Հայաստանի ներքին դրություն (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ զինվորներ 1918 թվական

Հայաստանի Հանրապետության (1918-1920) ներքին դրությունը, Հայաստանի Առաջին Հանրապետությունը ժողովրդավարական պետություն էր, նրա հասարակական-քաղաքական դաշտում գործել է 8 կուսակցություն։ Ազգաբնակչության շրջանում մեծ վստահություն է վայելել ՀՅԴ-ն, որը հիմն, կառավարող կուսակցությունն էր հանրապետության ողջ գոյության (2,5 տարի) ընթացքում։ Որոշակի խավերի վստահությունն են վայելել Հայ ժողովրդական, սոցիալիստ-հեղափոխականների, Սոցիալ-դեմոկրատների (մենշևիկ, բոլշևիկ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, հայ սահմանաղրական. ռամկավար կուսակցությունները, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությունը (սպեցիֆիկներ)։ Արևմտահայ գաղթականության շրջանում մեծ էր նաև Արևմտահայ ազգային խորհրդի հեղինակությունը։ Հայ բոլշևիկները, հալածվելով վրացական և ադրբեջանական իշխանություններից, 1919 թվականի կեսերից ապաստանել են (մի քանի հարյուր մարդ) ՀՀ-ում, իսկ սեպտեմբերին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունները միավորվել և ստեղծել են կենտրոնական ղեկավար մարմին՝ Արմենկոմ (Հայաստանի կոմիտե)։ Հայաստանում զգալի տոկոս են կազմել նաև իսլամադավան քաղաքացիները, որոնց միջոցով Թուրքիան հակապետական ելույթներ ու խռովություններ էր ստեղծում ՀՀ-ում։ ՀՀ-ի կայունությանն սպառնացող վտանգն ավելի է մեծացել խորհրդային Ռուսաստանի արևելյան քաղաքականության հետևանքով, երբ գաղտնի համագործակցություն է սկսվել քեմալական Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև՝ ընդդեմ ՀՀ-ի։ Այդուհանդերձ, երկրի իշխանություններին հաջողվել է 1920 թվականի ամռանը հիմնականում ճնշել թուրք-թաթար խռովությունները։ Հանրապետությունում քաղաքական իրավիճակն ավելի է բարդացել բոլշևիկների Մայիսյան ապստամբության (1920) հետևանքով։ Դեռ հունվարին Հայաստանի կոմունիստ, կազմակերպությունների՝ Երևանում հրավիրված 1-ին խորհրդաժողովը քաղաքական որոշում է ընդունել՝ «Պատրաստ լինել իշխանությունը գրավելու, երբ նեցուկ կունենանք մի հարևան երկիր, որով հնարավոր կլինի կապվել բանվորագյուղացիական Ռուսաստանի հետ»։ Այդպիսի հնարավորություն է ստեղծվել 1920 թվականի ապրիլի 28-ին՝ Ադրբեջանի խորհրդայնացումով։ Մայիսի 1-ին ցույցեր են կազմակերպվել կառավարության շենքի դիմաց։ Ալեքսանդրապոլում բոլշևիկների կողմն է անցել «Վարդան զորավար» զրահագնացքի անձնակազմը, մայիսի 7-ին կազմվել է ապստամբության ղեկավար մարմին՝ Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿՍարգիս Մուսայելյանի գլխավորությամբ։ Ապստամբությունն ընդգրկել է Կարսը, Սարիղամիշը, Նոր Բայազետը, Ղազախ- Շամշադինը, Զանգեզուրը։ Կարսից Ալեքսանդրապոլ նահանջելիս Արգինա գյուղի մոտ կառավարական, զորքերի հետ ընդհարման ժամանակ զոհվել է երիտասարդ բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանը։ Սարիղամիշում ապստամբությունն սկսվել է, Երբ Ալեքսանդրապոլում և Կարսում այն պարտություն էր կրել։ ՀՌՀԿ-ն իշխանությունն իր ձեռքում է պահել ընդամենը մի քանի օր։ Ապստամբությունը համեմատաբար երկար է տևել Ղազախ-Շամշադինում, որտեղ բոլշևիկներին օգնություն է ցույց տվել Ադրբեջանից ուղարկված զինուժը։ Կառավարության զորքերին հաջողվել է ճնշել ապստամբությունները։ Ապստամբության ղեկավարներից գնդակահարվել են Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Եգոր Սևյանը, Արտաշես Մելքոնյանը և ուրիշներ։ Արգելվել է Հայաստանի կոմկուսի գործունեությունը։ Ապստամբությունը թուլացրել է երկրի ներքին դրությունը և պառակտել հանրությանը թուրքերի նոր ներխուժման նախօրյակին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png