Հայաստանի զինված ուժերի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2001 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը հաստատեց Հայաստանի զինված ուժերի զինանշանը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանը պատկերված է վերևում՝ ուղղանկյուն, ներքևում՝ կիսաշրջանաձև վահանի վրա։ Վերին եզրում հորիզոնական կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով գրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևում՝ կիսաշրջանին համապատասխան՝ կապույտ գույնով «ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» բառերը։ Վահանի մնացյալ դաշտը զինանշանային (հերալդիկ) տարրերով կազմված է հետևյալ պատկերային մասերից. Կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ՝ գլխով դեպի աջ շրջված, արծվի յուրաքանչյուր թևը բաղկացած է յոթական փետուրից (7 թիվը խորհրդանշում է արարչական շաբաթվա օրերի թիվը, կարող է արծվի գլխի հետ հասկացվել նաև պատմական Հայաստանի 15 նահանգները)։

Արծիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծիվն իրականացված է մուգ կապույտ գույնով և կենտրոնական կերպար է զինանշանի վրա։ Խորհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն, սլացք, կամք։ Արծվի գլուխը պատկերված է արևի կլոր սկավառակի վրա, որը նույնպես իմաստավորվում է. քանի դեռ կա արևը, կլինեն նաև Հայաստանն ու Հայոց զինված ուժերը։ Արևի ճառագայթների վրա, արծվի թևերի բացվածքի մեջ պատկերված է Հայաստանի պետական խորհրդանիշ եռագույն դրոշը, որը հավաստում է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են պետության հովանու ներքո։ Արծվի մարմինը կազմում է հայկական կլոր վահանը՝ իրականացված ծիրանագույնի մուգ ու բաց երանգներով։

Վահան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության պատվարն ու պահապանն են։ Վահանի ներսում պատկերված է հավասարաթև խաչ, որ մեր քրիստոնեական ժառանգորդության ու հավատի առհավատչյան է։

Սուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանային վերջին տարրը սուրն է։ Այն հորիզոնական դիրքով գտնվում է վահանի տակ։ Աջ կողմում երևում է սրի կոթը, ձախ կողմում՝ սրի ծայրահատվածը։ Սուրը խորհրդանիշն է մշտարթուն վիճակի և հանուն հայրենյաց պատրաստ է իջնել թշնամու գլխին։ Զինանշանային պատկերագրության առումով, իր երևացող հատվածներով, սրի մասերը նաև խորհրդանշում են արծվի ճանկերը՝ ամբողջացնելով արծիվ-զինված ուժեր խորհրդանիշը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչներ Ռուբեն Արուտչյանը և Գագիկ Աբրահամյանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]