Կրոնն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոլեդոյի տաճար, որը հանդիսանում է Իսպանիայի արքեպիսկոպոսի նստավայրը և երկրի գլխավոր տաճարը

Իսպանիայի թագավորությունը աշխարհիկ պետություն է, որտեղ պաշտոնապես եկեղեցին բաժանված է պետությունից։ Իսպանիայի սահմանադրության հոդված 16-ը հռչակում է դավանանքի ազատությունը։ Սահմանադրությունը նաև արգելում է կրոնական հիմքի վրա խտրականությունը։ Ասվածին զուգահեռ սահմանադրությունը ճանաչում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած հատուկ հարաբերությունները[1]։

Իսպանիայի քաղաքացիների մեծամասնությունը դավանում են քրիստոնեություն։ Տարբեր տվյալներով 2010 թվականի դրությամբ բնակչության 78 %-ից մինչև 95 %-ը դավանում են քրիստոնեություն[2][3]։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 68,4 %[4]։

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ավետարանական եկեղեցու տաճարը Մադրիդում

Քրիստոնեությունը ժամանակակից Իսպանիայի տարածք է մտել 1-ին և 2-րդ դարերի սահմանագոտում։ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակաշրջանում Պիրենեյան թերակղզին գհրավվում է վեստգոթերի կողմից, ովքեր Իսպանիան բնակեցրած իբերահռոմեացիների ժառանգներին փորձում էին պարտադրել արիոսականություն։ Սակայն վեստգոթերի այդ փորձերը ձախողվեցին։

8-րդ դարում Պիրենեյան թերակղզին գրավվում է արաբների կողմից և հետագա մի քանի դարերի ընթացքում Իսպանիայի մեծ մասը հայտնվում է մուսուլմանների գերիշխանության ներքո։ Արաբական ժամանակաշրջանին հաջորդած Ռեկոնկիստան թերակղզում ուժեղացրեց կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունը։

Ներկա ժամանակներում բնակչության մինչև 75 %-ը հանդիսանում են կաթոլիկներ։ Նրանց մեծ մասը պահպանում է լատինական ծեսը։ Երկրում գործում է նաև Ուկրաինական հունակաթոլիկ եկեղեցին, ինչպես նաև մի շարք ոչ հռոմեական կաթոլիկ փոքրաթիվ խմբեր։

Իսպանիայում Բողոքականների առաջին համայնքները ձևավորվել են դեռևս 16-րդ դարում, սակայն ոչնչացվել իսպանական ինկվիզիցիայի կողմից։ Այդ դաժան իրադարձություններից հետո բողոքականները պլիմուտյան եղբայրներ, բարենորոգիչներ, մեթոդիստներ, բաբտիստներ) սկսել են Իսպանիայում իրենց քարոզչությունն իրականացնել 19-րդ դարի երկրորդ կեսից։ 1920-ական թվականներին նրան միացան նաև հոգեգալստականներ։ 20-րդ դարի վերջին երկու տասնամյակում հոգեգալստականները թվաքանակի աճի տպավորիչ ցուցանիշներ գրանցեցին և արդեն 21-րդ դարի սկզբին ներկայացնում էին իսպանական բողոքականների գրեթե կեսին[5]։

Ներկա ժամանակներում Իսպանիայում բողոքականների թվաքանակը գնահատվում է 460-ից 567 հազար հավատացյալ[6][7]։ Հոգեգալստականները առաջին հերթին ներկայացված են «Ֆիլադելֆիա» անվանում ունեցող ավետարանական եկեղեցով (312 հազար[7]) և իսպանական Աստծո ժողովով։ Իսպանիայում անգլիկանների թվաքանակը կազմում է 76 հազար։ Պլիմուտյան եղբայրները, բաբտիստները, ադվենտիստներն ու Իսպանիայի վերանվանված ավետարանական եկեղեցին ունեն ավելի քան 10 հազար հավատացյալներ[7]։ Իսպանիայի ուկրայնական համայնքում գործում է Ուկրաինայի ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու յոթ ծուխ[8]։

Վերջին 25 տարիների ընթացքում Արևելյան Եվրոպայից դեպի Իսպանիա աշխատանքային միգրանտների ներհոսքի հետևանքով երկրում աճեց ուղղափառների թվաքանակը (շուրջ 900 հազար)[6]։ Նրանցից շատերը հանդիսանում են Կոստանդնուպոլսի, Ռուսական, Ռումինական և Սերբական ուղղափառ եկեղեցիների հետևորդներ։

Եվ 210 հազար իսպանացիներ պատկանում են կեղծ քրիստոնեական կրոնական կազմակերպությունների[3], մասնավորապես՝ Եհովայի վկաների ու մորմոնների հետևորդներ։

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթ Պեդրո Աբադում, որը կառուցվել է ահմադինների կողմից 1982 թվականին: Ռեկոնկիստայից հետո Իսպանիայում կառուցված առաջին մզկիթն է

Իսպանիայում իսլամը սկսել է տարածվել 711 թվականից, երբ արաբները սկսեցին ներխուժել Պիրենեյան թերակղզի։ Ժամանակակից Իսպանիայի տարածքում իսլամի զարթոնքը տեղի ունեցավ Կորդովայի խալիֆայության տարիներին, սակայն ռեկոնկիստայի ժամանակ մուսուլմանները հեռացվեցին թերակղզու տարածքից։

Մուհամմադի հետևորդները սկսեցին կրկին մասսայաբար տեղափոխվել Իսպանիա 19-րդ դարի վերջերին։ Նրանց գերակշիռ մասը Մարոկկոյից ժամանած աշխատավորներ էին։ Մուսուլմանների թվաքանակը սկսեց նկատելիորեն աճել 20-րդ դարի երկրորդ կեսից, երբ մարոկկացի միգրանտներին սկսեցին միանալ նաև Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրների փախստականներ։ Ներկա ժամանակներում Իսպանիայի իսլամադավան բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը (ընդհանուր բնակչության 2,3 %-ը)[9]։ Միևնույն ժամանակ երկրի իսլամադավան առաջնորդները նշում են 2 միլիոն թիվը[1]։ Հատուկ իրավիճակ է ստեղծվել Սեուտա և Մելիլյա ինքնավար քաղաքներում։ Մասնավորապես Մելիլյայում մուսուլմանները կազմում են քաղաքի 86-հազարանոց բնակչության 40 %-ը[10]։ Կանխատեսվում է, որ առաջիկա տսնամյակներում Սեուտան ու Մելիլյան Ռեկոնկիստայի ավարտից հետո կդառնան Իսպանիայի՝ գերակշիռ մուսուլման բնակչությամբ առաջին քաղաքները։

Իսլամում գերակշիռ դիրք է զբաղեցնում սունիզմը, որը հիմնականում ներկայացված է Մալիքիական մազհաբով։ Իսպանիայում բնակվում են նաև Ահմադի շարժման հետևորդներ։

Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլեդո քաղաքի հրեական փողոցի ցուցանակը

Հնագիտական գտածոները վկայում են, որ հրեաները ժամանակակաից Իսպանիայի տարածքում ներկա են եղել 1-ին դարից։ Վեսթգոթերի իշխանության ժամանակ հրեաները ենթարկվում էին լրջագույն խտրականության։ Արաբական ներխուժումների ժամանակ հրեական համայնքը ծաղկում ապրեց։ Թերակղզուց արաբներին հեռացնելուց և քրիստոնեների իշխանություն հաստատելուց հետո սկզբնական ժամանակաշրջանում հրեաների նկատմամբ որևէ էական ազդեցություն չեղավ, սակայն, արդեն 14-րդ դարի վերջին Իսպանիայում հրեաների դրությունը կտրուկ վատթարացավ։ 1492 թվականի երկրից հրեաների վտարման մասին Ալհամբրյան հրովարտակի հրապարակումից հետո սկսվեց հավատացյալ հրեաների մասսայական գաղթ։

Իսպանիայում հրեաները կրկին սկսեցին ազատորեն դավանել հուդայականություն 19-րդ դարից։ Առաջին սինագոգը բացվեց 1917 թվականին Մադրիդում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իսպանիայի տարածքը որպես տրանզիտ Նացիստական Գերմանիայի կողմից գրավված եվրոպական երկրների հազարավոր հրեաների կողմից օգտագործվեց որպես տարանցիկ ճանապարհ։ Նրանց մի մասը իրավունք ստացան մշտպես բնակվել Իսպանիայում։ Շնորհիվ պատերազմից հետո Լատինական Ամերիկայի երկրներից ժամանած միգրանտների՝ երկրում հրեաների թվաքանակն աճեց։

Ներկա դրությամբ Իսպանիայում գտնվող հավատացյալ հրեաների թվաքանակը գնահատվում է շուրջ 15 հազար[3]։ Հրեական համայնքներ են գործում խոշոր քաղաքներում, առաջին հերթին՝ Մադրիդում, Բարսելոնայում և Մալագայում։ Հուդայական սինագոգներ են գործում նաև Մարբելյայում, Սևիլյայում, Տոռեմոլինոսում, Վալենսիայում և Կանարյան կղզիներում։

Այլ ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնի բուդդայական տաճար

Իսպանիայում նկատելի կրոնական համայնքներից է բուդդիստների համայնքը (47 հազար[3]): Նրանց մեծ մասը հարավ-արևելյան Ասիայի երկրներից են։ Իսպանիա ժամանակ առաջին հինդուիստները (45 հազար[7]) եկել են Աֆրիկայից, որոնց հետագայում միացել են Հնդկաստանի և հարավ-արևելյան Ասիայի մի շարք այլ երկրների բնակիչներ։ Իսպանացիների մեջ կան նաև նեոհինդուիզմի կողմնակիցներ, որոնք հանդիսանում են Կրիշնայական գիտակցության միջազգային հանրության, Սատյա Սայի Բաբայի, Սահաջա յոգայի, Տրանսցենդենտալ մեդիտացիայի, Անանդա Մարգայի և այլ ուղղությունների հետևորդներ։

Համաձայն Համաշախրհային քրիստոնեական տվյլների բազայի՝ 2005 թվականին բահաի համայնքի անդամների թվաքանակը կազմում էր 13 հազար[11]։ Բահաի առաջին քարոզիչն Իսպանիա է եկել 1947 թվականին։

Բենալմադենայի հինդուական տաճարը, որի բացում տեղի է ունեցել 2001 թվականին

Հիմնականում երկրի նավահանգստային քաղաքներում բնակվում են սիկհիստների փոքր համայնքներ (շուրջ 1,4 հազար[3]): Իսպանիայում բնակվող չինացիների թվում առկա են չինական ժողովրդական կրոնի քիչ թվով հետևորդներ։ Բրազիլիայից ժամանած մարդկանց շարքում փոքր թվիվ են կազմում նաև աֆրո-բրազիլական մակումբա կրոնի հետևորդները։

Բացի թվարկածներից Իսպանիայում գործում են ավելի քան 100 փոքրաթիվ կրոնական խմբեր և աղանդավորական խմբակներ։ Դրանցից 54 կազմակերպություն որակավորվում են որպես «սատանայական»։ Այդպիսի խմբերի մեծ մասը գործում է Մադրիդում և Բարսելոնայում[12]։

Այլ տեսակի կրոնական կազմակերպություններից են հանդիսանում արևմտյան էզոթերիկ ավանդույթի խմբերը, ինչպիսին է Ժուլ Դունալի Գնոստիկ եկեղեցին, «գնոստիկական այլ եկեղեցիներ», արևելյան տաճարականների միաբանությունը, իլիումինատները և այլն։ Այդպիսի ամենամեծ կազմակերպությունը Նոր ակրոպոլիսն է (1000 հետևորդ)[13]։ Մյուս խմբերի կողմնակիցների թիվը գնահատվում է մի քանի հարյուր հետևորդով։ Իսպանիայում առկա են նաև «Նոր դարի» օկուլտիկ, էզոթերիկ և սինկրետիկ խմբեր (թեոսոֆյան համայնք, ռաելիտների շարժում, սաենթոլոգներ, միացման եկեղեցի, մունիտներ և այլն)։ Դրանց ընդհանուր թվաքանակը համեմատաբար քիչ է։

Ոչ կրոնական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիան եվրոպական այն երկրներից է, որը բախվել է վերջին սերնդի շրջանում քրիստոնեաների (հիմնականում կաթոլիկների) թվաքանակի նվազման և ոչ կրոնական մարդկանց համապատասխան աճով։ Դեռևս 1975 թվականին բնակչության 96 %-ը իրենց անվանել էին քրիստոնեաներ[14]։ Ներկա դրությամբ իրենց ոչ կրոնական են համարում երկրի բնակչության 19 %-ը[15]։ Մի շարք հարցումների արդյունքների համաձայն այդպիսի մարդկանց թվաքանակը էլ ավելի մեծ է։ 2015 թվականի հունիսին Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կատարած հարցումների համաձայն հարցվածների 25,4 % հայտարարել էին իրենց ոչ կրոնական լինելու մասին, ընդ որում, նրանցից 9,5 %-ը իրենց համարում էին աթեիստներ և 15,9 %-ը՝ չհավատացողներ[16]։ Ոչ հավատացյալ մարդկանց թվաքանակը հատկապես մեծ է երիտասարդության շրջանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bureau of Democracy, Human Rights, and Labor։ «Report on International Religious Freedom. Spain»։ 2014 Report on International Religious Freedom (անգլերեն)։ U.S. State Department։ Վերցված է 2016-02-27 
  2. «Christian Population as Percentages of Total Population by Country» (անգլերեն)։ The Pew Research Center's Religion and Public Life Project։ 12-19-2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-07-ին։ Վերցված է 2014-12-25 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Javier Martinez-Torron Spain // Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices / J. Gordon Melton, Martin Baumann. — Oxford, England: ABC CLIO, 2010. — С. 2686. — 3200 с. — ISBN 1-57607-223-1
  4. Centro de Investigaciones Sociológicas. BARÓMETRO DE FEBRERO 2017. CIS (Febrero 2017). Իսպանիայի սոցիալական հետազոտությունների կենտրոնի հարցում, 2017 թվականի փետրվար, էջ 20(իսպ.)
  5. J. Gordon Melton Spain // Encyclopedia of Protestantism. — New York, NY: Facts On File, Inc., 2005. — P. 513-514. — 657 p. — ISBN 0816069832
  6. 6,0 6,1 «Global Christianity» (անգլերեն)։ The Pew Forum on Religion & Public Life։ 2011-12-19։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2013-05-13 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Jason Mandryk Spain // Operation World: The Definitive Prayer Guide to Every Nation. — InterVarsity Press, 2010. — P. 764-769. — 978 p. — (Operation World Set). — ISBN 0-8308-5724-9
  8. «У Барселоні відкрито нову місіонерську церкву ХВЄ» (ուկրաիներեն)։ Церква християн віри євангельської України։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2016-03-07 
  9. «The Future of the Global Muslim Population» (անգլերեն)։ Pew Research Center։ January 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-11-ին։ Վերցված է 2014-03-07 
  10. «La presión de 'nuestro' islam» (իսպաներեն)։ El País։ 2005-09-12։ Վերցված է 2016-02-28 
  11. «Most Baha'i Nations (2005)» (անգլերեն)։ The Association of Religion Data Archives։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-24-ին։ Վերցված է 2014-03-07 
  12. Clifton L. Holland (2003)։ «Religion in Spain» (անգլերեն)։ Latin American Socio-Religious Studies Program / Programa Latinoamericano de Estudios Sociorreligiosos (PROLADES)։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-05-ին։ Վերցված է 2016-02-28 
  13. Carlos Longarela (2000)։ «Las Sectas Destructivas y Demoníacas en España» (իսպաներեն)։ Latin American Socio-Religious Studies Program / Programa Latinoamericano de Estudios Sociorreligiosos (PROLADES)։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-05-ին։ Վերցված է 2016-02-28 
  14. Patrick Johnstone, Jason Mandryk Spain // Operation World 2001. — London: Paternoster Publishing, 2001. — 798 p. — (Operation World Series). — ISBN 1-8507-8357-8
  15. «The Global Religious Landscape» (pdf) (անգլերեն)։ Pew Research Center։ December 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-07-02 
  16. Centro de Investigaciones Sociológicas (Junio 2015)։ «BARÓMETRO DE JUNIO 2015»։ CIS։ Վերցված է 2016-02-28