Հայդար փաշա մզկիթ
Տեսակ | եկեղեցի, մզկիթ և պատկերասրահ |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Տեղագրություն | Նիկոսիա[2] և Հյուսիսային Նիկոսիա |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Անվանված է | Եկատերինա Ալեքսանդրացի |
Հիմնադրված է | 14-րդ դար |
![]() | |
![]() | |
Հայդար փաշա մզկիթ (հունարեն՝ Χαϊντάρ-πασά τζαμί Chaintár-pasa Tzamí, թուրքերեն՝ Haydarpaşa Camii), նախկինում՝ Սուրբ Կատերինե եկեղեցի, պատմական մզկիթ Նիկոսիայի հյուսիսային հատվածում։ Այն համարվում է Նիկոսիայի ամենակարևոր գոթական կառույցներից՝ զիջելով միայն Այասոֆիա մզկիթին, որը նախկինում ֆրանկական ոճով տաճար էր[3]։ Հարրի Չարլզ Լյուքը այն նկարագրել է՝ որպես կղզու գոթական ոճով կառույցների լավագույն օրինակներից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն կառուցվել է 14-րդ դարում Կիպրոսի թագավորության շրջանում՝ որպես Սուրբ Կատերինե եկեղեցի[4]։ 1570 թվականին օսմանցիների կողմից Նիկոսիայի գրավումից հետո ինչպես շատ այլ եկեղեցիներ, այնպես էլ սա վերածվել է մզկիթի։ Ավելի կոնկրետ այն մզկիթի վերածվել 1571 թվականին՝ մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած զորավարներից մեկի պատվին անվանակոչվելով Հայդար փաշա[5]։ Այն նաև պատմականորեն հայտնի է եղել որպես Ağalar Camisi՝ «Աղաների մզկիթ», քանի որ այն եղել է մոտակայքում բնակվող տեղական թուրք արիստոկրատիայի մշտական այցելության վայրը[6]։ Այն գտնվում է Կիրիլզադե փողոցի վրա[7]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառույցի աջ կողմում ենթադրաբար գտնվում է սուրբ Կատերինեի գերեզմանը, ուր մինչ օրս էլ հույն կիպրոսցիները այցելում են և նավթի լամպեր վառում։ Ճակատամուտքը գոթական ոճի է, որի կամարակապ քիվն ունի կակաչատիպ վերջնամաս։ Դրա վրա քանդակված է նաև Կատրինի անիվ՝ տանջալից մահապատժի գործիք։ Աջ կողմում գտնվում է մինարեթը, որը հին քաղաքում Այասոֆիայից հետո ամենաբարձրն է համարվում[8]։
Կառույցն ունի երեք դուռ։ Արևմտյան դռան վրա կա մարմարե ճակատաքար, որի վրա վարդ է քանդակված երկու վիշապների արանքում. այս նախշը կրկնված է երեք անգամ։ Ուշագրավ են հարավային դռան գոթական ոճի որմնաքանդակները՝ Լուսինյանների տարբերանշանների մանրամասն փորագրությունները և դեկորատիվ կակաչը։ Հյուսիսային դուռն առավել պարզ է՝ ներկայացնելով զարդանախշեր մերկ կնոջ կերպարով՝ ձեռքին ձկնանման և վիշապանման պատկերներ[9]։
Ձախ կողմում՝ մզկիթին կից, կիսավեր շինություն է, որի միայն մի քանի գոթական կամարներն են մնացել։ Աջ կողմում կա նաև զարդանախշերով և գագաթնազարդերով ճակատամուտք։ Վերևին հատվածում գռոտեսկ ջրհորդաններով որմնահեցերի միջև ընկած տարածությունը զբաղեցնում են գոթական ոճով երեք պատուհանները, որոնցից երկուսը բաժանված են բարակ սյուներով։ Մզկիթի ձախ կողմում նմանատիպ որմնահեցեր կան և մի տեսակ քառակուսի աշտարակ[9]։
Շինության ներքին մասը կրային լուծույթով պատված է եղել և բավականին վնասված[8], սակայն 20-րդ դարի սկզբին կրային լուծույթի շերտը հեռացվել է, և պատերին երևում են նկարների հետքեր[3]։ Կամարին որպես նեցուկ են ծառայում գոթական երկու աղեղները՝ խաչված կողերով։ Խորանում խմբավորված սյուների վրա հենված 6 կամարները պորտաքարից վեր են խոյանում[8]։ Խորանից հյուսիս գտնվում է ավանդատունը, որի կամարին որպես նեցուկ են ծառայում մարդկային գլխով գերանակալները[3]։
Ինչպես միհրաբը (դեպի Մեքքա ուղղությունը), այնպես էլ մինբարը (ամբիոն) գտնվում են մզկիթի աջ կողում[8]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 "Historic Cyprus - A Guide to its Towns and Villages, Monasteries and Castles", by Rupert Gunnis (former Inspector of Antiquities in Cyprus), pub 1936, reprinted 1973 by Halkin Sesh Ltd, Nicosia. Pp 58-60
- ↑ «Haydarpasha Mosque (St Catherine's Church)»։ Cypnet։ Վերցված է 21 March 2015
- ↑ «Haydarpasha Mosque description and photos - Cyprus: Nicosia»։ Useful Articles About Traval For Tourists. Description Of The Countries, Health Resorts. (անգլերեն)։ Վերցված է 2022-03-30
- ↑ Keshishian Kevork K.։ Nicosia: Capital of Cyprus Then and Now (2nd ed.)։ Nicosia: The Moufflon Book and Art Centre։ էջ 186
- ↑ Gürkan Haşmet Muzaffer։ Dünkü ve Bugünkü Lefkoşa (Turkish) (3rd ed.)։ Galeri Kültür։ էջեր 128–132։ ISBN 9963660037
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Levkosia, the capital of Cyprus" by Archduke Louis Salvator, 1881
- ↑ 9,0 9,1 «Haydarpasha Mosque»։ Visit North Cyprus (en-US)։ Վերցված է 2022-03-30
![]() |
Հայդար փաշա մզկիթ Վիքիպահեստում |
---|