Jump to content

Կրոկկո Կարմինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրոկկո Կարմինե
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1830(1830-06-05)
ԾննդավայրՌիոներո ին Վուլտուրե, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա
Մահացել էհունիսի 18, 1905(1905-06-18)[1] (75 տարեկան) կամ հունիսի 8 (21), 1905 (75 տարեկան)
Մահվան վայրՊորտոֆերաիո, Լիվորնո, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Երկու Սիցիլիաների թագավորություն
Մասնագիտությունռազմական գործիչ, ավազակ և զինվոր
 Carmine Crocco Վիքիպահեստում

Կրոկկո Կարմինե (իտալ.՝ Carmine Crocco, հունիսի 5, 1830(1830-06-05), Ռիոներո ին Վուլտուրե, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա - հունիսի 18, 1905(1905-06-18)[1] կամ հունիսի 8 (21), 1905, Պորտոֆերաիո, Լիվորնո, Տոսկանա, Իտալիա), հայտնի է նաև որպես Դոնատելլո[2] (իտալ.՝ Donatello) կամ Դոնատելլի (իտալ.՝ Donatelli), իտալացի ավազակ է։ Սկզբնապես եղել է Բուրբոնների բանակի զինվոր, հետագայում ծառայել է Ջուզեպպե Գարիբալդիի գլխավորությամբ և Իտալիայի միավորումից կարճ ժամանակ անց կազմել է երկու հազար մարդուց բաղկացած բանակ՝ այն դարձնելով Հարավային Իտալիայի ամենամիասնական և վտանգավոր ուժը և դառնալով Բուրբոնների կողմի ամենավտանգավոր հրամանատարը։ Հայտնի է եղել իր պարտիզանական մարտավարությամբ, ինչպիսիք են ջրամատակարարման դադարեցումը, ջրաղացների ոչնչացումը, հեռագրային լարերի կտրումը և դանդաղկոտներին դարանակալելը։ Չնայած 19-րդ և 20-րդ դարի սկզբի որոշ գրողներ նրան համարում էին «չար գող և մարդասպան» կամ «դաժան գող, անպարկեշտ մարդասպան», 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած շատերը (հատկապես ռևիզիոնիստական «Ռիսորջիմենտոյի» կողմնակիցները) սկսել են նրան տեսնել նոր լույսի ներքո՝ որպես «գյուղացիական հեղափոխության շարժիչ ուժ» և «զանգվածային դիմադրության նախօրոք ներկայացուցիչ, Իտալիայի երբևէ ունեցած ամենահզոր ռազմական հանճարներից մեկը»։ Այսօր հարավային Իտալիայի շատ բնակիչներ, մասնավորապես նրա հայրենի Բազիլիկատա շրջանից, նրան համարում են ժողովրդական հերոս։

Կարմինը ծնվել է Ռիոներո ին Վուլտուրեում, այն ժամանակ՝ Երկու Սիցիլիաների թագավորությունում։ Նրա հայրը՝ Ֆրանչեսկո Կրոկկոն, եղել է ծառա ազնվական Սանտաջելլո ընտանիքում։ Մայրը եղել է Մարիա Ջերարդա Սանտոմաուրոն։ Ընտանիքում եղել է հինգ երեխա։ Հորեղբայր Մարտինոն կռվել է Իսպանիայում՝ Նապոլեոնի բանակի կազմում։ Կորցնելով ոտքը՝ վերադարձել է հայրենիք, և հենց նա է եղել, որ Կարմինին սովորեցրել է կարդալ ու գրել և սերմանել է հետաքրքրություն զինվորական ծառայության նկատմամբ։ Բացի այդ, վաղ երիտասարդության տարիներին Կարմինը ուժեղ հակակրանք է ձեռք բերել բարձր խավի նկատմամբ՝ եղբոր հետ կապված պատմության պատճառով։ Եղբորը ծեծի է ենթարկել Դոն Վինչենցոն՝ իր սպասարկած ընտանիքի գլուխը, Կրոկկոյի հավին բռնած շանը սպանելու համար։ Հղի մայրը փորձել է պաշտպանել որդուն, բայց արդյունքում վիժել է[3]: Հայրը՝ Ֆրանչեսկո Կրոկկոն, մեղադրվել է ազնվական լորդի սպանության փորձի մեջ և, չնայած դատարանում մեղադրանքի ապացույցների բացակայությանը, բանտարկվել է[4]։

Այս իրադարձություններից հետո Կարմինեն և նրա եղբայր Դոնատոն տեղափոխվել է Ապուլիա, որտեղ վարձվել է որպես հովիվ։ 1845 թվականին հնարավորություն է ունեցել վերադառնալ հայրենի երկիր. Օֆանտո գետի վրա տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ փրկել է Ատելա կոմունայի ազնվական Ջովաննի Ակվիլեչիայի կյանքը և դրա համար ստացել է 50 դուկատ։ Վերադառնալով Ռիոներո՝ Կարմինե Կրոկկոն կարողացել է գյուղացիների համար ֆերմերային բանվորի աշխատանք գտնել, իսկ Ակվիլեչիայի փեսան՝ դոն Պիետրո Գինիստրելլին, կարողացել է ապահովել Ֆրանչեսկո Կրոկկոյի ազատ արձակումը[2]։ Ընտանիքի ղեկավարը չի դիմացել բանտի պայմաններին, և Կարմինեն դարձել է ընտանիքի գլուխը։ Նա շարունակել է աշխատել որպես գյուղացի։ Այստեղ նա հաշտություն է կնքել դոն Վինչենցոյի որդու՝ դոն Ֆերդինանդոյի հետ, որը Կրոկկոյի ընտանիքին գումար է առաջարկել որպես վիրավորանքի և վնասի համար փոխհատուցում. Կարմինը դրա կարիքն ուներ զինվորական ծառայությունից ազատվելու համար։ Դոն Ֆերդինանդոն համաձայնվել է այս պայմաններին, սակայն 1848 թվականի մայիսի 15-ին, հեղափոխական իրադարձությունների ժամանակ, սպանվել է։ Կարմինե Կրոկկոն ստիպված է եղել միանալ թագավորական բանակին, իսկ նրա քույր Ռոզինան պատասխանատու է եղել ընտանիքի համար[2]։

Օրենքից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմինո Կրոկկոյի զինվորական ծառայությունը երկար չի տևել, մարտում ընկերոջ մահից հետո դարձել է դասալիք[5]։ Տուն վերադառնալով՝ իմացել, որ իր քույր Ռոզինան մերժել է տեղացի ազնվական դոն Պեպինոյի առաջարկները։ Դոն Պեպինոն, չի կարողացել դիմանալ վիրավորանքին և սկսել է տարածել զրպարտչական լուրեր։ Դրան ի պատասխան՝ Կարմինեն դարանակալել է նրան քաղաքից դուրս գտնվող կալվածքում, որտեղ դոնը սովորություն ուներ խաղալու խաղաթղթով։ Երբ դոն Պեպինոն հարվածել է Կարմինեին մտրակով, Կրոկկոն նրան դանակահարել է և փախել[6]։ Այս դեպքը նկարագրված է «Կրոկկոյի ինքնակենսագրություն» գրականության մեջ, սակայն խմբագիր Էուջենիո Մական փորձել է հետաքննել այն և կասկածի տակ է դրել իրեն հաղորդված պատմության իսկությունը[7]։

Ֆորենցա փախչելով՝ Կարմինը կազմավորել է մի ավազակախումբ, որը զբաղվել է շորթմամբ և կողոպուտով։ Տուն վերադառնալու փորձ կատարելով՝ ձերբակալվել է 1855 թվականի հոկտեմբերի 13-ին և մոտ չորս տարի անցկացրել է բանտում։ 1859 թվականի դեկտեմբերի 13-14֊ը փախել է և թաքնվել Մոնտիկիոյի և Լագոպեսոլիի մոտակայքում[8]։

Գարիբալդյանների և լեգիտիմիստների շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուզեպպե Կարուզո

1860 թվականի մայիսին Գարիբալդին սկսել է իր արշավանքը Սիցիլիայի դեմ, իսկ արդեն օգոստոսին՝ Նեապոլի դեմ[9]։ Գարիբալդին համաներում է հայտարարել ավազակների և դասալիքների համար՝ պայմանով, որ նրանք միանան զինվորական ծառայության, իսկ Կարմինե Կրոկկոն որոշել է միանալ նրա զորքերին։ Նա մասնակցել է Վոլտուրնոյի ճակատամարտին, ցուցաբերել մեծ քաջություն, բայց չի պարգևատրվել, այլ, ընդհակառակը, կրկին ձերբակալվել է[10]։ Նրան տեղափոխել են Չերիգնոլա բանտ, բայց կարողացել է կապ հաստատել Ֆորտունատոյի ազգականի հետ, ով ապահովել է նրա ազատ արձակումը։ Հիասթափված նոր իտալական թագավորությունից՝ Կրոկկոն անցել է լեգիտիմիստների ծառայությանը։ Բազիլիկատայում նա տեղի հոգևորականներից և ազնվականներից ստացել է բավարար միջոցներ՝ Բուրբոնների դրոշի ներքո 2000 կամավոր վարձելու համար[11]։

«Պորտոֆերայոյի քրեակատարողական բանտ». Տելեմակո Սինյորինիի նկարը, 1890 թվական։ Կրոկկոն առաջինը ցույց է տրված աջ կողմում։

10 օրում Կրոկկոյի ջոկատը կարողացել է գրավել Վուլտուրի ամբողջ տարածքը։ Միաժամանակ, կիրառվել են բոլոր տեսակի բռնություններ. լիբերալ քաղաքական գործիչներն ու հարուստ հողատերերը թալանվել են, առևանգվել են փրկագնի դիմաց կամ սպանվել են ամենադաժան ձևերով։ Լայն հանրությունը Կրոկկոյին ընկալել է որպես հերոս և աջակցել է նրա գործողություններին[12]։ 1861 թվականի ապրիլի 7-ին Կրոկկոյի ջոկատը գրավել է Լագոպեսոլեն, իսկ հաջորդ օրը՝ Ռիպականդիդան։ Երբ մեկ այլ գյուղ կամ քաղաք էր գրավվում, Ազգային գվարդիայի կայազորները ոչնչացվում էին, իսկ գանձարանը բռնագրավվում։ Ապրիլի 11-ին Վենոսայի գրավման ժամանակ սպանվել է նախկին կարբոնարի Ֆրանչեսկո Նիտտին՝ ապագա վարչապետի պապիկը[13]։ Լավելլոյում 27 «լիբերալներ» մահապատժի են ենթարկվել ռազմական դատարանի կողմից. առգրավված 7000 դուկատներից 6500-ը բաշխվել են ջոկատի անդամների միջև։ Կրոկկոն հաջողությամբ գործել է թե՛ Կամպանիայում, թե՛ Ապուլիայում[14]:

Չցանկանալով կորցնել նախաձեռնությունը, Բուրբոնների կառավարությունը իսպանացի գեներալ Խոսե Բորխեսին ուղարկեl 1 Կրոկկոյի հետ համագործակցելու. նրանց միջև հարաբերությունները միանգամից չեն կարգավորվել։ Բորխեսը ցանկանում էր ամրապնդել կարգապահությունը և օգտագործել Կրոկկոյի ջոկատը՝ Բազիլիկատայում իտալական բանակի ամրոցը՝ Պոտենցան գրավելու համար։ Կրոկկոն վախենում էր իշխանությունը կորցնելուց։ Մոտավորապես նույն ժամանակ ժամանել է ֆրանսիացի գործակալ Օգյուստեն դը Լանգլը՝ նույնպես բերելով միջոցներ և զենք։ Բորխեսի և դը Լանգլի օգնությամբ Կրոկկոն սկսել է գրավել գյուղեր՝ նորեկներ հավաքագրելու համար, միաժամանակ բոլոր կողմերից շրջապատելով Պոտենցան։ Սակայն հարձակումը երբեք տեղի չի ունեցել Լանգլեի և Բորխեսի միջև հակամարտության պատճառով։ Մոնտիկիո նահանջի ժամանակ Կրոկկոն վիճաբանել է Բորխեսի հետ և դարձել է դասալիք՝ վերադառնալով կողոպուտի և շորթման։ Նրա հիմնական բազան Ապուլիայի Մոլիզե քաղաքն էր։ Նրան առաջարկել են պատվավոր հանձնվել, բայց նա հրաժարվել է։ Սակայն շուտով նրան դավաճանել է իր օգնական Ջուզեպպե Կարուզոն, և երբ Կրոկկոյի ավազակախումբը գերի է ընկել պիեմոնտյան զորքերի կողմից, եղել են բազմաթիվ զոհեր։ Ինքը՝ Կրոկկոն, չի ընկել հյուսիսցիների ձեռքը և փախել Պապական մարզ՝ օգնություն խնդրելով Պիոս IX֊ից[15]։

Կյանքի ավարտ։ Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապական իշխանությունները նրան բռնել են Վերոլիում և տարել են հռոմեական բանտ։ Իտալիայի թագավորության կազմավորումից հետո նա դատվել է նոր կառավարության կողմից և մահապատժի է դատապարտվել 1872 թվականի սեպտեմբերի 11-ին։ Սակայն հետագայում դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Նա բանտարկվել է Սանտո Ստեֆանո բանտում, որտեղ Էուջենիո Մակայի օգնությամբ սկսել է գրել ինքնակենսագրություն, որը հրատարակվել է 1903 թվականին («Բազիլիկատայի վերջին ավազակը»): 20-րդ դարի երկրորդ կեսին գիրքը մեծ ժողովրդականություն էր վայելում և բազմիցս վերահրատարակվել է Իտալիայում[16]։ Մահացել է 1905 թվականի հունիսի 18-ին Պորտոֆերաիո բանտում։

Միքելե Պլաչիդոն իրեն անվանում էր Կրոկկոյի անհատականության մեծ երկրպագու և նույնիսկ պնդում էր, որ նրա ժառանգն է։ Նա խաղացել է «Կարմինե Կրոկկո» պատմվածքի հիման վրա նկարահանված ներկայացումներում և ֆիլմերում[17]։ 1999 թվականին ռեժիսոր Պասկուալե Սկուիտերին նկարահանել է «Ավազակներ» ֆիլմը՝ հիմնված նրա կենսագրության վրա, սակայն այն արագորեն հանվել է ցուցադրությունից։ Նրա հայրենիքում 2008 թվականից գործում է Կարմինե Կրոկկոյի թանգարան[18]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barbagallo F. Francesco S. Nitti : [итал.]. — Torino : Unione Tipografico-Editrice Torinese, 1984. — 681 p. — ISBN 880203902X.
  • Carria Renzo Del. Proletari senza rivoluzione. — Roma : Savelli, 1975. — 255 p.
  • De Leo A. Carmine Cròcco Donatelli : un brigante guerrigliero. — Cosenza : Pellegrini, 1983. — 139 с.
  • Del Zio B. Il brigante Crocco e la sua autobiografia: memorie e documenti. — Melfi : Tipografia G. Grieco, 1903. — 113 p.
  • Hobsbawm E. Bandits. — London : Penguin, 1985. — 181 p.
  • Montanelli I. L'Italia dei notabili. (1861—1900) : [итал.]. — Milano, 1973. — 455 p.
  • Pedio T. Storia della Basilicata raccontata ai ragazzi. — Congedo Editore, 1994. — ISBN 88-365-2141-X.
  • Romano S. Storia d'Italia dal Risorgimento ai nostri giorni. — Milano : Longanesi, 1998. — 490 с.
  • Smith D. M. Italy: a modern history. — Ann Arbor, Michigan : University of Michigan Press, 1969. — 542 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Pedio, 1994
  3. Montanelli, 1973, էջ 85
  4. Pedio, 1994, էջ 264
  5. Hobsbawm, 1985, էջ 25
  6. Pedio, 1994, էջ 265
  7. Del Zio, 1903, էջ 120
  8. De Leo, 1983, էջ 36
  9. Pedio, 1994, էջ 266
  10. Smith, 1969, էջ 72
  11. Romano, 1998, էջ 49
  12. Montanelli, 1973, էջ 88
  13. Barbagallo, 1984, էջ 5
  14. Carria, 1975, էջ 87
  15. Del Zio, 1903, էջ 159—160
  16. Raffaele Nigro. «IL BRIGANTAGGIO NELLA LETTERATURA». Eleam. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  17. Rossani Ottavio, Grassi Giovanna (2000 թ․ հունիսի 25). «"La storia bandita": un film dal vivo sui briganti» (իտալերեն). Corriere della sera. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  18. «Museo di Crocco. La Tavern R Crocc». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոկկո Կարմինե» հոդվածին։