Հակամրցակցային պրակտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1910 թվականին տավարի մսի տրեստները(կապիտալիստական ձեռնարկությունների մոնոպոլիստական միավորումները[1]) հետաքննվում էին հակամրցակցային պրակտիկայի համար, և Նյու Ջերսիի դատարանում մեղադրանք ներկայացվեց: Մեղադրական եզրակացությունը կազմված էր Նյու Ջերսիի օրենքի համաձայն, որը նախատեսում էր առավելագույն պատիժ՝ ազատազրկում երեք տարով կամ տուգանք 1000 դոլարի չափով:

Հակամրցակցային պրակտիկա(անգլ.՝ Anti-competitive practices), մրցակցային պայքարի նորմերի խախտում մոնոպոլիաների կողմից՝ շուկայում տիրապետող դիրք գրավելու նպատակով։ Այն սահմանափակում է մրցակիցների մուտքը շուկա, կանխորոշում է գները, սահմանումում է առևտրային գործունեության պայմանները։ Արևմուտքում կապիտալի կենտրոնացման հետևանքով տեղի ունեցող այդ գործընթացը անվանում են մոնոպոլիաների շուկայական հզորության մեծացում[2]։ Հակամրցակցային պրակտիկայի արդյունքում առաջանում է շուկայի աղավաղում, ինչը հանգեցնում է գների աճի, սպասարկման որակի վատթարացման, նորարական գաղափարների ճնշմանը։ Հետևաբար՝ հակամրցակցային պրակտիկան համարվում է անօրիանական շատ երկրներում։ Հակամրցակցային պրակտիկան կարող է իրականացվել մեկ ընկերության կողմից կամ կնքվել հակամրցակցային համաձայնություններ երկու և ավելի ձեռնարկությունների միջև։ Գործունեության նպատակը շուկայում չհիմնավորված վերահսկողություն ձեռք բերելն է և գերակայություն հզորացնելը[3]։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմպինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական առևտրային գործարքների ժամանակ մեծ քանակաությամբ ապրանքների արտահանում ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում, որի նպատակն այս կամ այն շուկայում արտահանման մրցակցային առավելություն ձեռք բերելն է[4]։ Որպես կանոն՝ դեմպինգին դիմում են խոշոր մոնոպոլիաները՝ մրցակիցներին հեռացնելու և արտաքին շուկաներ գրավելու նպատակով։ Այն ընկերությունը, որն ունի շուկայական մեծ մասնաբաժին և ապրանքը կամ ծառայությունը ժամանակավորապես միջինից ցածր գնով վաճառելու հնարավորություն, կարող է մրցակիցներին դուրս մղել շուկայից[5], այնուհետև ընկերությունն ազատ կարող է բարձրացնել գները՝ ավելի մեծ շահույթ ստանալու համար։ Այդպես եղավ 2006 թվականին, երբ մի շարք զարգացող երկրներ մեղադրեցին Չինաստանին դեմպինգի մեջ՝ հնդկական շուկայում մետաքսը և ատլասն ավելի էժան գներով վաճառելու համար, ինչը բացասական անդրադարձավ տեղական արտադրողների վրա[6]։

Բացառիկ գործարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվողները պարտավորվում են գնել միայն այն մատակարարից, ում հետ կնքել են պայմանագիր։ Այսպիսի մեխանիզմը թույլ չի տալիս նվազեցնել շահույթը կամ սպառողների ընտրությունը[7]։ Այդպես 1999 թվականին Միացյալ Նահանգները հայց ներկայացրեց «Դենտսփլայ Ինտերնեշնլ(Dentsply International) » ընկերության դեմ։ Ատամնաբուժական ապրանքների մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը մեղադրվում էր դեմպինգի մեջ, մասնավորապես՝ իր մենաշնորհային դիքով առևտրի սահմանափակման մեջ, որի համար կիրառում էր բացառիկ գործարքներ՝ որպես պայմանագրի պահանջների մաս[8]։

Գների հաստատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու և ավելի ընկերությունների ցանկացած փորձ, որն իրականացվում է ապրանքի վրա որոշակի հաստատուն գին սահմանելու նպատակով[9]։ Գների հաստատագրումը տեղի է ունենում, երբ երկու կամ ավելի մրցակիցներ համաձայնում են միջոցներ ձեռնարկել ապրանքի կամ ծառայության գինը բարձրացնելու, իջեցնելու, պահպանելու կամ կայունացնելու համար։ Գների սահմանման վերաբերյալ ընկերությունների միջև նման համաձայնությունը գրեթե միշտ անօրինական է, անկախ նրանից՝ գները նշված են նվազագույն, թե առավելագույն միջակայքում[10]։ Նմանօրինակ գնային համաձայնություն էր ձեռնարկվել 2005-2009 թվականներին երեք միջազգային ավիաընկերությունների միջև, որը խրախուսվել էր տուրիստական գործակալության հսկա «Ֆլայթ Սենտր(Flight Center) կողմից, ինչի համար էլ տուգանվել է 12,5 միլիոն դոլարով[11]

Հրաժարում գործարքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դեպքում երկու կազմակերպություն հրաժարվում են մատակարարից։ 2010 թվականին «Քաբչարջ» (Cabcharge) ընկերությունը կոմերցիոն հիմունքներով մերժեց անկանխիկ գործարքները Travel Tab/Mpos համակարգով։ Վերջինս անկանխիկ վճարային գործիքների հասանելիություն խնդրեց երկու անգամ, սակայն մերժվեց, ինչի համար էլ տուգանվեց համապատասխանաբար 2 միլիոն և 9 միլիոն դոլարով[12]։ Գործարքից հրաժարումն արգելված է ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրներում։ Մրցակիցների հետ կապված համաձայնագրերը, որոնք ենթադրում են ապրանքների ահմանափակում, արգելվում են, եթե հետամուտ են էականորեն նվազեցնելու մրցակցությունն այն շուկայում, որտեղ գործում են ձեռնարկությունները[13]։

Տարածքների բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանավորվածություն երկու ընկերությունների միջև՝ համաձայնեցված տարածքներում միմյանց չխոչընդոտելու և մրցակցությունը նվազեցնելու վերաբերյալ։ Հայտնի է նաև «շուկայի բաշխում» եզրույթով, որի դեպքում ձեռնարկություններն աշխարհագրորեն բաժանում կամ բաշխում են հաճախորդներին՝ օգտագործելով պայմանագրային համաձայնագրեր։ Շուկայի բաշխումը բացառում է մրցակցություն հաստատված հաճախորդների համար՝ չարտադրելով նույն ապրանքները կամ չմատուցելով նույն ծառայությունները որոշակի տարածաշրջաններում[14]։ «Boral» և «CSR» ընկերությունները ձևավորեցին կարտել և տուգանվեցին հայտերի կեղծման, գնի հաստատագրման և շուկայի բաշխման համար ավելի քան 6,6 միլիոն դոլար և առավելագույնը 100,000 ԱՄՆ դոլար գումարի չափով՝ ներգրավված 6 ղեկավարներից յուրաքանչյուրի համար։ Ընկերությունները պայմանավորվել էին ճանաչել մատակարարների հաճախորդներին՝ առանց կանոնավոր հանդիպումների և հեռախոսազրույցների մրցակցության։ Ընկերության շուկայական մասնաբաժինները մշտադիտարկվել են՝ համաձայնագիրը չխախտելու համար, ինչը հանգեցրել է շինարարության գնանշումների չափից ավելի գանձման, որոնք օգտագործվել են դաշնային, նահանգային և տեղական կառավարման նախագծերի կողմից[15]։

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմյանց հետ չկապված ապրանքների գնումը․ այս ռազմավարությունը գնորդին ստիպում է անցանկալի ապրանք գնել առանձին շուկայում՝ անուղղակիորեն նվազեցնելով մրցակցությունը տարբեր շուկաներում։ 2006 թվականին Apple iTunes iPod-ը կորցրեց 10 միլիոն դոլարի հակամենաշնորհային գործը, երբ 2006-2009 թվականներին վաճառվեցին iPod-ներ, որոնք համատեղելի էին միայն iTunes Store-ի կամ CD-ներից ներբռնված աուդիո երգերի հետ[16]։

Գնային խտրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակ, երբ վաճառողը միևնույն ապրանքը կամ ծառայությունը տարբեր սպառողներին առաջարկում է տարբեր գներով։ Գնային խտրականության պայմանն այն է, որ վաճառողը կարողանա տարբերակել գնորդներին՝ ըստ նրանց վճարելու կարողության։ Որպեսզի գնային խտրականությունն արդյունավետ լինի, նպաստի շահույթի աճին, վաճառողը պետք է ունենա՝

  • շուկայական հզորություն,
  • սպառողների մի խումբը մյուսից առանձնացնելու կարողություն,
  • արբիտրաժը բացառելու կարողություն։

Գոյություն ունի գնային խտրականության երեք աստիճան՝

  • Առաջին աստիճանի գնային խտրականություն (կամ կատարյալ գնային խտրականություն), երբ ապրանքի յուրաքանչյուր միավորը վաճառվում է պահանջարկի գնով, այսինքն՝ հնարավոր ամենաբարձր գնով, որը պատրաստ է վճարել գնորդը։ Այս քաղաքականությունը երբեմն կոչվում է եկամտի վրա հիմնված գների խտրականություն։
  • Երկրորդ աստիճանի գնային խտրականությունը ներառում է տարբեր գներ՝ կախված գնումների ծավալից, այնպես որ վաճառքի և մենաշնորհատերերի ընդհանուր եկամտի միջև կապը ոչ գծային է։
  • Երրորդ աստիճանի գնային խտրականությունն իրականացվում է շուկայի սեգմենտավորման և որոշակի թվով հաճախորդների խմբերի բաշխման հիմքով, որոնցից յուրաքանչյուրի համար վաճառողը սահմանում է իր գները[17]։

Վերավաճառքի գնի պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրողների կողմից նվազագույն գնի սահմանում, որով արտադրանքը վերավաճառվելու է դիստրիբյուտորների կողմից։ Վերավաճառքի գնի պահպանումը չի պահանջում արտադրողի գների կարտել, թեև նման համակարգը հեշտացնում է դրա կայացումը։ Վերավաճառքի գների պահպանումը Մեծ Բրիտանիայում չեղյալ է համարվել1964 թվականի «Մանրածախ գների մասին» և 1966 թվականի «Սահմանափակման պրակտիկաների մասին» օրենքների ընդունումից հետոո։ Այժմ արտադրողները կարող են առաջարկել արտադրանքների մանրածախ գներ, սակայն իրավական հիմք չունեն պահանջել դրանց կիրառումը[18]։

Կիրառման հետևանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամրցակցային պրակտիկայի կիրառման համար ներգրավված կողմերը պետք է ունենան շուկայական հզորություն կամ պետական աջակցություն։ Մոնոպոլիաները և օլիգոպոլիաները հաճախ են մեղադրվում և երբեմն մեղավոր ճանաչվում հակամրցակցային պրակտիկայում։ Հակամրցակցային խթանները հատկապես արտահայտվում են, երբ կորպորացիայի խոշոր բաժնետերերն ունեն համանման չափի բաժնետոմսեր ոլորտի մրցակից ընկերություններում[19]։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունների միաձուլումները հաճախ մանրակրկիտ ուսումնասիրվում են պետական համապատասխան մարմինների կողմից՝ ոլորտում մրցակցությունը նվազեցնելու համար։ Ընդհանուր առմամբ ընդունված է, որ հակամրցակցային պրակտիկաները բացասաբար են անդրադառնում տնտեսության վրա, թեև այն կիրառողներին հարստացնում է։ Սա բխում է այն համոզմունքից, որ բազմաթիվ մասնակիցներից բաղկացած շուկայական տնտեսությունը, որտեղ յուրաքանչյուրն ունի սահմանափակ հզորություն, թույլ չի տա մենաշնորհային շահույթ ստանալ։ Հետևաբար՝ սպառողների համար գներն ավելի ցածր կլինեն, իսկ մատակարարվող ապրանքների տեսականին ավելի լայն կլինի։ Հակամրցակցային պրակտիկան համարվում է անօրինական, եթե այն կիրառող ընկերությունը շուկայում ունի գերիշխող դիրք, այսինքն՝ նրա գործունեությունն այնքան զգալի ազդեցություն կունենա, որ կստանա ավելորդ շահույթ և կստիպի փոքր ընկերություններին դուրս գալ շուկայից։

Հակամրցակցային համաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամրցակցային պայմանագրերը մրցակիցների միջև կնքված համաձայնագրերն են, որոնք ուղղված են մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ խեղաթյուրմանը։ Հակամրցակցային պայմանագրերի առանձնապես լուրջ տեսակ են կարտելների կողմից կնքված համաձայնագրերը։ Կարտելները սովորաբար ներառում են գների ֆիքսում, մրցակցային սակարկությունների գործընթացի կեղծում, շուկաների բաժանում կամ արտադրության սահմանափակում։ Ըստ տնտեսական ուսումնասիրությունների՝ կարտելները գներն ուռճացնում են միջինը 30 տոկոսով։ Գոյություն ունի կարտելային պայմանագրերի 4 տեսակ՝

  • Գների ֆիքսում

Վաճառվող պրանքների կամ մատուցվող ծառայությունների գները սահմանելու, վերահսկելու կամ պահպանելու մրցակիցների համաձայնությունն է։ Սա կարող է լինել «ուղղակի» գների ֆիքսում, երբ պայմանավորվածություն կա փաստացի գների բարձրացման կամ պահպանման վերաբերյալ։ Գնագոյացման գործողությունները կարող են ունենալ նաև «անուղղակի» գնագոյացման ձևեր, օրինակ՝ մրցակիցները համաձայնում են առաջարկել նույն զեղչերը կամ վարկի պայմանները։ Գների հաստատագրման համաձայնագրերը պարտադիր չէ, որ գրավոր լինեն, բանավոր համաձայնությունը, օրինակ՝ առևտրային ասոցիացիայի հանդիպմանը կամ սոցիալական միջոցառմանը, կարող է բավարար լինել՝ ցույց տալու համար, որ գնի հաստատագրման պայմանագիրը կայացել է։ Կարևոր չէ, թե ինչպես է պայմանավորվածությունը ձեռք բերվել և արդյոք այն իրականացվել է։ Կարևորն այն է, որ մրցակիցները համաձայնել են դավաճանել։

  • Խարդախություն

Մրցույթի խարդախությունը տեղի է ունենում, երբ մրցակիցները պայմանավորվում են, թե ով պետք է հաղթի մրցույթը։ Կարտելի անդամին աջակցելու համար, որպեսզի «հաղթի» հայտը, կարտելի մյուս անդամները կարող են ձեռնպահ մնալ հայտ ներկայացնելուց, հետ վերցնել իրենց հայտը կամ ներկայացնել ավելի բարձր գներով կամ անընդունելի պայմաններով հայտեր։ Կարտելի անդամները կարող են միմյանց միջև կազմակերպել հերթով նշանակված «հաղթող» կամ պարգևատրել հաղթող հայտի «աջակիցներին»։ Հայտերի կեղծման արդյունքում հայտ հրավիրող կողմը, ամենայն հավանականությամբ, կվճարի ավելի շատ, քան եթե հայտը մրցակցային լիներ։

  • Շուկայի բաշխում

Շուկայի բաշխման պայմանագրում մրցակիցները շուկաները բաժանում են տարբեր կերպ, օրինակ՝ ըստ աշխարհագրական տարածքի, չափի կամ հաճախորդի տեսակի (օրինակ՝ առևտրային/ոչ առևտրային), և համաձայնում են վաճառել միայն իրենց նշանակված շուկայական հատվածում։ Արդյունքում նրանք չեն մրցում միմյանց հետ հանձնարարված շուկայում։ Հաճախորդները տուժում են, քանի որ նրանք չեն կարողանա գնումներ կատարել։

  • Արտադրության հսկողություն

Արտադրության վերահսկողությունը ներառում է մրցակիցների միջև շուկայում առկա ապրանքների կամ ծառայությունների քանակի սահմանափակման համաձայնություն։ Վերահսկելով ապրանքների կամ ծառայությունների մատակարարումը կամ արտադրությունը՝ կարտելը կարող է անուղղակիորեն բարձրացնել գները՝ առավելագույնի հասցնելու իր շահույթը։
Մրցակիցների միջև կարող են լինել այլ տեսակի համաձայնագրեր, ինչպիսիք են՝ գնային նպատակները կամ առաջարկությունները, համատեղ գնումը կամ վաճառքը, տեխնիկական կամ նախագծային ստանդարտների սահմանումը և գործարար տեղեկատվության փոխանակման պայմանագրերը[20]։

Մրցակցության օրենքի խախտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է։ Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`

  • միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն),
  • որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն),
  • տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համաձայնություն)։

Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար հինգ միլիոնից մինչև երկու հարյուր միլիոն դրամ տուգանքի չափով։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը` Հանձնաժողովը, կարող է որոշում ընդունել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչև վարչական վարույթի հարուցումն իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին և կամովին պարտավորվում դադարեցնել իր մասնակցությունը։ Միաժամանակ տնտեսվարող սուբյեկտը ներկայացնում է հակամրցակցային համաձայնությանը վերաբերող ապացույցներ, որոնք, ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք են տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար։ Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է օրենքով սահմանված ապացույցները։
Հակամրցակցային չեն համարվում այն համաձայնությունները, որոնք ուղղված են տնտեսվարող սուբյեկտների մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, տեխնիկական կամ տնտեսական առաջընթացին, արտադրության խթանմանը, ապրանքների կատարելագործմանը, ապրանքների արտահանման խթանմանը, նպաստում են սպառողների շահերին [21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տնտեսագիտական բացատրական բառարան», Գ․ Կիրակոսյան, Հ․ Ղուշչյան, Ի․ Տիգրանյան, Երևան, 1999, էջ 413
  2. «Տնտեսագիտական բացատրական բառարան», Գ․ Կիրակոսյան, Հ․ Ղուշչյան, Ի․ Տիգրանյան, Երևան, 1999, էջ 220
  3. «Anti-Competitive Practice », by Ivy Wigmore
  4. «Տնտեսագիտական բացատրական բառարան», Գ․ Կիրակոսյան, Հ․ Ղուշչյան, Ի․ Տիգրանյան, Երևան, 1999, էջ 128
  5. ««What is Predatory Pricing? », by Carole Hemingway»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-30-ին։ Վերցված է 2022-06-09 
  6. «China Faces Indian Dumping Allegations», By Charlotte Windle, BBC News
  7. «Exclusive Dealing», ACCC
  8. «U.S. V. DENTSPLY INTERNATIONAL, INC», An Official Website of the United States Government
  9. «Տնտեսագիտական բացատրական բառարան», Գ․ Կիրակոսյան, Հ․ Ղուշչյան, Ի․ Տիգրանյան, Երևան, 1999, էջ 110
  10. «Price Fixing», Federal Trade Commission
  11. «Flight Centre Ordered to Pay $12.5 Million in Penalties», ACCC
  12. «ACCC v Cabcharge Australia Ltd», Australian Competition Law
  13. «Refusal to deal», Academic Dictionaries and Encyclopedias
  14. «Market sharing», Competition Commission
  15. «Cartels Case Studies & Legal Cases», ACCC
  16. «In re Apple iPod iTunes Antitrust Litigation», United States District Court, N.D. California, San Jose Division
  17. «Ценовая дискриминация: виды и примеры», Шерементьева А. С., студ. I к. БГЭУ, науч. рук. ст. преп. Яхницкая Н. А.
  18. «Поддержание цены перепродажи», Экономический словарь
  19. «Externalities and the Common Owner », Madison Condon, Boston University School of Law
  20. «Anti-Competitive Agreements», Competition and Consumer Commission Singapore
  21. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, նոյեմբերի 6, 2000 թվական