Jump to content

Կրստե Միսիրկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրստե Միսիրկով
բուլղար․՝ Кръстьо Мисирков
մակեդոներեն՝ Крсте Мисирков
Ծնվել էնոյեմբերի 18, 1874(1874-11-18)[1]
Պոստոլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 26, 1926(1926-06-26)[1][2][3][…] (51 տարեկան) կամ հուլիսի 26, 1926(1926-07-26)[4] (51 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա[3]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա,  Օսմանյան կայսրություն և  Ռուսական կայսրություն
Ազգությունմակեդոնացի
Մասնագիտությունպատմաբան, գրող, ազգագրագետ, լրագրող, բանահավաք, ուսուցիչ, հրապարակախոս, հավաքորդ և ազգագրագետ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն, մակեդոներեն[5][6] և ռուսերեն
Ինչով է հայտնի«За македонцките работи» («Մակեդոնական հարցի մասին»)
Ամուսին(ներ)Եկատերինա Միխայլովնա-Միսիրկովա
Երեխա(ներ)Sergey Misirkov?
Ստորագրություն
Изображение автографа
 Krste Petkov Misirkov Վիքիպահեստում

Կրստե Պետկով Միսիրկով (բուլղար․՝ Кръстьо Петков Мисирков, մակեդոներեն՝ Крсте Петков Мисирков, 18 նոյեմբերի, 1874, Պոստոլ, Օսմանյան կայսրություն — 26 հուլիսի, 1926, Սոֆիա, Բուլղարիա), մակեդոնացի և բուլղարացի լեզվաբան, բանահյուսագետ, հրապարակախոս, պատմաբան, քաղաքական գործիչ, դեսպան ու թարգմանիչ։ Մակեդոնական վերածննդի շարժման ամենաակնառու գործիչներից մեկը։ Հիմնվելով կենտրոնական Մակեդոնիայի բարբառների հիման վրա՝ ստեղծել է գրական մակեդոներեն[7][8][9], ինչի համար նրան հաճախ կոչում են ժամանակակից գրական մակեդոներենի հիմնադիր[10]։ Նա ունեցել է խիստ հակասերբական, հակահունական ու (նրա կայնքի ու ստեղծագործության որոշակի շրջաններում) մասամբ հակաբուլղարական հայացքներ։ Ժամանակակից Մակեդոնիայում անցկացված հարցումների արդյունքում Կրստե Միսիրկովը ճանաչվել է 20-րդ դարի Մակեդոնիայի ամենանշանավոր մարդը[11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրստե Միսիրկովը ծնվել է Էգեյական Մակեդոնիայում (որ այն ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ)՝ Պոստոլ գյուղում, որ տեղակայված էր Մակեդոնիայի հին մայրաքաղաք Պելլայից ոչ հեռու։ Հայրենի գյուղում ստացել է տարրական կրթություն, ապա ուղևորվել Սերբիա, որտեղ սովորել է Շաբացի դպրոցում։ Այնուհետև ապրել է Սոֆիայում (Բուլղարիա)։ Այնտեղից 1891 թ. մեկնում է Բելգրադ՝ ծայրահեղ ազգայնական գաղափարներ քարոզելով աստվածաբանական դպրոցում՝ մակեդոնացի հոգևորականների ու ուսուցիչների շրջանում։ Դպրոցում տեղի ունեցած ապստամբությունից հետո վերադառնում է Շաբաց, որտեղից կրկին մեկնում է Բելգրադ։ Այնտեղ Կրստե Միսիրկովն աշխատում է որպես միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ 1895 թ. ավարտել է Ուսուցչական դպրոց և ուսուցիչ նշանակվել Պրիշտինայում։ Սակայն Միսիրկովը որոշում է մեկնել Ռուսաստան, որպեսզի շարունակի կրթությունը։ Օդեսայում Միսիրկովի՝ Բելգրադում ստացած դիպլոմը չի ընդունվում, և նա ստիպված է լինում երկու տարի սովորել Պոլտավայի հոգևոր սեմինարիայում։ Բարձրագույն կրթությունը Միսիրկովն ստանում է Ռուսական կայսրությունում՝ գերազանցությամբ ավարտելով Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Պրոֆեսոր Պյոտր Լավրովի ղեկավարությամբ Միսիրկովը գրում է դիպլոմային աշխատանք «Կորոլևիչ Մարկոյի ազգության ու նրա ժողովրդականության հարցի շուրջ» թեմայով։ Ուսանողական տարիներին Կրստե Միսիրկովը ծանոթանում է այնպիսի հայտնի սլավոնագետների հետ, ինչպիսիք են՝ պրոֆեսոր Վլադիմիր Լամանսկի, պրոֆեսոր Ա. Բոդուեն դը Կուրտենեն, պրոֆեսոր Ի. Լավրովը, պրոֆեսոր Պավել Միլյուկովը, պրոֆեսոր Գ. Իլինսկին, պրոֆեսոր Տիմոֆեյ Ֆլորինսկին, պրոֆեսոր Բ. Լյապունովը և այլք։

Ուսանողական տարիներին ավելի են ամրապնդվում Կրստե Միսիրկովի հայացքները Մակեդոնիայի մշակութային ու ազգային ինքնուրույնության վերաբերյալ։ Շնորհիվ այն բանի, որ Կրստե Միսիրկովը կրթություն է ստացել եվրոպական մի քանի երկրներում, նա կարող էր բալկանյան լեզվական ու սոցիալ-մշակութային հարցերը դիտարկել տարբեր տեսանկյուններից։ Ռուսաստանում սովորելու տարիներին Կրստե Միսիրկովը հիմնադրեց «Վարդար» ուսանողական միությունը, որ հետագայում վերածվեց Ս. Կլիմենտ Օրխիդսկու անվան գրական-գիտական միության և շարունակեց իր գործունեությունը 1902 թվականից մինչ 1905 թվականը։ Իր կյանքի ընթացքում Կրստե Միսիրկովը գրել է ավելի քան 60 աշխատություններ, որոնք մեծ նշանակություն ունեն մակեդոնական գրական լեզվի ձևավորման գործում։ Ս. Կլիմենտի միության գիտաժողովների համար նախապատրաստած երեք ռեֆերատների հիման վրա հետագայում զարգանում է նրա խոշորագույն «За македонцките работи» («Մակեդոնական հարցի մասին») աշխատությունը։ Գրքի հինգ բաժիններում Կրստե Միսիրկովն անդրադառնում է Մակեդոնիայի սլավոնների լեզվի պատմությանը, հիմնավորում ինքնուրույն գրական լեզու ունենալու նրանց իրավունքը, որի գաղափարը շարադրում է գրքի 5-րդ բաժնում։ Այդպիսով՝ Կրստե Միսիրկովն առաջինն էր, ով գիտական տեսանկյունից անդրադարձավ մակեդոնական լեզվի հարցի առանձնահատկություններին։

Կրստե Միսիրկովը պաշտպանում էր Մակեդոնիայի անկախության համար հեղափոխական պայքարի գաղափարը և կոչ անում համամակեդոնական ապստամբության։ «Մակեդոնական հարցի մասին» գիրքը հրատարակվել է 1903 թվականին Սոֆիայում։

Կրստե Միսիրկովը մահացել է 1926 թ. հուլիսի 26-ին Սոֆյայում ծայրահեղ աղքատության մեջ[12]։

Կրստե Միսիրկովի անվամբ է կոչվել Ս. Կիրիլի ու Մեֆոդիի մակեդոներենի համալսարանը Սկոպյեում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. ↑ https://journal.hass.tsukuba.ac.jp/interfaculty/article/view/12/28
  3. 1 2 http://makedonija.name/culture/krste-petkov-misirkov
  4. ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
  5. ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. ↑ CONOR.Sl
  7. ↑ Who are the Macedonians?, Hugh Poulton, p. 58
  8. ↑ Macedonia and Greece: The Struggle to Define a New Balkan Nation, John Shea, p. 204: "After the failure of the Ilinden rebellion, Misirkov returned to St. Petersburg, and in 1905 he launched the journal Vardar in Macedonian."
  9. ↑ On the Macedonian Matters, Misirkov, 1903 Արխիվացված 2012-02-04 Wayback Machine: "iас и iе написаф на централното македонцко наречiе, коiе за мене от сега на тамо имат да бидит литературен македонцки iазик."
  10. ↑ The Macedonian Conflict: Ethnic Nationalism in a Transnational World, Loring M. Danforth, p. 50.
  11. ↑ «http://star.dnevnik.com.mk/default.aspx?pBroj=1884&stID=4305 Македонија мора да го има Крсте Мисирков во своите пазуви». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  12. ↑ Кубура - Разговор со Борис, директен правнук на К.П. Мисирков(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրստե Միսիրկով» հոդվածին։