ՀԽՍՀ ինդուստրացման քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ ինդուստրացման քաղաքականություն, 1920-ական թվականների կեսերին մշակված նախկինում կապիտալիստական համակարգով աշխատող առանձին վերցված երկրում սոցիալիստական համակարգ ներմուծելու տեսությունը։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Հայաստանում սոցիալիզմը պարտադրելու համար նախատեսվում էր ինդուստրացնել երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը և կենսագործել կուլտուրական շինարարություն։ Ելնելով այս նպատակադրումներից՝ Կոմունիստական կուսակցության 1925 թվականի՝ 14-րդ համագումարը առաջ քաշեց երկիրն ինդուստրացնելու ծրագիրը։ Նախատեսվում էր կառուցել գործարաններ ու ֆաբրիկաներ, ծավալել խճուղային և երկաթուղային շինարարություն, վերազինել բանակը։

Առանձնահատկությունն այն էր, որ անհրաժեշտ էր սկսել ծանր արդյունաբերության զարգացումից, որը խոշոր կապիտալ ներդրումներ էր ենթադրում։ Սակայն այս ամենը իրականացնելու համար չկային անհրաժեշտ կադրեր, փորձառու բարձրորակ մասնագետներ։

Ինդուստրացման քաղաքականության ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական ձեռնարկությունների կառուցումը պլանավորելու և դրանց ֆինանսական ու նյութական մատակարարումն ապահովելու նպատակով մշակվեց տնտեսության զարգացման հնգամյա պլան, որով ավելի ամրապնդվեց ղեկավարման վարչահրամայական համակարգը։

Ինդուստրացման քաղաքականությունը հաջող իրականացնելու նպատակով ծանր հարկեր դրվեցին բնակչության և, առաջին հերթին՝ գյուղացիության վրա։

Ինդուստրացման քաղաքականությամբ ծրագրվում էր սեղմ ժամկետում նոր տեխնիկայի հիման վրա վերակառուցել ամբողջ ժողովրդական տնտեսությունը, ապահովել երկրի ինքնուրույնությունն ու անկախությունը։

Ինդուստրացման ծրագրով նախատեսվում էր՝

  • ԽՍՀՄ հանրապետություններում կառուցել խոշար արդյունաբերական բազաներ, որը տնտեսականից բացի կունենար նաև կարևոր սոցիալական նշանակություն։
  • Նախադրյալներ ստեղծել Խորհրդային Հայաստանի բնակչության սոցիալական կառուցվածքի փոփոխության, բանվոր դասակարգի առաջնակարգ դերի բարձրացման համար։
  • Հիմնովի էլեկտրաֆիկացնել հանրապետությունը և այլն։

1920-ական թվականներին Հայաստանում վերականգնվեցին և վերակառուցվեցին մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ։ Վերականգնվեց պղնձաարդյունաբերությունը։ Ալավերդիում կառուցվեց պղնձաձուլական նոր գործարան, Կապանում՝ հանքահարստացուցիչ ֆաբրիկա։ Երևանի՝ կարբիտի, Ալավերդու ծծմբաթթվի և պղնձարջասպի, Վանաձորի կալցիումի գործարանների կառուցումով ստեղծվեց արագ զարգացող քիմիական արդյունաբերություն։ Սկիզբ դրվեց շինանյութերի արդյունաբերությանը։ Հայտնաբերվեցին և սեղմ ժամկետում շահագործման հանձնվեցին տուֆի, մարմարի, պեմզայի հանքավայրեր։ Շինանյութերը սկսեցին արտահանվել ԽՍՀՄ մյուս հանրապետություններ։ Արարատում կառուցվեց ցեմենտի գործարան, Լենինականում (այժմ՝ Գյումրի) ընդլայնվեց տեքստիլ արդյունաբերությունը։ 1920-1930-ական թվականներին Հայաստանում կառուցվեց մոտ 50 արդյունաբերկան ձեռնարկություն, որի շնորհիվ հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը զգալիորեն գերազանցեց գյուղատնտեսական արտադրանքին։ Առաջացավ բանվորական ավաններ, վերացավ գործազրկությունը։

Երկրի ինդուստրացման ծրագրում մեծ նշանակություն ուներ էլեկտրաֆիկացումը։ 1926 թվականին շահագործման հանձնվեց Երևանի հիդրոէլեկտրակայանը[1]։ 1927 թվականին հիմնադրվեց Ձորագէսի հիդրոկայանը։ Ծավալվեց Սևան-Հրազդան կասկադի առաջին հերթի՝ Քանաքեռ հէկ-ի շինարարությունը։ Տեղական նշանակություն ունեցող հիդրոէլեկտրակայաններ կառուցվեցին Վանաձորում, Կամոյում, Իջևանում, Մեղրիում և այլ վայրերում։ 1932 թվականին նախապատերազմյան շրջանի համեմատությամբ, էլեկտրաէներգիայի արտադրանքն ավելացավ 10 անգամ, որը մեծապես նպաստեց արդյունաբերության զարգացմանը։

Սակայն ինդուստրացման քաղաքականության կենսագործման ժամանակ եղան նաև բացթողումներ։ Ուշադրություն չէր դարձվում տեղական հումքի վերամշակմանը, անհամամասնություններ կային բանվորական կադրերի և բարձրորակ մասնագետների պատրասման բնագավառում։ Չնայած սրան, նախապատերազմյան տարիներին ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում արդյունաբերությունը սկսեց առաջատար դեր խաղալ տնտեսության մեջ, որի շնորհիվ էլ աճեց բանվոր դասակարգի և ինժեներատեխնիկական անձնակազմի թվաքանակը, բարձրացավ որակյալ մասնագետների տեսակարար կշիռն արդյունաբերացման տարբեր ճյուղերում։

Այս աշխատանքները գլխավորում էին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները։ Հանրապետության Կոմկուսի առաջին քարտուղարը 1930 թվականի մայիսից Աղասի Խանջյանն էր։

1932 թվականին լուծարվեց Ժողտնտխորհը, որի դերը մեծ էր հանրապետության արդյունաբերության զարգացման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հիդրոէլեկտրակայան». www.wikiwand.com.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՐ․ Ռ․ Սիմոնյան «Հայոց պատմություն», էջ 636-639