Համաեվրոպական կուսակցություն
Համաեվրոպական կուսակցությունը (անգլերեն՝ political party at European level կամ Europarty) գործառնող արտախորհրդարանական դաշինք-խմբավորում է՝ բաղկացած Եվրոպական միության տարբեր անդամ երկրների ազգային կուսակցություններից, որոնք միավորված են քաղաքական պատկանելիությամբ[1]։ Համաեվրոպական կուսակցությունները նպաստում են Եվրոպական քաղաքական գիտակցության ձևավորմանը և Միության քաղաքացիների քաղաքական կամքի արտահայտմանը։ Համաեվրոպական քաղաքական կուսակցությունները և նրանց հետ փոխկապակցված քաղաքական հիմնադրամները կարևոր դեր են խաղում եվրոպական մակարդակում քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և ազգային ու Միության մակարդակների քաղաքականությունների միջև անջրպետը վերացնելու գործում[2]։ Համաեվրոպական կուսակցության կարգավիճակ ստանալու համար կուսակցությունը պետք է
- Ունենա իրավական անձի կարգավիճակ այն ԵՄ անդամ երկրում, որտեղ գտնվում է կուսակցության գլխամասը,
- Ներկայացված լինի ԵՄ անդամ պետությունների առնվազն մեկ քառորդում՝ հանձինս Եվրոպական խորհրդարանի, ազգային/տարածաշրջանային խորհրդարանների կամ տարածաշրջանային վեհաժողովների պատգամավորների կողմից, կամ էլ Եվրոխորհրդարանի վերջին ընտրություններում ԵՄ անդամ պետությունների առնվազն մեկ քառորդում հավաքած լինի ձայների առնվազն 3%-ը,
- Իր ծրագրերում և գործունեության ընթացում անդրադառնա Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ ազատությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին և օրենքի գերակայությանը,
- Մասնակցի Եվրոխորհրդարանի ընտրություններին կամ հայտնի ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։
Եվրոպական խորհրդարանը վերահսկում է համաեվրոպական կուսակցությունների՝ վերոնշյալ չափանիշներին համապատասխանեցումը։ Եթե այդ պայմաններից որևէ մեկը չի բավարարվում համաեվրոպական կուսակցության կողմից, ապա այն զրկվում է «համաեվրոպական կուսակցություն» կարգավիճակից[3]։
Համաեվրոպական կուսակցությունները Եվրոպական խորհրդարանում ձևավորել են յոթ քաղաքական խմբեր՝
«Եվրոպական ժողովրդական կուսակցություն»,
«Սոցիալիստների և ժողովրդավարների առաջատար դաշինք»,
«Նորացնել Եվրոպան»,
«Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք»,
«Եվրոպական միավորված կանաչներ/Հյուսիսային կանաչ ձախեր»,
«Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ»,
«Ինքնություն և ժողովրդավարություն»[4]։
Եվրոպական ընտրություններից հետո ընտրված պատգամավորները կազմում են ոչ թե ազգային պատվիրակություններ, այլ ըստ իրենց քաղաքական-գաղափարախոսական պատկանելիության դառնում են վերոնշյալ քաղաքական խմբերի անդամ կամ անկախ պատգամավոր։ 1999թ.-ից կիրառվող միակուսակցական քաղաքական խմբերի արգելքը, ինչպես նաև Եվրոխորհրդարանի կանոնակարգում տեղի ունեցած որոշ փոփոխություններ միանշանակ նպաստել են քաղաքական խմբերի համախմբման գործընթացին։ Միաժամանակ, պետք է ընդգծել, որ Եվրոխորհրդարանի կանոնակարգն ու ընթացակարգը նկատելի առավելություն են տալիս ամենամեծ քաղաքական խմբերին[5]։
Որոշ հայաստանյան քաղաքական կուսակցություններ հանդիսանում են համաեվրոպական քաղաքական կուսակցությունների և դաշինքների անդամ։ Օրինակ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2012թ. Փետրվարի 9-ից «Եվրոպական ժողովրդական կուսակցության» անդամ է [6], 2014թ․-ի հուլիսի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես անդամակցեց «Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» դաշինքին[7],«Հայ ազգային կոնգերեսը»«Եվրոպայի ազատականներ և դեմոկրտաներ» դաշինքի անդամ է [8] և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Summaries of EU legislation. Glossary of summaries. European political parties.»։ Վերցված է 18/11/2020
- ↑ «Official Journal of the European Union. REGULATION (EU, EURATOM) No 1141/2014 OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL of 22 October 2014 on the statute and funding of European political parties and European political foundation»։ Վերցված է 18/11/2020
- ↑ «Summaries of EU legislation. The regulations governing political parties and rules regarding their funding at European level.»։ Վերցված է 18/11/2020
- ↑ «The Political groups of the European Parliament.»։ Վերցված է 18/11/2020
- ↑ Palayret Jean-Marie (2009)։ Building parliament.50 years of European Parliament History 1958-2018.։ Florence: European University Institute։ էջ 59։ ISBN 978-92-823-2368-7
- ↑ «ՀՀԿ-ն Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ընտանիքի անդամ»։ Վերցված է 18/11/2020
- ↑ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ստեղծման առաջին ամիսներից լուրջ ուշադրություն է դարձրել արտերկրի պետությունների ազդեցիկ քաղաքական ուժերի հետ միջկուսակցական համագործակցություն հաստատելու խնդրին։»։ Վերցված է 18/11/2020
- ↑ «ՀԱԿ-ը Վարշավայում մասնակցել է ALDE-ի տարեկան համագումարին»։ Վերցված է 18/11/2020