Կրթությունը Կիպրոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրթությունը Կիպրոսում վերահսկվում է Կրթության և մշակույթի նախարարության կողմից։

Կրթական համակարգը բաժանված է 4 մասերի՝ նախադպրոցական կրթություն (3–6 տարեկան), տարրական կրթություն միջնակարգ կրթություն և բարձրագույն կրթություն (18 տարեկանից բարձր)[1]։ 5-ից 15 տարեկան երեխաների համար առկա ուսուցումը պարտադիր է[2]։ Կրթությունը պետական պատվերի շրջանակներում, ներառյալ նաև բարձրագույն կրթությունը, ապահովվում է պետական հարկերի հաշվին։

Զուգահեռաբար գործում է նաև պաշտոնապես ճանաչված մասնավոր դպրոց, և ծնողները կարող են իրենց երեխաներին ապահովել պատշաճ կրթությամբ։ Մասնավոր դպրոցների և համալսարանների ուսման վճարները սովորաբար չեն ծածկվում պետության կողմից։

Բարձրագույն կրթությունը հիմնականում սկսվում է բակալավրիատի քառամյա մակարդակով։ Հետբուհական աստիճանները ներառում են մագիստրատուրա՝ ուսուցման կամ հետազոտության տեսքով, և ասպիրանտուրա (թեկնածուական աստիճան)՝ հետազոտական աստիճան, որը սովորաբար տևում է առնվազն 3 տարի։ Դիպլոմներ տալու թույլտվություն ունենալու համար համալսարանները պետք է պաշտոնապես արտոնագրված լինեն։

Տարրական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաներոմենիի տարրական դպրոցը

Նախադպրոցական կրթությունը Կիպրոսում պարտադիր է բոլոր այն երեխաների համար, ում չորս տարեկան, ութ ամսականն ուսման տարվա մեկնարկի դրությամբ լրացել է, իսկ տարրական կրթությունը՝ այն երեխաների համար, ում հինգ տարեկան, ութ ամսականն է լրացել ուսման տարվա մեկնարկի դրությամբ։ Կիպրոսում տարրական կրթությունն ուղղված է երեխաների մոտ քննադատական և ստեղծագործ մտածելակերպի զարգացմանը։ Դրա հիմնական պարտականությունն է աշակերտներին ծանոթացնել իրենց քաղաքակրթությանը, սովորույթներին, հարգանք և սեր սերմանել իրենց ազգային ժառանգության նկատմամբ, իրազեկ լինել իրենց ազգային ինքնության, հունարեն լեզվի, կրոնի և պատմության վերաբերյալ[3]։

Կրթության և մշակույթի նախարարության տարրական կրթության բաժինը ներառում է՝ տարրական կրթություն (մասնավոր և պետական տարրական դպրոցներ), նախադպրոցական կրթություն (մասնավոր, պետական և համայնքային նախադպրոցական հաստատություններ), հատուկ կրթություն (հատուկ դպրոցներ, միություններ և սատարման ծառայություններ, որոնք գործում են հատուկ կարիքներով երեխաներին ամբողջական կրթությամբ ապահովելու համար), Կիպրոսի կրթական առաքելություն (Կիպրոսի համայնքային դպրոցներ Մեծ Բրիտանիայում), Հունաստանում սփյուռքի երեխաների կրթություն, կրթական և ամառային դպրոցներ, չափահասների կրթական կենտրոններ։

2014-2015 կրթական տարում տարրական կրթության վիճակագրությունը հետևյալն է՝ նախադպրոցական կրթական հաստատությունների քանակ՝ 351, աշակերտներ՝ 14 254, տարրական դպրոցներ՝ 334, աշակերտներ՝ 48 796[4]։

Միջնակարգ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսում միջնակարգ կրթությունը ներկայացված է երկու բաժինների միջոցով՝ հիմնական միջնակարգ կրթություն ու տեխնիկական և արհեստագործական միջնակարգ կրթություն։

Հիմնական միջնակարգ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակիպրական վարժարան

Կիպրոսում հիմնական միջնակարգ կրթությունն ապահովվում է 12-ից 18 տարեկան աշակերտների համար և իրականացվում է եռամյա երկու կրթաշրջաններով՝ ավագ դպրոց և լիցեյ։ Երկու կրթաշրջանները ներառում են ընդհատ մոդուլներով դասընթացներ (հունարեն, մաթեմատիկա և այլն), միջառարկայական դասընթացներ (բժշկական կրթություն, շրջակա միջավայր և այլն) և բազմաթիվ արտադպրոցական ծրագրեր (ակումբներ, ուղեևորություններ, այցելություններ և այլն)՝ ուսանողների համապարփակ ու հավասարակշռված անհատականության ձևավորման նպատակով։ Ուսուցումն անվճար է հասարակության բոլոր դասերի համար և պարտադիր մինչև 15 տարին լրանալը[5]։

Հիմնական միջնակարգ կրթությունն ունի բազմազան նպատակներ։ Դրա հիմնական իրավասությունների մեջ են մտնում՝ պետական դպրոցների աշխատանքի մշտադիտարկում և գնահատում, մասնավոր դպրոցների աշխատանքի, պետական կրթական հաստատությունների, խորհրդատվական ծառայության և ուղղորդված ուսուցման, դպրոցների կանոնակարգման, ուսուցիչների տեսչության, անձնակազմի որոշման մշտադիտարկում, ուսանողների և չափահաս անձանց համար վերապատրաստման հնարավորությունների ստեղծում, կրթության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովում[5]։

Տեխնիկական և արհեստագործական միջնակարգ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական և արհեստագործական միջնակարգ կրթության ներկայիս համակարգը հիմնված է մի մոտեցման վրա, որի նպատակն է պատրաստել դպրոցն ավարտողներին այնպես, որ նրանք պատշաճ կերպով պատրաստ լինեն նոր իրավիճակներին և հնարավորություններին։ Երբ աշակերտներն ավարտում են իրենց ուսումը, նրանք արդեն պատրաստի կադրեր են աշխատանքի շուկայի համար և մրցակցային հավասար դիրքերում են գտնվում եվրոպական այլ երկրների համապատասխան մասնագետների հետ։

Կրթական նոր մոտեցումը բազմակողմ է։ Ուսման ծրագրի հիմնական նշանակետերն են[6].

  • Հիմնական կրթություն. աշակերտներին կրթում են այնպես, որպեսզի նրանք պատրաստ լինեն փոփոխվող միջավայրին և նոր մարտահրավերներին։
  • Մասնագիտացված գիտելիքների և հմտությունների շեշտադրում. դա հնարավորություն է տալիս աշակերտներին ունենալ աշխատանքի շուկայի պահանջներին համարժեք հմտություններ։
  • Բնածին տաղանդի և հակումների խրախուսում ու զարգացում. ուսման 2-րդ և 3-րդ տարիներն ուղղված են աշակերտների կոնկրետ տաղանդների և հետաքրքրությունների վրա կենտրոնացմանը։ Աշակերտներն ունեն մասնագիտության ընտրության լայն հնարավորություններ։
  • Քննադական մտածողության և ստեղծագործական գիտելիքների ձեռքբերման խրախուսում. ներկայումս գործող ուսուցման համակարգը ունի ճկունության բարձր աստիճան։

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսի համալսարան

Բարձրագույն կամ երրորդային կրթությունն ապահովվում է պետական և մասնավոր համալսարանների և քոլեջների միջոցով։ Մասնավոր համալսարաններն առաջին անգամ արտոնագրվել են 2005 թվականին, և գործունեություն ծավալելու ու դիպլոմներ տալու համար նրանց ներկայացվում է արտոնագիր ստանալու պահանջ։ Դա սահմանվել է 2005 թվականի «Մասնավոր համալսարանների մասին» օրենքով[7]։

Ներկայումս Կիպրոսի կրթության և մշակույթի նախարարության կողմից դիպլոմներ տալու արտոնագիր ունեն 3 պետական և 5 մասնավոր համալսարաններ։

Պետական համալսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կիպրոսի համալսարան
  2. Կիպրոսի բաց համալսարան
  3. Կիպրոսի տեխնոլոգիական համալսարան[8]

Մասնավոր համալսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եվրոպական համալսարան
  2. Ֆրեդերիկ համալսարան
  3. Նեապոլիս համալսարան
  4. Նիկոսիայի համալսարան
  5. Կենտրոնական Լանկաշիրի համալսարան[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կրթության և մշակույթի նախարարություն. Կիպրոսի կրթական համակարգի կառուցվածքը Արխիվացված 2015-06-08 Wayback Machine (անգլերեն), 2015-04-25
  2. Կիպրոսի կրթության և մշակույթի նախարարություն. Կիպրոսի կրթական համակարգ Արխիվացված 2015-08-14 Wayback Machine (անգլերեն), 2015-04-25
  3. Կրթության և մշակույթի նախարարություն. Տարրական կրթության բաժին(անգլերեն), 2015-04-25
  4. Կրթության և մշակույթի նախարարություն. Տարրական կրթության բաժնի վիճակագրություն Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (անգլերեն), 2015-04-25
  5. 5,0 5,1 Կրթության և մշակույթի նախարարություն. Հիմնական միջնակարգ կրթության բաժին (անգլերեն), 2015-04-25
  6. Կրթության և մշակույթի նախարարություն. Տեխնիկական և արհեստագործական միջնակարգ կրթության բաժին Արխիվացված 2015-04-21 Wayback Machine (անգլերեն), 2015-04-26
  7. Կիպրոսի Հանրապետություն, Իրավունքի հանձնակատարի գրասենյակ. «Մասնավոր համալսարանների մասին» օրենք Արխիվացված 2013-01-20 Wayback Machine (անգլերեն), 2015-04-26
  8. Կրթության և մշակույթի նախարարություն. Համալսարաններ, պետական համալսարաններ Արխիվացված 2015-09-14 Wayback Machine (անգլերեն), 2015-04-26
  9. Կրթության և մշակույթի նախարարություն. Մասնավոր համալսարաններ Արխիվացված 2017-04-05 Wayback Machine (անգլերեն), 2015-04-26

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]