ՀՀ կրթության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Պարթ և Մեսրոպ Մաշտոց

ՀՀ կրթության պատմությունը։ Մինչև հայոց գրերի և հայալեզու դպրոցների ստեղծումը Հայաստանում գործել են հունական, մասամբ նաև ասորական ուսուցմամբ դպրոցներ։ Դրանք ազգային դպրոցներ չէին, բայց նպաստել են հայ դպրության զարգացմանը։

Տաթևի համալսարան

Կրթության ժամանակաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց դպրոցի բուն պատմությունն սկսվել է հայոց գրերի ստեղծումով (405), որից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթևի աջակցությամբ ձեռնամուխ է եղել կրթատների բացմանը։ Առաջին դպրոցը (վարդապետարան) բացել է Վաղարշապատում (գոյատևել է մինչև 51 թվականը), այնուհետև դպրոցներ է հիմնել Հայաստանի այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում, առաջինը՝ Ամարասում։ Մեսրոպյան դպրոցներում դասավանդվել են հայոց լեզու, երգ, երաժշտություն, գրչության արվեստ և այլն։ Խոշոր դպրոցները միաժամանակ եղել են գրչության կենտրոններ, ունեցել են ձեռագրատներ։ Գործել են նաև որոշակի թեքումով (գրիչների, թարգմանիչների) դպրոցներ։

Դպրոցներում նախապես դասավանդվել են Սուրբ Գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտությունները (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա), ապա նաև աստղաբաշխություն, բարոյագիտություն, թվաբանություն և այլն։ Ավելի ուշ Դավիթ Անհաղթը (5-րդ դարում) առաջարկել է քառյակ գիտությունների (թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտություն) ուսուցում բարձր տիպի դպրոցներում։ Այն իրականացրել է Անանիա Շիրակացին (7-րդ դարում)՝ ստեղծելով հայ աշխարհիկ առաջին գիտական դասագիրքը՝ «Քննիկոնը» (ընդգրկված էին «Յոթ ազատ արվեստները»)։ 8-9-րդ դարերում վերելք են ապրել Սյունյաց դպրոցը, Գեղարքունիքի գավառի Մաքենյաց ուխտը և այլն։

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկըրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1815-1921), Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։