Jump to content

Կարապետ Հովհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կրպեից)
Կարապետ Հովհանջանյան
ԾննդավայրԳյումրի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունհնագետ, լուսանկարիչ, հասարակական գործիչ և գրող

Կարապետ Հովհանջանյան (նաև՝ Յովհանջանեանց, հայտնի է որպես Կրպե[1]), 19-րդ դարի երկրորդ կեսի հայ հասարակական-մշակութային գործիչ, հրապարակախոս, գրող, հնագետ-լուսանկարիչ։ Նրա գործունեությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանի պատմական հուշարձանների վավերագրման և ազգային ինքնագիտակցության զարթոնքի գործում[2]։

Մամուլ և հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհանջանյանը ծնունդով Ալեքսանդրապոլից (ներկայիս Գյումրի) էր։ 1860-70-ական թվականներին նա դարձել է «Մեղու Հայաստանի» պարբերականի աշխատակիցների նոր սերնդի ներկայացուցիչը[3]։ Նրա մուտքը խմբագրություն նոր շունչ է հաղորդել պարբերականին՝ ավանդական պահպանողականությանը միախառնելով ազատական գաղափարներ։

Իր գործունեության ընթացքում աշխատակցել է ժամանակի առաջատար հայկական տպագիր թերթերին՝ «Փարոս Հայաստանի», «Մշակ», «Բազմավեպ», «Ազգագրական հանդես»։

Ուսումնասիրություններ և ճանապարհորդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհանջանյանի հետազոտական հետաքրքրությունների կենտրոնում պատմական Հայաստանի տեղագրությունն ու հնություններն էին։

1873 թվականին նա առաջին անգամ այցելել է Անի, որից հետո մամուլում պարբերաբար հանդես է եկել հինավուրց մայրաքաղաքի պահպանման կոչերով։ Իր ուղեգրություններում նա ոչ միայն նկարագրել է հուշարձանները, այլև մանրամասն ներկայացրել է տեղանքի աշխարհագրությունն ու դեպի Անի տանող ճանապարհները։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նա ուսումնասիրել է Կարսի պատմությունը, բնակչության էթնիկ կազմն ու կենցաղը[1]։ Անդրադարձել է նաև Ալեքսանդրապոլի շրջակա պատմական վայրերին (օրինակ՝ Չերքեզի ձորին), որտեղ վավերագրել է հայտնաբերված հնագույն եկեղեցիների և արձանագրությունների հետքերը։

Լուսանկարչական և հնագիտական վաստակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարապետ Հովնանջանյանի արած լուսանկարը Բագարանի Սուրբ Գևորգ եկեղեցուց, 1884թ

Հովհանջանյանը հայ առաջին լուսանկարիչներից էր, ով լուսանկարչությունն օգտագործել է որպես հնագիտական վավերագրման միջոց։ Եթե մինչև 1881 թվականը նա իր հոդվածները պատկերազարդում էր գծանկարներով, ապա հետագայում անցել է լուսանկարչական վավերագրման։

Հովհանջանյանը սերտորեն գործակցել է Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի հետ։ Վերջինս իր «Շիրակ» աշխատության մեջ օգտագործել է Հովհանջանյանի կատարած լուսանկարներն ու տեղագրական ճշգրտումները Անիի, Խծկոնքի և Մրենի տաճարների վերաբերյալ[4]։

Լուսանկարչության մեջ նա կարևորել է լույսի և ստվերի ճշգրիտ համադրությունը՝ հաճախ ժամերով սպասելով հարմար պահի, որպեսզի հուշարձանի ճարտարապետական մանրամասները լավագույնս երևան։

1884 թվականին նրա արած Բագարանի Սուրբ Գևորգ եկեղեցու լուսանկարը միակն է, որը պահպանվել է այդ եկեղեցուց։ Եկեղեցուն ներկայումս հիմնահատակ ավերված է։

Գրական ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի գիտական և հրապարակախոսական հոդվածներից, Հովհանջանյանը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Հեղինակել է ժողովրդական կյանքն ու ավանդությունները պատկերող պատմվածքներ, որոնք լույս են տեսել «Պատկերներ կյանքից» (1893) և «Պատկերներ և պատմվածքներ» (1904) ժողովածուներում։ Նրա բանաստեղծությունները (օրինակ՝ «Տարոնցի հայի արտասուքը») տպագրվել են ժամանակի պարբերականներում։ Որոշ աղբյուրներ նրան հիշատակում են նաև որպես աշուղական երգերի հեղինակ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 , Կարս քաղաք, Մոսկվա, «Տպարան Ք. Բարխուդարեանի» — 135 էջ։
  2. Tajarian, Yvette (2023-01-01). «Իվեթ Թաջարյան, Անիի հուշարձաններն ըստ Կարապետ Հովհանջանյանի լուսանկարների (Մատենադարանի գրադարանի լուսանկարչական ժողովածուների հավաքածու, Հմր 423 ժողովածու». «ԷՋՄԻԱԾԻՆ» կրօնագիտական եւ հայագիտական ամսագիր. doi:10.56737/2953-7843-2023.12-121.
  3. Այվազյան, Գևորգ (2010). ««Մեղու Հայաստանի»-ն 1860-1880-ական թթ. Ալեքսանդրապոլի մասին». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Շտիկյան, Սուրեն (1987-07-02). «Ալիշանը հայ մտավորականների հուշերում». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Հարությունյան, Հասմիկ (2013-02-20). «Կարսի և Ալեքսանդրապոլի աշուղական ավանդույթների փոխառնչակցությունները XIX դ./մաս Ա/». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)