Կրիոստատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչ մետաղային կազմության կրիոստատ հեղուկ ազոտի պահեստավորման համար

Կրիոստատ (հուն․՝ κρύος` ցուրտ և στατός` կանգուն, անշարժ)։ Ցածր ջերմաստիճանների համար նախատեսված թերմոստատ է։ Կրիոստատի հիմնական տարրը ջերմամեկուսացված անոթն է (պարզագույն դեպքում՝ Դյուարի անոթ), որում տեղավորում են օբյեկտը։ Ջերմաստիճանի իջեցումը սովորաբար կատարվում է կրիոստատի մեջ լցվող հեղուկացված գազի՝ այսպես կոչված սառնագենտի (ցրտի կողմնակի աղբյուր) գոլորշիացման ջերմության և գոլորշու տաքացման հաշվին։ Ջերմակայունացումն իրականացվում է սառնագենտի եռման ջերմաստիճանում, որը գոլորշիների ճնշման փոփոխումով կարելի է կրիտիկական ջերմաստիճանից հասցնել մինչև եռակի կետի ջերմաստիճանը։ Ջերմաստիճանների ավելի լայն տիրույթում ջերմակայունացումը կատարվում է ինքնակառավարման սխեմայով։ Կրիոստատները տարբերում են ըստ սառնագենտի տեսակի (հելիումային, ազոտային), պատրաստման նյութի (ապակե, մետաղե, փրփրապլաստից են), օգտագործման նպատակի (օպտիկական, ռադիոտեխնիկական հետազոտությունների, մագնիսական չափումների համար ևն)։ Կիրառվող սառնագենտի քանակությունը համեմատական է ջերմահաղորդականության (գազի և պատվանդանի) ու ջերմաճառագայթման շնորհիվ կրիոստատի արտաքին պատյանից անոթին փոխանցվող ջերմության քանակությանը։ Ջերմահաղորդումը փոքրացնելու նպատակով ընտրում են ջերմամեկուսիչ պատվանդաններ, կրիոստատի արտաքին պատյանի և անոթի միջև վակում է ստեղծում, ինչպես նաև մեծացնում են կրիոստատի ջերմաճառագայթող մակերևույթների գորշության գործակիցը և ավելացնում ջերմաստիճանի միջանկյալ արժեքներով ջերմային էկրաններ։ Կրիոստատը կիրառվում է նյութի ֆիզիկական հատկությունների, գերհաղորդականության երևույթի ուսումնասիրման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 689