Հայաստանի ձկնային ռեսուրսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևանի իշխան գեղարքունի (Salmo ischchan gegarkuni)

Ոչ վաղ անցյալում Հայաստանի համարյա բոլոր գետերը և լճերը՝ հազվադեպ բացառությամբ, հարուստ էին ձկներով և կարողանում էին ապահովել բնակչության ձկնային կարիքները։ Սակայն, ժամանակի ընթացքում, ոռոգման ցանցի, լեռնարդյունաբերության և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև որսագողության լայնամասշտաբ զարգացման արդյունքում, որի ընթացքում կիրառվում են ձկների ոչնչացման մեթոդներ, որոշ ջրամբարներում ձկների գոյությունը անհնար է դարձել, ինչը հանգեցրել է գետերի մեծ մասի աղքատացմանը, իսկ շատ գետերում էլ հանգեցրել է մի շարք ձկների՝ առվի կարմրախայտի, սազանի, ծածանաձկան, բեղոտի և ձկների այլ տեսակների անհետացմանը։

Ձկների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ջրերում հանդիպում է ձկների 30 տեսակ, այդ թվում՝ սաղմոնազգիներ (5 տեսակ), ծածանազգիներ (22 տեսակ), լոքո (1 տեսակ) և ատամավորներ (2 տեսակ)։

30 տեսակից 9-ը հանդիսանում են էնդեմիկներ (հանդիպում են բացառապես Հայաստանի տարածքում), դրանք են՝ Սևանա լճի կարմրախայտը, Սևանա լճում առկա են դրա 4 տեսակ (ձմեռային բախտակ, գեղարքունի, բոջակ, ամառային բախտակ), հայկական կարմրակն, հայկական ծովատառեխ, Սևանի կողակ, Սևանի բեղլու, հայկական գուստերա։

Ձկնային պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս արդյունաբերական նշանակությունը պահպանում է միայն Սևանա լիճը։ Իր մեծությամբ Հայաստանի երկրորդ լիճ-ջրամբար Արփիում ձկնային պաշարները գտնվում են սպառման եզրին, իսկ մնացած ջրամբարները գրեթե ամբողջապես կորցրել են իրենց ձկնարդյունաբերական նշանակությունը, և դրանց վերականգնման համար հատուկ ջանքեր են անհրաժեշտ։

Սևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանա լճի ձկնային պաշարները սկսել են նվազել դեռևս ԽՍՀՄ տարիներին։ Ձկնապաշարի նվազեցման հիմնական գործոնները հետևյալն են. ջրային պաշարների ակտիվ օգտագործումը, այդ թվում՝ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով, տեղական էկոհամակարգի խախտումը, մասնավորապես՝ գաղթող սիգի (Coregonus lavaretus), սովորական ծածանի (Carassius carassius) և տափակավահան խեցգետնի (Astacus leptodactylus) կլիմայավարժեցումը։ Հայտնի է, որ սիգի կլիմայավարժեցումը շատ բացասաբար է անդրադարձել Սևանի էնդեմիկների՝ իշխանի Salmo ischchan պոպուլյացիային։

Վերջին տարիներին ձկնարդյունաբերությունը գնահատվում է տարեկան 25-30 կգ։ Ներկայումս լճում արդյունաբերական հիմնական տեսակը հանդիսանում է գաղթող սիգը (Coregonus lavaretus), որը 1920-1930-ական թվականներին կլիմայավարժվել է Ռուսաստանի Լադոգա լճից։ Նրա որսը կազմում է լճի ընդհանուր արդյունաբերության ավելի քան 80 %-ը։

Ներքոնշյալ սանդղակում բերված է տարբեր տարիներին Սևանա լճում սիգի որսի վիճակագրությունը։

Տարի Որս (տ) Չհաշվարկված որսի գործակից Որսի ընդհանուր թիվը՝ ներառյալ ապօրինի որսը
1997 2100 3,2 6800
1998 1800 2,7 4800
1999 - - 2800
2002 600 3,6 2200

Սևանի կարմրախայտի և կողակի որսը ներկայումս արգելված է՝ ելնելով դրանց պոպուլյացիայի վատթար վիճակից։ Միակ տեսակը, որի որսը լճում սահմանափակված չէ, հանդիսանում է 1980-ական թվականներին պատահականորեն վերաբնակեցված արծաթե ծածանը (Carassius gibelio), որի որսը վերջին տարիներին կազմում է միջինում 300-500 տոննա։

Արփի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփի լիճը Հայաստանում որսի ծավալներով երկրորդն է։ Լիճը բնակեցված է գետածածանով, թեփուղով, հաշամով, կողակով, բեղլուով, արագաշարժ ձկով, առվի կարմրախայտով։ Ավելի վաղ լճի արդյունաբերական ձկնատեսակ է եղել գետածածանը, որի որսը կազմել է տարեկան շուրջ 500 ցենտներ։

Ախուրյան գետի հոսքը կարգավորելու առաջին տարիներից, ինչպես նաև լիճը ջրամբարի վերածելուց հետո՝ գետածածանի որսը էականորեն մեծացավ և հասավ 1000 ցենտների։ Սակայն լճի ջրային ռեժիմի էական փոփոխության հետ կապված՝ գետածածանի կերակրային պահուստը կրճատվել է, վատացել են նրա բնական վերարտադրության պայմանները, որի արդյունքում կրճատվել են նրա պաշարները, դրա հետ մեկտեղ՝ նաև որսը։

Ջրամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի գրեթե բոլոր ջրամբարները ձկնորսարաններ չեն հանդիսանում։ Կեչուտի ջրամբարի ենթադրյալ ձկնապաշարը կազմում է տարեկան 150-200 ցենտներ։ Ձկնորսության հավանական օբյեկտներ են սիգը, կարմրախայտը, կողակը։

Գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ գետ

Չնայած հանրապետության ձկնային տնտեսության համար Հայաստանի գետերի ունեցած կարևոր նշանակությանը, դրանց արժանի ուշադրություն չի դարձվում։ Ձկների պաշարներն այդ գետերում կա՛մ ընդհանրապես չեն պաշտպանվում, կա՛մ բավարար պաշտպանված չեն, որի արդյունքում ձկները համարյա ամենուրեք ոչնչանում են։ Ամբողջովին բացակայում են մելիորատիվ միջոցառումները, հաճախակի է խախտվում գետերի փոփոխակարգը՝ առանց հաշվի առնելու ձկնային տնտեսության շահը, ջրերն աղտոտվում են կենցաղային և գյուղատնտեսական թափոններով։

Ձկնաբուծական գործարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամեծ ձկնաբուծական գործարաններն են՝ Ջերմուկի, Անգեղակոթի, Սևանի, Լիճքի, Կարճաղբյուրի և Գավառի գործարանները, որոնք զբաղվում են սաղմոնազգիների (Salmonidae), սիգի (Coregonidae) և որոշ ծածանազգիների (Cyprinidae) արհեստական բուծմամբ՝ նպատակ ունենալով վերականգնել նրանց պաշարները։

Բացի թվարկված առաջին երկու ձկնագործարանները, մնացած չորսը գործում են Սևանի ավազանի տարածքում[1]։

Սևանա լճում կարմրախայտի բուծման սկիզբը համարվում է 1920-ական թվականների սկիզբը։ Սևանի կարմրախայտի արհեստական վերարտադրման նախնական աշխատանքները փորձնական բնույթ են կրել, 1940-1950 թվականներին դրանք արդեն էական նշանակություն ունեին, իսկ 1960-ական թվականներին արհեստական վերարտադրությունը դարձել է Սևանա լճի կարմրախայտի պաշարների վերականգնման միակ աղբյուրը։

Սևանա լճի կարմրախայտի արհեստական վերարտադրության արդյունաբերությունը տարեցտարի փոքրանում է, և անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել՝ Սևանի կարմրախայտի արհեստական բազմացման բնագավառում արմատական փոփոխություններ իրականացնելու, պաշտպանության էական համակարգեր սահմանելու, ջրամբարների ձկնային պաշարները կառավարելու համար։

Արդյունաբերվող ձկան 55 %-ը կազմում է իշխանը (ձուկ), 31 %-ը՝ ծածանը և հաստաճակատը, 13 %-ը՝ թառափը։ Հայաստանի ձկնային արդյունաբերության մեջ առկա են 15 տեսակի ձկներ։ Բուծվում է նաև ծիածանային կարմրախայտ, սիգ, ջրանցքի լոքո, թառափի և ստերլետի խառնածին, տափակավահան խեցգետին (Astacus leptodactylus)

Լճակային տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում Հայաստանի տարածքում գործում է մոտ 200 ձկնաբուծական տնտեսություն։ Դրանցից ամենախոշորներն են՝ Ակնալճի, Անգեղակոթի, Ջերմուկի, Մասիսի և Հրազդանի տնտեսությունները։ Դրանցից ամենամեծը Ակնալճի տնտեսությունն է, որի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 300-350 տոննա կարմրախայտ։

Ներկայումս ծածանազգիների գործող տնտեսություններից ամենամեծը համարվում են Արմաշի և Եղեգնաձորի տնտեսությունները։ Արմաշի տնտեսությունը Կովկասում գոյություն ունեցող ծածանի ամենամեծ տնտեսությունն է, արտադրական հզորությունը կազմում է տարեկան մի քանի հազար տոննա ձուկ։ Ներկայում այս տնտեսությունում ամեն տարի բուծվում է 400-500 տոննա ծածան և հաստաճակատ[2]։

Ձկնարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Հայաստանը արտահանել է 400 տոննա ձուկ, 2011 թվականին Հայաստանից ձկան արտահանման ծավալները կազմել են մոտ 1100 տոննա։ Հայաստանի համար արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է[3]։

Բրածո ձկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Հայաստանի բրածո ձկների մնացորդները ներկայացված են 30 տաքսոնով, ենթարկվում են 9 խմբի՝ 2 տաքսոնը կռճիկակմախք ձկներ (տրիասային ժամանակաշրջանից մինչև կավճային դարաշրջան), 28՝ փշոտ ձկներ (կավճային դարաշրջանից մինչև պլեյստոցենի դարաշրջան)։ Փորփրված ձկների կազմությամբ հնարավոր է հետևել ժամանակակից Հայաստանի հնաջրագիտական հիմնական պայմանների փոփոխություններին։

  • Helicampodus egloni-ի և շնաձկների հայտնաբերումը ցույց է տալիս ծովային համակարգի առկայությունը՝ ներքին տրիասից մինչև կավճային դարաշրջան։
  • Lepidotus ohannes-ի հետքի առկայությունը խոսում է կավճային դարաշրջանում ցամաքի կղզիացած հատվածներում քաղցրահամ ջրամբարների առկայության հնարավորության մասին։
  • Քաղցրահամ ջրերում բնակվող մեծագլուխ ծածանի հայտնաբերումը խոսում է քաղցրահամ ջրամբարների, հետևաբար նաև՝ Հայաստանի հյուսիսում ցամաքի մեծ տարածքի առկայության մասին։
  • Մանր ծովատառեխի (Alosa sp., Clupea cf. lanceolata, C. cf. Ventricosa), (Atherina schelkovnikovi), ծածանաատամնավորների (տեսակներ Prolebias и Aphanius), ինչպես նաև ծածանազգիների (Chondrostoma sp., Leuciscinae gen. et sp. indet. և այլն) հայտնաբերումը վկայում է Արարատյան հովտում ծովային՝ աղի, ինչպես նաև քաղցրահամ ջրի առկայության մասին՝ մինչև վերին միոցենի դարաշրջան։
  • Տարբեր տեսակի սաղմոնազգիների (Salmo sp.) և ծածանազգիների (Alburnus sisianensis, Capoeta sp., Rutilus oswaldi, Garra sp. (Leuciscus) հայտնաբերումը վկայում է պլիոցենյան դարաշրջանից սկսած ժամանակակից Հայաստանի տարածքի մեծ մասում քաղցրահամ ջրերի կայուն համակարգի և ժամանակակից ձկնաբանության ձևավորման մասին[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Недооцененный потенциал рыбоводства, или Почему рыба в Армении дороже мяса | Fermer.Ru — Фермер. Ру — Главный фермерский портал — все о бизнесе в сельском хозяйстве. Форум фермеров
  2. UNECE Homepage
  3. «Через два года Армения может экспортировать рыбу в ЕС / Рыбоводство / Маркетинг Новости сельского хозяйства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  4. http://biology.asj-oa.am/3739/1/113_-_22.04.08._Vasilyan_Rus.pdf