ՀՀ շինանյութերի արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շինանյութերի արդյունաբերություն

Շինանյութերի արդյունաբերությունն ընդգրկում է բնական շինանյութերի և ապակու, կապակցանյութերի, հավաքովի երկաթբետոնե կառուցատարրերի, ասբեստցեմենտե, խեցե, հախճապակե ու ճենապակե իրերի արտադրությունները։ ՀՀ-ում խոշորագույնը բնական շինանյութերի արդյունաբերությունն է, որը ներառում է տուֆի ու բազալտի որմնանյութերի, տուֆե, բազալտե, մարմարե, գրանիտե, տրավերտինե երեսպատման սալերի, բազալտե մայթաքարերի, եզրաքարերի և շինարարական այլ իրերի, ինչպես նաև լցանյութերի (պեռլիտ, պեմզա, հրաբխային խարամ, խիճ, ավազ) արտադրությունները։ ՀՀ-ում տուֆաքարի խոշոր արտադրողը «Արթիկ-տուֆ» ձեռնարկությունն է։

ՀՀ կապակցանյութերի արտադրությունն ընդգրկում է ցեմենտի, գաջի, կրի թողարկումը։ Գերակշռում է ցեմենտի արտադրությունը։ Հանրապետությունում գործում է ցեմենտի արտադրության 2 ձեռնարկություն՝ Հրազդանի ցեմենտի գործարանը և Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը։ 2010 թվականին Հայաստանում արտադրվել է 488 հազար տ ցեմենտ (2007 թվականին՝ 722, 2009 թվականին՝ 467 հազար տ)։

Հրազդանի ցեմենտի գործարանը (2001 թվականից՝ «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ) հիմնվել է 1970 թվականին։ Տարեկան կարող է արտադրել 400, 500 և 600 ապրանքանիշեր մինչև 1,2 միլիոն տ ցեմենտ։ 1977 թվականին վերակազմավորվել է Հրազդանի ցեմենտի գործարանի՝ դառնալով տարածաշրջանում հիմնական ցեմենտ արտադրողներից։ Սեփականաշնորհումից և «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ի հիմնադրումից հետո ցեմենտի արտադրության ծավալը հետզհետե աճել է։ Տարեկան արտադրվում է մոտ 220-250 հազար տ ցեմենտ (1999 թվականին՝ 112 hազար տ)։ Իրականացվում են արտադրության արդիականացման և գործարանի բնապահպանական ազդեցության նվազեցման աշխատանքներ։

Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը (2003 թվականից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում) տարածաշրջանում ցեմենտի խոշորագույն արտադրողն է։ Կազմնակերպվել է 1957 թվականին՝ մինչ այդ գործող ցեմենտի (1933), շիֆերի (1952) և կրի (1932) գործարանների միավորմամբ։ 1989 թվականին շահագործման է հանձնվել գործարանի նոր տեխնոլոգիաների հոսքագիծը՝ 1,2 միլիոն տ նախագծային հզորությամբ։ Արտադրում է 400, 500 (ԳՈՍՏ 10178-85) և 42.5-52.5 (EN 197-1) մակնիշների ցեմենտ։

«Բրիտանիա Քութինգզ ընդ Քեմիքլզ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես «Բրիտանիա» ՓԲԸ-ի և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ներկերի, ծածկանյութերի և քիմիական նյութերի արտադրման բնագավառում առաջնակարգ ընկերության միավորման մասնաճյուղ։ Ընկերությունը Անգլիայից ներկրված բարձրորակ հումքով և անգլիական առաջատար տեխնոլոգիաներով արտադրում է բարձրորակ, ջրային հիմքով, էկոլոգիապես մաքուր ներկեր, լաքեր, մածիկներ, սոսինձներ և մի շարք այլ մասնագիտացված քիմիական նյութեր շինարարության համար՝ ներառյալ նաև բետոնի համար նախատեսված պլաստիֆիկատորներ, սուպեր պլաստիֆիկատորներ, շինարարության շարժընթացներն արագացնող և դանդաղեցնող, ջրակայունացնող հավելանյութեր։

2011 թվականից Արմավիրի մարզում (Մերձական գյուղ), տարածաշրջանում եզակի «Պոլիմեր Տրուբ» գործարանում արտադրվում են պոլիէթիլենային խոշոր տրամաչափի խողովակներ։ 800, 1100, 1200 և 1400 մմ տրամագծով խողովակներն օգտագործվելու են Հայաստանի տնտեսության մեջ՝ ջրէկների կառուցման, ոռոգման, կոյուղու շինարարության աշխատանքներում ու այլ ոլորտներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։