Հայաստանի մետաղամշակման և մեքենաշինական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյունաբերական համալիրների շարքում մետաղամշակման և մեքենաշինական համալիրն առաջինն է իր ճյուղային կառուցվածքի բազմազանությամբ, համախառն արտադրանքի ծավալով, արժեքով և տեսականիով, տեղաբաշխման սկզբունքների տարատեսակությամբ, զբաղվածների թվաքանակով, միջպետական և միջճյուղային տնտեսական կապերի զարգացման տեմպերով։

Նախախորհրդային Հայաստանում մեքենաշինական համալիրը դեռևս ձևավորված չէր, և դրա բաժինը արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում կազմում էր ընդամենը 1% (մետաղաձուլություն' 60%, թեթև և սննդի արդյունաբերություն' 28%, էներգետիկա֊ 9%)' զբաղվածների մինչև 250-300 մարդ թվաքանակով։

Զարգացման նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղամշակման և մեքենաշինական համալիրի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում սկսվեց միայն 1920 թ.հետո։ Որպես առաջին նախապայման' մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն' մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։

  • Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։
  • Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։
  • Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Մայր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։

Համալիր քաղաքականության իրականացման շնորհիվ' հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արտադրանքի բաժինը 1940 թ. հասցնել 4%, 1960 թ.' 13%, 1980 թ.' 24%, իսկ 1990 թ.' 35%։

Ներկայումս մեր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արդյունքի բաժինը կազմում է 7,8% (վառելիքա֊էներգետիկ համալիր' 17,5%, մետաղաձուլական համալիր' 34%)։

Ենթաճյուղերը։ Հայաստանի Հանրապետության մետաղամշակման և մեքենաշինական համալիրի հիմնական ենթաճյուղերն են էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը և հաստոցագործիքաշինական արդյունաբերությունը։

էլեկտրատեխնիկական ենթաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաճգնաժամային Հայաստանի Հանրապետության մետաղամշակման և մեքենաշինական համալիրի առաջատար ենթաճյուղն էլեկտրատեխնիկական արդյունաբերությունն էր, որը թողարկում էր տուրբագեներատորներ, հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ, շարժական էլեկտրակայաններ, ուժային տրանսֆորմատորներ, էլեկտրալուսավորման սարքեր, մալուխ (կաբել), կենցաղային օգտագործման էլեկտրասարքեր, էլեկտրաապարատներ և այլն, թվով շուրջ 1000 արտադրատեսակ, որոնց մի մասն արտահանվում էր Ճապոնիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա։ Այս ենթաճյուղի ամենախոշոր ձեռնարկությունները գտնվում էին Երևանում, իսկ համեմատաբար փոքրերը' Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում և Կապանում։

Ներկայումս էլեկտրատեխնիկական ձեռնարկությունների հիմնական մասը չի գործում, քանի որ չկա ձևավորված սպառման շուկա, փոխվել են արտադրատեսակներին ներկայացվող միջազգային չափանիշները, դեռևս բարձր է մնում արտադրանքի ինքնարժեքը, մաշված ու հնացած են տեխնոլոգիական հոսքագծերը։

Սարքաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ենթաճյուղի ձեռնարկություններում թողարկվում էին չափման, մշակման և հաղորդման միջոցներ, կարգավորող հարմարանքներ, կառավարման ավտոմատացված համակարգեր, ժամացույցներ և այլն։ Ձեռնարկությունների հիմնական մասը կենտրոնացած էր Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Ավելի փոքր ձեռնարկություններ էին կառուցվել Մաստարայում, Վարդենիսում, Սևանում։

Ռադիոէլեկտրոնային ենթաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաճգնաժամային Հայաստանի Հանրապետությունում ամենա-արագ զարգացող արդյունաբերական ենթաճյուղերից էր ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, որը թողարկում էր ռադիոապարատներ, ռադիոսարքեր, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, քվանտային սարքեր, կիսահաղորդիչներ, կոնդենսատորներ, միկրոսխեմաներ և այլն։ Ձեռնարկությունների հիմնական մասը կենտրոնացած էր մեր հանրապետության ամենախոշոր գիտական կենտրոնում՝ Երևանում, իսկ ավելի փոքր հզորությամբ մասնաճյուղեր էին ստեղծվել Հրազդանում, Դիլիջանում, Ապարանում և Վաղարշապատում։ Այժմ կառուցվածքային և տեխնոլոգիական մեծ փոփոխություններ են իրականացվում որոշ ձեռնարկություններում, նախկինում չգործող մի քանի գործարանի բազայի վրա ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ (հայ֊ռուսական, հայ-ամերիկյան)։

Հաստոցագործիքաշինական ենթաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա այն ենթաճյուղն է, որի զարգացման մակարդակով են պայմանավորվում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի մնացած բոլոր ենթաճյուղերի արտադրանքի որակը և գիտատեխնիկական նորարարությունների ներդրման արդյունավետությունը։ Ենթաճյուղի կազմում ներառվող ձեռնարկություններում հնարավոր է թողարկել մետաղահատ և քարհատ հաստոցներ, դարբնոցամամլիչային սարքավորումներ, արհեստական ալմաստից պատրաստված հատիչներ, կտրող գործիքներ և այլն։ Այդ ձեռնարկությունների մեծ մասը տեղաբաշխված էր Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Չարենցավանում։