ՀՀ Պետական պարգևների մասին ընդհանուր դրույթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետական պարգևները՝ շքանշանները, մեդալները, պատվավոր կոչումները, շնորհվում են հայրենիքին և ժողովրդին բացառիկ ու ակնառու ծառայություններ մատուցած անձանց, գիտամշակութային, առողջապահության և տնտեսության բնագավառներում աչքի ընկնող հաջողություններ ու վաստակ ունեցող գործիչներին և ստեղծագործական կոլեկտիվներին։

  • Հայաստանի Հանրապետությանը, հասարակայնությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգևներ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ։
  • Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հիմնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը։
  • Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր։
  • Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների եւ մեդալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգևատրման կարգը, պետական պարգևները կրելու կանոնները։

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների։ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների հիմնած շքանշանների և մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հետ։

  • Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։
  • Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխնախագահը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և տեղական խորհուրդների պատգամավորները չեն կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով։
  • Հայաստանի Հանրապետության պետական պարգևի տեսակը որոշվում է պարգատրվողի անձի ծառայությունների բնույթին ու կարևորությանը համապատասխան։

Պարգևատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգևով։ Նույնանուն պետական պարգեւով մեկից ավելի պարգևատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ։ Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում։

  • Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու։