրիորդ Ռոթենմայերի, Քլարային չեն բարկացնում, հակառակը՝ զվարճալի են թվում։ Հայդիի անփութությունն ու անփորձությունը օրիորդ Ռոթենմայերին դիտավորություն են թվում, և նա սկսում է աղջնակին հաճախ պատժել ու կաշկանդել։ Շուտով Հայդին հիվանդանում է, գունատվում ու նիհարում։ Պարզվում է, որ նրա հանկարծակի հիվանդության պատճառը լեռներում մնացած իր անհոգ կյանքի, պապիկի, Փեթերի ու նրա ընտանիքի հանդեպ կարոտն է։ Գրել ու կարդալ սովորելը միակ բանն էր, որ ուրախություն էր պարգևում Հայդիին։ Այս զգացմունքը ուժգնանում է, երբ նա պատկերացնում է, թե ինչպես է կարդալու Փեթերի կույր տատիկի համար։ Զեզեմանների տուն այցելության է գալիս Քլարայի տատիկը՝ տիկին Զեզեմանը, որն ընկերանում է Հայդիի հետ, դառնում է միակ մեծահասակը, որ հասկանում է աղջնակին, օգնում է նրան տառաճանաչ դառնալ և սովորեցնում է աղոթել՝ իր վշտերը սփոփելու համար։

Ամիսներ անց Զեզեմանները իրար են անցնում, երբ սկսում են գիշերները պարբերաբար տան մեջ ինչ-որ ուրվական նշմարել։ Մի գիշեր, երբ Քլարայի հայրը և նրա ընկեր բժիշկը արթուն են մնում՝ տեսնելու այդ իրարանցման պատճառը, բացահայտում են, որ այդ «ուրվականը» Հայդին է, ով իր անհանգստության ու հոգսերի պատճառով լուսնոտ էր դարձել։ Բժիշկը տեսնում է, որ Հայդին շատ ընկճված է, ու զգուշացնում է պարոն Զեզեմանին, որ եթե Հայդին անմիջապես չվերադառնա տուն, կարող է ծանր հիվանդանալ։ Շուտով երջանկացած Հայդին վերադառնում է լեռներ, որտեղ իր պապիկին նույնպես սովորեցնում է աղոթել՝ վշտերն ու հոգսերը սփոփելու համար։ Հայդին հավաստիացնում է պապիկին, որ երբեք ուշ չէ վերադառնալ Աստծո մոտ։ Ալմ Օհին դաս է քաղում թոռնուհու պարզ խորհրդից ու որոշում է վերադառնալ գյուղ և այդքան տարիներ անց կրկին մասնակցել եկեղեցու կիրակնօրյա պատարագին։ Այդ քայլով նա վերջ է տալիս իր մեկուսի կյանքին և ջերմ ընդունելության է արժանանում եկեղեցու հովվի ու մյուս գյուղացիների կողմից։ 

Անգամ հեռավորության վրա Հայդին ու Քլարան շարունակում են ընկերներ մնալ ու պահում են նամակագրական կապը։ Հայդիի տուն այցելելուց հետո Քլարայի բժիշկը հորդորում է պարոն Զեզեմանին՝ Քլարային ուղարկել Ալպյան լեռներ ընկերուհու՝ Հայդիի մոտ՝ համոզված լինելով, որ լեռների թարմ օդը և Հայդիի հետ շփումը օգտակար կլինեն Քլարայի առողջության համար։ Քլարան ուղևորվում է Հայդիի մոտ և մի հրաշալի ամառ է անցկացնում այնտեղ։ Սարերում Քլարան Հայդիի պես ամեն օր այծի կաթ է խմում, լինում է դաշտերում և ծառերի տակ խաղում է իր ընկերուհու հետ։ Սակայն Փեթերը Հայդիի և Քլարայի ընկերությանը նախանձելու պատճառով Քլարայի դատարկ սայլակը սարից ներքև է հրում, և այն ջախջախվում է։ Սակայն պատահարից հետո Փեթերը զղջում է իր արածի համար և խոստովանում է Հայդիին։

Հայդիի ու Փեթերի հետ լեռներում ապրելով՝ Քլարան երազում էր վազելու ու խաղալու մասին ու որոշում է փորձել քայլել։ Իր անվասայլակը կորցնելն ավելի է դրդում Քլարային հաստատակամորեն ձգտելու իր նպատակին։ Անդադար փորձերի, Ալմ Օհիի ու իր ընկերների շնորհիվ Քլարային հաջողվում է իրականացնել իր երազանքը. նա սկսում է քայլել։

Երբ Քլարայի տատիկն ու հայրիկը գալիս են նրան այցելության Ալպյան լեռներում, նրանց անակնկալ է սպասվում։ Քայլող Քլարային տեսնելով՝ նրանք ապշում և ցնծում են։ Զեզեմանները խոստանում են Հայդիին ապահովել մշտական խնամակալությամբ, երբ պապիկն այլևս ի վիճակի չլինի։ 

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հրատարակման օրից ի վեր «Հայդին» ոգեշնչման աղբյուր է եղել բազմաթիվ ֆիլմերի, հեռուստասերիալների և թատերական ներկայացումների ստեղծման համար։ Ալպերում ապրող աղջնակի մասին նկարահանվել են շուրջ 20 ֆիլմ և հեռուստասերիալ[5]։

Հայդիլենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդիլենդը, որն իր անվանումը ստացել է «Հայդի» գրքից, կարևոր զբոսաշրջության վայր է[6], որի այցելուները հիմնականում ճապոնացի և կորեացի զբոսաշրջիկներ են[7]։ Մայնֆելդը Հայդիլենդի կենտրոնն է, իսկ նախկինում Օբերոֆել կոչվող մի գյուղ վերանվանվել է Հայդիդորֆ[8]։

Հատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հինգ հատորները՝ «Հայդին և իր ընկերները», «Հայդին մեծանում է», «Հայդիի երեխաները», «Հայդին տատիկ է դառնում» և «Հայդիի երկրում», ո՛չ գրվել են, ո՛չ էլ հաստատվել Սփիրիի կողմից, այլ ադապտացվել են վեպի ֆրանսերեն տարբերակի թարգմանիչ Չարլզ Թրիթենի կողմից 1930-ականներին՝ Յոհաննա Սփիրիի մահից շատ տարիներ անց[9]։

Բավականին տարբերություններ կան «Հայդիի» բնօրինակի և Թրիթենի հատորների միջև.

1. Հայդիի բնօրինակում Սփիրին ներկայացնում ու նկարագրում է Հայդիի հասարակ կյանքը՝ ոգեշնչվելով երեխաների և մանկության նկատմամբ տածած իր սիրով։ Սփիրին նշել է, որ գիրքը գրվել է «երեխաների և երեխաներին սիրողների համար»[2], սակայն հատորները ուրիշ երանգ են տալիս վեպին, երբ Հայդին մեծանում է և ամուսնանում։

2. Բնօրինակում Հայդին հինգից տասը տարեկանում ունի սև գանգուր կարճ մազեր, մինչդեռ «Հայդին մեծանում է» վեպում 14 տարեկան Հայդիի մազերը ուղիղ են, երկար ու շեկ։

3. 1990 թ. Ուիվեր Ուեբ և Ֆրեդ ու Մարկ Բրոգգերը՝ սցենարիստները, և ռեժիսոր Քրիստոֆեր Լեյչը ստեղծել են «Խիզախության լեռը»։ Չնայած որ այն համարվում է պատմության շարունակությունը, ժամանակային առումով չի համընկնում «Հայդի» գրքին (որը հրատարակվել էր 1881 թ.), քանի որ տեղի է ունենում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[10]։

Հայդիի հիմքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. ապրիլին շվեյցարացի դասախոս Փեթեր Բիյութները հայտնաբերեց մի գիրք, որի հեղինակն էր գերմանացի Ադամ ֆոն Քամփը։ 1830 թ. գրված այդ պատմությունը վերնագրված է «Ադելաիդ կամ Ալպյան լեռների դուստրը» (գերմաներեն՝ Adelheide, das Mädchen vom Alpengebirge)[11]։ Երկու պատմությունների սյուժեներն ու տեսարանները բազում նմանություններ ունեն։ Սփիրիի կենսագիրն ասել է, որ շատ հավանական է, որ Սփիրին ծանոթ է եղել այդ գործին, քանի որ մեծացել է գրականագետի ընտանիքում։

Հայդին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդիի առաջին չորս գլուխները հրատարակվել են «Հասկեր» մանկական բանահյուսության և գրականության տարեգրքում (2014-2015 թթ.)[12]։

2013 թ. «Զանգակ» հրատարակչության կողմից հայերեն հրատարակվել է վեպի կարճ վերապատումը[13], որը նախատեսված է փոքրիկների համար։ Գերմաներենից անգլերեն վերապատմել է Ռոն Ռանդալը, իսկ անգլերենից հայերեն թարգմանել է Ալվարդ Ջիվանյանը[13]։ Գիրքը հրատարակվել է «Դասական մատենաշարով»՝ «Փոքրիկ տիկիններ»[14], «Օզի կախարդը»[15] և «Գանձերի կղզին»[16] վերապատումների հետ մեկտեղ։ Գիրքը պատկերազարդել է Իվա Սաշևայը՝ մանուկների համար շատ գրավիչ և հետաքրքիր լուծումներով։

2016 թ. «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է նաև Հայդիի մասին պատմող վեպի առաջին մասի թարգմանությունը՝ «Հայդի» վերնագրով[17]։ Գերմաներենից թարգմանել է Լիանա Սաֆարյանը, իսկ նկարազարդումների հեղինակը Թոմի Ունգերերն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Heidi (Roman)» (գերմաներեն)։ 2017-05-19 
  2. 2,0 2,1 «Schweizerisches Institut für Kinder- und Jugendmedien SIKJM / Heidi»։ www.e-rara.ch (գերմաներեն)։ Վերցված է 2017-05-22 
  3. «List of best-selling books» (անգլերեն)։ 2017-05-21 
  4. «Swisskids - Swiss stories»։ 2007-08-08։ Վերցված է 2017-05-22 
  5. «Heidi» (անգլերեն)։ 2017-05-15 
  6. «Heidiland»։ MySwitzerland.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-22 
  7. Abend Bernhard, Schliebitz Anja (2006)։ Schweiz (գերմաներեն)։ Baedeker։ ISBN 9783829710718 
  8. Simonis Damien, Johnstone Sarah, Williams Nicola (2006)։ Switzerland (անգլերեն)։ Lonely Planet։ ISBN 9781740597623 
  9. «Heidi au pays des Romands»։ SWI swissinfo.ch (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-05-22 
  10. «Courage Mountain» (անգլերեն)։ 2017-04-25 
  11. «Hermann Adam von Kamp» (գերմաներեն)։ 2017-05-18 
  12. Ջիվանյան Ալվարդ (2016)։ «Հայդի» վեպի առաջաբան` «Երեխաների և նրանց համար, ովքեր սիրում են երեխաներին»։ «Զանգակ» հրատարակչություն։ էջ 12։ ISBN 9789939684000 
  13. 13,0 13,1 «Հայդի»։ Զանգակ։ Վերցված է 2017-05-22 
  14. «Փոքրիկ տիկիններ»։ Զանգակ։ Վերցված է 2017-05-22 
  15. «Օզի կախարդը»։ Զանգակ։ Վերցված է 2017-05-22 
  16. «Գանձերի կղզին»։ Զանգակ։ Վերցված է 2017-05-22 
  17. «Հայդի»։ Զանգակ։ Վերցված է 2017-05-22