Հայաստանի ռազմական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հայաստանի ռազմական վաղ պատմությունը սահմանվում է Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ Հելլենիստական նահանգների միջև, ավելի ուշ Բյուզանդական կայսրության՝ արևմտյան և Պարսկական կայսրության՝ արևելյան շրջանների հետ։ Հայկական թագավորությունները շատ հաճախ ազատության և անկախության համար պայքար են մղել են Պարսկասատնի և Հռոմի դեմ, որոնց հետևել է այս երկու հզոր տերությունների կողմից Հայաստանի նվաճումը։ 7-րդ դարի մուսուլմանական արշավանքներից սկսած մինչև 15-րդ դարը նշվում է, որ Հայաստանը եղել է այլ կայսրությունների գերիշխանության ներքո, ինչպիսիք են՝ Արաբական խալիֆայությունը, Սելջուկյան սուլթանությունը, Մոնղոլական Իլխանությունը, Ակ-Կոյունլուները, Կարա-Կոյունլուները և այլն։ Սակայն եղել են որոշակի ժամանակաշրջաններ, երբ Հայաստանն ընդմիջումներով ունեցել է ռազմական անկախություն. դրանք Բագրատունյաց հարստության և Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս գտնվող Կիլիկյան արքայատոհմերի կառավարման ժամանակներն են։

16-րդ դարի սկզբից Արևելյան Հայաստանը ընկավ Իրանում իշխանության անցած հզոր դինաստիաներից մեկի՝ Սեֆյանների գերիշխանության տակ, որոնք իշխանության էին եկել Աֆշարիդներից և Ղաջարներից հետո։ 16-րդ դարի ընթացքում և արդեն վերջնական Հայաստանի չորրորդ բաժանմամբ՝ 1639 թվականին, Արևմտյան Հայաստանն անցավ Օսմանյան կայսրությանը։ 16-17-րդ դարերում, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակեց մնալ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ Սրանցից յուրաքանչյուրը փորձում էր Հայաստանի հաշվին ընդարձակել իր տարածքները։ Բազմաթիվ հայեր դարեր շարունակ մարտական ծառայություն են իրականցրել օսմանյան և պարսկակական բանակներում։

Ղաջարյան Իրանը, պարտվելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմում, 1828 թվականի փետրվարի 10-ին Թուրքմենչայի պայմանագրով մի շարք այլ տարածքների հետ Ռուսական կայսրությանն է հանձնում նաև Արևելյան Հայաստանը։ Այսպիսով 1828 թվականից ի վեր պատմական Հայաստանն արդեն կռվախնձոր էր երկու հզոր կայսրությունների՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Հայոց ցեղասպանության և ընդհանրապես հայկական ջարդերի ընթացքում հայ ժողովուրդը ապստամբում էր և զենք վերցնում՝ պայքարելով թուրքական կառավարության և խաժամուժի դեմ։

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնադրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Վերջինս առ այսօր թշնամական հարաբերություններ ունի հարևան Ադրբեջանի հետ՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրով։ Այժմ Արցախյան գոյամարտը և Արցախի պաշտպանությունը համարվում է Հայաստանի զինված ուժերի գերագույն և գլխավոր խնդիրը։

Հին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի մանրանկար, որում պատկերված է Ավարայրի ճակատամարտը: Այն տեղի է ունեցել 451 թվականին ընդդեմ Սասանյան Պարսկաստանի՝ հանուն քրիստոնեական հավատքի:

Արտաշեսյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշեսյանների արքայատոհմը հիմնադրվել է Ք.ա 190 թվականին։ Իր հզորության գագաթնակետին եղած ժամանակ Մեծ Հայքի տարածքը հասել է մինչև ներկայիս Կովկաս, Թուրքիա, Սիրիա և Լիբանան։ Տիգրան Երկրորդ Մեծ արքայի կառավարման շրջանում Մեծ Հայքն առճակատվել է նաև Հռոմեական կայսրության հետ։ Չնայած նրան, որ երկիրը կարճատև կորցրեց իր անկախությունը, այնուամենայնիվ, այն վերականգնվեց նոր արքայատոհմի՝ Արշակունիների օրոք։ Այդ շրջանում Հռոմը և Պարսկաստանը փորձում էին բարեդրացիական հարաբերություններ հաստատել հայերի հետ։ Չնայած Արշակունյաց արքայատոհմը Պարթև Արշակունիների մի ճյուղն էր, այն խզեց Իրանի հետ հարաբերությունները Սասանյանների օրոք. ավելի ուշ՝ 301 թվականին Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Իսկ արդեն 451 թվականին, երբ Հայաստանի արևելյան մասը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության ներքո, տեղի ունեցավ Վարդանանց պատերազմը՝ ընդդեմ զրադաշտականության ընդունման։ Այս ճակատամարտից և նրան հաջորդած դեպքերից հետո պարսիկները թույլատրեցին հայերին ազատորեն դավանել քրիստոնեություն։

Բանակը Տիգրան Մեծի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծը Հայաստանի սահմաններըը ընդարձակելու համար հզորացրել է բանակը։

Ըստ Հուդիթի հայտնած տեղեկությունների՝ նրա բանակը կազմված է եղել կառքերից, 12,000 հեծելազորայիններից՝ ներառյալ ծանր հեծելազորը և կատաֆրակտոսները.վերջիններս լայն կիրառություն ունեին Սելևկյան տերությունում և Պարթևական թագավորությունում։ Բանակն ունեցել է 120 հազարանոց հետևակ և 12 հազար հմուտ նետաձիգներից բաղկացած զորախումբ, որը նույնպես համարվում են պարթևական բանակի առանձնահատկություններից։ Տիգրան Երկրորդի զորքը Սելևկյան զորքի պես հիմնականում բաղկացած էր հետևակից։ Հրեա պատմաբան Հովսեփոս Փլավիոսը խոսում է ընդհանուր առմամբ 500 հազար զինվորականի մասին՝ ներառյալ ճամբարում բանակածները։ Սրանց հետևում էին նաև բեռներ տեղափոխելու համար ուղտեր, էշեր, ջորիներ, անթիվ ոչխարներ, անասուններ, այծեր՝ յուրաքանչյուր մարդու սննդով ապահովելու համար, ինչպես նաև տեղափոխվում էր մեծ քանակությամբ ոսկի և արծաթ։ Պատմիչը նշում է, թե հայկական շարժվող բանակը «հսկայական, անկանոն ռազմական ուժ էր, որը հնարավոր չէր հաշվել, ինչպես մորեխներին կամ երկրի վրա կուտակված փոշին»։ Ավելի փոքր Կապադովկիայի, Հունա-փյունիկյան, Նաբաթեական բանակները չէին մրցակցում հիմնական զորքերի դեմ։ Այնուամենայնիվ, կազմակերպված Հռոմեական բանակը իր լեգեոններով ավելի մեծ մարտահրավեր էին հանդիսանում հայերի համար[1]։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հավանաբար ժամանակի հրեական պատմիչների կողմից հայտած թվերն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Հասմոնյան հրեաները Տիգրանի դեմ մղված պատերազմում տանուլ են տվել։

Պլուտարքոսը գրում է, որ հայկական նետաձիգները իրենց մահաբեր նետերով կարող էին խոցել 200 մետրից։ Հռոմեացիները հիացմունքով և հարգանքով են խոսում հայկական հեծելազորի քաջության և մարտական ոգու մասին։ Հռոմեական պատմիչ Սալաստիուս Կրիպսուսը նշում է, որ հայկական այրուձին «հատկանշական էր իր ձիերի և զենք ու զրահի գեղեցկությամբ»։ Հնագույն ժամանակներից սկսած Հայաստանում ձիերը համարվել են մարտունակության և հպարտության ամենակարևոր գրավականը[2]։

Հայկական հեծելազոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական հեծելազորը գործել է թե՛ Հայաստանում, թե՛ հարևան այնպիսի կայսրություններում և թագավորություններում, ինչպիսիք են Պոնտոսը, Պարթևստանը, Պարսկաստանը և Հռոմեական կայսրությունը։

Չափոտը գրում է. «Այն, ինչ ասվում է Հայաստանի մասին, մեզ տարակուսանքի է մատնում։ Ինչպե՞ս կարող էր այս լեռնային ժողովուրդը զարգացնել այնպիսի հեծելազոր, որն ի զորու կլիներ մրցել Միջագետքի ձիավորների հետ։

Մի փաստ, որն իսկապես անժխտելի է, այն է, որ Հայաստանը գերազանց բուծված ձիերի հայրենիք է։ Այստեղի մարդիկ բացահայտել են, որ ձիերին ոչ միայն կարելի է օգտագործել տնտեսական ակտիվ գործունեության մեջ, այլև ռազմական նպատակներով։»[3]

Սասանյան Պարսկաստանում հայերը եղել են պարսկական բանակի էլիտար կազմում, որը կոչվում էր Սավարան։ Հայկական հեծելազորային զինամթերքը նման էր Սավարանում օգտագործվող զինատեսակներին։ Սասանյանների իշխանության տակ գտնվող հայկական հեծելազորը կռվում էր պարսկական դրոշի ներքո, և նրանց նույնիսկ թույլատրում էին մուտք գործել թագավորանիստ քաղաք Տիզբոն։ Հայերը փաստացի մեծ հարգանքի են արժանացել իրենց մատուցած ծառայությունների համար։ Օրինակ՝ Սմբատ Բագրատունի զորավարը առանձնակի ուշադրության և պատվի է արժանացել Խոսրով II-ի կողմից։ 619 թվականին Կենտրոնական Ասիայում բնակվող թուրքերի դեմ տարած հաղթանակի շնորհիվ նա արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպես օրինակ շքեղ զարդարված հագուստների և թագավորական հեծելազորներից մի խմբի հրամատարությանը։ Խոսրով Երկրորդը դատարանի ազնվականների շարքում բարձրացնում է նրան միչև երրորդ կարգ։ Սասանյան հայերը տիրապետում էին բազմաթիվ հնարքների հատկապես նետաձգության ասպարեզում[4]։

Վաղ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը Բյուզանդական կայսրության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանի բյուզանդիական օկուպացիայի ժամանակ հայերը համարվել են բյուզանդական բանակի կարևոր մաս։ Նրանք տեղափոխվել են Բյուզանդական կայսրության հեռավոր շրջաններ և պաշտոններ ստացել՝ կառավարելու համար։ Օրինակ՝ վեցերորդ դարում, Մորիկ կայսրը ոգևորում էր հայերին հաստատվելու Արևմտյան Անատոլիայի Պերգամոն պետության շուրջ։ Հայկական զորքերի կարևորությունը էլ ավելի մեծացավ 7-րդ դարում. 2000 էլիտար զորականներ Դանուբի ափին հակահարված հասցրին քոչվոր ավարներին, որոնք փորձում էին ասպատակել Եվրոպան։ Մյուները պայքարեցին նաև կայսրության մայրաքաղաք Կ.Պոլսի պաշտպանության համար[5]։

Վեցերորդ դարում Հուստինիանոս Առաջինի բանակում ծառայող քաջ զորական Ներսես պատրիկը բազմաթիվ հաջողությունների թվում կարողացել է օստգոթերից վերանվաճել Իտալիան։

Սասունցի Դավթի պատկերը։ Համարվում է Սասնա ծռեր դյուցազներգության գլխավոր և առանցքային կերպարը, ով պայքար է մղել ընդդեմ արաբական տիրապետության:

Հայկական ավանդական զենք ու զրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսն է, որը գրվել է միջին դարերում՝ ցույց տալով հայ ժողովրդի աննկուն պայքարը արաբական բռնապետության դեմ։ Ավանդական հայկական զենքն ու զրահը, կարծես, ամբողջապես արտացոլված են դրանում։ Այս բանավոր էպոսում հեծյալն իր վրա կրում է զենք ու զրահ, երկաթե սաղավարտ, ինչպես նաև ոտքերի մետաղական պաշտպանիչներ։ Նրա ձեռքին են ամենահաղթ թուրը, նիզակը, աղեղը և նետը[6]։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

Բագրատունյաց Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդիայի՝ Արևմտյան Հայաստանի, Սասանյանների՝ Արևելյան Հայաստանի զինագրավմամբ և արաբների հաճախակի կրկնվող ավարիչ արշավանքներից հետո հայերը իրենց հայրենի հողի վրա Բագրատունիների գլխավորությամբ վերականգնեցին հայոց անկախ թագավորությունը։

Հայաստանում նախարարների տրամադրության տակ կարող էին լինել 25000-ից 40000 ռազմիկ, բայց այս թվաքանակը միշտ չէ, որ պահպանվում էր։ Երկիրը գերազանց ամրացված էր։ Վասպուրականում՝ Վանա լճի մոտ եղել են պաշտպանական յոթանասուն ամրոցներ։ Կար լեռնագնացների հատուկ գունդ, որը պատրաստված էին թշնամիներին ժայռերից գլորել։ Պատերազմում ամրոցները պաշարելու համար հայերը երկաթյա կեռիկներ են օգտագործել, որոնք օգնել են նրանց բարձրանալ ամրոցային պարիսպներ և մեծ կաշվե վահաններ՝ ընկնելուց պաշտպանվելու համար։ Յուրաքանչյուր նախարար ուներ իրեն առանձին ենթարկվող աշխարհազոր, որը կռվում էր սեփական զինանշանի և դրոշի ներքո։ Հայաստանի՝ երկաթի պաշարներով հարուստ լինելու շնորհիվ հայ զորականները գերազանց զինվում էին։ Հայաստանը ունեցել է նաև ծանր հեծելազոր՝ այրուձի։ Նշվում է, որ հայկական այրուձին եղել է ժամանակի ամենահզոր հեծելազորը։ Բագրատունյաց Հայաստանում վարձկաններ են եղել նաև լեզգիններից[5]։

Անիի ամրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ողորմած արքայի օրոք Հայաստանի մայրաքաղաքը դարձավ Անին, որը Բագրատունիները ստացել էին Կամսարականներից։ Բնական ամրություններով պաշտպանված քաղաքը կառուցվել է եռանկյունաձև հիմքի վրա. միակ բացասական գործոնը այն էր, որ մայրաքաղաքը գտնվում էր հյուսիսից խոցելի տարածքում։ Անին և նրա բնակչությանը պաշտպանելու համար հայոց արքան քաղաքը շրջապատում է պարիսպներով։ Սակայն մայրաքաղաք հռչակվելուց հետո Անին ընդարձակում է իր տիրույթները, որի պատճառով Սմբատ II արքան կառուցում է պարիսպների երկրորդ գիծը։ Այս հյուսիսային պարիսպները համարվում են Անի քաղաքի ամենատպավորիչ և տեսարժան հատվածներից։ Քաղաքի մյուս հատվածները նույնպես լավ պաշտպանված էին աշտարակներով և ամրոցներով[7]։

Ուշ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկյան Հայաստանի քարտեզը, 1199-1375

Ներգրավում բյուզանդական բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներորդ դարի վերջին և տասնմեկերորդ դարի սկզբին հայերի՝ բյուզանդական բանակում համալրումը ունի մի քանի աղբյուր. դաշնակիցների տեղափոխվելը բյուզանդական մաս, զինվորների զորակոչումը բյուզանդական բանակ և Հայաստանի՝ արաբներին ենթարկվող տարածքներից հայերի արտագաղթը։ Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո հայերը, կարելի է ասել, տարածվեցին Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան), ինչն էլ պատճառ դարձավ հայերի՝ բյուզանդական բանակում ծառայության անցնելու[8]։ Նշվում է, որ այս շրջանում Անտիոքում որոշ դքսեր, ինչպես նաև Խաղտյաց աշխարհում և Միջագետքում իրենց հովանու ներքո ունեցել են հայկական ռազմական ուժեր[8]։ 960-961 թվականներին Նիկեփորոս Փոկասը արշավաքներ է ձեռնարկում դեպի Կրետե, որի ժամանակ բյուզանդական բանակում ծառայող հայերը պայքարի մեջ են մտնում տեղի արաբների հետ։ 965 թվականին հայկական այս նույն զորագունդը ուղարկվում է նաև Կիլիկիա։ 971 թվականին՝ Հովհաննես Չմշկիկի օրոք, հայկական զորակազմը պայքար է մղել ռուսների դեմ, իսկ արդեն 986-ին՝ Բարսեղ Բ Բուլղարասպանի օրոք՝ բուլղարների։ Բյուզանդական մայրաքաղաք Կոստանդնուպոլիսում, ինչպես նաև գաղութային կարգավիճակ ունեցող Կիպրոսում կային հայկական վարձկաններից բաղկացած ջոկատներ[8]։

1045 թվականին Բյուզանդիան գրավեց Անին, ինչն էլ հիմք դարձավ Բագրատունիների թագավորական դինաստիայի անկմանը։ Նույն ժամանակ տարածաշրջանը սկսեցին ասպատակել քոչվոր թյուրք-սելջուկները։ Այս երկու հաջորդական իրադարձությունները նպաստեցին հայերի արտագաղթին։ Որոշ իշխանական տներ հաստատվեցին Կիլիկիայում, որտեղ հետո ստեղծեցին հայկական պետականություն[9], մինչդեռ շատերը տեղափոխվեցին ավելի հարավ՝ Եգիպտոս, նաև Բալկաններ, Ղրիմ և Լեհաստան։

Ներգրավում եգիպտական բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հայերը քրիստոնյա էին, սակայն իրենց մեծ ներդրումն են ունեցել նաև մուսուլմանական պետություններում, օրինակ՝ Եգիպտոսում։ Որոշ հայ վարձկաններ 9-րդ դարում ներգրավված են եղել եգիպտական տուլունիդների (թուրք մամլուքներ) կազմում։ Հայկական զորքերը ծառայել են նաև Համդանյան, Միրդասյան և Ֆաթիմյան բանակներում։ Երբ Բյուզանդիան գրավեց Հայաստանը, շատ հայեր ապաստան գտան Եգիպտոսում և հայ-մուսուլմանական ղեկավարության ներքո ձևավորեցին հետևակային նետաձգների մեծ կորպուս։ Ի վերջո, 1073-1074 թվականներին հայկական զորքերը գրավեցին Կահիրեն։ Ֆաթիմյան խալիֆայության օրոք հայ զորականները բավականին բարձր դիրք են ունեցել և մեծ թիվ են են կազմել եգիպտական բանակում։ Թյուրք-սելջուկների և խաչակիրների արշավանքներից հետո այս ցուցանիշը աստիճանաբար կրճատվում է[10]։

Վրացական իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը սելջուկյան իշխանության տակ մնաց մինչև 1123 թվականը, որից հետո Վրաց թագավորության կողմից ազատագրվեցին Հայաստանի որոշ հատվածներ։ Հայաստանը եղել է Վրաստանի ֆեոդալական թագավորության մասը և հայ Զաքարյան տոհմի ազնվականները նշանավոր դիրք են ունեցել վրաց արքունիքում։ 1190 թվականից սկսած Զաքարյանների ազդեցությունը մեծանում է։ Թամար թագուհու կառավարման իններորդ դարում Սարգիս Զաքարյանին տրվում է ամիրսպասալարի կոչում, իսկ նրա եղբայր Իվանեին՝ աթաբեկի։ 1193-ին նրան տրվում է Դվին քաղաքը։ Նրանց են անցնում նաև Գեղարքունիքը, Բջնին, Ամբերդը, Բարգուշատը, Անիից հյուսիս ընկած շրջանները մինչև Խոդա Աֆարինի կամուրջներ։

1195 թվականին Ելտկուզյանները ասպատակեցին Հայաստանը։ Հայերը վրաց իշխան Դավիթ Սոսլանի հետ դիմայեցին Ատրպատականի քոչվորներին։ Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ Շամքորում։ Աբու Բաքրի զորքերը 1195 թվականի հունիսի 1-ին հասան Շամքորի ամրություններին։ Դավիթ Սոսլանը փոքրիկ զորաջոկատ է ուղարկում քաղաքի դարպասները բացելու համար, իսկ ինքը շարունակում է գլխավորել վրացական ուժերը՝ մխրճվելով թշնամու թիկունքը։ Այնուամենայնիվ, քարքարոտ և դժվարանցանելի ճանապարհները, բարդ աշխարհագրական դիրքը խոչընդոտներ էին հանդիսանում վրացական զորքերի առաջխաղացման համար։ Նույն ժամանակ աթաբեկը հսկում էր քաղաքը։ Չնայած այս դժվարին վիճակին՝ հայ-վրացական միացյալ ուժերը փայլուն հաղթանակ են տանում Աբու Բաքրի գլխավորած զորքերի նկատմամբ։ Ի վերջո, Շամքորը գրավվում է դաշնակիցների կողմից, որից հետո նրանք ձեռնամուխ են լինում Գանձակի ազատագրմանը, որը նույնպես հաջողությամբ է պսակվում։

1199 թվականին Անին վերջնականապես ազատագրվեց, իսկ 1201 թվականին Թամար թագուհին այն շնորհեց Զաքարյաններին[11]։

Կիլիկյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկյան հայոց թագավորությունը հիմնադրվել է միջին դարերում այստեղ հաստատված հայ իշխանների կողմից։ Կիլիկիայի հայերը, լինելով քրիստոնյա, Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ դաշնակցում էին ֆրանկների հետ[9]։ Խաչակիրների հետ կապերը լավացնելու համար հայերը ընդունել էին եվրոպական ավանդույթներ, նույնիսկ փոփոխություններ կատարել ռազմական հանդերձանքի և ռազմավարության մեջ։

Ըստ ժամանակագիրների Կիլիկիան ունեցել է 100.000-անոց բանակ, որի մեկ երրորդ մասը կազմել է հեծելազորը։ Այդ շրջանում հայկական ծանր հեծելազորը լուրջ նմանություններ և ընդհանրություններ է ունեցել ֆրանկականի հետ, ինչպես նաև օգտագործվող զինատեսակները համարյա ամբողջությամբ եղել են եվրոպական[12]։ Հայերը մեծ աջակցություն են ցուցաբերել խաչակիրներին հատկապես դեպի Լևանտ արշավանքների ժամանակ։ Փաստացի, խաչակիրները իրենց արշավանքների ժամանակ օգտագործել են հայկական պաշարողական մեքենաներ։ Օրինակ՝ Կիլիկիայից Ավետիս (Ավետիք) անունով մեկը նախագծել է ռազմական մեքենաներ, որոնք օգտագործվել են խաչակիրների կողմից 1124 թվականին Տյուրոսի դեմ գրոհելիս[6]։

Լևոն Մեծագործը կարևոր փոփոխություններ է կատարել ռազմական ասպարեզում, որոնք զգալիորեն տարբերվում են Մեծ Հայքի ռազմական ոլորտից։ Նրա օրոք հայ ավատատեր նախարարները կորցրել են իրենց երբեմնի իշխանությունը։ Շրջանները և դրանց ղեկավարների անունները լատինականացված էին, ռազմական կառույցները ներշնչված կամ կրկնօրինակված՝ խաչակիրներից՝ առավել հաճախ հարևան Անտիոքից[6]։

13-րդ դարում կառուցված բերդ Կիլիկյան Հայաստանում (լուսանկարված է 2006 թվականին)

Կիլիկյան Հայաստանի ամրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկյան Հայաստանում կառուցված ամրությունները բնութագրվում են իրենց հատուկ յուրօրինակ ոճով։ Կիլիկիայի պաշտամունքային ճարտարապետությանը բնորոշ էին թաղածածկ դահլիճ (ծավալից դուրս աբսիդով) և եռանավ բազիլիկ տիպի հորինվածքները (Անարզաբա, Կոռիկոս)։ Կառուցվել են նաև քառամույթ գմբեթավոր տաճարներ։ Կիլիկիայի վարպետները բարձր մակարդակի են հասցրել ամրաշինության արվեստը, որի սկզբունքները մեծապես կիրառվել են խաչակիրների կառուցած բազմաթիվ ամրոցներում։ Ամրաշինական արվեստի կատարյալ նմուշներ են Լևոն Բ–ի կառուցած բերդը (Լևոնկլա), Թումլուբերդը։ Սսի ամրոցը բաղկացած էր ներքին դարպասների միջոցով հաղորդակցվող, տարբեր մակարդակների վրա կառուցված 7 մասերից։ Կոռիկոսն ու Այասը բաղկացած էին երկուական ամրոցների համակարգից՝ ծովափնյա և ծովային (կառուցված կղզու վրա)։ Կիլիկիայի բազմաթիվ ամրոցները (Լամբրոն, Մուդ, Գուգլակ, Վահկա, Պապեռոն և այլն) իրենց փոխդիրքավորմամբ կազմել են միասնական ռազմական համակարգ[13]։ Անմիջապես ամրոցների կողքին կառուցված են եղել բնակավայրեր[14]։ Կիլիկյան Հայաստանի նշանավոր բերդերն են՝ Սիսը, Անարզաբան, Վահկան, Լևոնկլան, Սարվանդիքարը, Գուգլակը, Թիլը, Հաճնը, Լամբրոնը, Կապանը[15][16]։

Պարսկաթուրքական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության դրոշի ներքո կռվող ֆիդայիների ջոկատ,1890-ականներ: Ֆիդայական շարժման գլխավոր նպատակը հայկական գյուղերի ազատումը և պաշտպանությունն էր քրդերից, համիդիե գնդերից և մուսուլմանների խաժամուժից:

1375 թվականի ապրիլի 16-ին եգիպտական մամլուքները և թուրքմենական կարամանները վերջնականապես գրավեցին Սիսը, և Կիլիկյան հայոց պետությունը, փաստորեն, կորցրեց իր սուվերենությունը։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Օսմանյան կայսրությունը՝ Սելիմ Ահեղի գլխավորությամբ պարտության մատնեց մամլուքներին և իր իշխանությունը հաստատեց Կիլիկիայում։ Սելջուկների, Մոնղոլական կայսրության, Հուլավուի իլխանության, Թեմուրյան պետության, ակ-կոյունլու և կարա-կոյունլուների հաջորդական տիրապետությունից հետո Հայաստանը հայտնվեց Իրանում իշխանության եկած Սեֆյանների գերիշխանության ներքո՝ Իսմայիլ I շահի գլխավորությամբ։ 1555 թվականի Ամասիայի հաշտությամբ և վերջնական 1639 թվականին օսմանցիների և պարսիկների միջև Կասրե Շիրինում կնքված համաձայնագրով Արևմտյան Հայաստանը անցավ Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյանը մնաց Իրանին. այս իրավիճակը շարունակվեց մինչև 19-րդ դարի առաջին կես։ Այս շրջանում մեծ թվով հայեր ծառայում էին երկու կողմերի բանակներում։ Իրանում շատ հայեր ընգրկված են եղել էլիտար վարձկանական խմբերում, իսկ օսմանյան բանակը սկզբնական փուլում վայելում էր հայ հետևակային նետաձիգների ծառայությունը, որոնք ապավինում էին հնաոճ լայնալիճ աղեղին[17]։ Ժամանակի զարգացմանը զուգընթաց հայ երեխաները սկսում էին դաստիարակվել որպես ենիչերիներ։

Հետագայում Հայաստանի արևելյանը մասը Ցարական Ռուսաստանը գրավում էՂաջարական Պարսկաստանից, որը հաստատվում է 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագրով։

Հայկական ֆիդայական ջոկատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կամավորները լքում էին իրենց օջախները՝ օսմանյան կոտորածներից և ագրեսիայից պահպանելու հայկական գյուղերը, քաղաքները։ Ջոկատները կոչվում էին «ֆեդայիններ» և պայքար էին մղում թուրքական և քրդական անկանոն ջոկատների դեմ։ Նրանց գլխավոր նպատակն էր Հայաստանի ինքնավարություն (Արմենական կուսակցություն) և Հայաստանի ազատագրում (ՀՅԴ, Հնչակյաններ) Օսմանյան տիրապետությունից՝ թե՛ գաղափարապես, թե՛ նյութապես և ֆիզիկապես։ Նրանցից շատերը գործուն մասնակցություն են ունեցել Իրանի սահմանադրական հեղափոխությանը։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի ինքնապաշտպանություն, 1915 թվական

Հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի օրերին Օսմանյան կայսրությունում իշխանության անցած երիտթուրքերի կողմից ենթարկվել է ցեղասպանության։ Մեծ եղեռնին զոհ են գնացել 1.5-ից 2 միլիոն մարդ՝ անխտիր տղամարդիկ, կանայք, տարեցներ և երեխաներ։

Ռուսական կայսրության փլուզումից և Կովկասյան կորպուսի ցրումից հետո նորանկախ Հայաստանի առաջին հանրապետությունը խոշոր պատերազմներ մղեց Օսմանյան կայսրության դեմ։ Սարդարապատում տարած հաղթանակը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայերը կարող ուժ են՝ չնայած հետագայում տարածքների և զինամթերքի հանձնման։ Նույն ժամանակաշրջանում Հայաստանը պայքար մղեց նաև Վրաստանի և Ադրբեջանի դեմ (1918)։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Հայաստանը կենաց և մահու կռվի մեջ էր Թուրքիայի հետ։ Իսկ արդեն 1920 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին խորհրդային կարմիր բանակայինների Հայաստան մուտքով երկրում հաստատվեցին խորհրդային կարգեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է Խորհրդային Միության կազմում։ Աշխարհամարտը և նրան հաջորդած Հայրենական պատերազմը մեծ վնասներ չհասցրին Հայաստանին, քանի որ պատերազմական գործողությունները հայկական տարածքներից դուրս էին մղվում։ Ֆաշիստները այդպես էլ չհասան Հարավային Կովկաս, քանզի նրանք ծրագրել էին շրջափակման մեջ առել Ադրբեջանի՝ նավթային պաշարներով հարուստ տարածքները։ Այդ օրերին Հայաստանը անգնահատելի դեր ստանձնեց՝ օժանդակելով դաշնակիցներին ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական ոլորտի արտադրանքներով։ Պաշտոնական տվյալներով ողջ աշխարհից պատերազմին մասնակցել է 600.000 հայ, որոնց կեսը, ցավոք, տուն չի վերադարձել[18]։ Այսպիսով, Հայաստանն պատերազմում ունեցել է մեկ շնչի հաշվով մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը մյուս խորհրդային հանրապետությունների համեմատ։

Համաշխարհային պատերազմին մասնակցած հայ մարշալների և ծովակալի պատկերներով նամականիշներ.
Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով

Հայաստանից 117 մարդ՝ ներառյալ 10 օտարազգի զինվորականներ պարգևատրվել են ԽՍՀՄ հերոսի կոչմամբ։ Նրանցից 36-ը այս կոչմանն արժանացել են հետմահու[19][20]։ 27 հայորդիներ արժանացել են ԽՍՀՄ Փառքի շքանշանի տարբեր աստիճանների, և մոտ 66.802 մասնակիցներ պարգևատրվել են տարբեր աստիճանների շքանշաններով։ Հայերը կազմակերպել են նաև պարտիզանական խմբեր, որոնք ուղարկվել են գերմանացիների դեմ կռվելու[21]։ Շուրջ 60 հայեր ստացել են գեներալի կոչում։ Նրանցից 4-ը դարձել են ԽՍՀՄ մարշալներ։ Հովհաննես Բաղրամյանը առաջին հայ մարշալն էր, ով 1943 գլխավորում էր նաև Բալթիկայի համար մղվող ռազմաճակատը։ Ծովակալ Հովհաննես Իսակովը եղել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերի երկրորդ հրամանատարը։ Համազասպ Բաբաջանյանը եղել է զրահատանկային և ինժեներական զորքերի երկրորդ և վերջին մարշալը։ Արմենակ Խամփերյանցը եղել է ավիացիայի երրորդ մարշալը[21]։

1941–42-ին Խորհրդային Հայաստանում ստեղծվել են վեց հատուկ ռազմական ստորաբաժանումներ՝ դիվիզիաներ, մասամբ նաև այն պատճառով, որ հանրապետությունից այդքան զորակոչիկներ չէին հասկանում ռուսերեն։ Այս 6 դիվիզիաները միասին ունեցել են 67.000 զինվոր։ Նրանցից հինգը՝ 89, 409, 408, 390 և 76-րդ դիվիզիաները հսկայական ներդրում են ունեցել հաղթանակի կայացման գործում, միայն մեկը՝ 261-րդ հայկական դիվիզիան, չի մասնակցել պատերազմական գործողություններին, քանի որ հնարավոր հարձակումից պաշտպանում էր հայ-թուրքական սահմանը։ Այս դիվիզիաներից առանձնանում է 89-րդ Թամանյան դիվիզիան՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ։ Այն մասնակցել է Բեռլինի գրավման օպերացիային և ռայխստագի պատերի տակ պարել է հայկական քոչարին։ Հայազգի շատ զինվորներ ծառայել են նաև բազմաէթնիկ այլ դիվիզիաններում։ Դրանց կազմում եղել են ոչ միայն Խորհրդային Հայաստանից, այլև այլ խորհրդային հանրապետություններից, ինչպես նաև մասնակիցներ ազգային փոքրամասնություններից[19]։

Հայկական ԽՍՀ-ն տրամադրել է զինամթերք և վերանորոգել է խոցված ուղղաթիռները։ Աշխատողները պաշտպանության ֆոնդին նվիրաբերել են 216,000,000 ռուբլի։ Հայերը, որպես նվեր, ռազմաճակատ են ուղարկել 45 վագոն սննդամթերք։ Սփյուռքահայերի ջանքերով հավաքվել է բավականին շատ գումար, որի շնորհիվ կազմվել են «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան» տանկային շարասյունները[19]։

Հայաստանից և ԽՍՀՄ-ից դուրս՝ Ֆրանսիայում, Միսաք Մանուշյանը պայքար է մղել ֆրանսիական դիմադրական շարժման գլխավոր ղեկավարներից մեկը։ 1944 թվականին Մանուշյանը ևս 20 անձանց հետ ձերբակալվում է ֆաշիստների կողմից[19][22]։

Գևորգ Վարդանյանը պատերազմին մասնակցած լեգենդար հետախույզ էր։ Նրա հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ Ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար[23]։

Առանցքի ուժերի Վերմախտի կողմից ստեղծվել է Հայկական լեգեոնը, որը հիմնականում բաղկացած էր խորհրդային ռազմագերիներից, որոնք նախընտրում էին պայքարել ֆաշիստական ուժերի կազմում, քան ուղարկվել նացիստական ռազմագերիների համար ստեղծված ճամբարներ կամ սպանվել։ Լեգեոնը գլխավորում էր պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը։ Հայկական լեգեոնի կազմում կռվում էին 11.000-33.000 զինվորական։ Լեգեոնը մասնակցել է Ղրիմի և Կովկասի գրավմանը[24] Չնայած նրան, որ Գերմանիան գիտեր, որ հայերը հնդեվրոպական (արիական) ժողովուրդ են, Ադոլֆ Հիտլերն ասում էր. «Ես չեմ հավատում հայերին»[19][25]։

Արցախի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում իրար հաջորդաց ռուսական, անգլիական և ադրբեջանական կողմերը Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչել որպես Հայաստանի անբաժանելի մաս[26]։

Հայկական ուժերը Արցախում, 1994 թվական

Արցախի հայությունն իր բողոքը ներկայացրեց Խորհրդային Ադրբեջանի դեմ՝ հայկական շրջանը հայաթափելու և երկրամասը իրեն բռնակցել փորձելու համար։ Հայ բնակչության մեծամասնությունը՝ նյութապես և գաղափարապես օժանդակեց այս կոչին և ոտքի ելավ հանուն ընդհանուր նպատակի։ Սկսվեց Արցախը հավերժապես Մայր Հայրենիքին միավորելու շարժումը։ Առաջին նախադրյալը եղավ «բառերի պատերազմը», որը սկսվեց 1987 թվականին։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության 99 %-ը քվեարկությամբ Արցախը ճանաչեց անկախ։ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ուժեղացման խորհրդային առաջարկը չբավարարեց ոչ մի կողմ։ 1991-ին Խորհրդային Միության կազմալուծումից հետո պատերազմ բռնկվեց, որի պատճառը ադրբեջանական զավթողական նկրտումներն էին։

Հետխորհրդային ուժային վակումում հայ-ադրբեջանական ռազմական բախումներում մեծ ազդեցություն է ունեցել ռուսական բանակը։ Ավելին, ադրբեջանական զորքերը համալրված են եղել մեծ թվով ռուս և ուկրանիացի վարձկաններով։ Բացի այդ, հազարավոր աղվան մուհաջիրներ նույնպես, թշնամու կողմից մասնակցել են պատերազմին[27]։ Ադրբեջանի կողքին էին նաև չեչեն գրոհայինները[28][29]։

1993-ի վերջին կոնֆլիկտը հազարավոր զոհերի պատճառ դարձավ և հիմք դարձավ երկու կողմերից հարյուր հազարավոր փախստականների առաջացման։ 1994 թվականի մայիսին հայկական կողմն իր վերահսկողության տակ էր վերցրել թշնամու մաս կազմած տարածքի 14%-ը։ Արդյունքում ադրբեջանցիներին մնում էր միայն բանակցություններ վարել հայկական կողմի հետ։ Զինադադարը կնքվեց 1994 թվականին մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդությամբ։ Սակայն կոնֆիլկտը մինչև օրս իր վերջնական լուծումը չի ստացել։

Նշանավոր իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակները բաց մոխրագույն են, կորուստները՝ կարմիր։

Պատերազմ/ճակատամարտ Հակառակորդ Բաղկացուցիչ մաս Տարեթիվ Զինված ուժեր
Ուրարտու-Ասորեստանյան պատերազմ Նեո-ասորական կայսրություն Ք.ա 714-627 Վանի թագավորություն
Գավգամելայի ճակատամարտ Մակեդոնիա Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ Ք.ա 331 Սատրապական Հայաստան
Պրոտոպացիումի ճակատամարտ Հռոմեական հանրապետություն Առաջին Միթրիդական պատերազմ Ք.ա 89 Արտաշեսյաններ
Հայ-պարթևական պատերազմ Պարթևստան Ք.ա 87-85 Մեծ Հայք
Տիգրանակերտի ճակատամարտ Հռոմեական հանրապետություն Երրորդ Միթրիդական պատերազմ Ք.ա 69 Մեծ Հայք
Արածանիի ճակատամարտ Հռոմեական հանրապետություն Երրորդ Միթրիդական պատերազմ Ք.ա 68 Մեծ Հայք
Հայ-իբերիական պատերազմ Վիրք Ք.ա 51-53 Մեծ Հայք
Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64) Հռոմեական կայսրություն Հռոմեա-պարթևական պատերազմներ Ք.ա 58-63 Մեծ Հայք
Ձիրավի ճակատամարտ Սասանյան Պարսկաստան 371 Մեծ Հայք
Ավարայրի ճակատամարտ Սասանյան Պարսկաստան 451 Հայկական մարզպանություն
Վարդանակերտի ճակատամարտ Օմայյան խալիֆայություն 702 Հայկական մարզպանություն
Արձնիի ճակատամարտ Աբբասյան խալիֆայություն 775 Հայկական մարզպանություն
Քառասունի ճակատամարտ Աբբասյան խալիֆայություն 863 Արմինիա կուսակալություն
Սևանի ճակատամարտ Սաջյան ամիրայություն 924 Բագրատունիների թագավորություն
Անիի ճակատամարտ Բյուզանդական կայսրություն 1042 Բագրատունիների թագավորություն
Ազազի ճակատամարտ Սելջուկյան սուլթանություն Խաչակրաց արշավանքներ 1125 Կիլիկիայի հայկական թագավորություն
Մամեստիայի ճակատամարտ Բյուզանդական կայսրություն 1152 Կիլիկիայի հայկական թագավորություն
Աքքայի պաշարում (1189-1191) Այյուբյան սուլթանություն Խաչակրաց արշավանքներ 1189-1191 Կիլիկիայի հայկական թագավորություն
Գառնու ճակատամարտ Խորեզմշահերի պետություն 1225 Զաքարյան իշխանապետություն
Բաղդադի ճակատամարտ (1258) Աբբասյան խալիֆայություն Լևանտի ասպատակումը մոնղոլների կողմից 1258 Կիլիկիայի հայկական թագավորություն
Հալեպի պաշարում (1260) Մամլուքների սուլթանություն Լևանտի ասպատակումը մոնղոլների կողմից 1260 Կիլիկիայի հայկական թագավորություն
Մառիի ճակատամարտ Մամլուքների սուլթանություն 1266 Կիլիկիայի հայկական թագավորություն
Հոմսի ճակատամարտ Մամլուքների սուլթանություն Լևանտի ասպատակումը մոնղոլների կողմից 1281 Կիլիկիայի հայկական թագավորություն
Հոմսի ճակատամարտ Մամլուքների սուլթանություն Լևանտի ասպատակումը մոնղոլների կողմից 1299 Կիլիկիայի հայկական թագավորություն
Մարջ ալ-Սաֆարի ճակատամարտ (1303) Մամլուքների սուլթանություն Լևանտի ասպատակումը մոնղոլների կողմից 1303 Կիլիկիայի հայկական թագավորություն
Հալիձորի ճակատամարտ Օսմանյան կայսրություն Հայկական ազատագրական շարժում 1727 մարտ Դավիթ Բեկ
Զեյթունի ապստամբություն (1862) Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1862 օգոստոս Հայ ֆեդայիներ
Սասունի հերոսամարտ (1894) Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1894 օգոստոս Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Զեյթունի ապստամբություն (1895) Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1895 հոկտեմբեր-1896 հունվար Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Վանի ինքնապաշտպանություն (1896) Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1896 հունիսի 3-11 Արմենական կուսակցություն
Խանասորի արշավանք Քրդական Մազրիկ ցեղախմբի Հայ ֆիդայական շարժում 1897 հուլիսի 25-27 Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Ալաշկերտի ճակատամարտ Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1899 Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Առաքելոց վանքի կռիվ (1901) Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1901 նոյեմբերի 3-27 Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Սասունի ապստամբություն (1904) Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1904 մարտ-ապրիլ Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Սուլուխի կռիվ (1907) Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1907 մայիսի 27 Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Զեյթունի հերոսամարտ (1915) Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1914 օգոստոսի 30-1915 մարտի 25 Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Վանի հերոսամարտ Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1915 ապրիլի 19-մայիսի 17 Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Արմենական կուսակցություն
Դիլմանի ճակատամարտ Օսմանյան կայսրություն Առաջին համաշխարհային պատերազմ, Իրանի գրավում 1915 ապրիլի 19-մայիսի 17 Հայկական կորպուս և Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Շապին Գարահիսարի հերոսամարտ Օսմանյան կայսրություն Հայ ֆիդայական շարժում 1915 հունիսի 2-30 Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Մուսա լեռան հերոսամարտ Օսմանյան կայսրություն Հայկական կամավորական շարժում (1914-1918) 1915 հուլիսի 21-սեպտեմբերի 12 Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Ուրֆայի հերոսամարտ Օսմանյան կայսրություն Հայկական կամավորական շարժում (1914-1918) 1915 սեպտեմբերի 29- հոկտեմբերի 20 Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայ-ադրբեջանական պատերազմ (1918-1920) Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն 1918 մարտի 30-1920 ապրիլի 28 Հայաստանի առաջին հանրապետություն, Կենտրոնական կասպիական բռնապետություն և Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Բաշ-Ապարանի ճակատամարտ Օսմանյան կայսրություն Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատ 1918 մայիսի 23-29 Հայկական կորպուս[30]
Սարդարապատի ճակատամարտ Օսմանյան կայսրություն Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատ 1918 մայիսի 22-28 Հայկական կորպուս[30]
Ղարաքիլիսայի ճակատամարտ Օսմանյան կայսրություն Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատ 1918 մայիսի 25-30 Հայկական կորպուս[30]
Արարայի ճակատամարտ Օսմանյան կայսրություն Առաջին համաշխարհային պատերազմի Սիրիա-պաղեստինյան ճակատ 1918 սեպտեմբերի 19 Հայկական լեգեոն (Ֆրանսիա)
Վրաստանի դեմոկրատական հանրապետություն 1918 հոկտեմբերի 17-դեկտեմբերի 31 Հայաստանի առաջին հանրապետություն
Մարաշի հերոսամարտ Օսմանյան կայսրություն Ֆրանս-թուրքական պատերազմ, Թուրքիայի անկախության պատերազմ 1920 հունվարի 21-փետրվարի 13 Հայկական լեգեոն (Ֆրանսիա)
Ուրֆայի հերոսամարտ Օսմանյան կայսրություն Ֆրանս-թուրքական պատերազմ, Թուրքիայի անկախության պատերազմ 1920 փետրվարի 9-ապրիլի 11 Հայկական լեգեոն (Ֆրանսիա)
Այնթափի պաշարում Օսմանյան կայսրություն Ֆրանս-թուրքական պատերազմ, Թուրքիայի անկախության պատերազմ 1921 ապրիլի 1-փետրվարի 9 Հայկական լեգեոն (Ֆրանսիա)
Հայ-թուրքական պատերազմ (1920) Օսմանյան կայսրություն Թուրքիայի անկախության պատերազմ 1920 հունիսի 16-դեկտեմբերի 2 Հայաստանի առաջին հանրապետություն
Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն,1918 Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ 1920 սեպտեմբեր-նոյեմբերի 29 Հայաստանի առաջին հանրապետություն
Փետրվարյան հեղափոխություն Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն,1918 1921 փետրվարի 13-հուլիսի 13 Հայ Յեղափոխական Դաշնակցություն (մինչև ապրիլի 26); Լեռնահայաստանի հանրապետություն (ապրիլի 26-ից)
Արցախյան ազատամարտ Ադրբեջան Արցախյան ազատամարտ 1988 փետրվարի 13-1994 մայիսի 12 Հայաստան
Քառօրյա պատերազմ Ադրբեջան Քառօրյա պատերազմ 2016 ապրիլի 2-5 Հայաստան
Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020) Ադրբեջան Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020) 2020 հուլիս Հայաստան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. W, Aa. (2005). Materia Giudaica X/1. Editrice La Giuntina. էջ 93. ISBN 88-8057-226-1.
  2. Gevork Nazaryan, Armenian Empire.
  3. V. Chapot, La frontière de l'Euphrate de Pompée à la Conquète arabe, Paris, 1907, p. 17
  4. Farrokh, Kaveh (2005). Sassanian Elite Cavalry AD 224-642. Osprey Publishing. էջ 26. ISBN 1-84176-713-1.
  5. 5,0 5,1 Nicolle, David (1992). Romano-Byzantine Armies 4th - 9th Century. Osprey Publishing. էջեր 33–34. ISBN 1-85532-224-2.
  6. 6,0 6,1 6,2 Nicolle, David (1986). Saladin and the Saracens: Armies of the Middle East 1100-1300. Osprey Publishing. էջ 24. ISBN 0-85045-682-7.
  7. Armenian Architecture - VirtualANI - The Lion Gate
  8. 8,0 8,1 8,2 Balard, Michel; Ducellier, Alain (2002). Migrations et diasporas méditerranéennes (Xe-XVIe siècles). Publications de la Sorbonne. էջեր 23–25. ISBN 2-85944-448-3.
  9. 9,0 9,1 Kurdoghlian, Mihran (1996). Badmoutioun Hayots, Volume II. Athens, Greece: Hradaragoutioun Azkayin Oussoumnagan Khorhourti. էջեր 29–44.
  10. Nicolle, David (2000). The armies of Islam, 7th-11th centuries. Osprey Publishing. էջ 23. ISBN 0-85045-448-4.
  11. Minorsky, Vladimir (1953). Studies in Caucasian History. New York: Taylor’s Foreign Press. էջեր 102–103. ISBN 0-521-05735-3. Կաղապար:Verify source
  12. «Le royaume arménien de Cilicie». Histoire-fr.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  13. Edwards, Robert W. (1987). The Fortifications of Armenian Cilicia: Dumbarton Oaks Studies XXIII. Washington, D.C.: Dumbarton Oaks, Trustees for Harvard University. էջեր 3–282. ISBN 0-88402-163-7.
  14. Edwards, Robert W., “Settlements and Toponymy in Armenian Cilicia,” Revue des Études Arméniennes 24, 1993, pp.181-204.
  15. Extensive photographic survey with plans of Armenian castles in Cilicia [1]
  16. Nicolle, David (2004). Crusader castles in the Holy Land, 1097-1192. Osprey Publishing. էջ 9. ISBN 1-84176-715-8.
  17. Nicolle, David (1998). Armies of the Ottoman Empire 1775-1820s. Osprey Publishing. էջ 47. ISBN 1-85532-697-3.
  18. Walker, Christopher J. (1980). Armenia The Survival of a Nation. New York: St. Martin's Press. էջեր 355–356. ISBN 0-7099-0210-7.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 «The Armenian Contribution to the Allied Victory in the Second World War, 19 April 2005 (in English)». academia.edu. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. "V-Day: Armenian leader attends WW II allies' parade in Red Square" Արխիվացված 2010-05-12 Wayback Machine. ArmeniaNow. May 9, 2010.
  21. 21,0 21,1 (hy) Khudaverdyan, Konstantin. «Սովետական Միության Հայրենական Մեծ Պատերազմ, 1941–1945» ("The Soviet Union's Great Patriotic War, 1941–1945"). Armenian Soviet Encyclopedia. Yerevan: Armenian Academy of Sciences, 1984, pp. 542–547.
  22. «Obituary: Monique Agazarian». The Independent. 1993 թ․ մարտի 22. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  23. «Gevork Vartanyan». The Telegraph. 2012 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. «Gevork Vartanyan, who has died aged 87, worked for Soviet intelligence for more than half a century and played an important part in thwarting a Nazi plot to assassinate Churchill, Stalin and President Roosevelt at the Tehran Conference in 1943.»
  24. Auron, Yair (2003). The Banality of Denial: Israel and the Armenian Genocide. New Brunswick, NJ: Transaction Publishers. ISBN 0-7658-0834-X.
  25. Dallin, Alexander (1957). German Rule in Russia: 1941–1945: A Study of Occupation Policies. New York: St Martin's Press. էջեր 229, 251.
  26. Simmons, Mary Kate (published 1996). Unrepresented Nations And Peoples Organization: Yearbook 1995. Martinus Nijhoff Publishers. էջ 137. ISBN 90-411-0223-X.
  27. «"The 'Afghan Alumni' Terrorism"». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  28. "Chechen Fighter's Death Reveals Conflicted Feelings in Azerbaijan" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, EurasiaNet
  29. «"Chechen Fighters"». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 12-ին.
  30. 30,0 30,1 30,2 Establishment, or naming these forces as DRA military will follow the deceleration of independence

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]