Jump to content

Կրթության ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնգրեսի սյան 19-րդ դարի այլաբանական արձանը Բելգիայում, որը պատկերում է կրթության ազատությունը

Կրթության ազատություն (անգլ.՝ Freedom of education), ծնողների իրավունք՝ իրենց երեխաներին կրթելու՝ ըստ իրենց կրոնական և այլ հայացքների, որը թույլ է տալիս ապահովել երեխաների կրթությունն՝ առանց պետության կողմից խոչընդոտվելու:

Կրթության ազատությունը սահմանադրական (իրավական) հասկացություն է, որը ներառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածում, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածում և մի շարք ազգային սահմանադրություններում, օրինակ՝ Բելգիայի սահմանադրության (նախկին 17-րդ հոդված, այժմ՝ 24-րդ հոդված) և Նիդեռլանդների սահմանադրության (23-րդ հոդված) մեջ[1]։

Եվրոպական ֆորումը կրթության ազատության համար ձևավորվել է 1989 թվականին և ունի 69 անդամ 13 երկրներում[2]: Նրանց պաշտոնական պահանջների թվում է ուսանողների և ուսուցիչների ինքնավարության ապահովման անհրաժեշտությունը։ Ֆորումը նաև ընդգծում է կրթության բազմազանության կարևորությունը՝ աջակցելով այն գաղափարը, որ ծնողներն ունեն իրավունք ընտրելու այնպիսի դպրոց, որը համապատասխանում է իրենց հայացքներին[3]։

Նիդեռլանդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնիններորդ դարում Նիդեռլանդներում տեղի էր ունենում քաղաքական պայքար՝ կապված անվճար կրթության պետական մենաշնորհի հարցի շուրջ։ Դրան ընդդիմանում էին նրանք, ովքեր հանդես էին գալիս «կրթության ազատության» սկզբունքի և եկեղեցու ու պետության բաժանման օգտին։ Այս գործընթացը Հոլանդիայում հայտնի է որպես «դպրոցական պայքար»։

Հոլանդացիներն այս խնդրի լուծումը տեսան դպրոցը պետությունից բաժանելու մեջ. 1917 թվականից ի վեր բոլոր դպրոցները՝ անկախ պետական թե մասնավոր լինելուց, ստանում են հավասար պետական ֆինանսավորում[4]։

Կրթության ազատության սկզբունքը Նիդեռլանդներում խթանել է նոր դպրոցների ստեղծումը կրթության ողջ սպեկտորում։ Մշակվել են նոր կրթական մեթոդներ՝ հիմնված տարբեր գաղափարախոսությունների վրա, այդ թվում՝ Մարիա Մոնտեսորիի, Ռուդոլֆ Շտայների և Ենապլանի մոտեցումները։ Դպրոցները նաև կարող էին հիմնվել կրոնական սկզբունքներով։

Իսլամական երկրներից ներգաղթած աշխատողների աճող թվի արդյունքում հիմնվել են նաև իսլամական դպրոցներ, որոնց թիվը 2003 թվականին հասել էր 35-ի[5]։

Այնուամենայնիվ, 2015 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նոր դպրոցների հիմնադրումը, հատկապես միջնակարգ կրթության ոլորտում, բարդ գործընթաց է։ Տեղական համայնքներն ու գործող դպրոցները հաճախ դիմադրում էին նոր դպրոցների բացմանը՝ ձգձգելով դրանց տեղակայման ընթացակարգերը[6]։

Ներկայումս դպրոցներում կրոն դասավանդելու ազատությունը պաշտպանված իրավունք է՝ թե՛ անհատների կամ խմբերի դասավանդման, թե՛ անհատի ուսուցման համար: Չնայած այս իրավունքը հիմնականում վերաբերում է երեխաներին՝ այն կարող է մեկնաբանվել նաև որպես ծնողների իրավունք՝ իրենց երեխաներին փոխանցելու իրենց կարևոր արժեքներն ու հավատամքները[7]։

Նիդեռլանդներում առաջացել են խնդիրներ, կապված կրոնական դպրոցների հնարավորությունների սահմանափակման հետ։ Այս խնդիրները ներառում են լուրջ սպառնալիքներ՝ ուղղված ուղղափառ հրեական և իսլամական դպրոցների՝ կրթության ազատությունից լիարժեք օգտվելու կարողությանը։ Ընդհանուր վերաբերմունքի փոփոխությունից հետո հասարակության շրջանում առաջացել է վեճ՝ ինչպես կարելի է կրթության ազատությունը համահունչ դարձնել խտրականության դեմ պայքարի իրավունքներին։ Սա հատկապես զգալի է պահպանողական իսլամական դպրոցներում, որտեղ կանանց նկատմամբ վերաբերմունքը երբեմն դիտվում է որպես խտրականություն[7]։

Բացի այդ, Նիդեռլանդների կրոնական դպրոցների մեծ մասը դադարեցրել է գործունեությունը՝ իրենց կրոնական ենթախմբերի շրջանակներում առանձին հաստատություններ ունենալու ձևաչափով, ինչի արդյունքում նվազել է նրանց ազդեցությունը կրթական համակարգում։

Հաշվի առնելով բազմազանության աճը և խտրականության դեմ պայքարի առաջնահերթությունը՝ պահպանողական հայացքներ ունեցող կրոնական խմբերի՝ իրենց երեխաներին կրթելու հնարավորությունը՝ ըստ իրենց ավանդական պատկերացումների, զգալիորեն խաթարվել է[7]։

1977 թվականի նոյեմբերի 23-ին Սահմանադրական խորհուրդը որոշեց, որ կրթության ազատությունը Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ազատությունների շարքում է՝ հիմնվելով 1882 թվականի Ֆերիի ակտի վրա։ Սակայն 2021 թվականի օգոստոսի 13-ին, չնայած որոշ իրավական վերլուծաբաններ ենթադրում էին, որ այս դրույթը կհամարվի հակասահմանադրական, Խորհուրդը վճռեց, որ տնային ուսուցումը թույլտվության ռեժիմի ենթարկելն անհամատեղելի չէ սահմանադրության հետ[8]։

Իրավիճակը Եվրոպայում 2013 թվականին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստերդամի համալսարանի 2013 թվականի մի ուսումնասիրություն վեց անդամ պետությունների դասակարգում էր՝ ըստ նրանց զուգահեռ կրթական համակարգի (այսինքն՝ կամավոր ձևով կրոնական դավանանք ունեցող ուսումնական հաստատություն ստեղծելու և այն ֆինանսավորման միջոցով աջակցելու կամ խոչընդոտելու հնարավորության), նպատակ ունենալով ցուցադրել, թե որքան ազատություն ունեն խմբերն ու անհատները իրենց կրոնական համոզմունքները կրթության միջոցով փոխանցելու համար[9]։

Ուսումնասիրության եզրակացությունները ներկայացված են ստորև։

Դանիան ստացել է բարձր գնահատական։ Դանիայի սահմանադրությունը սահմանում է կրթության պարտավորություն, սակայն այն ուղղված չէ բացառապես դպրոցին։ Վերջինս մասնավոր կրթության կամ տնային ուսուցման հնարավորություն է տալիս։ Մասնավոր դպրոցները ստանում են պետական սուբսիդիա, որը կազմում է մոտավորապես ծախսերի 3/4-ը։

Վերջին տասը տարիների ընթացքում Դանիան բարձրացրել է այդ դպրոցների նկատմամբ վերահսկողության մակարդակը, ինչպես նաև ուժեղացրել է դպրոցների ինքնակարգավորման պարտականությունները։

Նիդեռլանդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդեռլանդները ստացել է բարձր գնահատական։ Նիդեռլանդներում կրոնական դպրոցները, որոնք հանդիսանում են մասնավոր, ֆինանսավորվում են նույն կերպ, ինչպես հանրային դպրոցները, և ենթարկվում են նույն կարգավորումներին։ Նիդեռլանդների դպրոցների ավելի քան կեսը հիմնված է կրոնական սկզբունքների վրա։

Նիդեռլանդների սահմանադրության 23-րդ հոդվածը պաշտպանում է կրթության ազատությունը և սահմանում է, որ կառավարությունը պարտավոր է մասնավոր և պետական դպրոցների նկատմամբ ունենալ հավասար վերաբերմունք։ Թեև մասնավոր դպրոցները պարտավոր են աշխատանքի ընդունել համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչներ, նրանք կարող են իրենց ուսուցիչներին կամ աշակերտներին ընտրել՝ հիմնվելով իրենց հոգևոր հավատալիքների կամ արժեքների վրա։

Իռլանդիան ստացել է բարձր գնահատական։ Իռլանդիայում տարրական դպրոցների 95%-ը և միջնակարգ դպրոցների 57%-ը դավանանական են, թեև այս ցուցանիշը աստիճանաբար նվազում է։ Կրթությունը հիմնականում աջակցում են կաթոլիկ, բայց նաև բողոքական, հրեական և իսլամական հաստատություններ ու հիմնադրամներ։

Գոյություն ունեն նաև իռլանդերենով ուսուցանող դպրոցներ՝ նախատեսված այն ծնողների համար, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին կրթել ազգային լեզվով, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը խոսում է անգլերեն։

Համեմատած եվրոպական մյուս երկրների հետ՝ Իռլանդիայում կրոնական կրթական խմբերը արժանացել են բարձր աստիճանի ազատություն և կարողացել են ստեղծել դպրոցներ, որոնք ստանում են էական պետական ֆինանսավորում։

Իտալիան ստացել է միջին գնահատական։ Իտալիայում կրոնական դպրոցները մասնավոր են և կարող են դիմել՝ պահանջելով ունենալ նույն կարգավիճակը, ինչ հանրային դպրոցները։ Եթե նրանք ստանան այդ կարգավիճակը, ապա կպահպանեն հանրային դպրոցների նկատմամբ կիրառվող նույն կանոնները։

Ֆինանսավորում ստանալը հնարավոր է, սակայն ամենատարածված և հաջողված դեպքերում դա վերաբերում է հիմնականում կաթոլիկ դպրոցներին, որոնք ղեկավարվում են կաթոլիկ կազմակերպությունների կողմից՝ երկրի գերակշիռ կրոնին համապատասխան։

Իսպանիան ստացել է միջին գնահատական։ Տեսականորեն Իսպանիայի սահմանադրությունը պաշտպանում է այն իրավունքը, որ ստեղծվի դպրոց՝ հիմնված որոշակի հավատքի վրա։ Սակայն գործնականում փոքրամասնությունների համար դպրոցներ հիմնելը հաճախ դժվարանում է հիմնականում ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով։ Երկրում գոյություն ունի տասից քիչ դպրոց, որոնք իրականում կրթություն են տալիս կրոնական փոքրամասնություններին։

Շվեդիան ստացել է բարձր գնահատական։ Շվեդիայի մասնավոր դպրոցների ազատությունը համարժեք է պետական դպրոցների ազատությանը։ Թեև կրոնական դպրոցները կարող են ընտրել իրենց ուսուցիչներին կամ աշակերտներին, ազգային կանոնակարգերը հստակ սահմանում են, թե ինչ կարելի է կամ չի կարելի բացառել ուսուցումից, օրինակ՝ սեռային թեմաները։ Հագուստի կամ վարքի հետ կապված կանոնները թույլատրվում են՝ պայմանով, որ դրանք համապատասխանեն ընդհանուր օրենսդրությանը։

Այնուամենայնիվ, նկատելիորեն իսլամական ծրագրերի ուսուցանման հնարավորությունը սահմանափակված է, ինչը պատճառ դարձավ, որ Շվեդիայի գնահատականը քիչ էր մնում իջեցվեր միջինի։

Հյուսիսային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներում դպրոցների մոտավորապես 17%-ը կրոնական ուղղվածություն ունի։ Այնուամենայնիվ, պետությունը սովորաբար հանրային աջակցություն չի տրամադրում ընտանիքներին՝ այս դպրոցներ հաճախելու համար[10]:

Պետական որոշակի օրենքներով հանրային դպրոցները պարտավոր են իրենց աշակերտներին կրթել աշխարհիկ ձևով՝ չխրախուսելով որևէ կոնկրետ կրոն: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հանրային դպրոցների մեծ մասը դարձել է ավելի զգայուն սննդակարգի բազմազան պահանջների նկատմամբ, ինչպիսիք են ընկույզ չպարունակող կամ բուսակերական տարբերակները, և երեխաներին թույլատրվում է ազատվել այնպիսի գործունեությունից, որը սովորաբար անհամատեղելի կլինի նրանց կրոնական ուսմունքների հետ:

Սակայն, չնայած նրան, որ ծնողների՝ կրթության ընտրության ազատության վրա սահմանադրական սահմանափակումներ չկան, Ամերիկայի որոշ նահանգներում հասարակությունը որոշ չափով ընդդիմանում է կրոնական կրթությանը։ Բացասական լրատվական լուսաբանումը, զուգակցված քաղաքացիների ընդհանուր վերաբերմունքի հետ, երբեմն ճնշում է գործադրում այն ծնողների վրա, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին ուղարկել կրոնական մասնավոր դպրոցներ։

Թեպետ մասնավոր դպրոցները կրոնական կրթության կարևոր աղբյուր են այն անձանց համար, ովքեր չեն կիսում հանրակրթական համակարգում տիրող պատկերացումները, մասնավոր դպրոց հաճախելը բոլորի համար հասանելի տարբերակ չէ՝ հիմնականում ֆինանսական պատճառներով։

Հարավային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցների կրոնական ազատությունը աջակցվում է Հարավային Ամերիկայի բազմաթիվ երկրների Սահմանադրությամբ: Չիլիում ֆինանսավորում է տրամադրվում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցներին՝ բոլոր տարիքի երեխաների համար: Սակայն այս տարածաշրջանի դպրոցների մեծ մասում ոչ կաթոլիկական ուսուցում չկա[11]: Չնայած Հարավային Ամերիկայում դեռևս որոշակի հաճախականություն կա կրոնական խտրականության՝ իրավական և հասարակական սահմանափակումները հաղթահարվել են Վատիկանի ազդեցության, բողոքականության տարածման և սահմանադրական փոփոխությունների համադրության շնորհիվ: Քրիստոնեական հավատքից դուրս համոզմունքների միջոցով կրթության ազատությունը դեռևս վիճելի հարց է մնում ամբողջ Հարավային Ամերիկայում[12]:

Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրության 15-րդ հոդվածը թույլ է տալիս կրոնական ծեսերի անցկացումը պետական կամ մասնավոր դպրոցներում՝ պայմանով, որ դրանք համապատասխանեն գործող օրենսդրությանը[13]:

Ավստրալիայի հանրային կրթական համակարգում օրենքով նախատեսված է ազատ և բաց կրոնական կրթության հնարավորությունը, սակայն գործնականում այն հազվադեպ է իրականացվում։ Փոխարենը, աջակցություն կա նաև կրոնական կրթության «դավանատար» (անգլ.՝ confessional) մեթոդին, որը տարածված է դեռևս 19-րդ դարից։ Այս մեթոդով եկեղեցիներին թույլատրվում է այցելել դպրոցներ և անցկացնել կրոնական դասեր[14]:

Ավստրալիայում գործում են նաև բազմաթիվ իսլամական և հրեական դպրոցներ, հատկապես Նոր Հարավային Ուելսում և Վիկտորիայում։ Կառավարությունը ֆինանսավորում է մասնավոր դպրոցները, որոնցից ավելի քան կեսը կրոնական ուղղվածություն ունի[15]:

Իսրայելը ներկայում առաջարկում է աճող թվով հարեդի և արաբական դպրոցներ, ինչպես նաև հատուկ մասնավոր դպրոցներ, որոնք արտացոլում են ծնողների որոշակի համոզմունքները կամ հիմնված են օտարերկրյա կրթական ծրագրերի վրա, օրինակ՝ Երուսաղեմի ամերիկյան միջազգային դպրոցը։ Չնայած այս բազմազանությանը՝ հարեդի աշակերտների ազգային մակարդակով հաջողության ցուցանիշը զգալիորեն ցածր է։

Իսրայելում նաև գործում է արաբական կրթական համակարգ՝ փոքրամասնության համար, ներառյալ իրենց մշակույթին և պատմությանը նվիրված դասընթացներ՝ աջակցելու համար արաբ ծնողներին։

Սակայն եղել են մեղադրանքներ, որ հրեական կրթական համակարգը ստանում է ավելի լավ ֆինանսավորում։ Մի զեկույցում նշվում է, որ Իսրայելի կառավարությունը տարեկան մեկ արաբ աշակերտի համար ծախսում է մոտ 200 դոլար, մինչդեռ մեկ հրեա աշակերտի համար՝ շուրջ 1100 դոլար։

2001 թվականի մարդու իրավունքների հսկողության կազմակերպության զեկույցում նշվում է, որ արաբական դպրոցների աշակերտները ստանում են ավելի ցածրորակ կրթություն՝ պայմանավորված ավելի քիչ ռեսուրսներով և վատ վիճակում գտնվող հաստատություններով[16]։

Արաբական երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական աշխարհում կանայք դեռ կարող են զրկվել հավասար հնարավորություններից, և նրանց ազդեցության պակասը համարվում է կարևոր գործոն, որը խոչընդոտում է արաբական երկրների տնտեսությունների առաջընթացը՝ թույլ չտալով նրանց վերադառնալ գլոբալ առաջնորդների շարքը՝ առևտրի, պատանիների կրթության և ժամանակակից մշակույթի ոլորտներում։ Այս մասին նշվել է ԱՄՆ-ի հովանավորությամբ հրապարակված 2012 թ․ զեկույցում։

Վերջին տասնամյակում արաբական աշխարհում կրթության ոլորտում գրանցվել է առաջընթաց։ Սակայն, ըստ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (անգլ.՝ UNESCO) նոր զեկույցի, կրթության որակը մնում է ցածր։ Շատ երեխաներ շարունակում են ժամանակից շուտ լքել տարրական դպրոցները, իսկ անգրագիտության մակարդակները համեմատաբար բարձր են[17]։

Կրթություն և ակադեմիական ազատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրթության իրավունք» նախաձեռնությունը կրթության ազատությունը սահմանում է որպես՝ «ծնողների ազատություն որոշելու իրենց երեխաների կրոնական և բարոյական դաստիարակությունը՝ համաձայն իրենց համոզմունքների՝ ընտրելով ոչ պետական դպրոցներ»[18]։ Պետությունն այս ազատությունը պետք է հարգի հանրային կրթական համակարգի շրջանակներում։

Կրթության ազատությունը ներառում է բոլոր անձանց իրավունքը՝ հիմնադրելու և ղեկավարելու կրթական հաստատություններ՝ պայմանով, որ դրանք համապատասխանեն պետության սահմանած նվազագույն կրթական չափանիշներին։ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն (Ընդհանուր մեկնաբանություն 13) հստակեցնում է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել՝ այս ազատությունն իրագործվելիս չառաջանան խորը անհավասարություններ կրթական հնարավորությունների մեջ որոշ խմբերի համար[19][20]։

Ակադեմիական ազատությունը վերաբերում է ակադեմիական համայնքի անդամների ինքնավարությանը՝ ազատորեն ուսումնասիրելու, զարգացնելու և տարածելու գիտելիք ու գաղափարներ՝ հետազոտության, դասավանդման, երկխոսության, փաստագրության, ստեղծագործման և գրելու միջոցով՝ անհատապես կամ կոլեկտիվ ձևով։ Ակադեմիական ազատությունը նաև պահանջում է բարձրագույն ուսումնական հաստատությունների անկախություն[21]։

Ժամանակակից մեկնաբանությունները 18-րդ դարի քաղաքական փիլիսոփաների գաղափարների հիման վրա պնդում են, որ կրթության ազատությունը ենթադրում է ծնողների պատասխանատվությունն իրենց երեխաների կրթության համար, և որ կառավարությունը չունի իրավասություն կամ կարողություն՝ պարտադրելու կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորելու կրթությունը[22]։

Այս հասկացությունները երբեմն օգտագործվում են ինքնին «ծնողների իրավունքներ» կոչվող խմբերի կողմից՝ որոշ գրքերի արգելման, որոշ թեմաների քննարկման արգելքի պահանջներով հանրային դպրոցներում, կամ՝ պետությունից պահանջելով ֆինանսավորում, որպեսզի ընտանիքները կարողանան իրենց երեխաներին ուղարկել մասնավոր դպրոցներ, եթե համամիտ չեն հանրային դպրոցում ուսուցանվող բովանդակության հետ[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stichting Advisering Bestuursrechtspraak, grondwet artikel 23 Արխիվացված 2019-09-23 Wayback Machine (In Dutch)
  2. History of European forum for freedom in education Արխիվացված 2016-09-18 Wayback Machine, the European forum for freedom in education official website.
  3. Demands of European forum for freedom in education Արխիվացված 2015-09-23 Wayback Machine, European forum for freedom in education demand's on EU policies.
  4. Hooker, Mark (2009). Freedom of Education: The Dutch Political Battle for State Funding of all Schools both Public and Private (1801-1920). CreateSpace Independent Publishing Platform. էջ x. ISBN 978-1-4404-9342-3.
  5. W.A. Shadid (2003). «Controlling lessons on religion on Islamic schools, based on an article in Vernieuwing. Tijdschrift voor Onderwijs en Opvoeding». Interculturele communicatie (հոլանդերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  6. Kuiper, Rik (2015 թ․ ապրիլի 29). «Establishing a new school virtually impossible». De Volkskrant (հոլանդերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 Marcel Maussen & Floris Vermeulen (2015) Liberal equality and toleration for conservative religious minorities. Decreasing opportunities for religious schools in the Netherlands?, Comparative Education, 51:1, 87-104, DOI: 10.1080/03050068.2014.935576
  8. «French High Court Denies Homeschool Law Appeal». HSLDA (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  9. Applying tolerance indicators: assessing tolerance for religious schools, 2013, Marcel Maussen.
  10. Religious Schools in America
  11. Religious education in schools
  12. Education and religious freedom in South America
  13. South African Bill of Rights Article 15.
  14. Finding the balance: Religious education in Australia
  15. Australian funding of private schools.
  16. Israeli schools separate, not equal.
  17. Arab education lags behind world, says UNESCO
  18. «International Instruments - Educational Freedom». Right to Education Initiative. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  19. «CESCR General Comment 13: The Right to Education (Article 13)». Right to Education Initiative. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  20. «d) General Comment No. 13: The right to education (article 13) (1999)». OHCR. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  21. «Educational & Academic Freedoms». Right to Education Initiative. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  22. «Freedom in education, and how America once had it The American Vision». The American Vision. 2016 թ․ մայիսի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  23. «School Vouchers».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրթության ազատություն» հոդվածին։