Հազարան բլբուլ (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարան բլբուլ
Աֆիշա/պաստառ/բեմ
Տեսակբալետ և երաժշտական գործ/ստեղծագործություն
ԽորեոգրաֆՄիխայիլ Ֆոկին
ԿոմպոզիտորԻգոր Ստրավինսկի
ԲեմանկարիչԱլեքսանդր Գոլովին
Զգեստների ձևավորողԼեոն Բակստ
Առաջին ներկայացումհունիսի 25, 1910
 The Firebird (ballet) Վիքիպահեստում

Հազարան բլբուլ (ֆր.՝ L'Oiseau de feu), Իգոր Ստրավինսկու մեկ գործողությամբ բալետ, որը գրվել է Սերգեյ Դյագիլևի պատվերով` իր «Ռուսական բալետներ» ձեռնարկության համար։ Ներկայացման պրեմիերան ըստ Միխաիլ Ֆոկինի խորեոգրաֆիայի և Ալեքսանդր Գոլովինի ձևավորմամբ կայացել է 1910 թվականի հունիսի 25-ին, Գրանդ օպերա թատրոնի բեմում։ Գլխավոր դերերը կատարել են Թամարա Կարսավինան (Հազարան բլբուլ), Միխաիլ Ֆոկինը (արքայորդի Իվան), Վերա Ֆոկինան (արքայադուստր) և Ալեքսեյ Բուլգակովը (Կոշչեյ), դիրիժոր` Գաբրիել Պերեն։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետը գրվել է կախարդական Հազարան բլբուլի մասին ռուսական ազգային հեքիաթի մոտիվներով, որը միաժամանակ և՛ օրհնություն է, և՛ անեծք այն մարդու համար, որին պատկանում է այն։ Երաժշտություն գրելու համար Դագիլևը սկզբում ներգրավել է Ա. Լյադովին, սակայն Լյադովը շատ դանդաղ էր աշխատում, և Դյագիլևն ի վերջո պատվերը փոխանցում է Ստրավինսկուն։ Բալետը սկիզբ է դրել Դյագիլևի և Ստրավինսկու ստեղծագործական համագործակցությանը։

Պրեմիերան ըստ Միխայիլ Ֆոկինի խորեոգրաֆիայի և Ալեքսանդր Գոլովինի և Լեոն Բակստի ձևավորմամբ կայացել է 1910 թվականի հունիսի 25-ին, Գրանդ օպերա թատրոնի բեմում։ Երաժշտախմբին ղեկավարում էր դիրիժոր Գաբրիել Պերնեն։ Գլխավոր դերերը կատարել են Թամարա Կարսավինան (Հազարան բլբուլ, Ստրավինսկին ներկա է գտնվել փորձերին և օգնել է Կարսավինային ըմբռնել ռիթմը և բարդ երաժշտական պատկերները), Միխայիլ Ֆոկինը (արքայորդի Իվան), Վերա Ֆոկինան (արքայադուստր) և Ալեքսեյ Բուլգակովը (Կոշչեյ)։

1917 թվականի թատերաշրջանի ժամանակ Գրանդ օպերայում Դյագիլևը ցուցում է տվել բալետի ավարտին դուրս բերել կարմիր դրոշը` ի նշան Ռուսաստանում տեղի ունեցած Փետրվարյան հեղափոխությանն ուղղված ողջույնի[1]։

Հետագայում Ֆոկինի բալետն ընդգրկվել է «Ռուսական օրիգինալ բալետի» խաղացանկում, որտեղ Հազարան բլբուլի դերը կատարել են Վալենտինա Բլինովան և Թամարա Թումանովան։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հազարան բլբուլ
  • Իվան Ցարևիչ
  • Աննման Գեղեցկուհի Արքայադուստր
  • Կոշչեյ
  • Գիշերային ձիավորներ
  • Առավոտյան ձիավոր
  • Կոշչեյի թագավորության սպասավոր
  • Աղջիկներ, երիտասարդներ, դյուցազուններ

Լիբրետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռերի մոտ, լեռան վրա կանգուն էր չար արքայի` Անմահ Կոշչեյի ապարանքը։ Որպեսզի ոչ ոք չմտներ Կոշչեյի մոտ և ապարանքից չփախցնեին գերուհի գեղեցկուհի արքայադուստրերին, չգողանային կախարդական այգու ոսկե պտուղները, ապարանքը շրջափակված էր փորագրված, ոսկե վանդակաճաղերով, իսկ այգին` բարձր, քարե պատնեշով։

Դանդաղ հայտնվում է գիշերային ձիավորը` սև ձիով և սև հագուստով։ Երբ նա հեռանում է, մթնում է, միայն ոսկե խնձորներն էին ծառի վրա լույս տալիս։ Սակայն հենց այդ ժամանակ այգին լուսավորվում է Հազարան բլբուլի վառ լույսով։ Նա թռչում էր այգով։

Իվան Ցարևիչը, հետևելով թռչունին, բարձր քարե պատնեշի վրայով ներխուժում է այգի։ Նա ամենուրեք հանդիպում է հրեշի կերպարանքով քարացած մարդկանց։ Կոշչեյն իր բոլոր թշնամիներին քար էր դարձրել։ Այգու խորքում Իվանը տեսնում է մի ամբողջ պատնեշ, որը կազմված էր քարացած դյուցազուններից։ Դրանք երիտասարդներն էին, որոնք ներխուժել էին այդ սարսափելի թագավորությունը` իրենց հարսնացուներին փրկելու համար, որոնց փախցրել էր չար Կոշչեյը։ Նրանք բոլորը մահացել էին, բոլորը կանգուն էին ինչպես անշարժ քարերը, պատված մամուռով։ Կուրացած Հազարան բլբուլից` Իվան Ցարևիչն իր կամքից անկախ մոռանում է այդ սարսափների մասին։ Նա ցանկանում էր խփել թռչնին, իսկ հետո որոշում է բռնել կենդանի։

Երբ Հազարան բլբուլը թռչում է ոսկե խնձորներով ծառին և սկսում է կտցել դրանք, արքայորդին բռնում է նրան։ Թռչունն իր ձեռքերում ցնցվում էր, խնդրում էր բաց թողնել։ Արքայորդին ամուր բռնել էր և բաց չէր թողնում։ Սակայն թռչունը այնպես աղիողորմ էր խնդրում, այնպես էր հառաչում, որ բարի Իվանը սկսում է խղճալ նրան։ Նա թռչնին ազատ է արձակում, իսկ վերջինս դրա փոխարեն նրան հրե փետուր է տալիս։ Հազարան բլբուլն ասում է. «Այն քեզ պետք կգա», և հեռանում է։

Արքայորդին փետուրը պահում է ծոցում և արդեն փորձում էր անցնել պատնեշը, սակայն բացվում են ապարանքի դռները, և հայտնվում են քսան գեղեցիկ արքայադստրերը, իսկ նրանց հետևում ամենագեղեցիկը` արքայադուստր Աննման Գեղեցկուհին։ Չար արքայից գաղտնի, լուսնի լույսի տակ, դուրս են գալիս նրանք գիշերով այգի վազվզելու, խնձորներով խաղալու։ Չտեսնելով արքայորդուն` միմյանց խնձորներ են նետում, ծիծաղում։

Աննման Գեղեցկուհի արքայադստեր խնձորն ընկնում է թփերի մեձ։ Նա գնում է խնձորի հետևից։ Իսկ թփերի հետևից դուրս է գալիս արքայորդին, խոնարհվում է և փոխանցում խնձորը։ Աղջիկները վախենում են և փախչում։ Սակայն հիրավի շատ գեղեցիկ էր արքայորդին, և՛ հարգալից, և՛ համեստ։ Նա դուր է գալիս աղջիկներին,հատկապես` Աննման Գեղեցկուհուն։ Եվ նրանք Ցարևիչին ընդգրկում են իրենց խաղերում, շուրջպարերում։ Չեն նկատում, թե ինչպես է լույսը բացվում։ Արագորեն մոտենում է Առավոտվա ձիավորը` սպիտակ ձիով, սպիտակ հագնված։ Լուսանում է։ Աղջիկները շփոթված վազում են ապարանք։ Արքայորդին հետևում է նրանց։ Աննման Գեղեցկուհին կանգնեցնում է նրան, զգուշացնելով, որ ոսկե դարպասներով անցնելու դեպքում կմահանա և փակում է դարպասները, հեռանում։ Սակայն արքայորդին այնպես էր սիրահարվել, որ ոչնչից չէր վախենում և որոշում է հետևել նրան։

Հենց որ նա իր սրով կոտրում է դարպասները, ողջ թագավորությունը արթնանում է, լսվում են կախարդական հնչյունները։ Ապարանքից դեպի լեռն են գլորվում տարաբնույթ հրեշներ` Կոշչեյի սպասավորները։ Բռնում են արքայորդուն։ Իվանն ուժեղ է, թափահարելով ազատվում է գարշանքներից և չնայած անիծյալ թագավորության ուժին` հաղթում է նրան։ Հայտնվում է ծեր, սարսափելի Կոշչեյը։ Կանչում է Իվանին հարցաքննության։ Արքայորդին զսպում է իրեն, հանում է գլխարկը, բայց երբ տեսնում է կախարդի գարշելի դեմքը, չի դիմանում և թքում է։ Ճչում է, մռնչում է ողջ անիծյալ թագավորությունը։ Իվանին սեղմում են պատին։ Դուրս է վազում արքայադուստրը, արքային խնդրում է ներել Իվանին, բայց Կոշչեյն արդեն սկսում էր նրան քար դարձնել։ Կմահանար Իվանը, եթե չհիշեր հրե փետուրի մասին։ Հանում է փետուրը և թափահարում։ Նրան օգնության է թռչում Հազարան բլբուլը, նա բոլորին կուրացնում է, բոլորին պտտում և պարի նետում։ Պարում են հրեշները, չեն կարողանում դիմանալ։ Նույնիսկ Կոշչեյն էր պարում։ Հազարան բլբուլը բոլորին ուժասպառ է անում, մինչև որ ընկնեն և զարկում է գետնին, այնուհետև սահուն օրորի ներքո պառկածների վրա օրորվում է։ Կողք կողքի անիծյալները գլորվում են, բոլորն իրենց արքայի հետ քնում են։

Արքայորդի Իվանը փնտրում է Աննման Գեղեցկուհուն, նրան քնած վերցնում է ձեռքերի վրա և ուզում է տանել, սակայն Հազարան բլբուլը կանգնեցնում է նրան։ Նա տանում է արքայորդուն փչակի մոտ։ Փչակում տուփ էր, տուփի մեջ` ձու, ձվի մեջ` Կոշչեյի մահը։ Արքայորդին հանում է ձուն, սեղմում է այն, Կոշչեյը ծռմռվում է, ձեռքից ձեռք է գցում, Կոշչեյը մի կողմից մյուսն է թռչում, կոտրում է ձուն գետնին, Կոշչեյը ցիրուցան է լինում։

Անհետանում է անիծյալ թագավորությունը։ Դրա փոխարեն քրիստոնեական քաղաք է վեր բարձրանում, ապարանքը եկեղեցու է վերածվում։ Քարե դյուցազունները կենդանանում են։ Նրանցից յուրաքանչյուրը գտնում է իր հարսնացուին` նրան, ում համար սարսափելի Կոշչեյի մոտ էին գնացել, որի համար դաժան կախարդանքի էին արժանացել։ Արքայորդի Իվանը նույնպես գտնում է իր սիրելին` Աննման Գեղեցկուհի արքայադստերը։ Հայտարարում է նրան որպես իր կին` ազատված թագավորության թագուհի։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի երաժշտական դրամատուրգիայում կարևոր նշանակությունը երկու ժողովրդական թեմաների առկայությունն է, որը Ստրավինսկին փոխառել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Հարյուր ռուսական ժողովրդական երգեր» ժողովածուից. «Արքայադստեր շուրջպարը» առաջին տեսարանի լիրիկական գագաթնակետում հնչում է «Как по садику» երգը[2], երկրորդ տեսարանի ավարտին`«Դարպասների մոտ սոճին ճոճվել է»[3]։ Եթե «Как по садику» երգը Ստրավինսկու մշակմամբ պահպանում է իր ռիթմիկ, մեղեդային բնույթը և լիրիկական բնավորությունը (սակայն ենթարկվում է ինտենսիվ փոխարկման), երկրորդ թեման, որը սկզբում նոտագրված էր 3/4 երաժշտական չափով, կոմպոզիտորը նոտագրում է 7/4 երաժշտական չափով, ազատվելով պարբերաբար շարունակվող միատոնությունից փայլուն կերպով գործիքավորում է այն Մուսորսկու և Ռիմսկի-Կորսակովի «զամգակային» ձևով։ Այս կերպ վարպետի ձեռքով փոխակերպված հասարակ երգը ապոթեոզ ավարտին ստանում է օրհներգային բնավորություն։

Նվագախմբային սյուիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի երաժշտության հիմքում Ստրանիվսկին գրել է երեք նվագախմբային սյուիտներ (1-ին խմբ., 1910, 2-րդ խմբ. 1919, 3-րդ խմբ. 1945 թթ.): Սյուիտի երրորդ խմբագրումը նվիրված է Անդրեյ Նիկոլաևիչ Ռիմսկու-Կորսակովի հիշատակին։

1910 թվական` առաջին կատարումը Պետերբուրգում տեղի է ունեցել 1910 թվականի հոկտեմբերի 23-ին (նոյեմբերի 5-ին), դիրիժոր` Ալեքսանդր Զիլոտի։ 1919 թվական` առաջին կատարումը Ժնևում տեղի է ունեցել 1919 թվականի ապրիլի 12-ին, դիրիժոր` Էռնեստ Էնսրմե։ 1945 թվական` առաջին կատարումը տեղի է ունեցել նյու Յորքում 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, դիրիժոր` Յաշա Գորենշտեյն։

«Հազարան բլբուլ» բալետի նվագախմբային սյուիտները Ստրավինսկու` խաղացանկում ամենահաճախ հանդիպած նվագախմբային ստեղծագործություններից էին։ Ավելի շատ տարածված է երկրորդ խմբագրումը (1919 թվական), չնայած երրորդ խմբագրումը (1945 թվական) բալետից ավելի շատ երաժշտական նյութ էր իր մեջ պարունակում։ Բալետմաստերն ինքը ասել է Ռոբերտ Կրաֆտին, որ կնախընտրեր օրիգինալ պարտիտուրայի փոխարեն, որից նա փորձում էր զերծ մնալ բալետային ներկայացումներում, օգտագործել համերգային տարբերակը։

Բեմադրություններ (ընտրված)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1921 թվական` Ֆյոդոր Լոպուխով, Պետրոգրադի օպերայի և բալետի պետական թատրոն։
  • 1945 թվական` Լեոնիդ Մյասին, Նյու Յորքի Ամերիկյան բալետի թատրոն, ձևավորումը և զգեստները` Մարկ Շագալի։
  • 1949 թվականի նոյեմբերի 27` Ջորջ Բալանչին, Նյու Յորք Սիթի բալետ, երաժշտության և դրամայի քաղաքային կենտրոն։

Բալանչինը, 1921 թվականին պարելով Պետրոգրադում Լապուխովի բեմադրությունում, կոշչեյի դերում և ավելի ուշ Ֆոկինի բեմադրությունում կատարելով Կոշչեյի դերը (Լինկոլն Կրիսթայնը տեսել է նրա ելույթը Լոնդոնում 1926 թվականին), 1949 թվականին Նյու Յորքում ստեղծել է սեփական տարբերակը իր խմբի համար։ Օգտագործվել են Մարկ Շագալի դեկորացիաները և զգեստները, որոնք մնացել էին Մյասինսկու` 1945 թվականի բեմադրությունից։ Լուսային ձևավորումը` Ջին Ռոզենտալի, բեմադրիչ դիրիժոր` Լեոն Բարզեն։ Գլխավոր դերերը կատարել են Մարիա Տոլչիֆը (Հազարան բլբուլ), Ֆրանցիսկո Մոնսոն (Իվան ցարևիչ), Պատրիսիա Մակբրայդ (Արքայադուստր) և Էդվարդ Բիգելոուն (Կոշչեյ)։ Ներկայացումը խաղացանկում մնացել է մինչև 1965 թվականը։ 1970 թվականին Բալանչին վերականգնել է բալետը ըստ Վարվարա Կարինսկայի զգեստների, դեկորացիան ըստ Շագալի էսքիզների, կատարվել են Վալոդի Օդինակովի ղեկավարությամբ։ Հրեշների պարը բեմադրել է Ջերոմ Ռոբինսը։ 1972 թվականին բալետում կատարվել են որոշակի փոփոխություններ, 1980 թվականին Բալանչին թարմացրել է բալետը` այն մոտեցնելով առաջին տարբերակին (1949 թվական)։

  • 1950 թվականին՝ Մորիս Բեժար, Ստոկհոլմի թագավորական օպերա (կատարողներ` Էլեն Ռաշ, Մորիս Բեժար, Բյորն Հոլմգրեն)։
  • 1970 թվականի հոկտեմբերի 31` Մորիս Բեժար, Սպորտի պալատ, Փարիզ, ձևավորումը և կոստյումները` Ջոել Ռուստանի (Joëlle Roustan) և Ռոժե Բեռնառի (Roger Bernard), լուսավորությունը` Դոմինիկա Ռոմանի, օգտագործվել է նվագախմբային սյուիտը։

18 պարողների համար բալետը սերտորեն կապված է 1960-ական թվականների վերջին և ուսանողական հեղափոխության տրամադրությունների հետ։ Բեժարը լսել է «հեքիաթային» հեղափոխական երաժշտությունը, խռովարարական ոգին, ներկայացման հիմնական փոխաբերությունը մարդկության դարավոր պատերազմն էր ազատության համար, նրա մահը և վերածնունդը[4]։ Բեժարը ստեղծել է իր արական «Հազարան բլբուլին» «Հեղափոխության չորս պոետները։ Ալեքսանդր Բլոկ, Սերգեյ Եսենին, Վլադիմիր Մայակովսկի, Բորիս Պաստեռնակ» գրքից ոգեշնչված[4]։ Ետ մղվելով «Ստրավինսկին` ռուս երաժիշտ» և «Ստրավինսկին` հեղափոխական» կանխադրույթից, նա իր ներկայացմանը բնաբան է տվել. «Հազարան բլբուլը փյունիկ է, որը վերակենդանացել էր մոխրից։ Պոետը, ինչպես և հեղափոխականը, Հազարան բլբուլն է»։

  • 1975 թվական` Բորիս Էյֆման, Մարինյան թատրոն։
  • 2000 թվական` Ն. Կասատկինայի և Վ. Վասիլյովի դասական բալետի թատրոն, Մոսկվա։
  • 2002 թվական` Ալեքսեյ Ռատմանսկի։
  • Յուրի Պոսախով, Սան Ֆրանցիսկոյի բալետ։

Արտացոլումն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Շագալը, որպես հարգանքի տուրք Ստրավինսկուն, զետեղել է «Հազարան բլբուլ» բալետը Գրանդ օպերայի իր պլաֆոն դահլիճում (1960-1964 թվականներին)։ Ներկապնակը ձեռքին նկարչի և կանաչ թռչունով («Կարմիր» հատված) ու կրակում բոցավառվող («Կանաչ» հատված), սպիտակ թռչունով կախարդական խնձորենու միջև թռչում է երաժիշտ հրեշտակը` թավջութակի մարմնով, նրա վերևում գմբեթ է և կախարդված քաղաքի տանիքներ, իսկ եղևնիների միջև` կարմիր հազարան բլբուլը։ Կարմիր ամպհովանու ներքո պսակադրվում էին արքայադուստրն և արքայորդին, նրանցից աջ կախարդված աղջիկներն էին, կանայք, որոնք տանում էին մրգերով զամբյուղը և նաև մեկ երիտասարդ զույգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Схейен, Шенг Дягилев. «Русские сезоны» навсегда / Пер. с нидерландского Н. Возненко и С. Князьковой. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2012. — С. 351. — 608 с. — ISBN 978-5-389-05009-9
  2. См. оригинал песни в Викитеке.
  3. См. оригинал песни в Викитеке
  4. 4,0 4,1 Т. Е. Кузовлева. The best of… Морис Бежар // Петербургский театральный журнал, № 31 (2003).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Taruskin, Richard. Stravinsky and the Russian Traditions. Oxford: Oxford University Press, 1996. ISBN 0-19-816250-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազարան բլբուլ (բալետ)» հոդվածին։