Հայ Մշակութային Արարատ Կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՄԱԿից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)

Հայ Մշակութային Արարատ Կազմակերպությունը (Հ.Մ.Ա.Կ.) մարզամշակութային կազմակերպություն է Իրանում, որը պատկանում է իրանահայերին։ Կազմակերպությունը ստեղծվել է 1944 թվականին, և մասնաճյուղեր ունեցել Իրանի տարբեր քաղաքներում, որոնցում եղել է հայ համայնք, ինչպիսին են Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Ուրմիան, Գերդաբադը, Շիրազը, Էրաքը, և Շահին Շահրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրանահայ մշակութային կյանքը նոր թափ ստացավ. վերաբացվեցին ազգային դպրոցները, հիմնվեցին նոր ազգային դպրոցներ, հրապարակ իջան նոր հրատարակված գրքեր։ Այս համընդհանուր աշխուժության հետ մեկտեղ հիմնվեցին նաև միություններ, որոնք իրականացնում էին մշակութային ծրագրեր։ Այդ միություններից էին՝ «Բժշկական և ատամնաբուժական համալսարանի հայ ուսանողների միությունը», «Թեհրանի համալսարանի ճարտարապետական մասնաճյուղի հայ ուսանողների միությունը», «Հայ կին» միությունը, մի փոքր ուշ հիմնվեց «Միտք և արվեստ» միությունը։

Այս շարժումն իր արձագանքը գտավ պատանիների շրջանում, որոնց ջանքերով հիմնվեցին «Լույս և միտք», «Արշալույս», «Րաֆֆի», «Շանթ» և «Կայծ» միությունները, որոնց անդամների թիվը յուրաքանչյուր միությունում հասնում էր 10-40 հոգու։

Սկզբնական շրջանում այս միությունների աշխատանքները ներքին բնույթ ունեին։ Հավաքվում էին անդամների տներում և զրույցներ, քննարկումներ էին ունենում։ Սակայն այս կարգի աշխատանքները բավարար չէին պատանիների համար, այժմ նրանք հասարակական բնույթի միջոցառումներով հանդես գալու կարիք էին զգում, իսկ միությունների հնարավորությունները բավարար չէին այդ կարիքները հոգալու համար։ Անցյալի փորձն էլ ցույց էր տվել, որ միությունները առանձին չունեին անհրաժեշտ նյութական և մարդկային ռեսուրսներ՝ նման ձեռնարկների իրականացնելու համար։ Այսպիոսվ, պատանեկան միությունները միավորելու պահանջ կար, հատկապես որ միությունների միավորումը արդյունավետ էր եղել, որի արդյունքում ստեղծվել էր «Հայ համալսարանականների ընդհանուր միությունը»։

1944 թվականի հուլիսի 4-ին «Մեհր» դպրոցի սրահում գումարած ընդհանուր ժողովում մի խումբ դեռահաս իրանահայեր ստեղծում են «Հայ պատանեկան մշակութային միությունը»։ Միությունը սկզբում ուներ 12 անդամ։ Իր հիմնադրման առաջին օրերին միությունը վարձեց գրասենյակ՝ Հաֆեզ պողոտայի վրա, որտեղ գումարվում էին վարչական և բաժանմունքների ղեկավար մարմինների ժողովները, իսկ միութենական հավաքների համար շաբաթական մեկ անգամ օգտագործվում էր «Մեհր», ապա՝ «Սան Լուի» դպրոցների սրահները։

Այսպիսով, «Հայ պատանեկան մշակութային միությունը» սկսեց իր գործունեությունը։ Միությունում բացվեց 4 բաժանմունք՝ երաժշտական, թատերական, մարզական և գրական, իսկ մանուկների համար՝ «Օժանդակ» անունով միավորը։ Յուրաքանչյուր բաժանմունք սկսեց կազմել և գործի դնել իր ծրագրերը, որոնք սկզբնական շրջանում ներքին ձեռնարկներ էին՝ միութենականների համար, ապա նաև՝ արտաքին՝ հասարակության համար։ Սկզբնական շրջանում աշխատանքները տարվում էին անդամների բնակարաններում, որը շատ դժվարություններ էր առաջ բերում։ Սակայն, արդեն 2 ամիս անց Ղավամ Սալթանե (ներկայիս՝ Սիյե Թիր) պողոտայում միությունը վարձակալեց երեք սենյակից բաղկացած մեկ հարկաբաժին, որը ծառայում էր որպես միության կենտրոնատեղի։

Թեհրանահայությունը, ով երկար տարիներ զրկված էր մշակութային ձեռնարկներից, մեծ խանդավառությամբ էր արձագանքում միության աշխատանքներին։ Այսպիսով, աստիճանաբար աճում էր միության անդամների թիվը, միության միջոցառումները սկսեցին ավելի հաճախակի բնույթ կրել, և որ ամենակարևորն էր, միջոցառումները ունենում էին լեցուն սրահներ։

Գրանցած հաջողությունների շնորհիվ միության կենտրոնատեղիի պայմանները բարելավելու անհրաժեշտություն առաջացավ։ Այդ պատճառով 1945 թվականի դեկտեմբերի 7-ին գումարվեց խորհրդակցական ժողով, որի ընթացքում կյանքի կոչվեց գործադիր հանձնախումբ, որն անմիջապես գործի անցավ՝ հանգանակելով շուրջ 50 հազար ռիալ։ Հանգանակած գումարի շնորհիվ հնարավորություն առաջացավ 1946 թվականի հունվարին վարձել իտալական նախկին ակումբի շենքը։ Կենտրոնատեղին անվանվեց «Մշակույթի տուն», որը հանդիսավոր կերպով բացվեց 1946 թվականի մարտի 15-ին։

Սակայն մինչ այդ՝ 1946 թ. մարտի 11-ին, գումարվեց միության ընդհանուր ժողովը, որը միության անունը փոխեց «Հայ երիտասարդական մշակութային միության»։ Միության վերելքը տևեց 3-4 տարի և իր գագաթնակաետին հասավ 1947 թ.-ին։ Որից հետո, սակայն, անկում ապրեց թեհրանահայ մշակութային կյանքն ընդհանրապես, որի մեջ նաև՝ «Հայ երիտասարդական մշակութային միությունը»։ Անկման պատճառներից էին՝ մշակութային միջոցառումների հաճախակի կրկնությունը, որի պատճառով հասարակությունը այլևս նախկինի պես չէր աջակցում ձեռնարկներին։ Այս իրավիճակը պայմանավորված էր Իրանի հետպատերազմյան շրջանի տնտեսական անկումով, ինչն ավելի սաստկացավ 1950-ական թվականներին։ Անկման մեկ այլ պատճառ էր 1947 թ. սկսված ներգաղթը, որը ժողովրդի ուշադրությունը կենտրոնացրեց իր վրա։

Որոշ դժվարությունների միջով անցնելով՝ 1949 թ. միությունը մեծ շուքով տոնեց միության գործունեության 5-ամյակը։ Սակայն այդ ժամանակաշրջանում մշակութային միությունները ընդհանուր անկում էին ապրում։ Այդ պատճառով մշակութային և միութենական կյանքին նոր թափ տալու նպատակով որոշվեց միավորել միությունները։ 1950 թվականի աշնանը ամիսների բանակցություններից հետո իրականացվեց «Միտք և արվեստ», «Հայրենիք», «Իրանահայ երիտասարդական միության» և «Հայ երիտասարդական մշակութային միության» միավորումը, և նորաստեղծ միությունն անվանվեց Հայ Մշակութային Արարատ միություն։

Սակայն միությունների միավորումը չկարողացավ կասեցնել Միության աստիճանական վայրէջքը։ Այս իրավիճակը շարունակվեց մինչև 1953 թ., երբ Միության վարչությունը միության աշխատանքներին նոր կենդանություն հաղորդելու համար փոխեց միության կենտրոնատեղին և նյութական ծանր հանձնառության գնով վարձեց միության 3-րդ կենտրոնատեղին։ Միության տասնամյակի տոնակատարությունների հետ միասին պետք է տեղի ունենար նաև նոր կենտրոնատեղիի բացման արարողությունը, երբ դժբախտ պատահարի բերումով հրդեհվեց սրահը։ Նախատեսված միջոցառումը կայացավ այլ սրահում, իսկ կենտրոնատեղին վերակառուցվեց 2-րդ անգամ։ Վերանորոգման աշխատանքներից հետո 1953 թվականի դեկտեմբերի 6-ին կատարվեց կենտրոնատեղիի պաշտոնական բացումը։

Նոր կենտրոնատեղին կենդանության շունչ հաղորդեց միության կյանքին. ավելացան միջոցառումների թիվը, բարձրացան դրանց որակը, որոնց շնորհիվ էլ աճեց միության անդամների թիվը։

Մեծ կենտրոնատեղին, սակայն, մեծ բյուջե էր պահանջում, որի պատճառով միության երիտասարդ անդամները չէին համարձակվում ստանձնել այդ ծանր պատասխանատվությունը։ Այս իրավիճակը բացասաբար ազդեց միության աշխատանքների վրա, որը շարունակվեց մինչև 1962 թվականը։

1962 թվականի ապրիլի 6-ին Ընդհանուր ժողովում որոշվեց միությունը վերածել կազմակերպության։ Կազմակերպությունը կազմվեց մի քանի միություններից ու խմբակներից, որոնց աշխատանքները համադրելու էր Կենտրոնական վարչությունը։ Յուրաքանչյուր միություն ունի իր ներքին կանոնադրությունը, ընտրում է իր վարչությունը և հայթայթում իր տարեկան բյուջեն, որից Պատգամավորական ժողովի սահմանած գումարի չափով հարկ է վճարում Կենտրոնական վարչությանը։ Միության ընդհանուր բյուջեն հայթայթում է Կենտրոնական վարչությունը։ Յուրաքանչյուր միության աշխատանքները վարում է միության վարչությունը, որն ընտրվում է միության ընդհանուր ժողովից։

Այս նոր կառույցը զարգացման մեծ հնարավորություն տվեց միությանը։ 1964 թ. Կազմակերպությունը մեծ շուքով տոնեց իր հիմնադրման 20-ամյակը։ Քսանամյակից հետո Կազմակերպության աշխուժացման հետևանքով անհրաժեշտություն առաջացավ սեփական կենտրոնատեղի ունենալու, ինչը 1974 թվականին հանգեցրեց «Արարատ» մարզավանի կառուցմանը։

1979 թ. Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո նոր իշխանությունները կրոնական և ազգային փոքրամասնություններին որոշ իրավասություններով օժտեցին։ Դրա շնորհիվ «Արարատ» կազմակերպությունը շարունակեց իր աշխատանքները, վերամշակեց իր կանոնադրությունը՝ ավելի շեշտելով ազգային-մշակութային իր գործունեությունը։

Հեղափոխությանը հաջորդող տարիների ընթացքում հասարակական ու կենցաղային սահմանափակումներին ավելացավ հայկական դպրոցների հայկական դիմագիծը փոխելու պետական քաղաքականությունը՝ արգելվեցին հայերենի դասավանդումը, հայկական դպրոցներում աշխատանքից ազատվեցին հայ տնօրենները։ Սահմանափակվեցին նաև միությունների աշխատանքները՝ մասնավորապես՝ մշակութային ոլորտում։ Հեղափոխությունից հետո տասնյակ հազարավոր հայեր արտագաղթեցին Արևմուտք։ Արտագաղթի արդյունքում պակասեց Կազմակերպության աշխատողների թիվը։

1991 թ. Հայաստանի անկախացումը և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը նոր շունչ հաղորդեցին իրանահայության կյանքին։ «Արարատ» կազմակերպությունը համագործակցելով Հայաստանի համապատասխան ոլորտի մասնագետների հետ՝ կարողացավ նոր որակ ստեղծել մարզական և մշակութային բնագավառներում։

Ներկայումս կազմակերպությունում աշխատում են 4 միություններ՝ սկաուտական, մարզական, արվեստների և երեցների, ինչպես նաև՝ 4 մասնաճյուղեր՝ Թավրիզի, Ուրմիայի, Գյայարդաբադի և Շիրազի։

2014 թ. Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 70-ամյակը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Մշակությաին Արարատ Կազմակերպությունը բաղկացած է չորս միությունից՝

Պատկեր:Iranahayscout.jpg
Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միության պատկերանիշը
  • Երեցների միություն
  • Սկաուտական (մարմնակրթական) միություն
  • Արվեստից միություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւն. Հիմնադրութեան եւ Գործունէութեան 60 ամեակ, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]