Հաճախականության քվանտային ստանդարտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաճախականության քվանտային ստանդարտներ, սարքավորումների համախումբ, որը հնարավորություն է տալիս չափել տատանումների հաճախականությունը, հետևաբար և պարբերությունը՝ համեմատելով այն միկրոմասնիկի (ատոմ, մոլեկուլ, իոն) էներգետիկ մակարդակների միջև քվանտային անցման կենտրոնական հաճախականության՝ հաճախային ռեպերի հետ։ Այսպիսի ստանդարտները կոչվում են պասիվ, ի տարբերություն ակտիվ ստանդարտների, որոնցում ատոմների և մոլեկուլների քվանտային անցումները անմիջականորեն հանգեցնում են էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթման, և այդ ալիքների հաճախականությունն էլ հենց ընդունվում է իբրև ստանդարտ։ Ակտիվ հաճախականության քվանտային ստանդարտները կոչվում են նաև քվանտային գեներատորներ։ Ապահովվում է չափումների չգերազանցված ճշտություն, որը պայմանավորված է, այսպես կոչված, հնացման, այսինքն՝ հատկությունների աննշան փոփոխությունների աստիճանական կուտակման բացակայությամբ, քանի որ միկրոմասնիկներում հնարավոր են միայն թռիչքաձև փոփոխություններ։ Հաճախականության քվանտային ստանդարտներ հիմք են ծառայում հաճախականության և ժամանակի ազգային էաալոնների և հաճախականության երկրորդային էտալոնների համար։

Հաճախականության ցեզիումային ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական կատարելության են հասել ցեզիումի ատոմների փնջերով աշխատող պասսիվ հաճախականության քվանտային ստանդարտներ (հաճախականության ցեզիումային ստանդարտներ)։ 1967 թ․ միջազգային համաձայնությամբ ժամանակի միավորը՝ վայրկյանը, սահմանվել է իբրև ցեզիումի ¹³³Cs իզոտոպի որոշակի քվանտային անցմանը համապատասխանող 9.192.631.770.0 տատանումների տևողություն։ Ցեզիումային հաճախության քվանտային ստանդարտի միջոցով հաճախականության և ժամանակի չափման հարաբերական սխալը չի գերազանցում 10−11 արժեքը։ Այդպիսի հաճախության քվանտային ստանդարտի հիման վրա կառուցված ատոմային ժամացույցները 3 հզ. տարում կարող են «սխալվել» ընդամենը 1 վայրկյանով։ Աշխարհի տարբեր գիտական կենտրոններում փորձեր են արվում ստեղծելու օպտիկական տիրույթում աշխատող հաճախության քվանտային ստանդարտ (լազերներ), որոնք կապահովեն չավւումների 5·10−13 կարգի հարաբերական սխալ։ Դրանք կպահանջեն չափումների ավելի քիչ ժամանակ և կարոդ են միաժամանակ ծառայել և՛ ժամանակի, և՛ երկարության ստանդարտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 83