ՀՅԴ Զինվորական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

XIX դ. վերջին և XX դ. սկզբին օսմանյան դարավոր լծից ազատագրված Բուլղարիան դարձավ այն երկրներից մեկը, որտեղ իր կառույցները ստեղծեց և բազմատեսակ ու եռանդուն գործունեություն ծավալեց հայոց ազատամարտի ղեկը ստանձնած Հ.Յ. Դաշնակցություն կուսակցությունը։ Հայ և բուլղար-մակեդոնացի հեղափոխականների համագործակցությունն այդ տարիներին ունեցավ իր ամենաբազմազան դրսևորումները՝ ռումբերի, պայթուցիկ նյութերի և այլ զինամթերքի ձեռք բերում ու փոխադրում Կ. Պոլիս, ազատամարտի համար դրամական միջոցների ձեռքբերման նպատակով իրականացված համատեղ ձեռնարկներ, Բուլղարիայում հայկական զինավարժական-մարմնամարզական կամ նշանառության խմբերի ստեղծում, բուլղարական ռազմական ուսումնարաններում հայազգի զինվորական կադրերի պատրաստում:Հայ-բուլղարական համագործակցության վերը թվարկված շարքում իր արժանվույն տեղը ունեցավ Բուլղարիայում ՀՅԴ Զինվորական գաղտնի դպրոցի հիմնումը և գործունեությունը։ ՀՅԴ տպագիր վավերագրերի համաձայն զինվորական դպրոցի ծրագիրը զգալիորեն փոխվում է, երբ դրա կազմակերպման գործը ստանձնում է Անդրանիկը։ Վերջինս զենք ձեռք բերելու նպատակով, Ռոստոմի հանձնարարությամբ նախ մեկնում է Փարիզ, ապա` նույն նպատակով 1905 թ. մարտին ժամանում Բուլղարիա։ Այստեղ նրան վիճակված էր ստանձնել ՀՅԴ Զինվորական դպրոցի կազմակերպման գործը։ Բուլղար գործիչ Լյապով Գուրինի ուղեկցությամբ Անդրանիկը և ՀՅԴ Բալկանյան կենտր. կոմիտեի ներկայացուցիչ Ե. Ալաջաջյանը 1906 թ. մայիսի 30-ին ներկայանում են Բուլղարիայի ռազմական նախարար Սազոնովին:Չնայած կարճատև գոյությանը (1906 թ. նոյեմբեր-1907 թ. հունիս), ՀՅԴ Զինվորական դպրոցը, տալիս է ռազմական արվեստի մեջ հմտացած շուրջ հիսուն շրջանավարտ։ Զինվորական դպրոցն առաջնորդվում էր բուլղարական սպայական վարժարանի ծրագրով, որը հարմարեցված էր հայ իրականությանը բնորոշ պայմաներին:Կարճ ժամանակ անց վարժարանի դասավանդման գործընթացում ներգրավվում է նաև Գարեգին Նժդեհը:Զինվորական դպրոցը, սակայն, չկարողացավ ծավալել երկարատև բնականոն գործունեություն։ Այն փակվեց քաղաքական, ֆինանսական և ներքին գաղափարական խնդիրների պատճառով։ Այսպիսով, Զինվորական գաղտնի դպրոցը հանդիսացավ հայ-բուլղարական համագործակցության ամենակարևոր արդյունքերից մեկը, որը սկզբնավորվել էր դեռևս 1890-ական թվականներից։ Ստեղծվեց ռազմական դպրոց, որում ի մի բերվեց բուլղարական սպայական դպրոցի փորձը, միաժամանակ նպաստելով՝ ունկնդիրների զենքի արվեստի տիրապետման, զինվորական պատրաստվածության և ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը։ Զինվորական դպրոցը կարճատև գոյության ընթացքում տվեց հրամանատարներ, որոնցից մի քանիսին վիճակված էր մեծ դեր ունենալ հայոց ազատամարտի պատմության մեջ, ինչպես Գարեգին Նժդեհը, Թռուցիկ Գևորգը, Մատթեոսը, խմբապետ Խորենը և այլք։ Զինվորական դպրոցի սաները մեծ դեր են խաղում նաև բուլղար ժողովրդի ճակատագրում։ Նրանց մի մասը տարիներ անց են Գ. Նժդեհի և Անդրանիկի հրամանատարությամբ գործող հայկական վաշտում և մասնակցում Բալկանյան 1-ին պատերազմին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկը և ՀՅԴ Բալկանյան կենտր. կոմիտեի ներկայացուցիչ Ե. Ալաջաջյանը 1906 թ. մայիսի 30-ին ներկայանում են Բուլղարիայի ռազմական նախարար Սազոնովին։ Այդ հանդիպումը նպաստում է հայ և բուլղար հեղափոխականների համագործակցության ընդլայնմանը և հանգեցնում մի շարք նոր գործերի և ձեռնարկների իրականացմանը:Դպրոցը բացվում է 1906թ. նոյեմբերին։ Դպրոց կարող էին ընդունվել 20-35 տարեկան երիտասարդները, ովքեր չունեին առողջական խնդիրներ։ Կարևոր նախապայման էր համարվում նաև ունկնդիրների ազնիվ, բարոյական նկարագիր ունենալն ու հեղափոխական գործին ծառայելու պատրաստակամությունը։ Նրանք պարտավոր էին ենթարկվել հրահանգներին և ցուցաբերել կատարյալ կարգապահություն:Դպրոցն իր պարապմունքները սկսեց 24 ունկնդիրներով, որոնցից 10 հոգի ներկայացել էին Բալկանյան երկրներից, նույնքան՝ Ամերիկայից, 4 հոգի՝ Կովկասից:Զինվորական դպրոցը, սակայն, չկարողացավ ծավալել երկարատև բնականոն գործունեություն:1907 թ. մարտի 24-ին փակվեց, բայց չդադարեցրեց իր գործունեությունը։ Նրա սաները տեղափոխվեցին թուրքական սահմանից հեռու գտնվող Ռոդոմետի շրջանի Փելովա վանքը։ Տեղափոխությունը սկսվեց մարտի 27-ին և ավարտվեց ապրիլի 9-ին, որտեղ գործեց ևս երկու ամիս։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընկեր Մարտիկ Յովհաննէսեանի յուշերը, Հ.Յ. Դաշնակցութեան Զինվորական դպրոցը, գրեց Օն. Մխիթարեան, «Հայրենիք» ամսագիր, փետրվար, 1931։
  2. Ռոստոմ, Նամականի, մահուան ութսուն ամեակին առթիւ, խմբ. Հ. Տասնապետեան, Պէյրութ, 1999։
  3. Նիւթեր…, Բ. հատոր, խմբ. Հ. Տասնապետեանի, Պեյրութ,1985։
  4. Մինասեան Մ., Զեկուցում Հ.Յ.Դ-եան Զին. դպրոցի, «Հայրենիք» ամսագիր, յուլիս, 1958, № 7:
  5. Արմէն, Հ.Յ. Դաշնակցութիւնը Պալքաններու մէջ (Ասատուր Պետիկեանի յուշերը), «Հայրենիք» ամսագիր, հոկտեմբեր, 1933 , № 12: