Կրիմինալիստիկական հետքաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կրիմինալիստիկական հետքաբանություն, կրիմինալիստիկական տեխնիկայի ճյուղ, որն ուսումնասիրում է հետքերը՝ որպես օբյեկտների արտաքին կառուցվածքի արտապատկերներ, նրանց առաջացման մեխանիզմը, հայտնաբերման, ֆիքսման, վերցման և հետազոտման միջոցներն ու մեթոդները, դրանք առաջացրած օբյեկտների խմբային պատկանելության որոշման և նույնացման, ինչպես նաև հանցագործության դեպքի ու հանցագործի վերաբերյալ դիագնոստիկ և այլ տվյալների պարզաբանման նպատակով:

Հետքերի առաջացման համար անհրաժեշտ են երկու օբյեկտներ, որոնցից մեկը հետք է առաջացնում մյուսի վրա: Այն օբյեկտը, որն առաջացնում է հետքը, կոչվում է հետք առաջացնող օբյեկտ, իսկ այն օբյեկտը, որի վրա մնում է առաջին օբյեկտի արտապատկերը, կոչվում է հետք ընդունող օբյեկտ: Հետքի առաջացման գործընթացը կոչվում է հետքային կոնտակտ, որը կարող է տարբեր երևույթների արդյունք լինել (մեխանիկական, ջերմային, քիմիական, ֆոտոքիմիական):

Հետքաբանության կարևորագույն խնդիրը հետք առաջացնող օբյեկտի նույնացումն է, իսկ վերջինիս բացակայության դեպքում նրա խմբային պատկանելության որոշումը (ի՞նչ ավտոմեքենայի դողերի հետքեր են, ինչպիսի՞ գործիքից է առաջացել հետքը, ի՞նչ տիպի կամ ի՞նչ համարի կոշիկից է առաջացել հետքը և այլն): Հետքաբանության խնդիրներից է նաև դիագնոստիկ բնույթի որոշ հարցերի պարզաբանումը, մասնավորապես հետքերի առաջացման մեխանիզմի պայմանների պարզաբանումը (ո՞ր ուղղությամբ է շարժվել ավտոմեքենան, ի՞նչ եղանակով է բացվել կամ կոտրվել փականը, ինչպիսի՞ք են մարդու քայլվածքի առանձնահատկությունները և այլն):

Հետքերի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ առաջացման աղբյուրի մեխանիզմի՝ հետքերը լինում են

  • ծավալային
  • մակերեսային
  • ստատիկ
  • դինամիկ
  • լոկալ
  • պերիֆերիկ

Ծավալային հետքերը առաջանում են, երբ հետք ընդունող օբյեկտը հետք առաջացնող օբյեկտի հետ ունեցած կոնտակտի մասում դեֆորմացվում է և որոշակի չափով ընդունում նրա մակերեսի առանձնահատկությունները: Այսինքն՝ հետքն առաջանում է ընդունող օբյեկտի ծավալային փոփոխությունների հաշվին: Ծավալային հետքեր առաջանում են, օրինակ կոշիկից՝ հողի, ավազի, ձյան վրա, մատից՝ պլաստիլինի և նման նյութերի վրա և այլն:
Մակերեսային հետքերն այն արտապատկերներն են, որոնք առաջանում են հետք ընդունող օբյեկտի մակերեսային փոփոխությունների հետևանքով: Այդ փոփոխությունները առաջանում են հետևյալ դեպքերում.

  1. հետքը ձևավորվում է, երբ հետք ընդունող օբյեկտի վրա մնում են հետք առաջացնող օբյեկտի մասնիկները: Դրանք մասնագիտական գրականության մեջ կոչվում են շերտավորման հետքեր(օրինակ փոշոտված անիվի հետքը ասֆալտի վրա)
  2. հետքը ձևավորվում է, երբ հետք առաջացնող օբյեկտը հետք ընդունող օբյեկտից անջատում է որևէ նյութի մասինկներ- շերտազատման հետքեր (օրինակ՝ ներկված, բայց չչորացած հատակի վրա քայլելիս)
  • Ստատիկ համարվում են այն հետքերը, որոնք առաջանում են այնպիսի կոնտակտի պահին, երբ հետք առաջացնող և ընդունող օբյեկտները գտնվում են դադարի վիճակում: Օրինակ՝ ձյան կամ ավազի վրա կանգնած մարդու ոտնահետքը: Դինամիկ հետքերը առաջանում են օբյեկտներից մեկի (կամ երկուսի էլ) շարժման պրոցեսում, օրինակ՝ սղոցելիս, կտրելիս, քերելիս և այլն:
  • Լոկալ(տեղային) հետքերը առաջանում են այն փոփոխությունների հետևանքով, որոնք տեղի են ունենում հետք առաջացնող և հետք ընդունող օբյեկտների կոնտակտի սահմաններում: ԿոնտաԿտից դուրս մնացած մասերը մնում են առանց փոփոխության: Պրակտիկայում հանդիպող հնարավոր հետքերի բացարձակ մեծամասնությունը լոկալ է (օրինակ՝ բոլոր շավալային հետքերը, մատների քրտնաճարպային հետքերը, սահնակի կամ մեքենայի անվադողի հետքերը):
  • Պերիֆերիկ (մակերեսամերձ) հետքերը առաջանում են այն փոփոխությունների պայմաններում, որոնք տեղի են ունենում հետք առաջացնող ու ընդունող օբյեկտների կոնտակտի սահմաններից դուրս: Օրինակ՝ գրադարակի վրա դրված և փոշով ծածկված առարկան վերցնելիս մնում է նրա չփոշոտված տեղը:

Ըստ տեսանելիության աստիճանի՝ հետքերը լինում են

  • տեսանելի
  • քիչ տեսանելի
  • անտեսանելի

Հետքերի հայտնաբերումը կատարվում է ինչպես անզեն աչքով, այնպես էլ տեխնիկական միջոցների գործադրությամբ, մասնավորապես թեք ընկնող ճառագայթներով, լուսազտիչներով, ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթներով, գունավոր փոշիներով, յոդի գոլորշիներով և այլն: Հայտնաբերված հետքերը պետք է ուսումնասիրվեն և ամրապնդվեն այնպես, որ հնարավոր լինի առավել շատ ինֆորմացիա ստանալ նրանցից: Բոլոր դեպքերում հայտնաբերված հետքերը խորհուրդ է տրվում լուսանկարել մասշտաբային նկարահանման կանոններով: Հետքերի լուսանկարները համապատասխան ձևակերպումից հետո կցվում են քննչական գործողության արձանագրությանը:

Ըստ առաջացնող օբյեկտի՝ հետքերը դասակարգվում են հետևյալ տեսակների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ձեռքի հետքեր
  • ոտքի հետքեր
  • ջարդող գործիքի հետքեր
  • ատամների հետքեր
  • տրանսպերտային միջոցի և այլ հետքեր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լևոն Պարգևի Օհանյան, «Կրիմինալիստիկա» - Բուհական դասագիրք, ԵՊՀ հրատ., 2010։