ՀՀ ռազմական գիտություն և կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀՀ ռազմական գիտություն և կրթություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գիտական մշակումներն իրականացվում են Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ), զինվորական կադրեր են պատրաստում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտները, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2005 թվականին, հրատարակում է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը (ՌԳՀ), որը ստեղծվել է 1994 թվականին՝ բանակի անձնակազմին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ագգային, ռազմական ավանդույթներին, համաշխարհային առաջավոր փորձին և ռազմագիտական մտքին հաղորդակից դարձնելու նպատակով։ Էական դեր է խաղում նաև հայերեն ռազմագիտական տերմինաբանության մշակման հարցում։ Հանդեսում տպագրվում են ԱՌՀհ-ում կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև հայ և օտարազգի հեղինակների հոդվածներ։ Հատուկ թողարկմամբ տպագրվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Հանդեսի խմբագրության խորհրդի նախագահը ԱՌՀհ-ի պետական, գեներալ-մայոր, հանդեսի առաջին գլխավոր խմբագիր Հայկ Քոթանշյանն է, գլխավոր խմբագիրները՝ գնդապետ Ա. Սարգսյանը (1998-2005), գնդապետ Դավիթ Չիլինգարյանը (2005 թվականից)։ «Հայկական բանակը» 2007 թվականից լույս է ընծայում նաև հավելվածներ՝ «Աշխատանքային տետրեր», որտեղ ներկայացվում են ԱՌՀհ-ի վերլուծական կենտրոնի կիրառական մշակումները՝ տարածաշրջանի անվտանգության բնագավառի, Սփյուռքի, տեղեկատվական անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ։

2016-ի հունվարին, Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա ստեղծվեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը։

ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ կազմավորվել է 1998 թվականին՝ 1994 թվականին ստեղծված ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարարական ուսումնարանի հիմքի վրա։ ՀՀ զինված ուժերի համար պատրաստում է բարձրակարգ սպայական կադրեր։ 2000 թվականից՝ Վազգեն Սարգսյանի անվան։ 2003 թվականից ՀՀ պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ է։ 2004 թվականից ինստիտուտում գործում է Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը։ Ռազմական ինստիտուտի պետեր են եղել գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը (1998-2000), գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը (2000-2007), գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը (2007-2008), 2008 թվականից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն է։

ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիայի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ռազմական ավիացիայի ինստիտուտ, հիմնադրվել է 2001 թվականին՝ 1994 թվականին ստեղծված Երևանի ռազմական ավիացիայի թռիչքատեխնիկական ուսումնարանի հիմքի վրա։ Ինստիտուտը ՀՀ ԶՈՒ-ի համար պատրաստում է օդաչուներ, ղեկապետներ, թռչող ապարատների և դրանց շարժիչների, ավիացիոն ու ռադիոէլեկտրոնային սարքավորումների, ավիացիոն սպառազինության շահագործման տեխնիկներ, սպա-կապավորներ և այլ մասնագետներ։ Ունի հեռակա բաժին։ 2005 թվականից՝ մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) անվան։ Ինստիտուտի պետը 1994 թվականից գնդապետ Դանիել Բալայանն է։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, հիմնադրվել է 1994 թվականին՝ բուժծառայության մերձակա գոտու զորամասերում՝ բուժծառայության և բուժկետի պետեր, ռազմաբժշկական վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ, բժիշկներ պատրաստելու համար։

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական գիշերօթիկ վարժարան[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան Ռագմամարզական գիշերօթիկ վարժարանը գործում է 1994 թվականից՝ 1993 թվականին ստեղծված ռազմամարգական վարժարան-ուսումնարանի հիմքի վրա։ 1997 թվականին հանձնվել է պաշտպանության նախարարությանը, վերակառուցվել ռազմական ուսումնարանի՝ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակով։ 2010 թվականից, մասնագիտական ուսուցմանը զուգահեռ, իրականացնում է տասներկուամյա միջնակարգ կրթություն՝ ավագ դպրոցի հանրակրթական ծրագրով։ Պետը (2007 թվականից) գնդապետ Վիտալի Ոսկանյանն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png