Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ
| Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ | |
|---|---|
| Տեսակ | կառավարական կազմակերպություն |
| Երկիր | |
| Հապավում | ԱՆԻՖ |
| Հիմնադրված | 2019 |
| Լուծարված | օգոստոսի 29, 2024 |
| Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
| Գլխավոր քարտուղար | Տիգրան Ավինյան |
| Վերադաս կազմակերպություն | Հայաստանի Կառավարություն և Պետական գույքի կառավարման կոմիտե |
| Հիմնադիր | Հայաստանի Կառավարություն |
| Կայք | anif.am |
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ, անգլ.՝ Armenian National Interests Fund, ANIF), պետական ներդրումային ընկերություն էր, որը հիմնադրվել էր Հայաստանի կառավարության որոշմամբ 2019 թվականին՝ նպատակ ունենալով խթանել արտաքին ներդրումները, համաֆինանսավորել ռազմավարական նշանակության նախագծեր և նպաստել Հայաստանի տնտեսության համաչափ զարգացմանը[1][2]։
2024 թվականի մայիսի 23-ին, Հայաստանի կառավարությունը չզեկուցվող կարգով որոշել է ԱՆԻՖ-ի 100% բաժնեմասի կառավարումը հանձնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա Պետական գույքի կառավարման կոմիտեին[2]։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՆԻՖ-ի ստեղծվման մասին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2019 թվականի ապրիլին[2], իսկ որպես փակ բաժնետիրական ընկերություն գրանցում էր ստացել նույն տարվա մայիսին[2], որի 100% բաժնետոմսերի փաթեթը պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցով։ Սկզբնական կանոնադրական կապիտալը ձևավորվել է պետական միջոցներով։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019-2021 թվականներին ԱՆԻՖ-ի բաժնետոմսերի կառավարումը հանձնված էր Էկոնոմիկայի նախարարությանը, 2021 թվականին լիազորոթյունը հանձնվեց վարչապետի աշխատակազմին, իսկ 2023 թվականի մայիսից կրկին անցավ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ[2]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՆԻՖ-ի հիմնադրման հիմնական նպատակներն էին՝
- Հայաստանի շահերին համահունչ ներդրումային ծրագրերի նախաձեռնում և համաֆինանսավորում,
- Պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացում,
- Տնտեսության կարևոր ճյուղերում արտասահմանյան և տեղական կապիտալի ներգրավում,
- Արտահանման ուղղվածության խթանում և աշխատատեղերի ստեղծում[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՆԻՖ-ը ներդրումային մասնակցություն է ունեցել մի շարք խոշոր նախագծերում, որոնց թվում են՝
- «Ֆլայ Արնա» (անգլ.՝ Fly Arna) - 2021 թվականին Հայաստանի ազգային ավիաընկերության հիմնումը՝ «Air Arabia»-ի հետ համատեղ, որի նպատակն էր՝ ապահովել մատչելի ավիափոխադրումներ և խթանել զբոսաշրջությունը Հայաստանում։ ԱՆԻՖ-ը համաֆինանսավորել է ընկերությունը՝ մոտ 4․7 միլիարդ դրամի չափով։
- «Մասդար Հայաստան 1» - ներդրումային համագործակցություն Masdar ընկերության հետ՝ արևային էներգիայի ոլորտում։ Նախագիծը նախատեսում էր վերականգնվող էներգիայի արտադրություն՝ Հայաստանում։
- «ԱՌՖԻ» անգլ.՝ ARFI - Armenia Financed - համաֆինանսավորման ներդրումային հարթակ՝ ուղղված նորարարական ձեռնարկություններին աջակցելուն։
- «Հարավային տերմինալ» - 2023 թվականին ստեղծված նոր պահեստային համալիր՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Ընկերության 49%-ը պատկանում էր ԱՆԻՖ-ին, 51%-ը՝ մասնավոր գործընկերոջը։ Ժամանակավոր պահպանման պահեստը գործարկվել էր հայ-իրանական սահմանային անցման ժամանակ՝ առևտրի, լոգիստիկայի և մատակարաման շղթաների խթանումը։
- «Ձեռնարկատեր+Պետություն» - հակաճգնաժամային հիմնադրամ։ Ստեղծվել է՝ կորոնավիրուսային համավարակի և 44-օրյա պատերազմից հետո տնտեսական վերականգնման նպատակով, որը ուղղված էր փոքր և միջին բիզնեսի աջակցությանը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՆԻՖ-ի գործառույթներն իրականացվում էին տնօրենների խորհրդի և գործադիր տնօրենի միջոցով։
- Տնօրենների թվում եղել են պետական պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
- Գործադիր տնօրեն է եղել Դավիթ Փափազյանը, որի պաշտոնավարման վաղաժամկետ դադարեցումից հետո, ժամանկավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՆԻՖ-ի գործունեության ընթացքում բարձրաձայնվել են մի շարք քննադատություններ՝
- Թափանցիկության և ֆինանսական հաշվետվությունների բացակայություն
- Արտասահմանյան մասնաճյուղերի (Մոսկվա) անարդյունավետություն՝ չհիմնավորված ծախսերով
- «Ֆլայ Արնա»-ից սպասված արդյունքների բացակայություն
- Ծախսերի մեծ ծավալ՝ համեմատաբար սահմանափակ ազդեցության դիմաց։
Հատկապես քննադատության առիթ է դարձել Մոսկվայի գրասենյակի համար հատկացված 2․7 միլիարդ դրամը, որի գործունեության արդյունավետությունը հարցականի տակ է դրվել։
Լուծարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի մայիսի 23-ին Հայաստանի կառավարությունը որոշեց լուծարել ԱՆԻՖ-ը, միաժամանակ նրա բաժնետոմսերը փոխանցելով Պետական գույքի կառավարման կոմիտեին[1][2]։ Պաշտոնական բացատրությունը՝ ֆոնդի կողմից ստանձնած գործառույթների արդյունավետության վերանայում և պետական ռեսուրսների վերաուղղում[1]։