Հակամիջուկային շարժում Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակամիջուկային շարժում Ավստրիայում, հասարակական շարժում, որի նպատակն էր խոչընդոտել ատոմային էներգետիկայի զարգացմանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից 30 կմ հեռավորության վրա՝ Դանուբ գետի ափին գտնվող Ցվենտենդորֆ քաղաքի մոտակայքում սկսվեց ավստրիական առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարությունը։ Ըստ նախագծի՝ այն պետք ՝է ունենար ջրաեռացման տեխնոլոգիայով աշխատող, 700 մեգավատտ հզորությամբ ռեակտոր, և նրա թողարկած էլեկտրաէներգիան պիտի կազմեր Ավստրիայում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտավորապես 10 %[1]։ Ավստրիական հասարակության շատ խմբեր պայքարի դուրս եկան այդ նախագծի իրականացման դեմ։ Դրանց շարքերում էին ընտանիքի և ժառանգականության շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, պահպանողականներ, ձախ ուտոպիստներ, բնապահպաններ, տեխնիկայի՝ քննադատաբար տրամադրված մասնագետներ... Նրանք համախմբվելով ստեղծեցին ատոմային էլեկտրակայանի հակառակորդների հասարակական պլատֆորմ, լույս ընծայեցին «Wie ist das mit den Atomkraftwerken wirklich?» (հայերեն՝ «Ինչ է ատոմային էլեկտրակայանը իրականում») վերնագրով մի բրոշյուր, սկսեցին հրատարակել ծավալով, շրջանառությամբ, տպաքանակով հետզհետե աճող լրագիր, որի տպագրությունը ֆինանսավորվում էր անհատ հովանավորների և թերթի վաճառքից գոյացած գումարների միջոցով։ Շատ ակտիվիստներ էլ նպատակային խմբեր ձևավորեցին, որոնք ստեղծեցին ու բանուկ վայրերում տեղադրեցին տեղեկատվական վահանակներ, անցորդներին, այցելուներին տրամադրեցին, ներկայացրեցին պաշտոնականին հակառակ տեղեկատվություն։

1978 թվականի հունիսին Ավստրիայի սոցիալիստ վարչապետ դոկտոր Բրոնի Կրայսկին հայտարարեց Ցվենտենդորֆի ատոմակայանի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու որոշման մասին։ Այդ նույն տարվա նոյեմբերի 5-ին հանրաքվեն անցկացվեց։ Դրան մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների շուրջ երկու երրորդը՝ 3 միլիոն 260 հազար մարդ, որոնց 50,5 տոկոսը քվեարկեց ատոմակայանին դեմ, 49,5 տոկոսը՝ կողմ։ Հանրաքվեի այսպիսի արդյունքների հարցում թերևս որոշակի դեր խաղաց նաև Ավստրիայում մեծ թվով հզոր հիդրոէլեկտրակայանների սեփականատեր Ֆերբուդկոնցեռնի ակտիվ դիրքորոշումը։ Բանն այն է, որ, վախենալով, թե ատոմակայանի շահագործումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի գնի իջեցման, այդ կոնցեռնը հանրաքվեից դեռ ամիսներ առաջ «Կրոնենցայտունգ» թերթում ազդու կամպանիա ծավալեց ատոմակայանի դեմ՝ հրապարակելով բազմաթիվ տպավորիչ հոդվածներ աշխարհի տարբեր ատոմային էլեկտրակայաններում մինչ այդ տեղի ունեցած վթարների ու դրանց հետևանքների մասին։

Ցվենտենդորֆի էլեկտրակայանը կառուցվեց, սակայն միջուկային էներգիայով էլեկտրականություն դեռևս չի արտադրել[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Austria's no to nuclear power
  2. «Austria's Anti-Nuclear Crusade» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]