ՀՀ բուսաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմիդորի մշակումն Արարատյան դաշտում

2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում բուսաբուծության տեսակարար կշիռը 61.7% էր, անասնապահությանը՝ 38.3 %: 2011 թվականին հանրապետության ցանքատարածությունը 286.7 հազար հա էր, որից հացահատիկայիններինը՝ 157.8 հազար, կարտոֆիլինը՝ 28.7 հազար, բանջարեղենինը՝ 25.0 հազար, բոստանային մշակաբույսերինը՝ 5.8 հազար, կերային մշակաբույսերինը՝ 63,2 հազար հա։ 1990 թվականի համեմատությամբ՝ 2010 թվականին ցանքատարածությունները պակասել են 35,2 %-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինն ավելացել է 15,3 %-ով, կարտոֆիլինը՝ 26,8 %-ով, բանջարաբոստանայինինը՝ 23,3 %-ով։ Մոտ 4 անգամ կրճատվել են կերային մշակաբույսերի ցանքերը։

Հացահատիկային մշակաբույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունի արգելոցում աճող վայրի ցորեն
Գարի

Հանրապետությունում ցորենի հիմնական ցանքատարածությունները Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում են։ Մշակում են ցորենի աշնանացան Բեզոստայա-1, Կանգուն-20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա-60 և այլն, գարնանացան Գալգալոս (Քռիկ), Շիրակի-1 և այլ սորտեր։

Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Բացի այդ՝ Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում հայտնաբերվել են վայրի ցորենի բազմաթիվ տեսակներ։

ՀՀ-ում գարին զբաղեցնում է հացահատիկային ցանքատարածության մոտ 40 %-ը։ Մշակում են մեծ մասամբ գարնանացան գարի՝ գյուղատնտեսական բոլոր գոտիներում, իսկ աշնանացանը՝ Արարատի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում։ Մշակության մեջ տարածված են երկշար, բազմաշար և միջանկյալ գարու տեսակները։

Հայաստանի տարածքում գարու մշակությունն սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում մշակել են բազմաշար գարու բարձրարժեք փոփոխակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։

Աշորան՝ որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածությամբ մշակվում է լեռնային մարզերում, եգիպտացորենը՝ գրեթե բոլոր մարզերում. շրջանացված են Հիբրիդ-1, Աբովյան-2 հիբրիդները։ Հայաստանում եգիպտացորեն մշակվում է 17-րդ դարի վերջից, այդ մասին հիշատակում է Ղևոնդ Ալիշանը «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» երկում։

Վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար Կոտայքի և Արարատի մարզերի սահմանագծին ստեղծվել է Էրեբունի արգելոցը։ Ոլորտի զարգացման համար ՀՀ կառավարությունը 2007 թվականից իրականացնում է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին», իսկ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունն ավելացնելու նպատակով՝ «ՀՀ 2010-2014 թվականներ ցորենի սերմնարտադրության զարգացման» ծրագրերը։

Խաղողագործություն (այգեգործություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջարաբոստանային արտադրանքի ցուցադրություն
Գեղարքունիքի մարզում Հանրապետությունում 2010 թվականին մթերվել է շուրջ 200 հազար տ խաղող:

Հայկական լեռնաշխարհը խաղողի վազի վաղ մշակության վայրերից է, որի մասին վկայում են խաղողի վազի բազմաթիվ վայրի տեսակների առկայությունը, Կարմիր բլուրի, Արենիի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասները, գինեգործական պարագաները և այլն։ Պեհածո ածխացած սերմերը հավաստում են, որ խաղողի այժմյան որոշ (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլն) սորտեր ունեն տեղական ծագում։ Հայկական մանրանկարչությունը, հուշարձանների վրա պահպանված խաղողի քանդակները, հայտնաբերված նյութ, մշակույթի մնացորդներն ու գրավոր հիշատակություններն արժեքավոր տեղեկություններ են տալիս միջնադարյան Հայաստանում զարգացած խաղողագործության մասին։

Հայաստանում խաղողագործությունը լրիվ քայքայվել է Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո տնտեսությունների կազմակերպումը, մի շարք ջրանցքների և ջրամբարների կառուցումը հնարավորություն են ստեղծել խաղողագործության հետագա զարգացման համար։ Ավելացել են այգիների տարածքները և բերքատվությունը. 1985 թվականին համապատասխանաբար կազմել են 32,7 հազար հա և 95,8 ց/հա։

Խաղողագործությունը մեծապես տուժել է 1990-2002 թվակականին՝ բերքի իրացման դժվարությունների պատճառով, այգետարածքները կրճատվել են կիսով չափ և կազմել ընդամենը 13 հազար հա։ Հետագայում ճյուղի վերականգնմանը նպաստել են գինի և կոնյակ արտադրող «Վեդի Ալկո», «Գինետուն», «Արփա Ալկո», «Ավշար», «Վայք Գրուպ» և այլ ձեռնարկությունների ստեղծումն ու արտադրական կարողությունների հզորացումը։

ՀՀ-ում խաղողագործության զարգացմանը նպաստել են նաև «Գոլդեն Գրեյփ Արմաս» և արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանի «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունների ծրագրերը։ 2000-2010 թվականներին ՀՀ-ում յուրաքանչյուր տարի միջին հաշվով հիմնվել է 237,3 հա խաղողի այգի։ 2011 թվականին խաղողի տնկարկների տարածությունը 16,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 229,6 հազար տ։

Առանձնացվում են Արարատյան դաշտի, Արարատյան գոգավորության նախալեռներ, Հյուսիս-արլ., Վայքի, Զանգեզուրի խաղողագործական գոտիները, որտեղ մշակում են 22 տեխնիկական և 16 սեղանի սորտեր, որոնք բարձրորակ գինիների, տեսակավոր կոնյակների և հյութերի արտադրության հումք են։

Պտղաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիրանենի
Դեղձենի Արարատյան դաշտում

Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է։ Հայտնաբերվել են (Արմավիր, Շենգավիթ, Գառնի և այլն) 3-6 հազար տարվա ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի սերմեր։

Հայկական լեռնաշխարհում պտղաբուծությունը հատկապես զարգացել է մ.թ.ա. 9- մ. թ. 1 դարերում։ Վանի մերձակայքում՝ «Ահերի դռան» վրա, Մենուան (մ.թ.ա.871-810) թողել է հետևյալ հիշատակությունը՝ «Խաղողի և պտղատու այգի հիմնեցի, պատերով այն շրջապատեցի»։ Հայաստանի պտղաբուծության մասին նշել են հույն և հայ պատմիչներ Հերոդոտոսը (մ.թ.ա. 5-րդ դար), Ստրաբոնը (մ. թ. ա. 1-ին դար), Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Ստեփանոս Օրբելյանը և ուրիշներ։ Հայաստանը բազմաթիվ պտղատու ծառատեսակների (ծիրանենի, տանձենի, սալորենի և այլն) մշակության հնագույն վայրերից է։ Հազարամյակների ընթացքում ժողովրդական ընտրասերման միջոցով ստեղծվել են ծիրանենու, դեղձենու, սալորենու, խնձորենու, տանձենու, ընկուզենու բազմաթիվ արժեքավոր սորտեր։ Դրանցից համաշխարհային ճանաչում ունեն ծիրանն ու դեղձը, որոնք հայտնի են նաև որպես հայկական պտուղ։

Պտղատու այգիներ կան գյուղատնտեսական բոլոր գոտիներում։ Արարատյան նախալեռներ, Հյուսիս-արլ. և Զանգեզուրի գոտիներում մշակվում են հիմնականում ծիրանենի, դեղձենի, սալորենի, նախալեռն, և Զանգեզուրի գոտիների 1000-1500 մ բարձրներում, Լոռի-Փամբակի և մասամբ լեռն, շրջաններում՝ խնձորենի և տանձենի։ Սյունիքի մարզի՝ Մեղրու, և Տավուշի մարզի Նոյեմբերյանի (ցածրադիր մասերում) տարածաշրջաններում զարգանում է չոր մերձարևադարձային պտղատեսակների մշակությունը։ 2011 թվականին պտղի և հատապտղի տնկարկների մակերեսը 37,1 հազար հա էր, համախառն բերքը՝ 236,0 հազար տ։

Բանջարաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմիդորի բերքահավաք
Վարունգի տնկարկ

Հայաստանում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են լոլիկը, վարունգը, կաղամբը, սեխը, սմբուկը, բողկը, գազարը, սխտորը, ծնեբեկը, սպանախը, տաքդեղը, լոբին, ծաղկակաղամբը, շաղգամը, տերևաբանջարներից՝ թարխունը, մաղադանոսը, համեմը, ռեհանը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ ձմերուկը, սեխը, դդումը, դդմիկը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։ Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ 2011 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80 %-ն զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։

«Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի ու «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» շրջանակներում կիրառվող մրցակցային դրամաշնորհի միջոցներով սկսել են մշակել բրյոաելյան, չին., պեկինյան և կարմրագլուխ կաղամբներ, բրոկ-կոլի, կոլռաբի, մշակովի հազարի տարբեր տեսակներ։ Ջերմատնային տնտեսություններ կան հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ Ջերմատներն զբաղեցնում են մոտ 75 հա տարածք, որտեղ աճեցնում են բանջարեղեն (60 %) և ծաղիկ (40 %)։

Տեխնիկական մշակաբույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առվույտ
Կորնգան

Հանրապետությունում մինչև 1988 թվականը մշակվել են շաքարի ճակնդեղ (Շիրակի, Լոռու մարզեր), վարդաբույր խորդենի (Արմավիրի մարզ), մինչև 1965 թվականը՝ բամբակենի (Արարատյան դաշտ)։ Սահմանափակ տարածքներում մշակում են ծխախոտ և ձիթատու կտավատ։ 2010 թվականին Ախուրյանի տարածքում շաքարի գործարանի շահագործումից հետո առաջացել է ճակնդեղագործությունը վերականգնելու անհրաժեշտություն։

Կերային բույսերից մշակում են առվույտ, կորնգան, երեքնուկ, վիկ և կերի արմատապտղավորներ։ 2010 թվականին ցանովի կերային մշակաբույսերի ցանքատարածությունը 65,5 հազար հա էր։ Առվույտ մշակում են Արարատյան դաշտում, նախալեռնային և լեռնակին գոտիներում, կորնգան՝ նախալեռնային ու լեռնային գոտիներում, երեքնուկ՝ Շիրակի գոտու լ-տափաստանային և Սևանի ավազանի լեռնային սահմանափակ տարածքներում, վիկ ու կերային արմատապտղավորներ՝ որոշ գյուղացանկային տնտեսություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։