Հայաստանի Հանրապետության փոխնախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության փոխնախագահ, 1991-1996 թվականներին գոյություն ունեցած պետական բարձրաստիճան պաշտոն։

Հայաստանի Հանրապետության փոխնախագահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնի հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնը հիմնադրվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին» 1991 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած օրենքով։

Ընտրության կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության փոխնախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ միաժամանակ։ Հայաստանի Հանրապետության փոխնախագահի թեկնածուին առաջարկում է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն։ Հայաստանի Հանրապետության փոխնախագահ կարող են ընտրվել այն անձինք, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջներին։

Լիազորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության փոխնախագահը կատարում է նրա առանձին լիազորությունները։

Կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Նախագահի և փոխնախագահի անձը անձեռնմխելի է և պաշտպանվում է օրենքով։ Հայաստանի Հանրապետության փոխնախագահի սպասարկման և պահպանման կարգը, աշխատավարձի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը։ Հայաստանի Հանրապետության փոխնախագահը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության որևէ խորհրդի պատգամավոր։ Հայաստանի Հանրապետության փոխնախագահը իր պաշտոնավարության ընթացքում չի կարող լինել որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար մարմնի անդամ և զբաղեցնել այլ պաշտոններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

ՀՀ Նախագահի պաշտոնի զբաղեցումը ՀՀ փոխնախագահի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության փոխնախագահը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը՝

  • հրաժարական է տվել.
  • չի կարող շարունակել իր լիազորությունների կատարումը.
  • օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ է արվել։

Հայաստանի Հանրապետության փոխնախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոխնախագահի նոր թեկնածու։ Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի կողմից իրենց լիազորությունները շարունակելու անհնարինության հարցը լուծում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեկ երրորդի մեծամասնությամբ՝ նրանց դիմումի հիման վրա կամ ելնելով ստեղծված հանգամանքներից։ Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի կողմից միաժամանակ իրենց լիազորությունների կատարման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը կամ նրա տեղակալը։

ՀՀ փոխնախագահի կարգավիճակի փոփոխումը և պաշտոնի վերացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թ. հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որով ՀՀ փոխնախագահի պաշտոն չսահմանվեց, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ այդ պահին գործող փոխնախագահը՝ Գագիկ Գարուշի Հարությունյանը, պաշտոնում ընտրվել էր հինգ տարով՝ մինչև 1996 թ. հոկտեմբերի 16-ը, ապա անցումային դրույթներով սահմանվեց, որ մինչ իր լիազորությունների ավարտը Հանրապետության փոխնախագահը կատարում է Հանրապետության Նախագահի հանձնարարականները։ Սակայն Գագիկ Գարուշի Հարությունյանը չպաշտոնավարեց մինչև այդ ժամկետը։ 1996 թ. փետրվարի 6-ին նա ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ և Հանրապետության Նախագահի նույն օրվա հրամանագրով նրա՝ որպես ՀՀ փոխնախագահի, պարտականությունները համարվեցին դադարած։ Այսպիսով, Գագիկ Գարուշի Հարությունյանը հանդիսանում է ՀՀ առաջին և, եթե ապագայում նման պաշտոն չսահմանվի, միակ փոխնախագահը։