Կրզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կրզեն
Kirzan
Կրզենի գերեզմանոզը
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Այլ անվանումներԿռզեն, Կիրզան, Գյունաշլի
ԲԾՄ170-185 մ
Բնակչություն1․674 մարդ (2008)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ
Տեղաբնականունկրզնեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ6031[1]
Կրզեն (Ադրբեջան)##
Կրզեն (Ադրբեջան)

Կրզեն (այժմ կոչվում է Կիրզան ադրբ.՝ Kirzan), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանում, շրջկենտրոն Թովուզ (Տավուշ) քաղաքից կազմում է 16 կմ հյուսիս-արևելք՝ Կուր գետից 1 կմ հեռավորության վրա՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ Տավուշ գետը միախառնվում է Կուրին, ծովի մակերևույթից 170-185 մ բարձրության վրա[2]։ Նախկինում (աստիճանաբար՝ մինչև 1905 թվականը և մինչև 1990-ները) մեծ հայաբնակ գյուղ էր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում գյուղը գտնվել է ներկայիս վայրից 1 կմ արևելք՝ Կուր գետի աջ ափին և մի քանի անգամ ենթարկվել տեղափոխությունների։ Գյուղի մերձակայքում պահպանված հին գյուղատեղիների առկայությունը վերը նշվածի վկայությունն է[2]։

Հայտնի է, որ մինչև 1883 թվականը Կրզենը «...ճիշտ գետի ափին էր, մի խոնավ տեղում...», բայց հետո բնակիչները նոր գյուղ են հիմնել նախկինից «չորս վերստ հեռավորությամբ վեր մի բարձր տեղ»[3]։

Գյուղում կա ջրհան կայան[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին արդեն թրքաբնակ հայոց հինավուրց Կրզենը անվանափոխվել է և դարձել Գյունաշլի[2]։

19-րդ դարում լեզգիների՝ հաճախակի կրկնվող արշավանքների հետևանքով Կրզենը հարուստ ու բարեշեն բնակավայրից վերածվել է սակավամարդ ու աղքատիկ գյուղակի։ Կրզենի համար առանձնապես կորստաբեր էր Բուլղադարի գլխավորած հրոսակախմբի անակնկալ հարձակումը (Շամիլի օրերում՝ 1797-1871) եկեղեցական տոնակատարության պահին։ Սպանդն ու ավարառությունը ուղեկցվել էին գերեվարությամբ։ Տեղահանվածների մնացորդները սփռվել են Հայաստանի ու Վրաստանի զանազան վայրերում, հաստատվել Գանձակում, հիմնել Գանձակի Սարով և Արեշի Խանդակ գյուղերը[5]։

Կրզենի վերաբերյալ մատենագրական տեղեկություններ հայտնի չեն։ Գյուղի պատմության՝ հնարավորինս ամբողջական ուսումնասիրության առումով առանձնակի կարևորություն ու արժեք ունեն գերեզմանոցում պահպանված տապանագրերը[6]։

Կրզեն գյուղի տարածքում պահպանվել են գյուղատեղիի, գերեզմանոցի ու հիմնավեր եկեղեցու մնացորդներ[7]

1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ու կղզիացած Կրզենը փորձության պահին չի կարողացել դիմագրավել թուրքերի հարձակումներին։ Ժամանակակիցների վկայությամբ դեռևս ԺԹ դ. 90-ական թվականներին գյուղի բնակչությունը հարուստ էր, և դա «...բաւական է, որ կըռզէնցիք շարժէին թուրք դրացիների նախանձը... մանավանդ բոզաղանլուեցիք նենգութեամբ էին նայում Կըռզէնի հարստութեան վերայ։ Եւ դրան վրայ հասաւ նրանց համար ամենահաջող րոպէ, այն է՝ Գանձակի անկարգութիւնը և մօտիկից անցնող երկաթուղու պաշարումը թուրք հրոսակների կողմից»[8]։

Երկաթգիծը Զակամ-Աղստաֆա հատվածում պաշարելուց (18 նոյեմբերի 1905 թ.) երկու օր անց Կրզենի սահմաններում երևում է 50 հոգուց կազմված զինյալ մի ջոկատ, սպանում նախրապանին և տանում գյուղապատկան 500 գլուխ տավարը[9]։ Խուճապն ու իրարանցումն ընկնում է գյուղի մեջ։ Հաջորդ օրը թուրքերի մի նոր խումբ ոչ միայն ավարառում է գյուղի ձիերն ու ունեցվածքը, այլև սպառնում, թե շուտով կգան, կավերեն գյուղն ու կսպանեն բնակիչներին։ Կրզենցիք, չունենալով ինքնապաշտպանության հնարավորություն, նոյեմբերի 23-ին ողջ գյուղով փոխադրվում են հարևան Մանսուրլու գյուղը, որի թուրք ազգաբնակչության հետ միշտ ունեցել էին լավ հարաբերություններ։ Մանսուրլուեցիք հյուրընկալում են հայերին։ Սակայն, երբ մեծ բազմությամբ շրջակա գյուղերի զինված հավատակիցները գալիս և պահանջում են կրզենցիներին վերադարձնել հայրենի օջախներ, մանսուրլուեցիները վախենալով ընդհարումից, կատարում են նրանց պահանջը։ Հայերը ստիպված վերադառնում են Կրզեն և միայն մեկ գիշեր կարողանում մնալ այնտեղ[10].

...նոյեմբերի 27-ին Կըռզէնը ներկայացնում էր մի սոսկալի և աննկարագրելի տեսարան։ Եռում էր գիւղը Բոզղանլուից, Կարախանլուից, Ջլովդարլուից, Սամադբայլուից և միւս դրացի գիւղերից հաւաքուած հազարաւոր, ամեն հասակի և սեռի խմբերից... Սրանք ազատօրէն պտտւում էին գիւղում, մտնում էին որ տունը կամենում էին, վերցնում էին՝ տանում էին, ծիծաղում էին հայերի վրայ, ... իսկ հայերը լեզուները փակած լռութեամբ տանում էին ամեն տեսակ վիրաւորանքներ[11]։

Այնուհետև հայերին բաժանում են երկու մասի և գերեվարում դեպի թուրքական գյուղերը, որտեղ կրզենցիներին պահում են մինչև դեկտեմբերի 28-ը։ 120 մարդ տարվում է Բոզալղանլու, իսկ 108-ը՝ Կարախանլու։ Ապա սկսվում է Կրզենի թալանը։ 18 օր շարունակ թուրքերը «...տարան կարաւաներով իւղ ու պանիր, կապոցներով տան սարք ու կարք, գիւղատնտեսական հազարաւոր գործիքներ, ամբարներով ցորեն ու գարի, հարիւրաւոր սայլերով խոտ ու դարման, տների շինութիւնների փայտեղէն և քարեղէն մասէր, և այլն և այլն։ Այսպէս մի քանի օրում շէն, հարուստ գիւղը դարձաւ անմարդաբնակ և աւերակ. տների տեղերում երևում էին միայն հողի կոյտեր, այգիները անտէր անտիրական»։ Գյուղում միայն մի տուն էր անվնաս մնացել, որովհետև այդտեղ էր հաստատվել հայտնի ավազակ Թանղրիվերդու որդին։

Դեկտեմբերի վերջին Բոզալղանլու գյուղում գերի պահվող 120 կրզենցիները ռուսական ջոկատի օգնությամբ ազատվում և ուղարկվում են Թիֆլիս 1906 թ.: Փետրվարին ազատվում է ևս 24 մարդ։ Բոլոր գաղթականներին տեղավորում են քաղաքի հայկական Հավլաբար թաղամասում։ Ստեղծվում է նպաստամատույց հանձնաժողով, որին գործուն մասնակցություն են ունենում թիֆլիսահայ հասարակությունը և վիրահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյանը[12]։

1906 թ. հունվարի 24-ին հատուկ զորախմբով Ղազախի գավառ է ժամանում գեներալ-մայոր Լևիցկին և հայերին հավաստիացնում, թե անկարգությունները դադարել են։ Կրզենցիների մի մասը մարտ-ապրիլ ամիսներին Թիֆլիսից ուղևորվում է «Թոուզ» կայարան, դեպի Շամշադինի գյուղերը։ Կառավարության հանձնարարությամբ ապրիլի 24-ին երկու ազգերի ներկայացուցիչներից կազմվում է հանձնաժողով, որի նպատակն էր հաշվել Կրզենի կրած վնասները։ Թուրքերի առաջարկով աշխատանքները պետք է անցկացվեին Կրզեն գյուղում, և բնակիչները, որ համաձայնվել էին այդ առաջարկին, ստիպված էին գիշերել Մանսուրլուում։ Հաջորդ օրը՝ ապրիլի 25-ին, թուրքերը հանձնաժողովի 23 հայ անդամներից 8-ին տեղափոխում են Բոզալղանլու՝ խորհրդակցությունը շարունակելու պատրվակով։ Ճանապարհին 4-ին սպանում են, իսկ ողջ մնացածները մյուս հայերի հետ վերադառնում են «Թոուզ» կայարան։ Որոշ ժամանակ անց, ի վերջո, կրզենցիների մեծ մասը հաստատվում է նախկին գյուղից քիչ հեռու՝ Կուրի աջ ափից 2-3 կմ հարավ ընկած տափարակում և հիմնում Նոր Կրզեն գյուղը։ Իսկ փոքր մասը մնում է Թիֆլիսում կամ էլ Շամշադինի մի քանի գյուղերում՝ Նորաշենում, Արծվաբերդում[13][14]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար վկայվել է, որ վաղ անցյալում գյուղն ունեցել է շուրջ 700 տուն բնակիչ, որոնք իբր ծագումով անեցիներ էին.

Գիւղացոց պատմելով նոցա նախնիքը եկած են այդտեղ Անի քաղաքից մօտ 700 տուն, բայց տեղական օդը չկարողանալով տանել հետզհետէ պակասելով մնացել են մինչև 18 տուն...:

Այդ տվյալը պարբերաբար նշել են տարբեր հեղինակներ.

Գիւղն առաջ ունեցել է 700 տուն հայ բնակիչ, իսկ այժմս միայն 30 տուն...[3]

Մակար Բարխուդարյանցը վկայում է.

Մօտ 700 տուն եղած է գիւղումս, բայց այսօր մնացած է միայն 30 ծուխ. պատճառն այն է, որ օդն և կլիման խիստ ծանր են ամրան։ Այս պատճառաւ համեմատելով ամեն տարուայ ծնածները մեռելոց հետ՝ միշտ աւելի եղած է վախճանուածների թիւն[7]։

Նաև այս հարցի վերաբերյալ կա մեկ այլ գրառում.

...այստեղ բնակվել է 700 տուն ժողովուրդ, այնինչ իմ այցելած միջոցին 30 տուն էին հաշվում՝ շրջապատած 30 հազար թուրք ազգաբնակչութիւնով։ Տեղացիք ասում էին, երբ ռսները տիրեցին մեր կողմերին ու արգելեցին աշկարա զենք կրել, այս ժամանակից դժվարացաւ մերոց ապրելը թուրքերի մեջ, կտրված հայ գեղերից։ Բնակիչների մեծ մասը անճարացած ցրվեցին այս ու այն կողմերը։ Նրանց ցրվելու, նվազելու պատճառը մինակ թուրք տարրի ճնշումը չի եղել. դրան միացել է Քռան ափի ծանր կլիման, տենդաբեր օդը, թունաւոր մոծակը, անտառների տոթն ու շոքը...[15][16]:

Տեսակետ կա, ըստ որի՝ կրզենցիների նախնիները փոխադրվել էին Գողթան գավառից.

Կրզէնի լեզուն շատ նմանութիւն ունի Ագուլեաց լեզուին։ Ինչպէս երևում է, Պարսից ժամանակը Կրզէն գիւղացիք գաղթած են Շահ-Ապասի օրով Գողթան գաւառից[3]։

Նույն կարծիքն է հայտնվել նաև մեկ այլ թղթակցությունում.

...գաղթական են Ագուլիսի կողմերից, այս գաւառի բարբառով չեն խօսում, կանանց հագուստը թուրքի ձև է...[17]:

Առանձնապես ուշագրավ է 1862 թ. տնատեր ծխականների անվանական ցուցակը ներկայացնող սույն վավերագիրը.

Ցուցակ ծխոց Շամշադնոյ սահմանի Կրզէն յընթացս 1862 ամի. Աբրահամ Սարուխանեանց։ Ասլան Փոլաթեան Լևոնեանց։ Մովսես Գրիգորեան Սահակեանց։ Մարգար Ղազարեան Սահակեանց։ Մաչան Անտօնեան; Գէորգ Աբազեանց։ Դաւիթ Յարութիւնեան Յովհանեսէանց։ Մարգար Յովհանէսեանց; Ստեփան Գէորգեան Աղանեանց։ Վանական Աղանեանց; Խաչատուր Յարութիւնեան Թարխանեանց։ Սարգիս Մովսէսեան Թարխանեանց։ Սահակ Յարութիւնեան Ակօնեանց։ Յարութիւն Աբազեանց։ Ղազար Բաբեան Մելիքեանց։ Ալեքսան Մայիլեան Մելիքեանց։ Ալեքսան Այուբեանց։ Յովհանէս Մկրտչեան։ Այվազ Հակօբյան Սահակեանց։ Յովհանէս Վարդանեան։ Յովակիմ քահանայ Ռումբարեանց ի Թօվուզ գեղճ[18]։

Կրզենի բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական առավել ստույգ տվյալներ մեզ հասել են սկսած 1840 թ.: Բնակչության թվաքանակի մեծ նվազում է նկատվել հատկապես հայ-թուրքական ընդհարումների շրջանում և դրան հաջորդած նյութական զրկանքներով լի տարիներին[19]։

Բնակչության թվաքանակի շարունակական ելևէջներով հանդերձ՝ մինչև 1960-ական թվականները Կրզենը զուտ հայաբնակ էր։ Գյուղի ադրբեջանացումը սկսվել է այդ տարիներից։ 1961 թ. տվյալներով Կրզենում հայերի հետ արդեն ապրում էին 30 ադրբեջանցի ընտանիք[20][21]։

1988 թ.՝ գաղթի նախօրյակին, ադրբեջանցիների թիվը կրկնապատկվել է (60 տուն)[20][22]։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական անգամ նոր գյուղը հիմնվում է 20-րդ դարի սկզբներին, ավելի ստույգ՝ 1905-06 թթ. եղերական դեպքերից հետո։ Այն շրջապատված էր թրքաբնակ բազմաթիվ գյուղերով. «...միակ հայ գիւղն է, որ բոլորովին դաշտումն է»[17][23]։

Նորաստեղծ գյուղի բնակիչները ապրում են նյութական ծանր պայմաններում, նույնիսկ սովամահության դեպքեր են լինում։ Իրավիճակը գոնե մասամբ մեղմելու նպատակով Կովկասի Հայոց բարեգործական ընկերության խորհուրդը 1912 թ. փետրվարի 18-ի նիստում որոշում է գնել 100 փութ ցորեն և բաժանել կրզենցիներին։ Ընդ որում, 200 բնակիչներից (30 տուն) յուրաքանչյուրին բաժին է հասնում կես փութ, որը, անշուշտ, շատ քիչ էր։ Փետրվարի 19-ին Վրաստանի թեմի կառավարիչը սովյալ կրզենցիներին օգնության կարգով ուղարկում է սննդամթերքի նոր քանակություն՝ 75,253 ռուբլի 64 կոպեկի ցորեն[24][25][26]։

Բռնագաղթի օրերին կրզենցիների մի մասը վերաբնակվել է Հայաստանում՝ Շամշադինի, Արարատի (1-ական ընտանիք Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերում), Մասիսի (Սիս գյուղում՝ 40-45 ընտանիք) շրջաններում, մի մասն էլ մեկնել են Ռուսաստան՝ Սոչի-Ադլեր (10-15 ընտանիք), Մոսկվա (4 ընտանիք), Սարատով (8-9 ընտանիք), Սվերդլովսկ (3 ընտանիք), Օմսկ (մոտ 10 ընտանիք) և այլ խոշոր քաղաքներ[27]։

Կրզենը դարեր ի վեր ոչ միայն պահպանել է իր գոյությունը, այլև հասել է տնտեսական աչքի ընկնող բարօրության։ Հնուց անտի կրզենցիները զբաղվել են գինեգործությամբ, շերամապահությամբ, մետաքսագործությամբ և իրենց արտադրանքն արտահանել տարբեր երկրներ։ ԺԷ դարում Կրզենն արդեն վերածվել էր առևտրի աշխույժ կենտրոնի։ Տեղի գերեզմանատան տապանագրերը ասվածի լավագույն ապացույցն են. «...ամփոփուած են այստեղ Թաւրիզեցի, Հալապցի, Կարնեցի և այլ քաղաքներից վաճառականներ»[7]։

Կրզենցիներն աչքի են ընկել իրենց քաջությամբ, զենք կրելու ունակությամբ.

«Թարաքամա թիւրք գիւղերի մէջ նշանաւոր և մեծ համբաւ ունին իրենց քաջութեամբ որ և գիշեր ցերեկ միշտ զէնքերը ձեռքին շրջում են իրենց յատկացեալ գիւղական սահմանի մէջ...: Կրզէն գիւղի կանայք ևս պակաս հերոսներ չեն։ Սրանք էլ շատ անգամ մասնակցում են իրենց մարդոց կռիւներին թարաքամաների դէմ, երբ նրանք գալիս են հայերից տաւար, ոչխար, ձի և պտուղներ գողանալու[28]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի սկզբնական անվանումը եղել է «Կրզեն», որը այսօր թյուրքայնականացված է դարձել է «Գիրզան» կամ «Կիրզան»։ Կրզեն անվանումը ծագում է հայերեն «կրի» և «զենք» բառերից։ Դա կարելի է բացատրել նրանով, որ տվյալ շրջանում բացի հայաբանակ գյուղերից կային բազմաթիվ թշնամական թաթարաբնակ բնակավայրեր և որոնց բնակիչները հաճախակի հարձակվում էին հայերի վրա։ Ուստի պետք էր միշտ զինված լինել գյուղը պաշտպանելու համար։

Բարբառ[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-ական թվականներին Ղևոնդ Ալիշանը, ապա, նրան հետևելով՝ նաև Ալեքսանդր Երիցյանը, Մակար Բարխուտարյանցը և Քաջբերունին կարծիք են հայտնել, թե կրզենցիները ուդիների մնացորդներ են և խոսում են ուդիերեն, բայց հայադավան են ու նաև հայախոս։ [7][29][30] [31][32]:

19-րդ դարավերջին հայ մամուլը բազմիցս անդրադարձել է գյուղի բնակիչների անհասկանալի բարբառին և մատնանշել դրա կապը Ագուլիսի բարբառի հետ[3][17]։

Վկայություն կա նաև կրզենցիների՝ գրեթե թրքախոս լինելու մասին. «Հասարակ խօսակցութիւն անգամ թուրքերէն են խօսում և հայ լեզուն մոռանալու վրա են...»[16]: Ի դեպ, վիճակագրական մեկ այլ տվյալի համաձայն՝ գյուղն ուներ 27 տուն, 160 բնակիչ՝ 90 ար., 70 իգ.[33]

Կրզենցիների բարբառին անդրադարձել է նաև Սարգիս Քամալյանը, ըստ որի՝ նրանք զուտ հայախոս են.

Գնամ կռզենցոց բարբառին վերջապես։ Այնտեղ եղած տապանաքարերի վրայի գրվածքները հայատառ են, հայ բառերով հին թէ նոր հանգստարաններում։ Ողջ ու առողջ կռզենցիք էլ խօսում էին հայերէն իրանց յատուկ բարբառով, որի արտասանութիւնը բաւական սոպռ ու կոպիտ է, բայց մեջը ուտիերենի ոչ մի նշան չկա։ Կռզենցին խօսում է շատ արագ, անսովոր ականջի համար խորթ ու անհասկանալի է նրանց խոսվածքը, ինչպես անհասկանալի են թվում մեզ զոկերի, զեյթունցիների, սասունցիների արագ խոսվածքը լսելիս։ Բայց չէ՞ որ նրանք հայերեն են։ Չգիտեմ, նախկին կռզենցիք մի քանի հարիւր տարի առաջ ուտիերեն խօսեցել են թէ չէ, բայց ներկա կռզենցոց զրույցի, խօսակցութեան մեջ ոչ մի հետք չկայ ուտիերենի։ Ահա լեզվի նմուշներ կրզենցիների և ուտիների. այժմեանից ներողութիւն եմ խնդրում այն սխալների համար, եթէ կնկատվեն ուտիերեն բառեր արտասանելիս, որովհետև 36 տարի առաջ եմ եղել նրանց մոտ ուսուցիչ Նիժ աւանում։ Կռզենցիք համբարքն անում են զուտ հայերէն, միայն չորսի փոխարէն ասում են չորք, եօթի տեղ օխտ, իսկ նիժեցին 1-10 համարում է այսպես՝ սա, պա, խիբ, բիբ, խո, ուղկ, վուղ, մուղկ, վույ, վիծ, 20-ին ասում է ղա, 30-ին սաղա վիծ, 40-ին պաղա կամ պաղօ, 50-ին պաղավիծ, 60-ին խիբղօ, 70-ին խիբղավիծ, 100-ին բաճ, 1000-ին հազար[34]։

1934 թ. մայիսին Դ. Կարբելաշվիլին և Վ. Ղուկասովը գյուղում կատարած ուսումնասիրություններից հետո փաստել են, որ Կրզենի բարբառն իրականում որևէ կապ չունի ուդիների հետ և Խոյի, Ղարաբաղի, Ագուլիսի բարբառների ու թուրքերենի յուրօրինակ խառնուրդ է[35]։

1958 թ. լեզվաբան Ռ. Բաղրամյանը զարգացրել է մի տեսակետ, ըստ որի Կրզենի բարբառը, իբրև միջանկյալ մակարդակ, «պահպանվել է մայր բարբառի ու նրա դուստր՝ «Լ» և «Ս» ճյուղերի բաժանման վիճակը, թերևս այն պատճառով, որ բարբառների ճյուղավորման շրջանում նա կտրվել է քույր բարբառների միջավայրից և կղզիացել իր նոր հայրենիքում»[21][36]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար Սուրբ Հովհաննես եկեղեցին։

Գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կրզենի տարածքում տարիների ընթացքում իրականացվել են ծառատնկումներ, և հողատարածքը յուրացվել է։ Մինչև 1988 թվականը անվնաս մնացել էր միայն հին գերեզմանոցը, որի հյուսիսարևելյան հատվածում թաղումները շարունակվում էին մինչև կրզենաբնակ հայերի վերջին բռնագաղթը[37]։

1985-1986 թվականներին դեռևս պահպանվում էր 15-րդ դարին վերաբերող 2 խաչքար և 50-ից ավելի տապանաքար՝ հարդարված նրբին զարդաքանդակներով, հիմնականում արձանագրված, շատերն էլ՝ թվագրված։ Մնացած գերեզմանաքարերը վերաբերում են 19-20-րդ դարերին[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://tovuz-ih.gov.az/page/25.html
  2. 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 286
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Նոր-Դար», 1886, N 119, էջ 2
  4. Ադրբեջանի պետական ագրարային համալսարան(չաշխատող հղում)
  5. Карбелашвили Д. П., Кирзан и кирзанцы, “Известия” Азерб. филиала АН СССР, 1937, N 2, с. 42. «Նոր-Դար», 1886, N 119, էջ 2
  6. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 290
  7. 7,0 7,1 7,2 7,3 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 59
  8. Քաջբերունի, Կռզէն գիւղի աւերումը, «Արարատ», 1911, էջ 955
  9. Ա-Դոն գողացված խոշոր եղջերավոր անասունների քանակը ներկայացնում է ավելի քիչ՝ 300 գլուխ (Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում, Երևան, 1907, էջ 363
  10. Քաջբերունի, Կռզէն գիւղի աւերումը, «Արարատ», 1911, էջ 956
  11. Կրզենի դեպքերը նկարագրող տպագիր աղբյուրներում գյուղի ավարառության ստույգ օրվա հարցում միասնական կարծիք չկա։ «Մշակ»-ի թղթակցության մեջ նշված է. «Այդ դէպքը պատահում է մօտաւորապէս նոյեմբերի 23-24-ին» (1906, էջ 2)։ Քաջբերունին հավանական է համարում նոյեմբերի 27-ը (Քաջբերունի, Կռզէն գիւղի աւերումը, «Արարատ», 1911, էջ 958, 959)։ «Մշակ», 1906, N 65, էջ 3
  12. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 289
  13. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3764, թ. 206
  14. Քաջբերունի, Կռզէն գիւղի աւերումը, «Այրարատ», 1912, էջ 60-61
  15. Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., ց. 2, բ. VI, գ. 62, թ. 11-12
  16. 16,0 16,1 «Մշակ», 1879, N 35, էջ 2
  17. 17,0 17,1 17,2 «Արձագանք», 1893, N 44, էջ 2
  18. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3841, թ. 193
  19. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 287
  20. 20,0 20,1 Կարապետյան Ս., Հայաթափ բնակավայրեր..., «Հայրենիքի ձայն», 13.01.1993
  21. 21,0 21,1 Բաղրամյան Ռ., Կռզենի բարբառը, Երևան, 1961
  22. Մելյան Բ., Կրզեն գյուղը, «Այգաբաց» (Շամշադին), 1991, N 47, էջ 4
  23. Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., ց. 2, բ. VI, գ. 62, թ. 11
  24. «Հորիզոն», 1912, N 36, էջ 3
  25. «Հորիզոն», 1912, N 38, էջ 3
  26. «Արարատ», 1912, էջ 197
  27. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 288
  28. «Նոր-Դար», 1886, N 119, էջ 2։
  29. Ալիշան Ղ., Քաղաքական աշխարհագրութիւն, Վենետիկ, 1853
  30. Ерицов А. Д., Экономический быт государственных крестьян Казахского уезда Елисаветпольской губернии, Тифлис, 1886, с. 44.
  31. Քաջբերունի, Կռզէն գիւղի աւերումը, «Արարատ», 1911, էջ 954
  32. «Արարատ» 1911, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 1912 թ. հունվար ամիսների համարներում
  33. Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа, Тифлис, 1888, с. 144-145
  34. Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., ց. 2, բ. VI, գ. 62, թ. 13-14
  35. Карбелашвили Д. П., Кирзан и кирзанцы, “Известия” Азерб. филиала АН СССР, 1937, N 2, с. 42
  36. Բաղրամյան Ռ., Կռզենի բարբառի ուսումնասիրության շուրջ, Հայաստանի Սովետական Սոցալիստական Ռեսպուբլիկա, Գիտությունների Ակադեմիա, «Տեղեկագիր», 1958, N 6, էջ 75
  37. 37,0 37,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 290։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]