Կրծքագեղձի գոյացություն
| Կրծքագեղձի գոյացություն | |
|---|---|
| Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա և Վիրաբուժություն |
| ՀՄԴ-9 | 611.72 |
| ՀՄԴ-10 | N63 |
Կրծքագեղձի գոյացություն․ կրծքագեղձի տեղային ուռուցիկ հատված է, որը շոշափման ժամանակ տարբերվում է շրջապատող հյուսվածքից[1]։ Այն կարող է ուղեկցվել կրծքագեղձի ցավով, պտկիկից արտադրությամբ կամ մաշկի փոփոխություններով[1]։ Կասկած հարուցող կլինիկական հատկանիշներ են համարվում կոշտ, քիչ շարժուն, անկանոն ձև ունեցող կամ շրջակա հյուսվածքներին ամուր կպած գոյացությունները[2]։
Պատճառներից են ֆիբրոկիստոզ փոփոխությունները, ֆիբրոադենոմաները, կրծքագեղձի վարակները, գալակտոցելեները և կրծքագեղձի քաղցկեղը[1]։ Կրծքագեղձի քաղցկեղը կազմում է կրծքագեղձի գոյացությունների մոտավորապես 10%-ը[1]։ Ախտորոշումը սովորաբար կատարվում է կլինիկական զննման, գործիքային հետազոտությունների և հյուսվածաբանական բիոպսիայի միջոցով[2]։ Հյուսվածքային բիոպսիան հաճախ իրականացվում է բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի միջոցով[3]։ Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել կրկնակի հետազոտություն[2]։
Բուժումը կախված է հիմքում ընկած պատճառից[1]։ Այն կարող է տատանվել ցավազրկող դեղամիջոցների կիրառումից մինչև վիրաբուժական հեռացում[1]։ Որոշ պատճառներ կարող են ինքնուրույն վերանալ՝ առանց բուժման անհրաժեշտության[4]։ Կրծքագեղձի գոյացությունները համեմատաբար հաճախ են հանդիպում[2]։ Դրանք կանանց շրջանում կրծքագեղձի հետ կապված ամենատարածված գանգատն են, ընդ որում հիմնական մտահոգությունը կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունն է[5][6]:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արդյունք | Տոկոս |
|---|---|
| Կրծքագեղձի ֆիբրոկիստոզ փոփոխություններ | 40% |
| Հիվանդություն չի հայտնաբերվել | 30% |
| Ֆիբրոադենոմա | 7% |
| Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ և նորագոյացություններ | 13% |
| Կրծքագեղձի քաղցկեղ | 10% |
Կիստաներ և աբսցեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքագեղձի կիստան բարորակ, հեղուկով լցված պարկ է կրծքագեղձի հյուսվածքում։ Շոշափման ժամանակ այն սովորաբար զգացվում է հարթ, առաձգական գոյացություն և կարող է լինել ցավոտ կամ անցավ։ Կիստաների առաջացումը պայմանավորված է դաշտանային ցիկլը կարգավորող հորմոններով, և դրանք հազվադեպ են հանդիպում 50 տարեկանից բարձր կանանց մոտ[8]։
Ճարպագեղձային կիստան մաշկի տակ տեղակայված ոչ բարորակ, փակ պարկ կամ կիստա է, որն առաջանում է մազապարկի շրջանում արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հորմոնային խթանումը կամ վնասվածքը կարող են նպաստել դրա մեծացմանը, սակայն ախտանշանների բացակայության դեպքում բժշկական միջամտություն չի պահանջում[8]։
Կրծքագեղձի թարախակույտերը կրծքագեղձի հյուսվածքում տեղակայված բարորակ վարակային օջախներ են։ Դրանք կարող են լինել արտահայտված ցավոտ և ուղեկցվել կրծքագեղձի մաշկի կարմրությամբ, տաքության զգացմամբ կամ պնդեցմամբ։ Կրծքագեղձի թարախակույտերն առավել հաճախ հանդիպում են կրծքով կերակրող կանանց շրջանում[8]։
Նորագոյացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադենոմաները կրծքագեղձի գեղձային հյուսվածքի բարորակ գոյացություններ են։ Այս գոյացությունների ամենատարածված ձևը՝ ֆիբրոադենոմաները, առավել հաճախ հանդիպում է 15–30 տարեկան կանանց շրջանում և աֆրիկյան ծագում ունեցող կանանց մոտ։ Շոշափման ժամանակ դրանք սովորաբար լինում են կլոր,հարթ եզրերով և պինդ խտաստիճանի։ Ադենոմաները կապված չեն կրծքագեղձի քաղցկեղի հետ[8]։
Ներծորանային պապիլոմաները կրծքագեղձի ծորաններում գտնվող գորտնուկանման գոյացություններ են։ Դրանք սովորաբար շոշափվում են անմիջապես պտուկի տակ և կարող են պատճառ լինել պտուկից արյունային արտադրության։ Նախադաշտանադադարային տարիքի կանանց մոտ ավելի հաճախ հանդիպում է եզակի գոյացություն,մինչդեդ երիտասարդ կանանց բնորոշ է բազմակի գոյացություններ,մեկ կամ երկու կրծքագեղձերում[8]։
Կրծքագեղձի քաղցկեղը սովորաբար շոշափվում է որպես կոշտ կամ խիտ գոյացություն, որը հաճախ ունի անկանոն ձև և սերտաճած է մաշկին կամ խորանիստ հյուսվածքներին։ Կրծքագեղձի քաղցկեղը հազվադեպ է ուղեկցվում ցավով և կարող է զարգանալ կրծքագեղձի կամ պտուկի ցանկացած հատվածում[8]:
Ճարպային հանգույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարպային նեկրոզը վիճակ է, որի ընթացքում կրծքագեղձի նորմալ ճարպային բջիջները ձևավորում են կլոր գոյացություններ։ Ախտանշաններն կարող են ներառել ցավ, պնդություն, կարմրություն և/կամ կապտուկներ։ Ճարպային հանգույցը սովորաբար անցնում է առանց բուժման, սակայն կարող է ձևավորել մշտական սպիական հյուսվածք, որը մամոգրաֆիայի ժամանակ երևում է գեղձային հյուսվածքի փոփոխություն[8]։
Լիպոման ճարպային հյուսվածքի բարորակ գոյացություն է, որը շոշափման ժամանակ փափուկ է,շարժուն և անցավ[8]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքագեղձի հեմատոմաներն ու սերոմաները կարող են շոշափվել կամ երևալ որպես կրծքագեղձի տեղային այտուց։ Սերոմաները կրծքագեղձի վիրահատության հաճախ հանդիպող բարդություններ են։ Հեմատոմաները նույնպես կարող են առաջանալ կրծքագեղձի վիրահատությունից կամ վնասվածքից հետո, կամ հազվադեպ՝ ինքնուրույն՝ կոագուլոպաթիա ունեցող հիվանդների մոտ։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրծքագեղձի գոյացությունները հաճախ հայտնաբերվում են ինքնազննման ժամանակ կամ պարբերական կանխարգելիչ բուժզննման ընթացքում։ Կրծքագեղձում անսովոր գոյացություն նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, բնույթը պարզելու և հետագա բուժման համար։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքագեղձի գոյացությունների բուժումը տարբերվում է՝ կախված գոյացության տեսակից։ Սովորական կրծքագեղձի կիստաների և թարախակույտների դեպքում բուժման հիմնական եղանակը դրանց դրենավորումն է, մինչդեռ ճարպագեղձի կիստաների և ճարպային գոյացությունների համար առավել նպատակահարմար է վիրահատական բուժումը[8]։
Ֆիբրոադենոմայի բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի ֆիբրոադենոմաների բուժման մի քանի մոտեցում ներառյալ սպասողական մոտեցումը, բաց կամ նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտությունները։
- Սպասողական մոտեցումը կիրառվում է հիմնականում շատ փոքր ֆիբրոադենոմաների դեպքում և ենթադրում է պարբերական վերահսկողություն բժշկի կողմից՝ յուրաքանչյուր 6–12 ամիսը մեկ։
- Բաց վիրահատությունը պատմականորեն ֆիբրոադենոմաների, հատկապես՝ մեծ չափերի, հեռացման ամենատարածված մեթոդն է եղել, սակայն այն ունի մի շարք թերություններ։ Վիրահատությունը հաճախ պահանջում է ընդհանուր անզգայացում, մեկօրյա կամ ավելի հոսպիտալացում և կարող է թողնել նկատելի սպի կտրվածքի շրջանում։
- Նվազ ինվազիվ վիրաբուժական միջամտությունները ներառում են բիոպսիա և կրիոաբլացիա։ Բիոպսիայի ժամանակ օգտագործվում է վակուում-ասպիրացիոն սարք, որի միջոցով ֆիբրոադենոման հեռացվում է մաս առ մաս։ Այս միջամտությունը կարող է արդյունավետ լինել, սակայն հաճախ չի ապահովում գոյացության 100% հեռացում, ինչի հետևանքով հնարավոր է ախտադարձ (ռեցիդիվ) Կրիոաբլացիայի դեպքում ուլտրաձայնային հետազոտության վերահսկողությամբ զոնդ է անցկացվում ֆիբրոադենոմայի մեջ՝ կրծքագեղձի մաշկի վրա փոքր կտրվածքի միջոցով։ Այնուհետև կիրառվում են ծայրահեղ ցածր (սառեցնող) ջերմաստիճաններ՝ գոյացությունը սառեցնելու համար ինչի հետևանքով այն աստիճանաբար քայքայվում է և հետագայում ներծծվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 «Breast Masses (Breast Lumps)». Merck Manuals Professional Edition (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- 1 2 3 4 Klein, S (2005 թ․ մայիսի 1). «Evaluation of palpable breast masses». American Family Physician. 71 (9): 1731–8. PMID 15887452.
- ↑ Yu, YH; Wei, W; Liu, JL (2012 թ․ հունվարի 25). «Diagnostic value of fine-needle aspiration biopsy for breast mass: a systematic review and meta-analysis». BMC Cancer. 12: 41. doi:10.1186/1471-2407-12-41. PMC 3283452. PMID 22277164.
- ↑ «Breast lumps». NHS. 2017-10-20. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Hindle, William H. (2012). Breast Care: A Clinical Guidebook for Women's Primary Health Care Providers (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 12. ISBN 9781461221449.
- ↑ Salzman, B; Fleegle, S; Tully, AS (2012 թ․ օգոստոսի 15). «Common breast problems». American Family Physician. 86 (4): 343–9. PMID 22963023.
- ↑ Mitchell, Richard Sheppard; Kumar, Vinay; Abbas, Abul K.; Fausto, Nelson (2007). Robbins Basic Pathology (8th ed.). Philadelphia: Saunders. էջ 739. ISBN 978-1-4160-2973-1.
- 1 2 3 4 5 6 7 8 9 «WebMD: Breast Lump Overview». Արխիվացված է օրիգինալից 2014-02-14-ին. Վերցված է 2026-01-17-ին.