Համաշխարհային ցուցահանդես (1873)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուցահանդեսի ռոտոնդան Վիեննայի Պրատերում
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՀրապարակՎիեննա
Ցուցահանդեսի տեսակExpo
Կարգավիճակփակված է
Սկիզբմայիսի 1, 1873
Ավարտնոյեմբերի 1, 1873
Ամսաթիվմայիսի 1 - նոյեմբերի 5, 1873
Ժամանակագրություն
International Exposition 1867? Centennial Exposition?

Համաշխարհային ցուցահանդես 1873 թվական (գերմ.՝ Weltausstellung 1873), համաշխարհային ցուցահանդես, որը տեղի է ունեցել 1873 թվականին Վիեննայում։ Այն թվով հինգերորդն էր, և առաջինը, որ անցկացվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Հաբսբուրգյան միապետությունը հույս ուներ, որ ցուցահանդեսը նոր զարկ կհաղորդի երկրի մոդեռնացմանը և կամրապնդի քաղաքացիների ինքնագիտակցումը Պրուսիայի ու Իտալիայի դեմ պատերազմներում տանուլ տալուց հետո։

Կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսի զարգացման, առևտրական կապերը զարգացնելու, նոր շուկաներ դուրս գալու նպատակով արդյունաբերական ցուցահանդեսը Ավստրիայում կազմակերպելու գաղափարն արտահայտվել էր 1857 թվականին։ Կայսեր մտադրությունները համաշխարհային ցուցահանդեսը Վիեննայում անցկացնելու մասին հրապարակվել են 1866-1868 թվականներին, սակայն դրանք չեն իրականացվել` կապված 1866 թվականի ռազմական գործողությունների և 1867 թվականին ցուցահանդեսը Փարիզում կազմակերպելու ծրագրի հետ։ Տնտեսական բումից և 1867 թվականի ցուցահանդեսից հետո ցուցահանդես կազմակերպելու քննարկումները դարձյալ ակտիվացան։ 1869 թվականին կազմվում է ֆինանսական հանձնաժողով։ 1870 թվականի մայիսի 24-ին կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը հրաման է ստորագրում ցուցահանդես կազմակերպելու մասին։ Ցուցահանդեսի հովանավորներն էին կայսեր եղբայր Կարլ Լյուդվիգը, ղեկավարը` Ավստրիայի էրցհերցոգ Ռայներ Ֆերդինանդը։ Վիեննական ցուցահանդեսի կազմակերպելուն սատարել են խոշոր բանկիրները և արդյունաբերողները, այդ թվում` Ռոտշիլդներն ու Կրուպները։ Հիմնական շեշտը դրվում էր ոչ այնքան հասարակության իրազեկման, որքան, ինչպես պաշտոնապես հաղորդվում էր, շահութաբեր գործարքներ կնքելու վրա։ Ցուցահանդեսը դեպի Վիեննա գրավեց ամբողջ աշխարհի արդյունաբերողներին, ինչը վիեննական սրճարաններում, ռեստորաններում ու հյուրանոցներում հանգեցրեց «գնային հեղափոխության»։

Հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր մուտքը, 1873

Համաշխարհային ցուցահանդեսի համար առանձնացվել էր Պրատեր այգին, որը Յոզեֆ II կայսեր որսորդական նախկին նստավայրն էր, որ միապետը 1766 թվականին նվիրել էր ժողովրդին։ 233 հեկտար տարածքից կառուցապատվել էր 16 հեկտարը, ինչը գրեթե հինգ անգամ գերազանցում էր Փարիզում կազմակերպված նախորդ ցուցահանդեսի տարածքը։ Գլխավոր ճարտարապետ էր նշանակվել Կարլ ֆոն Հազենաուերը։ Բացի տաղավարներից` ձևավորել էին նաև հանգստի կանաչապատ տարածքներ ջրացքներով, գազային լապտերներով լուսավորվում էին շինությունները[1]։ Հրդեհային անվտանգության համար կազմակերպիչները, բացի ռեստորաններից և հիգիենայի համար նախատեսված ծառայություններից, ապահովել էին ջրի լրացուցիչ մատակարարում[2]։ Ոչ վերջերս անգլիացի Ջոն Լինինգսի կողմից հեղինակային իրավունք կենցաղային հարմարանքը` զուգարանակոնքը, տեղադրված էր առանձնացված վայրերում` դադարելով միայն ընտրյալ խավի օգտագործման առարկա համարվել։ Մասնավոր տներում զուգարանակոնքեր տեղադրվել են միայն 1885 թվականից[3], իսկ օրինակ, Սանկտ-Պետերբուրգում` 1890-ական թվականներից[4]։

Ցուցահանդեսի արտառոց իրերից էր ջարդված վերելակը, որը գործարկել են ցուցահանդեսի բացումից երկու շաբաթ առաջ` 1873 թվականի հոկտեմբերի 19-ին։ Վերելակի նախնական գործարկման ժամանակ նրա խողովակներից մեկը պայթել էր, և վերելակը մնացել էր նույն տեղում[5]։

Կենտրոնական տաղավարը և ցուցահանդեսի խորհրդանիշը երկաթից և ապակուց ռոտոնդոն էր, որն ուներ չորս մուտք։ Այն կանգուն է մնացել մինչև 1937 թվականը, չնայած տանիքից անձրևաջուրը մշտապես կաթում էր հենց ցուցահանդեսի սկզբից[6]։ Մնացած բոլոր ծառայողական շինությունները կառուցվել էին պատմականության (գերմ.՝ Historismus) ոճով, իսկ միջազգային ավանում մասնակից երկրները տաղավարներ էին պատրաստել իրենց ազգային կոլորիտով[7]։ Քաղաքացիական բնակելի տների ու նրանց ինտերիերի օրինակներ էին ներկայացրել Ավստրիան, Հոլանդիան և Նորվեգիան։ Եղել են նաև աֆրիկյան հյուղակներ և Եգիպտոսի փոխարքայի շքեղ պալատի կրկնօրինակները[1]։ Այս ցուցահանդեսում մասնակցություն են ունեցել եվրոպացիների համար էկզոտիկ համարվող Աֆրիկայի երկրները և Ճապոնիան։ Ինտերնացիոնալ ոճով առանձին տաղավարների ընդհանուր թիվը հասել է 194-ի։

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսն ընդհանուր առմամբ բաժանված էր 26 խմբի և 17 բաժանմունքի` կապված ցուցանմուշների ճոխության հետ[8]։ Բացի ինդուստրիալ առարկաներից` ներկայացված էր նաև կիրառական արվեստի ընդհանուր տեսականի, գյուղատնտեսական նորույթներ, ազգային կոլորիտ` կերակրատեսակներ, ճարտարապետություն, մասնակից երկրների ապրելակերպ[9]։ Առանձին տաղավարում ներկայացված էր բանվորուհիների պատմություններ[1]։

Ցուցահանդեսի ծրագրեր
  1. Լեռնամետալուրգիական
  2. Գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, գինեգործություն և այգեգործություն
  3. Քիմիական արդյունաբերություն
  4. Սննդի արդյունաբերություն
  5. Տեքստիլ և կարի արդյունաբերություն
  6. Կաշեգործություն և կաուչուկ
  7. Մետալուրգիական արդյունաբերություն
  8. Փայտամշակման արդյունաբերություն
  9. Քարից, կավից և ապակուց իրեր
  10. Արդուզարդի արդյունաբերություն
  11. Թղթի արդյունաբերություն
  12. Գրաֆիկական և գեղարվեստական արվեստ
  13. Մեքենաշինություն և տրանսպորտ
14. Գիտական սարքավորումներ

15. Երաժշտական գործիքներ

16. Ռազմական գործ

17. Օդագնացություն

18. Քաղաքացիական շինարարություն

19. Բնակելի տուն ինտերիերով

20. Կահույք և տեխնիկա

21. Այգերգործական արվեստ

22. Կիրառական արվեստ

23. Եկեղեցական արվեստ

24. Պատմական կիրառական արվեստ

25. Ժամանակակից գեղարվեստ

26. Դաստիարակաություն, կրթություն

Մասնակիցների համար նախատեսված մեդալները առանձնահատուկ արժեք չունեին, սակայն համարվում էին գերազանցության ու մոտիվացիայի նշան։ Միջազգային ժյուրին բաղկացած էր 956 անդամից։ Պատվավոր դիպլոմներով պարգևատրման արարողությունը կայացել է 1873 թվականի օգոստոսի 18-ին Վիեննայի կրկեսաբեմում[10]։ Մասնակիցներին հանձնվել է 25.572 մեդալ։ Մեդալների դիզայնի հեղինակներն էին Յոզեֆ Սիզարը և Ռուդոլֆ Վեյերը[11]։

Ցուցահանդեսին զուգընթաց կայանում էր հեղինակային իրավունքին նվիրված համաժողով[12]։

Հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի մայրաքաղաք էին ժամանել դիվանագետներ, ում հանձնարարված էր ձևակերպել երեք միապետների դաշինքը[13]։ Ցուցահանդեսի վեց ամիսների ընթացքում այնտեղ այցելել են 33 ղեկավար, 13 գահաժառանգ և 20 արքայազն[14]։ Ներկա է եղել նաև ճապոնական կառավարական ներկայացուցչությունը։

Լրագրողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Վիեննայում պարսից Նասր ադ Դին Շահի հայտնվելը, ով տեղավորվել էր Լաքսենբուրգի պալատում[15]։ Վիեննական թերթերը շահի մասին հեգնանական անդրադարձ էին կատարել։ Իր գնալուց հետո շահը չէր վճարել ռեստորանների ու ոսկերչական խանութների բաց հաշիվները, քանի որ արևելյան աշխարհընկալման համաձայն` դա համարել էր նվեր և հյուրասիրության նշան[16]։ Շահի գնալուց հետո Լաքսենբուրգի պալատում նրան տրամադրված սենյակները վերանորոգման կարիք են զգացել։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստների հարավային տաղավարը, 2009

19.123.270 գուլդենի չափ ծասեր կատարելուց հետո ցուցահանդեսի տոմսերի վաճառքից և վարձակալումից գոյացած գումարը կազմել է ընդամենը 14.866.921 գուլդեն։ Դեֆիցիտը փակվել է գանձարանից դուրս գրած գումարով` մոտ 14.866.921 գուլդեն։ Ակնկալվող քսան միլիոն մարդու փոխարեն` ցուցահանդես է այցելել մոտ 7.25 միլիոն մարդ[17]։ Անգլիական, գերմանական և ֆրանսիական թերթերը բողոքել են վարձակալման, հյուրանոցների համարների, ռեստորանների և ամենօրյա անհրաժեշտության առարկաների թանկ գներից[18]։ Այսպես, գնացքի սովորական ուղեվարձը, որ նախկինում կազմում էր 40 գուլդեն, ցուցահանդեսի ժամանակ արժեցել է 120 գուլդեն[19]։

Համաշխարհային ցուցահանդեսը ազդել է Վիեննայի ուբանիզացման գործընթացին։ Գրեթե կրկնակի ընդարձակվել է տրանսպորտային, երկաթուղային հաղորդակցությունը, անցկացվել են մետրոյի նոր գծեր, փոխվել է Դանուբի հունը, որպեսզի դադարեցվի քաղաքի ծայրամասի` գետի ջրերով ողողումը, ուր հին խրճիթների փոխարեն նոր տներ են կառուցել։ Շատ փողոցներ վերանվանվել են` ի պատիվ ցուցահանդեսի։ Արևելքի ու Ասիայի լավ փոխհարաբերություններ հաստատելու շնորհիվ հիմնվել է Արևելքի թանգարանը, ինչպես նաև Արդյունաբերության ու կոմերցիայի տեխնիկական թանգարանը (այժմ` Կիրառական արվեստի թանգարան)։

Համաշխարհային ցուցահանդեսի շինություններից ներկայումս գրեթե ոչինչ չի պահպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Elke Krasny, Manuela Fellner-Feldhaus Welt ausstellen. Schauplatz Wien 1873. — Wien: Herausgeber Technisches Museum, 2004. — С. 55. — 130 с. — ISBN 3-902183-10-1
  2. Wien wird Weltstadt. — Welt ausstellen. Schauplatz Wien 1873. — Wien: Herausgeber Technisches Museum. — С. 83. — ISBN 3-902183-10-1
  3. Adolf Dillinger, August von Conraths Guide und Souvenir-Album der Wiener Weltausstellung 1873 (нем.). —Wien
  4. deleted. «как были устроены туалеты в дворянских и купеческих домах, когда в стране не было канализации? Тоже на улочку бегали???» (ռուսերեն). qna.center. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Neue Freie Presse». 20.10.1873.
  6. «Der Rotunden-Tricher». Der Floh. 17.05.1873.
  7. Jutta Pemsel Die Wiener Weltausstellung von 1873: Das gründerzeitliche Wien am Wendepunkt. — Wien/ Köln: Böhlau Verlag, 1989. — С. 40. — ISBN 3-205-05247-1
  8. Officieller Ausstellungs-Bericht, Herausgegeben durch die Generaldirection der Weltausstellung 1873 (нем.) // K.K. Hof und Staatsdruckerei. —Wien, 1874.
  9. Wolfgang Piersig Ein Exkurs durch die bedeutendsten Weltausstellungen von 1851 bis 2005. — GRIN Verlag, 2008. — С. 51. — ISBN 978-3-638-89274-2
  10. «Preisfertheitung». Neue Freie Presse. 18.08.1873.
  11. {{{заглавие}}} (нем.) // Illustrirte Zeitung. — 1872. — № 1520. — С. 117-118.
  12. Margit Seckelmann Industrialisierung, Internationalisierung und Patentrecht im Deutschen Reich 1871–1914. — С. 151. — ISBN 3-465-03488-0
  13. «Mus den Delegationen». Wiener Zeitung. 30.04.1873.
  14. Studie von Hedvig Ujvári (нем.). — С. 8.
  15. «Wichtamliche Theil». Wiener Zeitung. 30.07.1873.
  16. «Der Unglueckliche Shah». Der Floh. 2.08.1873.
  17. «Der Verschluss der Weltausstellung». Die Neue Presse. 3.11.1873.
  18. Studie von Hedvig Ujvári (нем.). — С. 5.
  19. «Wiener Sonn- und Montags Zeitung». 4.05.1873.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային ցուցահանդես (1873)» հոդվածին։