Հաղարջենի Բիբերշտեյնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաղարջենի Բիբերշտեյնի, տերևաթափ թուփ՝ մինչև 2 մ բարձրությամբ, մերկ, բաց գույնի ընձյուղներով։ Կեղևը գորշ է, սկզբում հարթ, այնուհետև՝ ճաքճքող։ Տերևները հնգաբլթակ են, մինչև 10 սմ երկարությամբ և 13 սմ լայնությամբ, երկու կողմից մերկ։ Ծաղկաբույլերը ողկույզներ են, 4 - 12 սմ երկարությամբ, կազմված 12 - 50 մուգ ծիրանագույն ծաղիկներից։ Հատապտուղները մանր են, 0,6 - 0,8 սմ տրամագծով, մուգ դարչնագույն, դժվարությամբ են ուտվում։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիսին։ Տարածված է Կովկասում, Սիբիրում, Ալթայում։ Հանդիպում է Հայաստանի հյուսիսային շրջաններում, Սևանի ավազանում, Ապարանում, ձանգեզուրում, աճում է անտառներում, անտառների Եզրերին, ժայռերի վրա, կիրճերում, վերին լեռնային գոտիներում։ Պտուղները խիստ արժեքավոր են, սև են, ունեն յուրահատուկ բույր և պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ B 80 - 100 և C 250 - 300 մգ/տոկոս։ Օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում, դրանցից պատրաստում են մուրաբա, կոմպոտ, ըմպելիք և այլն։ Տերևները, որոնք օգտագործվում են որպես թեյի սուռոգատ, պարունակում են մինչև 400 մգ/տոկոս C վիտամին։ Խոնավասեր է, ցրտադիմացկուն, ստվերատար, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել կանաչապատման բնագավառում, որպես արժեքավոր դեկորատիվ թփատեսակ։ Պիտանի է հիմնականում միջին և բարձր լեռնային գոտիներում մշակելու համար։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի Բիբերշտեյնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի Բիբերշտեյնի» հոդվածին։