Հայաստանի պետական տոներ և հիշատակի օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության պետական տոները և հիշատակի օրերը Մեծանուն Լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է. որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր։ Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը։ Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը։ Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները։ Օրինակ, մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրևանդ գավառում, Արածանի գետի ափին։ Այն նաև պետական տոն էր, որովհետև հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով, նրան մասնակցում էին թագավորն ու թագուհին, արքունի զորքը, նախարարները, հայոց մեծամեծները։ Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ։ Որոշ տոներ էլ մոռացության են մատնվել։ Հայկական տոներին հատուկ են մեծ բազմությունների հավաքները, մրցախաղերը, ձիարշավները, երգն ու պարը, ասմունքը, փոխադարձ նվիրատվությունները, ճոխ ճաշկերույթները։ Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսևորումները։ Պետական տոները հիմնականում արտահայտում են երկրի և ժողովրդի համար պատմական պահերը։
Հայոց ազգային սովորույթներից է ընտանիքի անդամների ծննդյան, ամուսնության տարելիցները, նրանց կյանքում տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձությունները հանդիսավորապես նշելը։ Հարազատների մասնակցությամբ անցկացվող ընտանեկան այդ տոնակատարությունները նպաստում են ընտանիքի ամրապնդմանը, տոհմական ավանդույթների պահպանմանը, հայրենի հողի հանղեպ սերն անշեջ պահելուն։ Հայոց պետական անկախության ներկա ժամանակաշրջանում բոլոր հնարավորություններն ստեղծվել են ընտանեկան այղ հանդիսությունների շարքում ներառել նաև ազգային, պետական ու եկեղեցական տոները, որոնք խորհրդանշում են մեր ազգային համերաշխությունը, մեր միասնական գոյամարտը, հայկական պետական կառույցի հաստատումը, մեր հազարամյա երազանքների իրականացումը։ Սակայն բոլոր նշանավոր իրադարձությունները չեն, որ ուրախառիթ են։ Կան նաև նահատակների, մարտիրոսների օրեր, մեռելոց օրեր, բոլորովին վերջերս էլ՝ Ազատամարտիկների հիշատակի օրեր։ Եկեղեցական կարևոր տոները կոչվում են նաև տաղավար (Սբ Ծնունդ, Զատիկ, Պայծառակերպություն Վարդավառ, Համբարձում, Աստվածածին Վերափոխում, Խաչվերաց

Հայաստանում սահմանված տոներն ու ոչ աշխատանքային օրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում սահմանված են հետևյալ տոներն ու հիշատակի օրերը.

  • Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր։
  • Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր։
  • Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր։
  • Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին։
  • Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին։
  • Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր։
  • Մայրության և գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին։
  • Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր։ 1915 թվականի այս օրը և հետագա մի քանի օրում Օսմանյան կայսրության պարագլուխների հրամանով Կ.Պոլսում ձերբակալվեցին և դեպի Միջագետքի անապատներն աքսորվեցին շուրջ 800 հայ մտավորականներ գրողներ, գիտնականներ, լրագրողներ, արվեստագետներ, որով սկսվեց Մեծ եղեռնը։ Նրանց մեծ մասն սպանվեց աքսորի ճանապարհին։ Ապրիլի 24-ը յուրաքանչյուր տարի նշվում է Հայաստանում. Արցախում և Սփյուռքում որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։
  • Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր։
  • Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին։
  • Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր։ 1945 թվականի մայիսի 9-ին ֆաշիստական Գերմանիայի պարտությամբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում։ Մայիսի 9-ին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր բազմահազար զավակներին, որոնք Խորհրդային Միության և դաշնակիցների զինված ուժերի շարքերում մարտնչել են ֆաշիզմի դեմ։
  • Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին։
  • Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր։ Այդ օրը 1918 թվականին հռչակվեց Հայաստանի անկախությունը, պատմական Հայաստանի տարածքի մի փոքր մասում վերականգնվեց հայկական պետականությունը՝ Բագրատունյաց թագավորության անկումից շուրջ 9 հարյուրամյակ հետո։ Առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ երկու և կես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Այն ընկավ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև հանցավոր գործարքի հետևանքով։
  • Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին։
  • Բռնադատվածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 14-ին։ Հայաստանում պաշտոնապես նշվում է 2006 թվականից։ «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով 1949-ի հունիսի 14-ին Հայաստանից բեռնատար գնացքներով արտաքսվել է 13.000 հայ։ Հունիսի 14-ին Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից արտաքսվել է 55.000 մարդ։
  • Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով։ Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»։
  • Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին։
  • Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր։ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեով։
  • Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին։
  • Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։
  • Տեղական ինքնակառավարման օր՝ նշվում է նոյեմբերի 10-ին։
  • Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին։ Պաշտոնական տվյալների համաձայն երկրաշարժի զոհ է դարձել 25 հազար մարդ, հանրապետության տնտեսությունը հսկայական վնաս է կրել։ Այդ ծանր օրերին Հայաստանին օգնության ձեռք են մեկնել հայ սփյուռքը, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, բարեգործական ընկերություններ և միություններ, Հայաստանյանց Առաքելական եկեղեցու թեմեր։ Վերականգնման աշխատանքները աղետի գոտում շարունակվում են։
  • Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը։
  • Սուրբ Էջմիածնի տոն՝ նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո՝ կիրակի օրը։

Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր։

Ամանոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորյա տոնածառ

Ամանոր նշանակում է Նոր տարի։ Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին՝ Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ։ Հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։
Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն օգոստոսի 11-ը։ Պահպանվել ու մեզ է հասել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից գրի առնված չափածո այն պատկերը, որն Ամանորին նվիրված ամենահին ստեղծագործությունն է հայ գրականության մեջ.

Ոտայր ինձ զծուխ ծխանի
Եվ զառավօտն Նաւասարդի.
Զվազելն Եղանց և զվարգելն եղջերուաց.
ՄԵք փող հարուաք և թմբկի հարկանեաք,
Որպէս օրեն էր թագաւորաց։

Ուսումնասիրողները հավաստում են, որ այս խոսքերը պատկանում են հայոց Արտաշես Բ թագավորին (մ.թ.ա. 30-20 Նավասարդի տոնահանդեսները տևել են մի քանի օր, որոնց ընթացքում կատարվում էին զոհաբերություններ, կազմակերպվում խրախճանքներ երգ ու պարի ուղեկցությամբ, թատերախաղեր։ Անցյալում մեծաթիվ ուխտավորներ էին հավաքվում հատկապես Բագրևանդ գավառի Բագավան ավանում, ուր տոնը նշելու էր գնում հայոց արքունիքն ու զորքը։ Քրիստոնեությունը Հայաստանում ընղունվելուց հետո նավասարդ-օգոստոս ամսին նշվող այս տոնը պաշտոնապես փոխարինվեց Սբ Կարապետ Հովհաննուն նվիրված տոնով, հեթանոսական աստվածություններին նվիրված տաճարները քանդելու հետ վերացան Բագավանի տոնահանդեսները։ Որպես նոր տարի Նավասարդը շարունակեց նշվել, բայց արդեն նոյեմբեր ամսին, այգեկութից հետո, մասնավորապես մինչև 20-րդ դարի սկիզբը նոյեմբերի 10-ին հաջորդող կիրակի օրը այն նշվում էր Արցախում, Տավուշում, Սյունիքում և այլուր։ Հաջորդ օրը տոնական խնջույքների, կալերում խմբապարերի և երիտասարդական խաղերի, ձիարշավների օրն էր։ Այդ օրն առավոտից սկսած միջոցներ էին ձեռք առնում տարվա առատությունն ու հաջողությունը ապահովելու։ Ուշադիր հետևում էին, որ սեղանը միշտ առատ լիներ, կժերի ջուրը լրիվ չվերջանար, վստահ, որ լիքը սեղանն ու լիքը ամանները առատ ու բարեբախտ տարի կապահովեն։ Վաղ առավոտյան հոգ էին տանում նաև անասունների ու հանդերի մասին, առատ կեր տալիս անասուններին, ցորեն ու գարի շաղ տալիս դաշտերում։ Նույն ակնկալությամբ տուն մտած հյուրին դատարկ ձեռքով բաց չէին թողնում, քաղցրավենիք էին լցնում գրպանները, որևէ իր (գուլպա, գլխաշոր, թաշկինակ) նվիրում մտերիմներին։ 1080 թվականին Հովհաննես Սարկավագ Իմաստասերը հայկական տոմարի համար տարեսկիզբ է ընդունել օգոստոսի 11-ը։ 1616 թվականին Ազարիա Ջուղայեցին (1707 թվականին՝ նաև Վարդան Կարթեցին) առաջարկեց հայկական օրացույցի մի տարբերակ, ըստ որի տարեսկիզբ էր ընդունվում մարտի 21-ը։ 1758 թվականին Սիմեոն Ա Երևանցին մի նոր օրացույց կազմեց, որտեղ տարվա սկիզբ էր ընդունում հունվարի 6-ը (Քրիստոսի ծննդյան օրը)։
Գրիգորյան նոր տոմարը, որ կիրառության մեջ է մտել 1582 թվականին Հռոմի Գրիգորիս Երրորդ պապի շրջաբերականով և հաջորդել է Հողյան (հին) տոմարին, Հայաստանում ընդունվել է 1920 թվականին, իսկ հայ առաքելական եկեղեցին այն պաշտոնապես ընդունել է 1923 թվականին։ Հայերը հունվարի 1-ը Նոր տարվա սկզբի տոն են ընդունել վերջին հարյուրամյակին։ Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման հայոց մեջ նույնպես Նոր տարվա տոնակատարությունը խորհրդանշում էր անցած տարվա հանրագումարը, նոր սկսվող տարվա հաջողությունների ու առատության ծիսական ապահովումը և չարիքի կանխարգելումը։ Այսպես, մարդիկ աշխատում էին վերադարձնել բարոյական ու նյութական պարտքերը, լուծել-ավարտել վիճելի հարցերը, հաշտեցնել հակամարտող կողմերին և այլն։ Նոր սկսվող տարվա հաջողությունն ապահովելուն էին միտված, օրինակ, զանազան հմայական իմաստ ունեցող խմորեղենների և մթերքի որոշ տեսակների գործածությունը, ինչպիսիք էին կլոր, մեջը ծակ՝ ցորենով ու գարիով զարղարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները։ Գյուղերում թխում էին կովի պտուկներ, արոր, գութան, քաղաքներում ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն (մկրատ, մատնոց, ուրագ, քսակ և այլն)։ Շատ տեղերում թխում էին նաև մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ ընտանիքի անդամների թվի համեմատ և ընտանի կենդանիների տեսակներից մեկական (եզան, կովի, ոչխարի և այլն)։ Թխվելու ընթացքում ուռչելը, կուտ դառնալը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար։ Որոշ վայրերում թխում էին նաև «էգ» և «չիք» կոչվող երկու հաց, որոնցից «էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրը առատանար, «չիքը» գցում էին հոսող ջուրը, որպեսզի «չարիքը» անցնող ջրի նման չքանար։ Նոր տարվա գալուստը ուղեկցվում էր «նորոգելու» գործողություններով նոր հագուստ, նոր թխած հաց, նոր բերված ջուր, նորոգված կրակարան ևն։ Նոր տարվա սկիզբը համարվում էր դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի կեսգիշերը և այդ ակնթարթին վերագրվում էր երկնային մեծ զորություն։ Կեսգիշերին սկսվում էին ընտանիքի անդամների փոխադարձ շնորհավորանքները։ Այդ ակնթարթի երկնային զորությունը լիարժեք օգտագործելու նպատակով ջանում էին այդ պահին օրհնած ջուր բերել տուն։ Նոր տարին շնորհավորում էին հոսող ջրի մեջ հատուկ թխված հացիկներ, ցորեն-գարու հատիկներ գցելով և երգելով.

Քեզի կուտամ ցորեն, գարի,
Դուն ալ ինձի տուր բարի,
Շնորհավոր Նոր տարի։

Միաժամանակ այդ ջրի մեջ թրջում էին ծիսական խմորեղեն, որից ուտում էին իրենք, և մի խուրձ խոտ, որով կերակրում էին տան թռչուններին ու կենդանիներին։

Սուրբ Ծնունդ, Ջրօրհնեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվա խորհրդանշական երևույթներից էին բազմապիսի գուշակությունները (եղանակով, կենդանիների վարքագծով, այցելուների արտաբերած խոսքերով, մոմի կամ լամպի լույսի տակ պատին գծագրվող ստվերներով և այլն)։ Տոնի կարևորագույն «Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի», «Կլոճ» և այլ անուններով հայտնի ծիսական հացը գուշակության գլխավոր միջոցն էր։ «Տարի հացը» կարող էր լինել գաթա, բաղարջ, կլոր, ձվաձև և այլն, գլխավորն այն էր, որ նրա մեջ թխվելուց առաջ որևէ նշան էր դրվում կորիզ, լոբի, դրամ...: «Տարի հացը» կտրում էին կեսգիշերին կամ արշալույսին, տան անդամների թվի համեմատ, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին, հանդին... Ում բաժնի միջից դուրս գար նշանը, այդ տարի նրան երջանկություն էր սպասվում կամ ընտանիքի հաջողությունը նրանից պիտի գար։ Բարին ապահովող ծեսերից և գուշակություններից զատ խիստ ընդհանրացած էին չարխափան միջոցները, ինչպես ալյուրով կամ մեղրով խաչեր գծել տան պատերին, գոմի դռանը, պայտ խփել դռան շեմին և այլն։ Նոր տարվա տոնահանդեսի համահայկական սովորություններից առանձնանում է նախորդ օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների խմբերի շրջայցերով տոնը շնորհավորելու ավանդույթը։ Այս խմբերը երգելով շրջում էին տնետուն կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով՝ իրենք ծպտված մնում տանիքում։ Տանտիկինները կախված տոպրակի մեջ դնում էին մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն։ Երգերում ավետվում էին հին տարվա ավարտը, Նոր տարվա գալուստը, հնչում բարեմաղթություններ։ Չնայած բովանդակային մեծ ընդհանրությանը այդ երգերը բավական տարբերվում էին միմյանցից։ Նախ, դրանք կատարվում էին տեղական բարբառներով, երգերում հիշատակվող ուտելիքների թվարկումից, ըստ էության, կարելի է պատկերացնել տվյալ վայրի Նոր տարվա անհրաժեշտ մթերքների առարկայական ցանկը, ապահով, բարեկեցիկ կյանքի վերաբերյալ տեղական պատկերացումները և այլն

Ասօր Կախ է, վաղն է Կաղանդ,
Կախանն յո՞ր է, վաղն է Կաղանդ,
Շարոց, բաստեղ, չիր ու հեվեք,
Գոգնոց բացեք, գոգով տվեք,
Տուն ու երդիք լիք են շարքով,
Բարով Կաղանդ, բարկ արևով,
ճոլոտ մամուն՝ ճըմուռ, քաղցու,
Ջոջիկ պապան բաղարջ, բլիթ,
ճիժ-պիժերուս՝ շարան-շարան,
Շարոց, բաստեղ, անոյշ կաբա,
Ափով բաժնենք, ծափով ուտենք...

Նոր տարվա նախընթաց երեկոյի ընթրիքը կատարվում էր կեսգիշերին, ընտանիքի բոլոր անդամների պարտադիր ներկայությամբ։ Ընթրիքը բաղկացած էր լինում գլխավորապես անուշեղենից, խմորեղենից, մրգերից թարմ ու չոր, ընդեղեններից, աղանձից և այլն։ Ուշագրավ է, որ հունվարի 1-ից սկսվում էր Ծննդյան պասը, և որպես պաս օր Նոր տարվա ուտեստեղենի շարքում իսպառ բացակայում էին կենդանական ծագում ունեցող մթերքները։

Սուրբ ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածահայտնության օրը կամ Քրիստոսի ծննդյան տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Քրիստոնեության վաղ շրջանում այս տոնը նշում էին հունվարի 6-ին Քրիստոսի մկրտության տոնի հետ միասին։ 4-րդ դարում Հռոմի եկեղեցին որոշում ընդունեց Ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին, Մկրտությունը հունվարի 6-ին։ Այս որոշումը 451 թվականին վավերացրեց Քաղկեդոնի ժողովը, որից հետո աշխարհի քրիստոնյա ժողովուրդները, հայերից բացի Ծնունդն ու Մկրտությունը նշում են առանծին-առանձին։ Հայոց եկեղեցին հավատարիմ մնաց Ծնունդը հունվարի 6-ին նշելու ավանդույթին և ցայսօր այդ օրենքը պահում է անխաթար։ Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում էր Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Ծննդյան տոնի հանդիսությունները հայ ժողովրդի կենցաղում պտտվում էին նախ և առաջ եկեղեցու ծիսակարգի շուրջ։ Բայց և այնպես դրանց միահյուսվել էին որոշ ժողովրդական սովորություններ, որոնք տոնին մասնակիորեն հաղորդում էին ազգային բնույթ։ Այսպես, հունվարի 5-ի երեկոյան տոնահանդեսը կենտրոնանում էր թաթախման երեկոյի ընթրիքի շուրջ, որին մասնակից ընտանիքի յուրաքանչյուր անդամի սպասքի առաջ վառվում էր նրա համար ժամերգությունից բերված մոմը։ Այդ երեկո սեղանի գլխավոր զարդը ձկնեղենի զանազան տեսակներից պատրաստված խորտիկներն էին՝ խաշած, տապակած, ձկով կարկանդակ, խորոված ձուկ և այլն։ Ձկնատեսակներին ուղեկցում էին առատ յուղով օծված բրնձի, ձավարի, արիշտայի խառը կամ անխառը փլավները, ալյուրից պատրաստած ու դոշաբով կամ մեղրով քաղցրացրած խաշիլը, սիսեռով ու չորացրած բանջարեղենով ապուրը։ Ընթրիքի ընթացքում տուն էին մտնում Քրիստոսի ծնունդն ավետող տղաների 3-5 հոգիանոց խմբեր, տանտերերից ստանում յուղ, ձու, ընկույզ, այլ մթերքներ։ «Ավետիս» երգերը շատ բազմազան են, երգվում են տեղական բարբառով։ Գրանցում փառաբանվում են Փրկչի առաքինությունները, հրաշագործությունները, ապա բարեմաղթություններ ընտանիքին և նրա անդամներին։ «Ավետիս» երգերի ընդհանուր բարեմաղթությունների թեման հնչում է մոտավորապես այսպես.

Թող ձեր սեղանն բոլորի, ավետիս,
Կթխանի մեջ գինով ի լի, ավետիս,
Ձեր բարեկամքն ուրախանան, ավետիս,
Չարակամքն ի դառս պատռին, ավետիս։

Ջրօրհնեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի մկրտությունը

Հունվարի 6-ին պատարագից հետո կատարվում էր Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը, որ հայտնի է «Խաչը ջուրը գցել» կամ «Ջրօրհնեք» անուններով։ Հասարակության աչքի առաջ քահանան խաչը ջուրն էր գցում և մեռոն կաթեցնում ջրի մեջ։ Հավաքվածներն անմիջապես օրհնված ջրի մեջ թաթախում էին իրենց ձեռքերը, քսում հիվանդ մասերին համոզված, որ օրհնված ջուրը կլավացնի իրենց։ Այդ ջրից թասերով, սափորներով տուն էին տանում, կաթեցնում յուղ ու պանրի կարասները, ամբարի մեջ՝ մթերքների առատությունն ապահովելու հույսով։ Այդ ջրից պահում էին նաև մինչև հաջորդ տարվա տոնը և գործածում անհրաժեշտության դեպքում մաքրում ապականված ամանեղենը, խմեցնում հիվանդներին, խառնում Տեառնընդառաջի մոխրին և գործածում կարկտի դեմ և այլն։

Ջրօրհնեքի արարողություն


Ջրօրհնեքի տոնական ժողովրդական ծիսաշարն, անշուշտ, առնչվում է վաղնջական ժամանակներից հայոց մեջ հայտնի ջրի պաշտամունքի գաղափարին, որի դրսևորումներն առտնին ու տոնական կենցաղում ձգվում էին ողջ տարվա ընթացքում և միտում ունեին մարդկանց հաղորդակցել ջրի մաքրագործող ու կենարար զորությանը։

Սուրբ Սարգիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սարգիս(տոնացույցում «Առաջավորաց պահք»), այս տոնը մեծ ժողովրդականություն ուներ հայերի մեջ հատկապես երիտասարդության շրջանում։ Այն նշելու հաստատուն օր չուներ, քանի որ ժամանակային կապի մեջ էր Մեծ պասի և Զատիկի օրերի տեղափոխությունների հետ Սբ Սարգսի տոնով սկսվում է Բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ պասի 49–օրյա զսպվածության շրջանը ավարտվում է Զատիկով։ Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժականություն ունեցող Զատիկի հետ, Սբ Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր ուղիղ 63 օր։
Ինչպես և անունից է հետևում, այն նվիրված է ժողովրդի շատ սիրած Սբ Սարգսին, որի անվան և պաշտամունքի շուրջ հայոց մեջ բազմաթիվ ավանդազրույցներ են պահպանվել։ Տոնը նշվում էր գլխավորապես ընտանեկան նեղ շրջանակով, և սկսվում էր, փաստորեն, երկուշաբթի օրը պասով։ Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքներից զատ չէին ուտում նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ։
Սբ Սարգսի պասի օրերին արգելվում էին ոչ միայն ուտելիքներ, այլև աշխատանքի որոշ տեսակներ, մարմնի խնամք։ Այսպես, այդ օրերին արգելվում էր լվացք անել, ճախարակ մանել, գործ ունենալ բրդի, մազի հետ, գլուխ լվանալ, օճառ գործածել։ Ժողովրդական պատկերացումներով այդ ամենը բացատրվում էր նրանով, որ Սբ Սարգիսը այդ օրերին շրջում է սարերում և հիշյալ արգելքները խախտելու դեպքում նա կենթարկվի զանազան վտանգների։ Պասը բացում էին ուրբաթ երեկոյան մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով շաղախած փոխինձով։ Երիտասարդներն աղի բլիթ էին ուտում քնելուց առաջ գիշերվա երազում իրենց ապագա հարսնացոփն կամ փեսացուին տեսնելու հույսով, տանտիրուհիներն էլ սկուտեղի վրա հարթեցրած փոխինձ էին դնում պատուհանի գոգին։ Վստահ էին, որ այդ գիշեր Սբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի մարդկանց տները և որպես իր այցելության նշան ձիու պայտի հետքը թողնի փոխինձի վրա։ Սբ Սարգսի անարգել մուտքն ապահովելու համար շատերն այդ գիշեր տան դուռը բաց էին թողնում։
Առավոտյան գուշակությունները շարունակվում էին։ Սբ Սարգիսը համարվում էր սիրահարներին օժանդակող, և ողջ երիտասարդությունը սիրով ու հավատով հետևում էր նրա տոնի անհրաժեշտ արգելքներին ու ծեսերին։

Տյառնըդառաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տոնը ժողովրդի մեջ հայտնի է Տերընդեզ, Տըրընդեզ, Տերինտազ, Տերընաաս, Դառդառանջ, Տանտառեջ, Դոռոնջ, Դոնտառունչ, Տոռոնչ-Տոռոնչ, Տենդառաջ, Դրնդեզ անուններով։ Տոնի պաշտոնական Տեառնընդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի կենսագրության այն իրողությամբ, ըստ որի, երբ Փրկչի ծնողները նրա ծննդյան 40-րդ օրը նրան տաճար տարան, այստեղ ընդառաջ եկավ Տիրոջ գալստյանն սպասող և խոր ծերության հասած Սիմոն ծերունին, որտեղից էլ առաջացավ Տեառնընղառաջ Տիրոջն ընդառաջ անունը։ Տոնական հանդիսությունները, սակայն, ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են կրակի մաքրագործող զորության հանդեպ վաղնջական պատկերացումների հետ։
Նշվում է փետրվարի 14-ին։ Տոնակատարությունը հիմնականում ուղեկցվում էր խարույկներ վառելով և նրա շուրջ ծիսակատարումներով։ Խարույկի համար անհրաժեշտ փայտը (անտառազուրկ վայրերում՝ ծղոտը) կուտակելը նշանված կամ նորապսակ երիտասարդների պարտքն էր։ Ամենամեծ խարույկը համայնքի ընդհանուր բարեկեցությունը ապահովելու և տարվա առատ բերքի հնարավոր ուղղությունը գուշակելա նպատակն ուներ։ Ենթադրվում էր, որ այդ խարույկի ծուխը ուղղվում էր դեպի բերքառատություն խոստացող դաշտերը։ Առհասարակ տարածված էր այն պատկերացումը, որ «Տերընդեզի կրակն իր հետ բերում է օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն», ինչ վկայվում է նաև խարույկի շուրջ երգվող երգերով։

Տերընդեզ՝ դարմանը ու կես,
Առ հաց ու կես, ելիր գեդես,
Տերընդեզ, մխի (ծխի) դին (կողմը) տես,
Մէ փութ ցանես՝ հարյուր քաղես։

Համայնքային խնդիրներից հետո գալիս էր ընտանեկան և անձնական հարցերը լուծելու ժամանակը։ Խարույկներ էին վառվում բակերում, հատկապես նորապսակներ ունեցող ընտանիքների բակերում։ Խարույկի շուրջ մի-մի հավ գրկած կանգնում էին երեխաները, որպեսզի կրակի ուժով զորացած հավերը մեծ պասի ընթացքում շատ ձու ածեն։ Խարույկի շուրջ պտտվում էին նորապսակները, իսկ երիտասարդները, ամուլ և նոր ծննդաբերած կանայք, թռչում էին կրակի վրայով։ Ենթադրվում էր, որ կրակը կպտղավորի ամուլներին, իսկ մյուսներին կազատի հնարավոր չարիքներից, մասնավորապես օձի, կարիճի խայթոցից, կայծակնահարության հնարավորությունից։ Այդ խարույկի կրակով նորոգում էին օջախը, կրակից մնացած փայտիկները գցում գոմն ու հակաբանը, մոխիրը հավաքում և գործածում հիվանդությունների դեմ, ապականված ամանեղեն մաքրելու նպատակով և այլն։ Տոնահանդեսի շարունակությունն էին կազմում մարող խարույկների շուրջ կատարվող խմբապաիերն ու տոնական ընթրիքը։

Բարեկենդան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկենդանը մեր ժողովրդի սիրված և սպասվող տոներից մեկն էր։ Այն ընկալվում էր որպես ամենաազգային և երջանկաբեր տոն։ Բարեկենդանի օրերը ժողովրդի երգերում համարվում էին «Հայոց ազգի օրեր» և տևում էին երկու շաբաթ, անմիջականորեն հաջորդելով Սբ Սարգսին և ավարտվելով Մեծ պասով։ Այդ օրերը հագեցած էին լինում ուրախությամբ, պարերով, խաղերով, կերուխումերով, զվարճահանդեսներով, թատերախաղերով, փոխայցելություններով, հրապարակային խնջույքներով և այլն։ Տոնական այդ մթնոլորտում հասարակական, ընտանեկան, տարիքային փոխհարաբերությունների ընդունված նորմերը գլխիվայր էին շուռ գալիս և ամենուր տիրում էր մարդկանց պահվածքի ազատություն։
Ի հակադրություն առօրյա կենցաղում գործածվող անպաճույճ, բուսական պարզ ուտեստեղենի, Բարեկենդանի երկշաբաթյա շրջանում հիմնականում օգտագործվում էին մսեղեն, յուղ, կաթնամթերք, տեսակ-տեսակ խմորեղեն։ Տոնական խնջույքները գերազանցապես ուղեկցվում էին ժողովրդի լայն զանգվածների մասնակցությամբ։
Սեղանները, չնայած ձմռան ցրտերին, բացվում էին բացօթյա, կալերում, խնջույքները տևում էին ժամեր շարունակ և դրանց մասնակիցների կազմը օրվա մեջ մի քանի անգամ փոխվում էր։
Տոնի մյուս առանձնահատկությունը հարսանիքների առատությունն էր, որոնք նոր թափ էին հաղորդում հորդուն ուրախությանը։ Ուրախ պարերը, որ Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին, հարսանիքներին ի մի էին հավաքում բոլոր երիտասարդներին։ Բայց միայն երիտասարդները չէ, որ մասնակցում էին պարերին։ Բարեկենդանի պարերն իրենց շրջապտույտի մեջ էին առնում կանանց ու տղամարդկանց, երեխաներից մինչև զառամյալ ծերերը։ Պարերը սկսվում էին հենց առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով։ Պարում էին թե զուռնա-դհոլի և թե խմբերգերի նվագակցությամբ, իսկ տոնի վերջին շաբաթ-կիրակի օրերը գյուղի ամբողջ թաղեր շղթայվում էին կլոր խմբապարերով։ Վերջին օրը նշանավորվում էր զառամյալ ծերունիների խմբապարերով։ Ծերունիները մի հսկա շղթա կազմած շրջում էին ողջ գյուղում՝ յուրաքանչյուր տան առաջ գինի խմելով, իսկ 80-90 տարեկան պառավների յուրօրինակ պարն ուղեկցվում էր բնորոշ պարերգով.

Մտանք ի Բարեկենդան,
Կերթանք ի Զատիկ,
Իճապ մեկզմեկէ ինտո՞ր տի զատինք,
Եկեք պար մի բռնենք, ոսկեկ մի կաժէ
Ոսկեկ մաման նստեր, չորթանը կոշտ է։
Եկեք բռնենք յոթը շաբաթ մեծ պահքը.
Զատիկ ելլանք, ուտեն խմեն տղաքը,
Հագնին կապեն հոռոմներուն կտտաքը։
Ըհը եկավ Հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը,
Բարկեննան օրերը,
Զատկուն կիրակին,
Եկանք ի Բարկենդան, կերթանք ի Զատիկ,
Տնավեր բարեկենդանք, վրան բաց Զատիկ,
Մենք ալ մեր յարերեն ինտո՞ր տի զատինք։

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, խաղերն Ու թատերական ներկայացումներն էին։ Խաղերը, որոնց մասնակցում էին մանկահասակ երեխաներից մինչև զառամյալները, կին թե տղամարդ, տեղի էին ունենում ինչպես տներում ու բակերում, այնպես էլ հրապարակներում, կալերում, հանդիսատեսների ներկայությամբ, որոնց և խաղացողների միջև ծաղրակատակների զվարճալի մրցույթ էր ընթանում։ Այսպես էր Բարեկենդանը, կլոր տարին հասարակական ու ընտանեկան նորմերին անմռունչ ենթարկվողներն անգամ այդ օրերին դառնում էին ինչ-որ չափով ազատ ու ինքնագլուխ։ Տղաներն այցելում էին աղջիկների հավաքատեղիները, աշակերտները ծաղրակատակներով տարվա ընթացքում կուտակված իրենց դժգոհությունն էին արտահայտում ուսուցիչներին, որդիները հայրերին և այլն, այդ ամենն արդարացնելով Բարեկենդանի ամենաթողության իրավունքով.

Բարեկենդան, փորեկենդան.
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորել է։


Մարդկանց շրջապատի նկատմամբ պահվածքի լրիվ այլ դրսևորումներն ունեին թատերականացված ներկայացումները, տարբեր հագուստներով ծպտված կամավոր ծաղրածուների դերակատարումները։ Դրանց գլխավոր թեման իշխանությունն իրականացնողների ծաղրն էր, հաճախ այնքան թափանցիկ, որ ծաղրի ենթարկվողներն ի–րենք իրենց ճանաչում էին։ Սակայն Բարեկենդանին սրբագործված էր թե ծաղրը, թե՜ հանդգնությունը։ Բարեկենդանի վերջին օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը...
Ջանում են ուտել-վերջացնել բոլոր մսեղեն-յուղեղեն-կաթնեղեն կերակրատեսակները։ Հաջորդ օրն արդեն պաս է՝ Մեծ պասի առաջին օրը, և քառասունինն երկար ու ձիգ օրեր ոչ միայն ուտելիքի, այլև մարդկանց պահվածքի խստության շրջանն է սկսվում։

Մեծ պաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբի
Ոսպ


Բարեկենդանի անհոգ ուրախությանը, զվարճախաղերին, անհագուրդ խրախճանքներին, կենցաղային թեթևամտությանը, հասարակական սովորույթների ավանդական կարգի խախտումներին փոխարինելու էր գալիս տարեկան պասերից ամենաերկարատևը՝ Մեծ պասը։ Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։ Մեծ պասի հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, հասարակության մեջ ներդաշնակ բարեկամական հարաբերությունները վերականգնելու օր։ Միջնորդները գործի էին անցնում, հանդիպեցնում նույնիսկ թշնամիներին։ Ոչ ոք չէր կարող խուսափել այդ սովորույթից, այլապես կզրկվեր Մեծ պասի ավարտին հաղորդվելու իրավունքից։ Նույն օրը հոգևոր մաքրությանը ուղեկցում էր առարկայական մաքրության սովորույթը։ Բարեկենդանը վերջացել է, և Մեծ պասի հենց առաջին օրը ջանում էին վերացնել բարեկենդանյան զեխության հետքերը լվանալ բոլոր ամանեղենը, լվացք անել, լողանալ, մաքրել տան ու բակի բոլոր անկյունները և այդպես մաքուր դիմավորել ինքնազսպման շրջանը։ Պաս էր և արգելքի տակ էին կենդանական ծագում ունեցող բոլոր ուտելիքները, դրանց փոխարինելու էին գալիս բանջարեղենը, ձեթը։ Մեծ պասի քառասունինն օրերին պիտի ուտեին լոբուց, ոսպ ու սիսեռից, կարտոֆիլից ու գետնախնձորից, սոխ ու սխտորից, ձավարեղենից, զանազան չորացրած ու թթու դրած կանաչեղենից պատրաստվող փլավներ, ապուրներ, տապակած կերակրատեսակներ, և հատկապես՝ հռչակավոր մախոխ-ապուրը։
Մախոխը տարբեր տեղերում տարբեր կերպ էին պատրաստում, բայց այն Մեծ պասի ուղեկիցը, խորհրդանշական ճաշատեսակն էր ամեն տեղ։ Շատ վայրերում կորկոտը լավ եռացնելուց հետո սառեցնում էին, շաղախում թթխմորով և լցնում կարասը, թողնելով, որ այն խմորվելով թթվի։ Ոմանք էլ թթխմորով շաղախելուց հետո գնդեր էին շինում ու չորացնում, և անհրաժեշտության դեպքում ջրով բացում էին այդ գնդերը։ Համարյա ամենուր այս ծիսական ճաշատեսակին ուղեկցում էին որոշակի ծեսեր։ Օրինակ, շատերը հետևում էին, որ պասի ընթացքում մախոխը ուտելու և հատկապես պատրաստելու թիվը զույգ չլինի, այլ անպայման՝ կենտ։ Ուրիշները մախոխը պատրաստելուց և կարասը լցնելուց հետո կանչում էին երեխաներին, որ նրանք կարասի մոտ մի քանի անգամ էշի նման խռանչեն, որպեսզի, իբր, մախոխը շուտ թթվի։ Իսկ կարնոհայերը հատուկ մախոխապուրի պար ունեին, որ պարում էին միայն Մեծ պասի առաջին օրը։ Մախոխապուրի պարը պարել են բացառապես տղամարդիկ, ընդորում՝ համայնքի, գյուղի բոլոր տղամարդիկ, հիմնականում չափահասներից մինչև ծերերը, պարել են մախոխապուրին նվիրված երգը երգելով, առանց նվագի։ Մախոխապուրի պարերգով գովերգել են Մեծ պասը, նրա հիմնական ճաշատեսակը մախոխը։ Պարը կատարել են խումբ-խամբ, կլոր-փակ շրջանով։ Յուրաքանչյուր խումբը կատարել է յոթ պտույտ և հեռացել պարատեղից տեղը զիջելով հաջորդ խմբին։ Ինչպես իրենք կարնոհայերն էին ասում, «կանանց օրենք չէր, որ պարեին, ամոթ էր, սուրբ օր էր։ Պարել են խաղ ասելով (երգելով), այդ օր տիգ, չալղի երաժշտական գործիքներ ածելու իրավունք չկար»։

Բարօվ էգար, թթու մախոխ,
Ինչ լուր բերիր հայրենիքես։
Մէնձ Պասն էկավ, կայնավ թաթին (ոտքի ծայրին)
Աշկըս մնաց հալվա կաթին։
ՄԷնձ Պասն էկավ ղուռմիշ էղավ (նստեց, փռվեց),
Փորիս փարգալ պօզմիշ էղավ (աղիքները պահոդ թաղանթը փչացավ)
Պառվըները, պառվըները,
Ջուրը լըցվավ առվըները։
Ախչըգները ծալած բոխչա,
Հարսները բաղ ու բախչա,
Թըստան, հօդաձ պառվըները
Գէնա լավ էն պառվըները։

Այդքան կարևոր «մախոխը» սակայն, Մեծ պասի ընթացքում այնքան էին ուտում, որ պասը վերջանալիս արդեն երազում էին հրաժեշտ տալ ուտելիքին.

Ծառզարդարը մոտեցավ,
Մախոխ ապուրն հոտեցավ,
Էլ մի ուտէ ծիթով խավիծ,
Թէ չէ փորդ շատ կցավի։

Մեծ պասի առաջին օրվա կարևորագույն, գլխավոր գործը Պասը խորհդանշող «Ակլատիզը» կախելն էր։ Հայտնի են Ակլատիզի ինչպես անվան, այնպես էլ առարկայական տարբերակներ։ Ախլոճ, Ախացել, Ախելած, Գոգոռոզ, Խուխուլիճ-Խուլուճիկ, Մոռմոռոզ–Մռմռաս, Մեծ պաս, Պապի պլոր, Որոջբեկ, Ֆռիկ և այլ անուններով։ Այն վրան յոթը փետուր խրած սոխի (կարտոֆիլի, գետնախնձորի...) գլուխ էր, որ թելով կախում էին առաստաղից։ Կարնոհայերի մեջ այն իսկական տիկնիկի տեսք ուներ տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, պարզած թևերով, միոտնանի, որից կախվում էր յոթը փետուրներով սոխի գլուխը։ Ակլատիզի յոթ փետուրները օրացույցի դեր էին կատարում յոթ շաբաթ ունեցող պասի համար, ամեն շաբաթվա վերջում դրանցից մեկը հանվում էր։ Նախավերջին վեցերորդ փետուրը հանելիս երկար պասից հոգնած ու նեղված «քարքաշելուց էլ ծանր» վերջին շաբաթն ի նկատի ունենալով, ասում էին.

Հետին շաբաթ քարքաշան,
ճժեր հալան ու մաշան...

Այդ օրը համապատասխանում էր Ծաղկազարդին, որ գարնան ավետաբեր էր։ Վանում այդ օրն ընտանիքի ամարի անդամը գնում էր ձյունից դեռ չմաքրված ցորենի կանաչող արտը ավետելու գարնան գալուստը հետևյալ խոսքերով. «Աշխարհին լույս տալու եկողը թող քեզ էլ լիություն տա»։
Մոտենում էր Հարության, կյանքի, բնության հավերժական զարթոնքի տոնը Զատիկը։

Ծաղկազարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռենու ճյուղեր

Ծառզարդար, Զըռըզարդար, Ծառկոտրունք, Մեծ պասի 6-րդ կամ Զատիկին նախորդող կիրակի օրն է։ Քրիստոնյա այլ ժողովուրդների նման հայերը նույնպես այդ օրը նոր բողբոջած ուռենու ճյուղերով զարդարում են եկեղեցիները և իրենց բնակարանները։ Դրանում նրանք տեսնում են մեծ կենսական ուժ և կյանքի շարունակություն։ Այդ բողբոջները օգտագործում են բազմաթիվ ձևերով։ Այսպես, գիշերը եկեղեցում օրհնված ուռենու ճյուղերը, որոնք «օժտված» էին առատացնող զորությամբ և չարխափան էին, տուն էին տանում, գցում բոլոր մթերքների կարասները, ամբարը, դրանցով թեթևակի խփում անասուններին, միմյանց, հատկապես հիվանդներին, իսկ փոթորկի ժամանակ, խաչաձև դնում էին կրակին վստահ, որ փոթորիկը կավարտվի անմիջապես։ Այդ օրվա համար տանտիկինները մեծ քանակությամբ աղանձ էին պատրաստում, քանի որ կյանքի անընդհատության խորհրդանիշ աղանձը գարնան ավետաբեր ծառզարդի առաջնային ուտելիքն էր։ Աղանձ ու ձու էին տալիս նաև այդ կիրակի ուռենու ճյուղեր նվիրաբերելու համար տվյալ տուն այցելած երեխաների խմբերին, որոնք շրջում էին զանազան ճռռացող ինքնաշեն խաղալիքներով, կարկաչաներով, աղմուկով բակերը մտնում և Երգելով շնորհավորում տոնը.

Ծառզարդար, ծառին զարգար,
Խունգ առեք, խունգ ծխեցեք,
Սև հավեն հավկիթ գուզեմ,
Կարմիր կռվեն եղ գազեմ,
Վեվ օր տա՝ շեն մնա,
Վեվ օր չտա՝ չոր չորնա։

Քահանան օրհնում է ճյուղերը

Մեծ պասի երկար ու ձիգ վեց շաբաթների ընթացքում առաջին անգամ նշանախոսություններ էին լինում ծառզարդարին, իսկ հասարակական ու ընտանեկան խստակենցաղությունը մասնակիորեն իր տեղը զիջում էր կատակային-ուրախ տրամադրությանը։ Այդ օրը եկեղեցում ծիսակատարությունը ուղեկցվում էր եկեղեցում հավաքված մարդկանց կատակներով, երեխաների ինքնաշեն կարկաչաների ճռռոցներով։
Ավագ շաբաթ Մեծ պասի վերջին շաբաթը, որի յուրաքանչյուր օրը հագեցած էր Զատիկին սպասող տոնականությամբ և ինքնուրույն բովանդակությամբ, արտահայտվում էր արարողությունների պարտադիր կարգով։ Երեխաներն անգամ գիտեին, որ Մեծ պասի Ավագ շաբաթվա օրերն են.
Քոռ երկուշաբթին, Պաս երեքշաբթին, Չիք չորեքշաբթին, Հութի ուրբաթ օր, Ցատկի շաբաթ օր՝ Սուրբ հաղորդման օր, Քյուֆթի կիրակի:
Երկուշաբթին ջրաղացպանների օրն էր, քանզի այդ օրը բոլորը պիտի ցորեն տանեին աղալու։ Երեքշաբթին «հիմար–իմաստունի» վիճակը քաշելու օրն էր, և մարդիկ շտապում էին եկեղեցի իրենց որևէ մտադրությունը նույնպես գուշակելու։ Տասը թղթակտորներից հինգի վրա գրվում էր «իմաստուն», հինգի վրա «հիմար» բառերը, և տասը երեխա վերցնում էին մեկական թուղթ։ Մտքում որևէ իղձ պահած մարդիկ նախապես ընտրում էին երեխաներից որևէ մեկին։ Սրան «իմաստուն» վիճակն ընկնելու դեպքում իղձի կատարում էր գուշակում, «հիմարի» դեպքում՝ տապալում։ Սակայն կարևորագույն իրադարձությունները սկսվում էին չորեքշաբթի օրվանից, որ ամենուր «չիք» էր կոչվում չքվել բառից։ Կրակի վրա շարունակ ջուր էր եռում ամանները լվանալու, լվացք անելու, տան բոլոր անկյունները սրբել-մաքրելու, բոլոր տնեցիների լողանալու համար։ Տղամարդիկ մաքրում էին ձմեռվա ընթացքում գոմում կուտակված կեղտը, ամեն կեղտ, ամեն չար բան այդ օրը պիտի չքվի-վերանա։ Շատերը գնում էին սրբատեղերը ուխտի, որպեսզի այնտեղ թողնեն իրենց տանջող ցավերը, «չքեն» չիք-չորեքշաբթու հետ։ Կարնոհայերը կեսգիշերին «ցավիս վերջ» էին ասում և մինչև մյուս օրվա ժամերգությունը լուռ մնում, վստահ, որ չիք-չորեքշաբթին իր հետ ցավերը կտանի։ Իսկ Զանգեզուրում այդ օրն էին աղում-չքում վնասատուներին։
Երկու քար միմյանց քսելով ասում էին.

Չիք. չիք, մոկնը չիք,
Չիք. չիք, լան չիք,
Չիք. չիք, կարիճը չիք,
Չիք, չիք, չիք, Չիթ. չիք. չարակամը չիք...

Վատը, չարը «չքացնող» չորեքշաբթուն հաջորդում էր արդար, առատ, մաքուր հինգշաբթին։ Տղամարդկանց առաջին գործն էր բերք չտվող ծառերին «սպառնալ»՝ իբր պատրաստվում են դրանք կտրել, մինչև որևէ մեկը ծառի փոխարեն չխոստանար, թե այսուհետև բերք կտա։ Շատերը ծառեր էին տնկում՝ վստահ, որ այդ օրվա տնկած ծառը խիստ բերքատու պիտի լինի։ Իսկ կանայք Մեծ պասի ընթացքում հավաքված մածունն ու հում սերը սկսում էին հարել խնոցիով։ Խնոցին հարելիս վրան նստեցնում էին մի գեր երեխայի, որ նրա քաշով կարագ լինի, տակն էլ մի խաչերկաթ էին գցում, որ սատանային փախցնեն։ Այդ նույն ժամանակ աղջիկները դուրս էին գալիս դաշտերը զանազան բանջարեղեն հավաքելու։ Հինգշաբթի օրը բոլորը պիտի նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին՝ հում կամ տապակած։ Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր։ Հավաքում էին այնքան, որ բոլորին բաժին հասներ, նաև այն ընտանիքներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դաշտ դուրս չէին եկել։ Գիշերը, ոտնալվայի ծեսին Եկեղեցում բոլորը մի-մի կտոր կարագ էին վերցնում և քսում մարմնի զանազան մասերին՝ աչքերին, ականջներին, ճակատին, ձեռքերին։ Առաջին անգամ Մեծ պասի ընթացքում տեղի էին ունենում հասարակական նորմերից շեղումներ. գիշերը եկեղեցում, պատարագի ընթացքում տղաները հանգցնում էին մոմերը և մթության մեջ, ծիծաղի ու կատակների տարափի տակ, կարում կանանց փեշերը միմյանց, համբուրում աղջիկներին...
Ավագ հինգշաբթի օրը նաև Զատկի ձվերը ներկելու օրն էր։ Ներկում էին առայժմ սահմանափակ թվով խաշած ձվեր, ընտանիքի անդամների թվին հավասար կամ յոթ հատ, դրանցով պիտի թաթախվեին, իսկ բուն Զատկի համար նախատեսվող հսկայական քանակությամբ ձվերը պիտի ներկվեին-եփվեին շաբաթ օրը։ Շատ տեղերում հավատում էին, որ Զատկին հինգշաբթի օրը ներկած ձու ուտողների ատամները չեն ցավի։ Հաջորդ, ուրբաթ օրը, ըստ եկեղեցական տոնացույցի, Քրիստոսի խաչվելու օրն է, ուստի ուրբաթը սգի օր էր և որպես այդպիսին կիրակի, այսինքն այդ օրը շատ աշխատանքներից խուսափում էին։
Մեր ժողովրդի մեջ այդ ուրբաթն ավելի հայտնի է Հուդայի ուրբաթ անունով, որ շատ բարբառներում հնչում էր որպես Հուդի-Հութի-Ութի ուրբաթ։ Եկեղեցական ծեսից զատ այդ օրը կատարվում էին նաև մի շարք ժողովրդական արարողություններ, որոնցից կարևորագույնները հետևյալներն էին.
վաղ առավոտյան բոլոր հայ դարբինները, առանց խոսելու, գնում էին դարբնոց և երեք կամ յոթ անգամ մուրճով ուժգին հարվածում զնդանին։ Վաղնջական ժամանակներից եկող այդ սովորույթը բացատրվում էր իբրև թե շղթայված Արտավազդի շղթաներն ամեն տարի ամրացնելու միտումով։ Դարբիններն ու ոսկերիչներն այդ օրը նաև մեծ քանակությամբ չարարգել նշաններ էին պատրաստում, որոնք հայտնի էին «ուրբաթարուր» անունով։ Դրանք մեծ մասամբ երկաթե փոքրիկ օղեր, մատանիներ էին, որ մայրերը գնում էին իրենց զավակներին չար աչքից զերծ պահելու համար և կարում նրանց բաճկոնակներին կամ հագցնում մատին։ Այդ օրը նաև կանայք անպայման կար պիտի անեին որպես կանոն դարձյալ «ուրբաթարուրներ», այսինքն չար աչքի դեմ երեխաների շորի վրա արվող հատուկ նախշեր ասեղնագործեին։ Տղամարդիկ նույնպես կարևոր գործ ունեին. Ութի ուրբաթին անհրաժեշտ էր թեկուզ մի քանի ակոս վար անել։
Ահա և Շաբաթ օրը, «Զատկի շաբաթ, կարմիր հակինթ, կարմիր արև, կանաչ են սար ու ձորեր»։ Բնության հետ ներդաշնակության այն հազվագյուտ օրը, երբ մարդ առանձին սրությամբ է զգում հավերժությունը։ Գարունն իր լիակատար դրսևորման մեջ է. ծառ ու ծաղիկ ծաղկել են, հանդերը կանաչել են կամ կանաչում են նորոգելով ձմռան ընթացքում քնած-մեռած կյանքը և վաղն այդ մեծ հանդիսությանը նվիրված տոն պետք է լինի, տոն հավերժ Հարության, Զատկի տոնը։

Զատիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուսի հարությունը

Հայոց բոլոր ազգագավառներում Զատիկ անունով հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սբ Հարություն տոնին և նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը, այսինքն մարտի 21-ից մինչև ապրիլի 25-ն ընկնող այն կիրակին, որը կհաջորդի առաջին լուսնի լրմանը։ Զատիկի տոնի 35–օրյա շարժականությամբ են պայմանավորված տոնացույցի մյուս շարժական տոները, ինչպես Համբարձման, Պայծառակերպության (Վարդավառ) և այլն։ Տոնի եկեղեցական անունը Հարություն, լիարժեք արտահայտում է գարնանային այս տոնի թե՜ եկեղեցական, Զատկի փնջած ձու զատկական հնայիլներով զարդարված թե Ժողովրդական բովանդակությունը։ Ըստ եկեղեցական տոնացույցի այդ օրը տոնվում է Քրիստոսի հարություն առնելու հրաշքը։ Ժողովրդական տոնահանդեսի հիմքում ընկած է այն իրողությունը, որ հայ ժողովուրդը, աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման, վաղնջական ժամանակներից գարնանային գիշերահավասարին նշել է ձմռան ցրտերին հաջորդող բնության «հարությունը». վերազարթոնքը, կյանքի շարունակելիության ու հավերժության ամենամեծ խորհուրդը։ Հետագայի տոմարական փոփոխությունները փոփոխություններ են բերել նաև տոնացույցում, սակայն բնության երևույթը նշելու ավանդականությունը գոյատևել է։ Զատիկին նախորդող Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա տոնական հանդիսությունները հարություն առնող կյանքի խորհրդանշական հավաստումն էին, իսկ բուն Զատիկն արդեն զարթոնքի ու հարության կատարված փաստի արձանագրումը։ Մեծ պասի ինքնամաքրումով մարդիկ նոր որակով, ֆիզիկապես ու բարոյապես մաքրված, նոր կյանք էին սկսում, և այդ նոր կյանքի խորհրդանշական մուտքը կատարվում էր հավերժության խորհրդանիշի ձվի ճաշակումով։

Ներկված ձվեր


Զատիկի առավոտը բոլոր մարդկանց համար սկսվում էր թաթախումով, զարթոնքի խորհրդանշական կարմիրով ներկված ձվերը այդ օրվա տոնական սեղանների և տոնը շնորհավորելու միջոցների ոչ միայն բաղկացուցիչներն էին, այլև գլխավոր և անհրաժեշտ ուտեստի տարրը, որով «պասը բացում», թաթախվում էին և որը այնուհետև, երկու շաբաթ շարունակ, պետք է ուղեկցեր բոլոր խնջույքներին։ Զատիկին ներկվող, թելերով փնջվող, ուլունքազարդ, նկարազարդվող և այլ ձևերով զարդարվող ձվերը, հիրավի ժողովրդական ստեղծագործության, անսպառ երևակայության դրսևորման լավագույն ձևերից էին։ Զարդարված ձվերը հարսնացուները նվեր էին ուղարկում փեսացուներին, ազգականները միմյանց, դրանցով զարդարում էին տոնականորեն հարդարված տները և այլն։ Միաժամանակ տոնի ընթացքում ամենասիրված խաղերը ձվերի շուրջն էին ձվակռիվները, ձու գլորելը և այլն։ Տոնը շարունակվում էր երկու շաբաթ և այդ օրերին կարմիր ձվի կճեպներով ծածկվում էին բակերն ու փողոցները։ Զատիկին էին կատարվում տարվա ամենասպասված մատաղները։ Գլխավոր մատաղը հասարակական էր, այն արվում էր համայնքի բարեկեցությունը ապահովելու նպատակով և համայնքի բոլոր անդամների մասնակցությամբ։ Գիշերը խոշոր կաթսաներում եփված մատաղն առավոտյան բաժանվում էր համայնքի բոլոր ընտանիքներին՝ տնտեսական բարեմաղթություններով։
Լոռիում, օրինակ, այդ ընթացքում երգում էին

Օրհնվի և պահպանվի Ձեր դաշտն ու սարը, այծն ու ոչխարը,
Կովն ու կթանը, չութն ու գութանը,
Վարն ու վաստակը, գլուխն ու տակը,
Հանդն ու հանդաստանը, արոտն ու այգեստանը,
Կախ ու ջաղացը, ցորենն ու հացը,
Ձին ու էշը, եզն ու գոմեշը,
Գառնարածն ու ոչխարածը,
Տվարածն ու հորթարածը...

Արվում էին նաև մեծ քանակությամբ անհատական մատաղներ։ Շատերը տարվա ընթացքում ուխտ էին անում Զատիկին մատաղ անել և այդ երկար սպասված օրը, հատկապես Մեծ պասի տևական ժուժկալությունից հետո, վեր էր ածվում տևական տոնահանդեսի առաջին օրվա, որ այնուհետև պիտի շարունակվեր երկու շաբաթ, որոնց ընթացքում այցելությունները, միմյանց «զատկափայ» ուղարկելը, զբոսախնջույքները, բացօթյա պարերը, ձիարշավները, ձվախաղերը լի ու լի փոխհատուցում էին այս տոնին նախորդած ինքնազսպման տևականությունը։

Համբարձման տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձում

Նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե տոնի անունը, թե նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբարձվում։ Այս տոնը երևույթների այն դասական շղթայում է, երբ քրիստոնեությունը ժողովրդական տոները կատարման ժամանակով հարմարեցնում էր քրիստոնեական պաշտոնական գաղափարախոսությամբ պայմանավորված արարողություններին, նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր խաղացող գարնանային վերջին տոնը, փաստորեն կատարման ժամանակով համապատասխանեցվեց քրիստոնեական տոնացույցի Քրիստոսի Համբարձման տոնին։ Տոնական հանդիսությունների բովանդակային ու կատարողական կողմերը, սակայն, մնացին հավատարիմ իրենց նախնական ձևերին Համբարձման, կամ, ժողովրդական լեզվով Վիճակի տոնահանդեսը խորհրդանշում է հասարակության և բնության կապը բնության բեղունության շրջանում, երբ մարդիկ ջանում էին իրենց հասկանալի միջոցներով նպաստել հոդի մեջ գցված հատիկի աճին և միաժամանակ հաղորդակցվել բնության այդ պահի խիստ ակնառու զորությանը։ Համբարձման չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը համարվում էր այդ զորության խտացված արտահայտության պահը՛ դա գուշակությունների, հրաշքների ու կախարդանքի գիշերն էր, մեկը մյուսից խորհրդավոր, դրական ու բացասական։ Հավատում էին, որ տարին մի անգամ, Համբարձման գիշերը, աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում էին և դարձյալ վերադառնում իրենց տեղերը։ Այդ համբույրին ականատես մարդկանց տվյալ պահին արտահայտված բոլոր խնդրանքներն իբր կատարվում էին։ Համբույրի պահին ողջ տիեզերքը մի ակնթարթ կանգ է առնում, կանգ են առնում և մի պահ շունչները պահում ծառ ու ծաղիկ, ջրերը, մարդիկ ու անասունները, որին անմիջապես հաջորդում է համընդհանուր ողջագուրանքը, համբուրվում, միմյանց ողջունում են երկինքն ու երկիրը, ծառերն ու ծաղիկները...


Անմիջապես հետո ծառերն ու ծաղիկները սկսում են խոսել, միմյանց պատմել, թե իրենք ի՞նչ ցավի դեղ են, կամ իրենց արմատի մոտ ի՞նչ կա, և իբրև թե այդ պահին կարելի է հասկանալ նրանց լեզուն։ Այդ գիշեր բազմաթիվ կանայք դուրս էին գալիս դաշտերը բուժիչ խոտեր հավաքելու։ Հատուկ բուժիչ, առատացնող զորություն էր վերագրվում այդ գիշեր նստած ցողին, որը հավաքում, ջրի հետ խառնելով լողանում էին, լվանում մազերը, իսկ բորոտները թավալվում էին ցողով օծված կանաչների վրա։ Հավաքում էին մեծ քանակությամբ ծաղիկներ և միմյանց ծաղկեփնջեր նվիրաբերում, ծաղիկների, կանաչների և այլ միջոցներով գուշակություններ էին անում իրենց ապագայի վերաբերյալ։ Համբարձման գիշերը գործունյա էին դառնում նաև չար ուժերը։ Ըստ ժողովրդական պատկերացումների նրանք կարող էին հարս ու աղջիկ փախցնել, կովերի կաթը ցամաքեցնել և այլն, ուստի մարդիկ դիմում էին նաև չարխափան միջոցների։
Վանում, օրինակ, կանայք ավել էին հեծնում և յոթ անգամ տան շուրջը պտտվում տունը չարքերից պաշտպանելու համար, շատերն անասունները գոմից հանում և ողջ ընտանիքով անասունների հետ միասին բացօթյա էին անցկացնում վստահ, որ չարքերը բաց տարածությունում անուժ են դառնում։ Առավոտը բոլոր ընտանիքներում սկսվում էր կաթնապուր եփելով։ Որոշ տեղերում կաթնապուրը եփում էին խմբովի, թաղերով կամ հարևաններով, և մի քանի շերեփ շաղ տալիս արտերի շուրջը, նախ հնձի առատությունն ապահովելու նպատակով, ապա արտը մորեխից ու կարկտից պաշտպանելու համար։ Բոլոր դեպքերում այդ օրվա կաթնապուրը մատաղ էր, այն բաժանվում էր առնվազն յոթը տեղ։

Կաթնապուր

Շատ ընտանիքներում Զատիկից մինչև Համբարձում կաթնապուր չէին եփում և Համբարձմանն առաջին անգամ եփվող կաթնապուրն ուտվում էր հատուկ հանդիսավորությամբ։ Հատկանշական է, որ այս տոնին կենդանի չէին զոհաբերում, առհասարակ կենդանի չէին մորթում, կարծես բնության բեղունության շրջանն անխաթար պահելու մտահոգությամբ։ Սկսվում էր Համբարձման հինգշաբթին, մարդկանց ու անասուններին ծաղիկներով զարդարելու, տնետուն շրջելով ծաղկեփնջեր նվիրաբերելու, ծաղիկը երգելով գովելու և բախտագուշակ վիճակահանության օրը։ Ցող ու ծաղիկ լցված և կենտրոնում բազմած «Արուս» կոչվող տիկնիկով փարչերի շուրջ խմբված աղջիկների բախտագուշակ քառատող Երգերից հետո փարչից հանվող նշանները, ըստ երգի բովանդակության, նշանի տիրոջը երջանկություն էր ավետում կամ դժբախտություն կանխագուշակում։
Երջանկավետ քառատող էր, օրինակ.

Էս գիշեր, լուսնակ գիշեր,
Ձինն եկել, գետին նախշել,
Դոշդ դեմ արա պաչեմ,
Կեո ունքեր, կարմիր թշեր,
Ջան վիճակ, ջան, ջան,
Ջան ծաղիկ, ջան, ջան։


Դժբախտություն գուշակող քառատողի օրինակ.

Առակ ելար մեջ գեղին,
Սիրտդ ընկավ օձու լեղին,
Քո հորն ու մորը ի՞նչ ասեմ,
Որ քեզ տվին տախ (տհաս) տղին,
Ջան վիճակ, ջան, ջան,
Ջան ծաղիկ, ջան, ջան։


Վիճակահանությունն ավարտվում էր փարչում մնացած ջուրն արտերում ու խոտհարքներում շաղ տալով։ Երիտասարդների համար տարվա այդ ամենաուրախ և հաճելի օրերից մեկը վերջանում էր դաշտերում ու այգիներում կազմակերպված զբոսախնջույքներով ու խմբապարերով, որոնց ուղեկցող երգերում շարունակում էր հնչել տնտեսական առատության թեման.

Յոթը կտրիճ տղեկներ,
Չնարի պոյ ունեցող,
Առնենք էլլանք սարերը,
Պարենք մեկտեղ գոտիման,
Սարեր, ձորեր թող խնտան,
Սեր ճաներեն թամպուրա,
Ու շենցնենք մեր տներ.
Վարենք, ցանենք մեր լարեր (արտեր),
Որ տան մեզի շատ բերքեր...

Վարդավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդավառը Երևանում

Ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի։ Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։ Այստեղից տոնի անունը «Պայծառակերպության» կամ «Այլակերպության» տոն։


Հիրավի, վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները (քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցի) շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին, տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարելով տոնի սկիզբը։ Այլ վայրերում մինչև Վարդավառ նշանված աղջիկները մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին կանաչեցնում, որի մեջ տոնի օրը վարունգներով, վարդերով ու խնձորներով զարդարված խաչաձև փայտ էին տնկում։ Կեսօրին այդ ամենը դուրս էր բերվում հրապարակ։ «Խնդում» կոչվող այդ զարդարված խաչերի շուրջ կանգնում էր մի պառավ կին՝ «հսկելու» այն, իսկ շուրջը հավաքված հանդիսականները պարում էին զուռնայի նվագի տակ։ Որոշ ժամանակ անց պառավը «Խնդումը» դնում էր գլխին և ինքն սկսում պարել։ Մյուս պարողներն անցնում էին հանդիսականների շարքը։

Պառավը պարում էր երգելով.
Խնդում օնիճ վարթավ լի,
Զըրդըփըչած խնձուր լի,
Վախին թա քունըս տանի.
Խնդումս յադին տանի՜:


Այդ պահին տղամարդիկ հարձակվում էին պառավի ու «Խնդումի» վրա և նրանցից մեկը գավազանով ցած էր գլորում «Խնդումը», որի վրայի վարունգները, մրգերն ու ծաղիկները խլխլում էին միմյանցից։ Պարտված պառավն անեծքներով հալածում էր հարձակվողներին, իսկ վերջիններս նոր պարաշրջան էին կազմում՝ իրենց մեջ առնելով նաև աստիճանաբար հանդարտվող պառավին։ Վարդավառի ամենաուրախ հանդեսները տեղի էին ունենում սարերում, ջրերի ակունքների մոտ, ուր հավաքվում էին լարախաղացներ, զուռնաչիներ, կազմակերպվում տոնավաճառներ, զոհաբերություններ, զբոսախնջույքներ։ Միաժամանակ բոլորն ընդգրկվում էին խաղերի մեջ, մասնավորապես ընդունված էին ձիարշավները, գոտեմարտերը, զանազան ճոճախաղերը և, իհարկե, Վարդավառի առանձնահատուկ խաղերը՝ ջրախաղերը։ Միմյանց կատակով ջուրը գցելը, իրար վրա ջուր լցնելն այս տոնին պարզապես խաղեր չէին, այլ Վարդավառի տոնի հանդիսավոր արարողություն, որն ուղղակի անհրաժեշտություն էր, ինչպես անհրաժեշտություն էր ջրերի ակունքների մոտ գտնվող ուխտավայրերում գառ զոհաբերելու սովորույթը։ Վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանի հյուսիս-արևելք շրջաններում կայունացել է Վարդավառը հուլիսի 22-ին հաջորդող կիրակի օրը նշելու ավանդույթը։ Այդ օրը, ըստ էության, լավագույնս համապատասխանում է տոնի բովանդակային սկզբունքին, գյուղացու դաշտային աշխատանքները հիմնականում ավարտված են լինում և լիովին իմաստավորվում է հասկերը եկեղեցում կամ գառը ուխտավայրերում զոհաբերելու սովորույթը։

Խաղողօրհնեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մեջ ավանդաբար պահպանված սովորույթ կա. հասունացած առաջին բերքը, առաջին պտուղները զոհաբերել ուխատեղերում կամ պաշտամունքի այլ վայրերում, որից հետո էին միայն ճաշակում իրենք։ Տարբեր ժողովուրդներ տարբեր պտուղներ էին զոհաբերում՝ հատիկներ կամ մրգեր, իրենց համար առավել կենսական, առավել կարևոր, ինչպես հրեաները ցորեն, գարի, խաղող, թուզ, նուռ, ձիթապտուղ, պարսիկները՝ նուռ, խաղող և այլն։ Հայոց մեջ տարբեր տոների զոհաբերվող մթերքներից էին փոխինձը՝ Սբ Սարգսին, ձուն Զատիկին, կաթնովը՝ Համբարձմանը, խնձորը և ցորենը՝ Վարդավառին և այլն, իսկ խաղողին կամ խաղողաքաղին նվիրված էր հատուկ տոն խաղողօրհնեքը, որը նշվում է օգոստոսի 15-ին հաջորդող կիրակի օրը։ Քրիստոնեության ընթացքում ընդհանրացված սովորույթ էր դարձել խաղողի առաջին ողկույզները քահանային օրհնել տալ, ինչը, անշուշտ, շարունակությունն էր նախկինում տաճարներում կամ ուխտավայրերում նվիրաբերելու սովորույթի։
Խաղողն օրհնել տալը, սակայն, տոնի հանդիսության սոսկ մակերեսային դրսևորումն էր, իրականում այս տոնը ուխտավայրեր այցելելու և զվարճանալու օր էր։ Շատ տեղերում մարդիկ օրերով պատրաստվում էին օգոստոսյան ուխտագնացությանը, իսկ բուն տոնի օրը վեր էր ածվում ուրախ, անվերջանալի զվարճահանդեսի։ Մտերիմների, ազգականների, պարզապես ծանոթների խմբերը, նախապես ընտրելով իրենց տոնական ուխտավայրերը, խմբերով ճանապարհ էին ընկնում, երբեմն ամբողջ գիշեր գնալու պայմանով, որպեսզի արևածագը դիմավորեին նշանակված վայրում։ Գիշերային այդ երթերը ինքնին տոնական տրամադրություն էին ստեղծում, կարելի է ասել նույնիսկ տոնական հանդիսության մասն էին կազմում։ Այդ ընթացքում երիտասարդները մտերմանում էին, կատակները, երգերը ուղեկցում էին ճանապարհորդներին։ Առավոտյան ուխտավայրերում հավաքված բազմությունը արևածագը դիմավորում էր արդեն տոնական տրամադրությամբ և խնջույքի պատրաստություններով։ Մինչ մեծահասակները մատաղներն էին անում, սեղանի պատրաստություն տեսնում, երիտասարդները մի խմբում խաղում էին լախտի, ըմբշամարտ, գոտեմարտ և այլն, մեկ այլ խմբում՝ պարում...
Կեսօրին խմբերով նստում էին խնջույքի, որի կերակրատեսակների մեջ աչքի էր ընկնում գաթան, հալվան, կաթնասերը, մատաղի միսը և, իհարկե, մեծ քանակությամբ մրգեր ու հատկապես խաղող։ Սկսվում էր մթերքների տողանցը մի խմբից մյուսին, ուղարկվում էին մատաղի միս, կաթնամեթերք, մրգեր, բայց անհրաժեշտաբար՝ խաղող։ Հատկապես խնամիները խիստ պարտավորված էին միմյանց պատվել նոր պտուղներով և նորապսակ հարսը կամ նշանված աղջիկը ամուսնու կամ փեսացուի ազգականներից մեծաթիվ սկուտեղներ էր ստանում մրգերով ու որևէ նվերով ծանրաբեռնված։ Առհասարակ այս տոնը լիաբուռն, անկաշկանդ ուրախության դրսևորումն էր նվազագույն պարտավորություններով։

Խաչվերաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 14-ին հաջորդող կիրակի օրը մեր ժողովուրդը նշում է քրիստոնեական տոնացույցում Խաչվերաց, ժողովրդական Սբխեչ կամ Ուլոց անուններով հայտնի տոնը։ Խաչվերացի տոնը նվիրված է Քրիստոսի խաչի գերեդարձին։ Հայտնի է, որ Պարսկաստանի Խոսրով Բ Փարուիզ թագավորը 610 թվականին հարձակվում է Բյուզանդիայի վրա, 614 թվականին գրավում Երուսաղեմը և ավարի առնում Քրիստոսի խաչափայտը։ Բյուզանդիայի Հերակլոս կայսրը (610-641) խաչափայտը ազատագրելու համար հարձակվում է Պարսկաստանի վրա։ Բյուգանդական բանակի մի մասն էին կազմում նաև Հայաստանի հունական բաժնի գնդերը զորավար Գնունու ղեկավարությամբ։
Կայսրը նվաճում է Պարսկաստանը և պարսիկներին ստիպում խաղաղության դաշինք կնքել։ Դաշինքի հիմնական կետերից մեկը խաչափայտի վերադարձն էր։ Հերակլոս կայսրը, խաչափայտն առնելով, նախ տանում է Կ.Պոլիս և այնտեղից փոխադրում Երուսաղեմ։ Փոխադրության ժամանակ, որն անցնում էր նաև Հայաստանի տարածքով, տեղի են ունենում մեծ հանդիսություններ։ Այդ դեպքի հիշատակը հավերժացնելու համար հաստատվում է Խաչվերացի տոն (սեպտեմբերի 14) քրիստոնյա բոլոր եկեղեցիների համար։ Հայոց եկեղեցին Խաչվերացը տոնակատարում է սեպտեմբերի 14-ից սեպտեմբերի 17-ի ընթացքում հանդիպող կիրակի օրը։ Բուն տոնի հիմքում ընկած է Խաչի գյուտի պատմությունը և այդ գյուտի առթիվ՝ ցնծության ու գոհունակության արտահայտությունը։ ժողովրդական արարողակարգում արտահայտվում է հանգուցյալների վերաբերյալ մեր ժողովրդի պատկերացումների մի մասը, երբ տնտեսական տարին ավարտած, բերքը հավաքած մարդիկ այդ բերքից ու տարվա նոր պտուղներից, կարծեք, մաս էին հանում հանգուցյալներին։ Հիրավի, Սբխեչ կամ Ուլոց տոնի առանցքը գերեզմանատուն այցելելն էր և այստեղ խնջույք կազմակերպելը, ուրախ խնջույք, քանզի այդ օրվա գերեզմանատուն այցելելն ուրախության պարտադիր մաս ուներ իր մեջ։ Նախապատրաստություններն սկսվում էին շաբաթ օրը, կանայք խմորեղեն էին թխում, տղամարդիկ ուլ մորթում։ Ուլն այդ օրվա առանձնահատուկ, անցյալում անհրաժեշտ ուտելիքն էր, առանց որի տոնը լիարժեք չէր կարող լինել։ Մաշկված, մաքրված ուլը կախում էին թոնքում տակը նախապես ձավարեղենով լի կաթսան դնելով։ Վաղ առավոտյան լավագույն նախաճաշն ուլի ճարպով ներծծված ձավարի փլավն էր, որից հետո բոլորը գնում էին գերեզմանատուն հետները ունենալով մրգեր, խմորեղեն, կաթնասեր, խորոված ուլ։ Քահանայի կողմից գերեզմաններն օրհնելուց հետո ուղղակի տապանաքարերի մոտ բացվում էին սփռոցները և սկսվում էին ուրախ, անկաշկանդ, կատակներով ու հյուրասիրություններով ուղեկցվող խնջույքները։ Նախնիներին, մահացած հարազատներին նոր բերքից մաս հանելով, նրանց հիշատակին ուլ զոհաբերելով նրանց հաղորդակից էին դարձնում իրենց այս աշխարհիկ կյանքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։