Jump to content

Կրոնական ազատությունը Իրաքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրաքի կառավարության 2010 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրի բնակչության 97%-ը մուսուլման էր (60%-ը՝ շիա, 40%-ը՝ սուննի)։ Երկրի սահմանադրությամբ Իսլամը պետական կրոն է[1]։

2023 թվականին Իրաքը կրոնական ազատության ցուցանիշով 4 հնարավոր միավորից ստացել է 1 միավոր[2]։

Նույն թվականին Իրաքն աշխարհում 18-րդն էր՝ որպես քրիստոնյաների համար ամենավատ վայրերից մեկը[3]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ական թվականներին Իսլամական պետության (ԻՊ) (անգլ.՝ Islamic State (IS))՝ նախկինում Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ) (անգլ.՝ Islamic State of Iraq and the Levant (ISIL)) կամ Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն (ԻՍԻՊ) (անգլ.՝ Islamic State of Iraq and Syria (ISIS)) անվանմամբ խմբավորման ապստամբությունները հանգեցրել են կրոնական ազատության խախտումների Իրաքի որոշ հատվածներում։ ԻՊ-ը սուննի ջիհադիստական խմբավորում է, որը հավակնում է կրոնական իշխանության աշխարհի բոլոր մուսուլմանների վրա[4] և ձգտում է աշխարհի մուսուլմանաբնակ տարածքների մեծ մասը, սկսած Իրաքից, ենթարկել իր քաղաքական վերահսկողությանը[5]։ ԻՍԻՊ-ը հետևում է Իսլամի հակաարևմտյան ծայրահեղ մեկնաբանությանը, խթանում է կրոնական բռնությունը և նրանց, ովքեր համաձայն չեն իր մեկնաբանությունների հետ, համարում է անհավատ կամ ուրացող։ Միաժամանակ, ԻՊ-ը նպատակ ունի Սալաֆիստական ուղղվածության իսլամիստական պետություն հիմնել Իրաքում, Սիրիայում և Լևանտի այլ մասերում[6]։

Քանի որ ԻԼԻՊ-ը 2016 թվականին կորցրել է իր տարածքները Իրաքում, զինված ուժերը և դաշնակից աշխարհազորայինները նորից տեղադրել են խաչեր, և քրիստոնյաներին թույլատրվել է վերադառնալ իրենց տներ[7]։

Կրոնական ազատության կարգավիճակը Իրաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին The Globe-ի թղթակից Խիդիր Դոմլեն հայտարարեց, որ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (ՔՏԿ) (անգլ.՝ Kurdistan Regional Government (KRG)) խտրական վարքագիծ է դրսևորում քրիստոնյաների նկատմամբ։ Ասորի քրիստոնյաների պնդմամբ՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) (անգլ.՝ Kurdistan Democratic Party (KDP)) գերակշռող դատական համակարգը դա անում էր պարբերաբար ասորիների նկատմամբ՝ ձախողելով ի նպաստ նրանց կայացված որոշումների կատարումը։ ՔՏԿ-ն մերժեց այս մեղադրանքները[8]։

2022 թվականին տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունները հայտնեցին, որ կառավարությունը շարունակում է օգտագործել հակաահաբեկչական օրենքները՝ որպես պատրվակ անձանց (հիմնականում սուննի արաբների) առանց պատշաճ իրավական ընթացակարգի կալանավորելու համար[1]։ Եզդիները և քրիստոնյաները նաև հայտնել են տեղական բնակչության կողմից բանավոր և ֆիզիկական բռնությունների մասին։ 2022 թվականի սեպտեմբերին տեղական ոստիկանության և շիա աշխարհազորային «Քաթաիբ Հեզբոլլահ» (արաբ․՝ Kata’ib Hezbollah (KH)) խմբավորման հետ կապված մասնավոր անվտանգության ընկերության անդամները սպառնացել են վտարել Բաղդադի Մարիամ ալ-Ադրա Ներքին Տեղահանված Անձանց ճամբարից 400 ներքին տեղահանված քրիստոնյաների։

2022 թվականին Իսլամական պետությունը դեռևս ակտիվ էր Իրաքում՝ իրականացնելով առևանգումներ և սպանություններ. շարունակվում է նաև Քրդական բանվորական կուսակցության (անգլ.՝ PKK) գործունեությունը[1]։

Իրաքի կառավարությունը ճանաչում է հետևյալ կրոնական խմբերին՝ մուսուլմաններ, քաղդեացիներ, ասորիներ, ասորական ուղղափառներ, ասորական կաթոլիկներ, հայ առաքելականներ, հայ կաթոլիկներ, հռոմեացի կաթոլիկներ, ազգային բողոքականներ, անգլիկաններ, ավետարանական բողոքական ասորիներ, Յոթերորդ օրվա ադվենտիստներ, ղպտի ուղղափառներ, եզդիներ, սաբի-մանդեացիներ և հրեաներ։ Բոլոր ճանաչված կրոնական խմբերը (բացառությամբ եզդիների) ունեն իրենց անձնական կարգավիճակի դատարանները, որոնք զբաղվում են ամուսնության, ամուսնալուծության և ժառանգության հարցերով[1]։ Բահայի, զրադաշտական և քաքաի խմբերին թույլ չի տրվում գրանցվել կառավարությունում, թեև նրանք ճանաչված են քրդական տարածքներում. բահայիզմն անօրինական է։

Կառավարության կանոնակարգերը պահանջում են շաբաթական երեք ժամ իսլամական կրթություն պետական դպրոցներում. ոչ մուսուլման աշակերտները պարտավոր չեն մասնակցել դրան։ Քրդական տարածքներում կրոնական կրթության պահանջ չկա[1]։

Նույնականացման քարտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից երկիրը սկսել է նույնականացման քարտեր տրամադրել։ Քարտերի վրա նշված չէ կրողի կրոնը, թեև դիմումի ձևում պահանջվում է այս տեղեկությունը, և այն պահվում է քարտի տվյալների չիպի վրա։ Քաղաքացիները պարտավոր են իրենց նույնականացնել որպես քրիստոնյա, սաբի-մանդեացի, եզդի, հրեա կամ մուսուլման[1]։

Կրոնափոխության օրենքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքը արգելում է մուսուլմանների դարձը այլ կրոնների։ Եթե անձը մուսուլման է կամ ընդունում է իսլամ, նրա զավակներն ինքնաբերաբար համարվում են մուսուլման[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 US State Dept 2022 report
  2. 1 2 Freedom House website, retrieved 2023-08-08
  3. Open Doors website, retrieved 2023-08-08
  4. «داعش تعلن تأسيس دولة الخلافة وتسميتها "الدولة الإسلامية" فقط دون العراق والشام والبغدادي أميرها وتحذر "لا عذر لمن يتخلف عن البيعة». Arabic CNN. 2014 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Isis rebels declare 'Islamic state' in Iraq and Syria». BBC News. 2014 թ․ հունիսի 30. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  6. «Islamic State». Australian National Security. National Security Committee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. Neffinger, Veronica. «Christians Return to Iraq and Reopen Churches». Christian Headlines. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Domle, Khidir. «Assyrians accuse Kurdish authorities of discrimination». Kurdish Aspect. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

United States Bureau of Democracy, Human Rights and Labour. Iraq: International Religious Freedom Report 2007. This article incorporates text from this source, which is in the public domain.