Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն (ՀՀ ՊՎԾ), Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ոլորտում գործող Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա նորաստեղծ մարմին, որն իրականացնում է իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ:

Ծառայությունը գործում է 2018 թվականին «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունը հիմնադրվել է 2018 թվականին ընդունված «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որը մշակվել է 2015-2018 թվականների սահմանադրական բարեփոխումների շրջանակներում:

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը[2]:

Լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունը իրականացնում է մի շարք լիազորություններ[3].

  1. Պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում իրականացնում է ուսումնասիրություններ՝ ՀՀ կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի՝ այդ թվում hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ վերահսկողության, դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության, պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակներով,
  2. ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով,
  3. Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,
  4. Պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների ձևավորման օրինականության վերահսկողության նպատակով,
  5. ՀՀ մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի, լիազորություններից բխող վերահսկողության իրականացման նպատակով,
  6. ՀՀ մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ ՀՀ մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով ՀՀ անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով,
  7. Պետությունից, համայնքից, ՀՀ կենտրոնական բանկից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով,
  8. ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,
  9. Պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով Վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկել կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները,
  10. Վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթներ,
  11. Ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը,
  12. Իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
  13. Ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն,
  14. Համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ,
  15. Առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՎԾ-ն ունի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար[4]:

ՊՎԾ կառուցվածքին վերաբերվող հարցերը կարգավորվում են «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՊՎԾ կանոնադրությամբ, որը հաստատվում է ՀՀ վարչապետի կողմից[4]:

ՊՎԾ ղեկավարում է Ծառայության ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը, ում էլ նա անմիջականորեն ենթակա և հաշվետու է: ՊՎԾ ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նույնպես ՀՀ վարչապետը` ՊՎԾ ղեկավարի առաջարկությամբ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 1
  2. «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 4
  3. «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 5
  4. 4,0 4,1 «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 7
  5. «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 8