Հաթիջա Մեհմեդովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաթիջա Մեհմեդովիչ
Հաթիջա Մեհմեդովիչ.jpg
Ծնվել է1952
Մահացել էհուլիսի 22, 2018(2018-07-22)
Մահվան վայրՍարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
ԳերեզմանԲոսնիա և Հերցեգովինա
ՔաղաքացիությունFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունիրավապաշտպան

Հաթիջա Մեհմեդովիչ (բոս․՝ Hatidža Mehmedović,), բոսնիացի իրավապաշտպան, «Սրեբրենիցայի մայրեր» կանանց ասոցիացիայի հիմնադիր։ Նրա հարազատները սպանվել էին 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում տեղի ունեցած ջարդերի ժամանակ, որոնք կազմակերպվել էին սերբական ռազմական խմբավորումների կողմից՝ Մլադիչի գլխավորությամբ[1]։ Մոտ 8000 բոսնիացի տղամարդկանց և տղաների, այդ թվում նրա ամուսնու և երկու որդիների կոտորածից հետո, Մեհմեդովիչը դարձավ այդ հանցագործությունը կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ակտիվ աջակիցներից մեկը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաթիջա Մեհմեդովիչը ծնվել է 1952 թվականին[2]։ Բոսնիական պատերազմի սկզբում Հաթիջա Մեհմեդովիչը տարրական կրթությամբ տնային տնտեսուհի էր[1]։ Նա ապրում էր Բոսնիա և Հերցեգովինայի արևելյան Սրեբրենիցա քաղաքից ոչ հեռու գտնվող Վիդիկովաչում, ամուսնու՝ Աբդուլլահի և իրենց որդիների՝ Ազմիրի և Ալմիրայի հետ (որին անվանում էին Լալո)[1][3]։

Սրեբրենիցայի կոտորած[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին սերբական ուժերը գրավեցին Արևելյան Բոսնիայի մեծ մասը և տեղահանեցին տեղի բոսնիացի և խորվաթ բնակչությանը էթնիկ զտումների ընթացքում։ Նրանց նպատակը սերբերի կողմից վերահսկվող տարածքների բռնակցումն էր և դրանց վերջնական միացումը հարևան Սերբիային[1]։ Ավելի քան 40000 մարդ, հիմնականում բոսնիացիներ, ապաստան գտան Սրեբրենիցայում, որը բոսնիացի սերբերի վերահսկողությունից դուրս գտնվող վերջին անկլավներից մեկն էր[1]։ Սակայն Սրեբրենիցան գրավեցին Մլադիչի գլխավորած ուժերը[1], որտեղից կանայք տարհանվել էին, բայց տղամարդկանց մեծ մասը սպանվեց սերբական զինված ուժերի կողմից[1]։

Հաթիջա Մեհմեդովիչը վերջին անգամ տեսավ իր ամուսնուն և երկու որդիներին Սրեբրենիցայի մոտակայքում գտնվող անտառապատ բլուրների տարածքում, նախքան նրանցից բաժանվելը[1][2]։ Բաժանվելով հարազատներից` նա չէր պատկերացնում, որ նրանք բոլորը կսպանվեն սերբերի կողմից և ակնկալում էր, որ երկու-երեք օր հետո կմիավորվի նրանց հետ[1]։ Մեհմեդովիչը տեղափոխվեց Տուզլայի հարևանությամբ գտնվող համեմատաբար անվտանգ Կլադան քաղաք[1]։ Կարմիր խաչի ներկայացուցիչները հետագայում հաղորդեցին Մեհմեդովիչին, որ նրա ամուսինն ու որդիները անհայտ կորած են[1]։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ մոտ 8000 զոհերի թվում են եղել նրա ամուսինը, երկու որդիները և երկու եղբայրները (Էդեմ և Համեդ)[1]։

Իրավապաշտպանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ նրա ամուսնու և որդիների մնացորդները հայտնաբերվեցին Սրեբրենիցայի մոտակայքում գտնվող եղբայրական գերեզմանոցում[1]։ Նրանց մարմինները ճանաչվեցին և 2010 թվականին Մեհմեդովիչը վերաթաղեց նրանց Սրեբրենիցա քաղաքի հարևանությամբ գտնվող Պոտոչարի գյուղի կոտորածի զոհերի հուշահամալիրում[1]։

1990-ականների վերջից մինչև 2002 թվականը Մեհմեդովիչը ապրում էր Սարաևոյի արվարձանում[2]։ Չնայած պատերազմի և կոտորածի հետ կապված հիշողություններին, 2002 թվականին նա վերադարձավ իր նախապատերազմական տուն Վիդիկովացում, որը գտնվում էր Սրեբրենիցայի մոտակայքում Պոտոչարի ճանապարհին[2][3]։ Նա առաջին բոսնիացի մուսուլմաններից մեկն էր, ով բոսնիական պատերազմի ավարտից հետո ընդմիշտ վերադարձավ այդ տարածք, ցանկանալով ցույց տալ, որ բոսնիացիներն ու բոսնիացի սերբերը դեռ կարող են ապրել կողք կողքի[2]։ Մեհմեդովիչը վերադարձավ բոլորովին այլ տարածք, որը տարբերվում էր նախկին հայրենիքից։ 2002 թվականին տարածաշրջանում էլեկտրականության խնդիրներ էին առաջացել և ճանապարհներն անբարեկարգ էին[2]։ Այդ ժամանակ նրա միակ հարևանը մի տարեց սերբ էր, որին նա օգնում էր տնային աշխատանքների և գնումներ կատարելու հարցերով[2]։ Մեհմեդովիչը շեշտեց, որ ինքը չի մեղադրում սերբերին և նրանց վրա չի պարտադրում կոլեկտիվ պատասխանատվություն[2]։ Փոխարենը, նա սկսեց ակտիվորեն պայքարել Սրեբրենիցայում կոտորածը կատարած առանձին անձանց ձերբակալելու և դատապարտելու համար[2]։ Նույն թվականին Մեհմեդովիչը հիմնում է «Սրեբրենիցայի մայրեր» միավորումը, որում ընդգրկված են կանայք և վերապրածներ, որոնց հարազատները սպանվել էին Սրեբրենիցայի կոտորածի ժամանակ[2]։ «Սրեբրենիցայի մայրերը» հանդես էին գալիս հանուն արդարադատության վերականգնման նվիրատվություններ հավաքում կոտորածից փրկվածների և նրանց ընտանիքների համար[2]։ Մեհմեդովիչը այս կազմակերպության առաջնորդն ու նախագահն էր[1][2]։

Հաթիջա Մեհմեդովիչը դարձավ արդարության պաշտպան հանուն իր ընտանիքի և ցեղասպանության այլ զոհերի[1]։ Նա ելույթներ էր ունենում բոսնիական և միջազգային լսարանների, լրագրողների, դպրոցականների, իրավապաշտպանների և քաղաքական գործիչների համար[1]։ Մահից առաջ տված հարցազրույցում նա վերահաստատեց իր աջակցությունը կոտորածի հետ կապված արդարության վերականգնմանը։

Aquote1.png Մենք չենք կարող թույլ տալ, որ սպանողները հայտնվեն նույն վիճակում, ինչ սպանվածները: Ես չպետք է լինեմ միակը, ով վախենում է ապագայից, որտեղ մենք չգիտենք, թե ով է հանցագործը, և ով է զոհը[1]: Aquote2.png


Իր կյանքի վերջին տարիներին Մեհմեդովիչը դեմ էր արտահայտվում Բոսնիայում աճող ազգայնականությանը[1]։ Նա հրապարակավ դատապարտում էր այն բալկանյան քաղաքական գործիչներին, որոնք հերքում էին Սրեբրենիցայի կոտորածի փաստը կամ աջակցում էին տարածաշրջանում էթնիկական և կրոնական տարանջատմանը[1]։

2017 թվականի նոյեմբերին Մեհմեդովիչը մեկնեց Հաագա, որտեղ ներկա գտնվեց Սրեբրենիցայի կոտորածի կազմակերպիչներից մեկի` Ռատկո Մլադիչի դատավարությանը, որին ցմահ բանտարկության դատապարտեցին[2]։ Դատավճռի հրապարակումից հետո Deutsche Welle-ին տված հարցազրույցում Մեհմեդովիչը նշել է, որ «Մլադիչի համար ցմահ բանտարկությունը պարզապես մի կաթիլ էր ծովում»։ Խոսելով «Սրեբրենիցայի մայրեր»-ի ղեկավարի անունից՝ նա նշել է.

Aquote1.png Մենք` մայրերս, ապրում ենք միայն մեր երեխաների մասին հիշողություններով[2]: Aquote2.png


Մեհմեդովիչը հիշեցնում էր նաև, որ դեռ կան մարդիկ, ովքեր բոսնիական պատերազմի ընթացքում մարդկության դեմ այլ հանցագործություններ են գործել, որոնք նույնպես պետք է դատարանի առաջ կանգնեն՝ հավելելով.

«Մենք ցավում ենք, որ Մլադիչը դատապարտվեց միայն Սրեբրենիցայի համար, և ոչ թե բոսնիական այլ համայնքներում կազմակերպած ցեղասպանություն համար: Կոտորածը կազմակերպողներին դատում են, բայց այդ հանցագործությունների արդյունքում ստեղծված կազմավորումները (Սերբական Հանրապետություն Բոսնիայի և Հերցեգովինայի Հանրապետությունում, Սերբական Հանրապետություն) դեռ գոյություն ունեն: Նրանց ղեկավարները ցանկանում են այն դարձնել առանձին պետություն կամ կցել Սերբիային: Մենք դա երբեք չենք ընդունի[2]»։

Սրեբրենիցայի մերձակայքում գտնվող Մեհմեդովիչի տունը, որտեղ վերադառնալու իրավունք նա ստացավ 2002 թվականին, դարձավ կոտորածի զոհերի հուշարձան[2]։ Նա խնամում էր բակում գտնվող երեք սոճու ծառերը, որոնք իր որդին՝ Ալմիրը տնկել էր Բոսնիայի պատերազմից առաջ[2][3]։ Նա նաև խնամքով պահպանում էր դեպի տուն տանող բետոնապատ ճանապարհը, որի վրա Ալմիրը գրել էր իր անունը դեռևս չկարծրացած բետոնի վրա[2][3]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաթիջա Մեհմեդովիչը մահացել է կրծքագեղձի քաղցկեղի բարդություններից՝ Սարաևոյի հիվանդանոցում, 2018 թվականի հուլիսի 22-ին, 65 տարեկան հասակում[1]։ Նրա մահվան փաստը հաստատել էր իր ընկեր և Սրեբրենիցայի նախկին քաղաքապետ Կամիլ Դուրակովիչը, ով նրան անվանել էր «խիստ, ուժեղ կին և արտակարգ առաջնորդ, որն ապրել ու աշխատել էր առավելապես նահապետական հասարակության պայմաններում, երբ կանայք հիմնականում մնում էին հետին պլանում»[1]։

Հարյուրավոր մարդիկ մասնակցեցին Մեհմեդովիչի հուղարկավորությանը Սրեբրենիցայում[4][5]։ Նրան թաղել են Սուչեսկա գյուղում[4]։

Գերմանացի քաղաքական գործիչ և Բունդեսթագի անդամ Միխայիլ Բրանդը, որը սերտորեն համագործակցում էր Մեհմեդովիչի հետ, նշել է, որ նա «մարտնչել է առյուծի պես» կոտորածի զոհերի և նրանց ընտանիքների անունից, բայց «արդարությունը նրա առաքելությունն էր, ոչ թե վրեժխնդրությունը»[2]։ Նա նրան անվանել էր «փուշ այն մարդկանց կոկորդին, որոնք դեռ փորձում են կոծկել պատերազմի ամենալուրջ հանցագործությունները և վերաշարադրել պատմությունը» կրկնելով, որ առանց Մեհմեդովիչի Սրեբրենիցայի կոտորածի շատ մանրամասներ և կատարողներ երբեք չէին բացահայտվի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Surk Barbara (2018-07-27)։ «Hatidza Mehmedovic, 65, Dies; Spoke Out for Bosnia Massacre Victims»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2018-07-30-ին։ Վերցված է 2019-03-10 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 Rose Jasmina (2018-07-24)։ «'Mothers of Srebrenica' justice advocate Hatidza Mehmedovic dies»։ Deutsche Welle։ Արխիվացված օրիգինալից 2018-07-25-ին։ Վերցված է 2019-03-10 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rodic Adnan (2018-07-24)։ «Hatidza Mehmedovic, head of Mothers of Srebrenica, dies at 65»։ Al Jazeera English։ Արխիվացված օրիգինալից 2018-08-21-ին։ Վերցված է 2019-03-10 
  4. 4,0 4,1 «Hundreds Attend Funeral for Mothers of Srebrenica Leader»։ Ассошиэйтед Пресс (Голос Америки)։ 2018-07-25։ Արխիվացված օրիգինալից 2018-07-26-ին։ Վերցված է 2019-03-10 
  5. «Funeral For Mothers of Srebrenica Leader Attended By Hundreds»։ Радио «Свобода»։ 2018-07-25։ Արխիվացված օրիգինալից 2018-08-21-ին։ Վերցված է 2019-03-10