Համազասպ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպ Դավթյան
Ծնվել է1921
ԾննդավայրԼուսաղբյուր, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Համազասպ Այվազի Դավթյան (1921, Լուսաղբյուր, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազասպ Դավթյանը ծնվել է 1921 թվականին, Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1941 թվականի հունիսի 28-ին զորակոչվել է բանակ[1]։

Դավթյանը 75-րդ պահեստային հրետանային գնդում մեկ ու կես ամիս մարտական ուսուցում անցնելուց հետո, ուղարկվել է Հարավային ռազմաճակատ, 216-րդ հետևակային դիվիզիայի 656-րդ հրետանային գնդի 6-րդ մարտկոցում կռվելու։ 1941 թվականից մինչև 1942 թվականի օգոստոսը 6-րդ մարտկոցի կազմում Դավթյանի 2-րդ հաշվարկը մարտեր է մղել Կրասնոդարի, Ստավրոպոլի, Մայկոպի և այլ քաղաքների պաշտպանության համար։ Թշնամու հարձակողական ուժերը ոչնչացնելու, նրանց առաջխաղացումները կանխելու գործում մարտական առաջադրանքների կատարման մեջ խիզախություն ցուցաբերելու համար Դավթյանը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ 1943 թվականին 6-րդ մարտկոցն ակտիվ մարտեր է մղել Ստավրոպոլի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Վորոշիլովգրադի և այլ քաղաքների ազատագրման համար։ Ղրիմ թերակղզու ազատագրման մարտերին մասնակցելու համար Դավթյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Վիրավորվել է Բրյանկի հերոսամարտերում։ Արևելյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի գրավման մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Խիզախության համար» երկրորդ մեդալով։ 1945 թվականի մայիսի 9-ին նրա հաշվարկին հաջողվել է մեկուսացնել 28 բենդերովականների[1]։

Դավթյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ 1964 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բնագիտության ֆակուլտետը։ Աշխատել է Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ ռազմական ուսուցման գծով, ապա՝ քիմիայի և կենսաբանության ուսուցիչ։ 1965 թվականից մանկավարժական աշխատանքը շարունակել է Երևանի № 125 միջնակարգ դպրոցում։ Մանկավարժական և հասարակական լավագույն աշխատանքների համար Դավթյանը պարգևատրվել է Վ. Ի. Լենինի անվան հոբելյանական մեդալով և գովասանագրերով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]