Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը, հանրապետության մի քանի տասնյակ ուսանողական, երիտասարդական կառույցների միավորող, հանրապետության խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից է[փա՞ստ]։ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը հիմնադրվել է 1997 թվականին։ Այժմ ՀԵԱԽ-ը հանդիսանում է Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ և Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության նախագահող կառույց։

Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում սկիզբ առած ժողովրդավարական գործընթացների կարևորագույն փուլերից մեկն էր հանդիսանում հասարակական, քաղաքական կազմակերպությունների՝ որպես ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտների, ստեղծումն ու զարգացումը։ Այս շարժման առաջամարտիկներն էին երիտասարդական կազմակերպությունները։ 1997 թ.-ի հուլիսին տեղի ունեցած Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի (ՀԵԱԽ) առաջին հիմնադիր համագումարով հաստատեց կազմակերպության կանոնադրությունը և ընտրեց ղեկավար մարմիններ։ Նույն թվականի դեկտեմբերին կազմակերպությունը գրանցվեց ՀՀ Արդարադատության նախարարությունում։ Այժմ ՀԵԱԽ-ը հանդիսանում է հովանոց կազմակերպություն անդամակցող ավելի քան 60 երիտասարդական ՀԿ-ների, ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների և քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի համար։ Սկսած 2002 թ.-ից ՀԵԱԽ-ը հանդիսանում է Եվրոպական Երիտասարդական Ֆորումի թեկնածու, ապա լիիրավ անդամ, իսկ 2005 թ.-ից՝ Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության անդամ կազմակերպություն։ Այժմ ՀԵԱԽ-ը հանդիսանում է Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության նախագահող երկիր։ Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի բարձրագույն ղեկավար մարմինը՝ Համագումարն է։ Այն իր հերթական նիստերը գումարում է երկու տարին մեկ անգամ։ Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում մշտապես գործող հիմնական ղեկավար մարմինը՝ նախագահությունն է, որի անդամներ են հանդիսանում նաև նախագահը, փոխնախագահը և գլխավոր քարտուղարը։

Կազմակերպության գլխավոր նպատակներից են աջակցել՝

  • ՀՀ հզորացմանն ու ամրապնդմանը
  • ՀՀ-ում ժողովրդավարության խորացմանը, իրավական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը,
  • ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրագործմանը,
  • Ազգային խնդիրների լուծման գործընթացում երիտասարդության մասնակցության ակտիվացմանը,
  • Մարդու, մասնավորապես երեխայի, պատանու, երիտասարդի իրավունքների պաշտպանության գաղափարի տարածմանը,
  • Երիտասարդական կազմակերպությունների փոխհամագործակցությանն ու օգնությանը։

Կազմակերպության առաջնահերթ խնդիրներից են՝

  • պաշտպանել ՀՀ-ում և նրանից դուրս ապրող բոլոր հայ երիտասարդների իրավունքներն ու օրինական շահերը,
  • կապեր հաստատել տարածաշրջանային, տարածքային և միջազգային երիտասարդական կառույցների հետ՝ նպաստելով ՀՀ-ում երիտասարդական կազմակերպությունների անդամակցությանը վերջիններիս,
  • օժանդակել երիտասարդական կազմակերպություննրի կողմից համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի անցկացմանը,
  • Նպաստել գիտության և կրթության՝ որպես առաջնային ոլորտի, զարգացմանը, ոչ ֆորմալ կրթության համակարգերի ներդրմանը, ինչպես նաև երիտասարդական կադրերի պատրաստմանը,
  • Մասնակցել ազգային, տարածաշրջանային և միջազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

ՀԵԱԽ-ը ցուցաբերում է իր աջակցությունը անդամ-կազմակերպություններին, Ուսանողական Խորհուրդներին և երիտասարդական կառույցներին բազմաբնույթ երիտասարդական ծրագրեր իրականացնելու գործում։ Վերջինիս վառ օրինակներից մեկն է վերջերս իրականացված «Ամառային ճամբար 2007» ուսանողական միջազգային ֆորումը։

ՀԵԱԽ գործունեության գերակայություններից մեկն է արտաքին հարաբերությունների ոլորտը։ 1998 թ.-ից սկսեցին հստակ քայլեր ձեռնարկվել եվրոպական կարևորագույն կառույցների հետ կապ հաստատելու և համագործակցելու ուղղությամբ։ Սա հանգեցրեց կայուն գործնական փոխհարաբերությունների, որոնք ներկայումս ևս շարունակվում են բավականին արդյունավետ կերպով։

Հաստատված կապերի և տեղեկատվության հավաքագրման շնորհիվ բավականին լայն հնարավորություններ են ստեղծված ապահովելու համար հայ երիտասարդության մասնակցությունը մի շարք միջազգային կրթական-ուսուցողական ծրագրերում։

Ներկայումս ՀԵԱԽ-ը ակտիվորեն համագործակցում է ՀՀ Խորհրդարանի, ՀՀ Կառավարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, Մշակույթի Նախարարության, Սպորտի և Երիտասարդության հարցերով Նախարարության, Եվրոխորհրդի Երիտասարդական վարչության, Համահայկական Երիտասարդական Հիմնադրամի, Եվրոպական Երիտասարդական Ֆորումի, Եվրոխորհրդի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացչության, Միջազգային Զարգացման Կանադական Գործակալության հետ։

ՀԵԱԽ-ի կողմից մինչ այժմ իրականացվել են մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր։ Վերջիններից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ՝

  • «Ինֆորմացիոն աջակցում ուսանողական և երիտասարդական կազմակերպություններին»
  • «Մարզերի երիտասարդությունը 21-րդ դարում»
  • «Երիտասարդական քաղաքականություն, միջազգային համագործակցություն և կոնֆլիկտների լուծում»
  • «Երիտասարդական ՀԿ-ների դերը հանրային քաղաքականության ոլորտում»
  • «Երիտասարդական հետազոտությունների կազմակերպում»
  • ծրագրերը, սեմինարներն ու թրեյնինգները։

2006 թ.-ից ՀԵԱԽ նախագահն է Արամ Սուքիասյանը։

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]