Կրավանի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրավանի ճակատամարտ
Թվական31 հուլիս, 1423 թվական
Մասն էՀարյուրամյա պատերազմ
ՎայրԿրավան քաղաքի մոտակայքում, Փարիզից հարավ, Ֆրանսիա
ԱրդյունքԱնգլիացիների հաղթանակ
Հակառակորդներ
Անգլիա
Բուրգունդիա
Ֆրանսիա
Շոտլանդիա
Հրամանատարներ
Թոմաս Մոնտեգյու
Ժան II,
Լյուդվիկ I
Ջոն Ստյուարտ
Կողմերի ուժեր
4-6 000 մարդ12-15 000 մարդ
Ռազմական կորուստներ
մոտ 600 սպանված600-ից 5200 սպանված

Կրավանի ճակատամարտ (ֆր.՝ La bataille de Cravant, 31 հուլիս, 1423 թվական), Հարյուրամյա պատերազմի ճակատամարտերից մեկը, համարվում է անգլիացիների և նրանց բուրգունդյան դաշնակիցների բարձրագույն նվաճումներից մեկը[1]։

Այս ճակատամարտում շուրջ 4 հազար անգլիացիներ կարողացան հաղթանակ տանել՝ մարտնչելով իրենց եռակի գերազանցող հակառակորդի դեմ. ֆրանսիական աղբյուրները մեղքը տեսնում են գասկոնցի և իսպանացի վարձկանների «վախկոտության», ինչպես նաև Ֆրանսիայի մարշալ դե Սևերակի դանդաղկոտության մեջ, ով անհրաժեշտ պահին օգնություն չցուցաբերեց զորքի առաջնամասին, ինչի արդյունքում ֆրանսիական զորքը ճեղքվեց երկու մասի։ Հաղթանակի արդյունքում անգլիացիներին հաջողվեց մեկուսացնել իրենց թիկունքում գտնվող կոմս դ՛Օմալի հրամանատարությամբ գործող պիկարդիական խմբավորմանը, որը շարունակում էր դիմադրել ներխուժմանը, և շուտով այն վերջնականապես ջախջախել։ Ճակատամարտի հետևանք էր նաև թագավոր Շառլ VII-ի ոգու անկումը և, որպես դրա հետևանք, հետագա պարտությունը։

Կրավան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրավան քաղաքը գտնվում է երկու գետերի՝ Յոննայի և Կյուրայի միաձուլման տեղանքում. այստեղ է գտնվում նաև Նիվերնե ջրանցքը։ Գտնվում է Փարիզից 189 կմ[2], և Օսերից 18,9 հարավ[3]։ «Կրեվեննուս անունով բնակավայրի» մասին առաջին հիշատակումները վերաբերում են հռոմեական ժամանակին։ Քաղաքի միջով անցնում էր «Ագրիպպասի ճանապարհը», որով Մերձբալթյան հողերից սաթ էին արտահանում Գալլիա։ Սակայն Կրավանին մեծ համբավ ու ճանաչում բերեց նավահանգիստը, որն առաջինն էր Յոննայի վրա, և ճանապարհը, որը Փարիզը միացնում էր Բուրգունդիայի հետ։ Առևտրականների և նրանց ապրանքների պաշտպանության համար 1384 թվականին թագավոր Շառլ VI-ը թույլ տվեց քաղաքը շրջապատել պաշտպանական պատով, որի մնացորդները պահպանվում են մինչ օրս[4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրավանի գրավումն ու պահումը Անգլիային անհրաժեշտ էր Ֆրանսիայի հյուսիս-արևելքում իր ազդեցությունն ամրապնդելու համար, որը մինչ այդ բավական անկայուն էր։ Ֆրանսիական Կրավանը և այլ քաղաքներ, ինչպես ընդունված էր գրել այն ժամանակվա տարեգրություններում, «թագավորի կողմից էին» և մշտապես սպառնում էին Փարիզին։  Այդ սպառնալիքը միայն մասնակիորեն վերացվեց Մոյի, Մյոլանի գրավմամբ և Մոն-ան-Վիմյոյում բուրգունդցիների հաղթանակով։

Իր հերթին, Ժան դ' Արկուրը՝ կոմս դ' Օմալը Պիկարդիայում շարունակվում էր դիմադրությունը, դոֆինի ջոկատները նույնպես կարողացան գրավել Ուազայի վրա գտնվող Կոմպյենյեն, այնպես որ անգլիացիների հաղթանակը լիակատար չէր[5]։

1423 թվականի գարնանը Բեդֆորդի դուքսը Բուրգունդիայի և Բրետոնի դուքսերին Ամյեն հանդիպման հրավիրեց՝ դոֆինի դեմ պատերազմի միասնական ծրագիր մշակելու համար։  Համաձայնությունը ձեռք բերվեց, երկու դուքսներն էլ անգլիական ռեգենտին ճանաչեցին «Ֆրանսիայի ռեգենտ»։  Քննարկվեցին այն պայմանները, որոնցով դաշնակիցները պետք է միմյանց օգնություն ցուցաբերեին։ Ավելի վստահ զգալով՝ անգլիացիները պատրաստ էին շարունակել էքսպանսիաները։

Կրավանը, որը կանգնած էր Պիկարդիայի (որտեղ մի կողմից Կոմս դ' Օմալը շարունակում էր պայքարը) և Օռլեանի, Բլուանի և Բուրժի (որտեղ կենտրոնացած էին «դոֆինականների» հիմնական ուժերը) միջև ընկած ճանապարհի կենտրոնում, կարևոր կապող կետ էր, որի միջոցով դ' Օմալին օգնական ուժեր, փող և պարեն էր հասնում։ Ձգտելով փակել այդ ճանապարհը՝ այդ կերպ ընդհատելով Պիկարդիայի և դոֆինի գլխավոր ուժերի միջև կապը, և պաշտպանել Փարիզը, որը դեռևս սպառնալիքի տակ էր գտնվում հարավից, Բեդֆորդի, Բուրգունդիայի և Բրետոնի դուքսերը որոշեցին գրավել այդ քաղաքը։ Ֆրանսիացիներն, իրենց կողմից, քաղաքը համարում էին «Բուրգունդիայի բանալին» և պատրաստվեցին պաշտպանության[6]։

Քաղաքն արդեն ձեռքից ձեռք էր անցել։ Սկզբում պատկանելով բուրգինիոններին՝ զավթվել էր ծագումով սավոյացի բաստարդ Գիյոմ դե լա Բոմի դավաճանության միջոցով։ Նա սկզբում «այնքան բարեկամական էր սենյորներ դե Շաստելի և Լե Վո դե Բարի հետ», որ վերջիններս «վստահել էին նրան իրենց կալվածքները», բայց ավելի ուշ հակվեց Շառլ VII-ի կողմը։ Ժան դե Ուովրենը այս դավաճանությունը բացատրում է հետևյալ կերպ. 1423 թվականին հակառակորդների միջև կնքվել էր հերթական հաշտությունը, բայց դե լա Բոմը, որը «սիրում էր միայն պատերազմը», իր ծառայություններն առաջարկեց թագավորին՝ գայթակղելով նրան Կրավանը գրավելու հնարավորությամբ։

Շառլը, ընդունելով հավատարմության մասին նրա հավաստիացումները և պարգևատրելով նոր դաշնակցին, նրան 800 մարդ հատկացրեց այդ ծրագրի իրականացման համար։ Դե լա Բոմն իր ջոկատով գաղտնի մոտեցավ քաղաքին, որի դարպասները պատրաստակամորեն բաց էին, և «Կեցցե՜ թագավորը։ Քաղաքը գրավվա՛ծ է» կոչերով ներխուժեց քաղաք[7]։ Գրավելով քաղաքը՝ բաստարդ դե լա Բոմը դարձավ նրա նոր ղեկավարը։

Իրենց հերթին բուրգունդացիները սենյոր դե Շատլյեյի, լե Վո դե Բարի և սենյոր դե Վարանբոնի առաջնորդությամբ 1423 թվականի հուլիսին Ավալլոն քաղաքի մոտ հավաքեցին «ռազմական գործում փորձառու» մոտ 500-600 վարձկանների (ֆրանսիական կողմի գնահատմամբ՝ բուրգունդացիների մոտ 800 են եղել)։ Այնուհետև գաղտնի տեղափոխվելով Վո՝ նրանք կարողացան համաձայնության գալ քաղաքում բուրգունդյան կուսակցության կողմնակիցների հետ (պատմության մեջ պահպանվել է նրանցից մեկի անունը՝ Կոլշոն դե Տիր), որոնք հաջորդ գիշեր պատերի մոտ պահակ կանգնեցին[7]։

Հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 7-ին, նրանք կարողացան գաղտնի մոտենալ Կրավանին և նշան տալ զինակիցներին, ովքեր, չնայած քաղաքում բարձրացած տագնապին, իջեցրեցին ամրոցի կամուրջը։ Բուրգունդացիները «Աստվածածի՜ն, Բուրգունդիա՜» կոչերով ներխուժեցին քաղաք և կատաղի մարտից հետո այստեղից դուրս մղեցին ֆրանսիացիներին[5]։ Տաննեգի դյու Շատելը՝ ֆրանսիական թագավորի զորահրամանատարը, քաղաքին բավականին ուշ մոտեցավ՝ որպեսզի կարողանար խանգարել դրա նվաճումը[6]։

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռազմական հերոլդ Բերիի տարեգրության՝ կոննետաբլ Ջոն Ստյուարտը, կոմս Բյուկենը, որը կարճ ժամանակ առաջ էր ժամանել Ֆրանսիա և ցանկանում էր մասնակցել ճակատամարտին, ինքնակամ որոշում է պաշարել քաղաքը և այն վերադարձնել ֆրանսիացիներին։ Կոննետաբլը, այնուամենայնիվ, տեղյակ պահում Շառլ VII-ին իր մտադրությունների մասին և նրանից լրացուցիչ զենք, թնդանոթներ և ռումբեր է խնդրում, սակայն մերժվում է։ Անտեսելով Շամպայն գնալու թագավորական հրամանը, որպեսզի հետո փորձ արվի վերցնել Ռեյմսը և միավորվել դ' Օմալի զորքերի հետ[8], նա ուղղություն վերցրեց դեպի Կրավանի մատույցներ։ Իմանալով այդ մասին՝ Շառլը շուտափույթ նրա մոտ ուղարկեց Ֆրանսիայի մարշալ Ամորի դե Սևերակին ՝ «400 նետաձիգերով, իսպանացիներով և վարձկաններով»։ Ջոկատի հետ եկան նաև կոմս դե Վենտադուրը, սըր դե Ֆոնտենը, սըր դե Բելլեն և սըր դե Գամաշը։

Այդ տեղեկություններին հակասում են այն ժամանակվա մյուս փաստաթղթերը։ Այսպես, «Կույսի քրոնիկները» անանուն հեղինակը, որը նկարագրում է Շառլ VI-ի մահվանից մինչև Փարիզը գրավելու անհաջող փորձը եղած իրադարձությունները, պնդում է, որ կոննետաբլը և Սևերակը Կրավանի մատույցներ են գնացել դոֆինի անմիջական հրամանով (այն դեպքում, երբ ակնհայտորեն սխալմամբ պնդում է, որ քաղաքն այդ ժամանակ պատկանել է ֆրանսիացիներին, իսկ բուրգունդցիները և անգլիացիները պաշարել էին այն[9], նույն տեսակետն է առաջ քաշում նաև ժամանակագիր Ժան Ռաուլեն[10]):

Ժամանակագիր Ուովրենը նաև գրում է, որ քաղաքի անկման մասին լուրը Շառլին հայտնել է ինքը՝ բաստարդ դե լա Բոմը, ով կարողացել էր խուսափել անգլիացիներից և անցնել Լուարը, որից հետո եկել էր Բուրժ՝ դոֆին Շառլի ժամանակավոր մայրաքաղաք։ Նա վստահեցրել է դոֆինին, որ քաղաքը նվաճելը դժվար չի լինի, «քանի որ նրանք չունեն ո՛չ հաց, ո՛չ ալյուր, (ո՛չ) կառքեր, ո՛չ էլ այլ պարեն, որի պատճառով նրանք չեն կարող դիմանալ կամ սնվել ամիսներով, եթե օգնություն չստանան, ինչում ես կասկածում եմ. քանզի նրանք՝ սահմանի գլխավոր հրամանատարներն են, և նրանց հետ են իրենց բոլոր մարդիկ»։ Դե լա Բոմն առաջարկեց քաղաքն անմիջապես գրոհել, քանի դեռ Բուրգունդյան դուքսը գտնվում էր Ֆլանդրիայում, իսկ անգլիացիների զորքերը տարվել էին նորմանդական սահման և Կրոտուա՝ ռազմական գործողությունների[7]։

Թագավորական խորհուրդը հանդես եկավ Կրավանը ետ գրավելու փորձի օգտին, և այդ ժամանակ էլ պայմանավորվեցին դրա համար անհրաժեշտ թվով մարդկանց, հրետանու և պարենամթերքի մասին։ Դատելով Շառլի գրառումներից, որտեղ նա փոքր-ինչ ցինիկաբար է արտահայտվում Կրավանի տակ կրած պարտության մասին, հեռացած զորքում «մեր թագավորության ազնվականներից շատ քչերն էին, գրեթե ոչ ոք չկար, բացի շոտլանդացիներից, իսպանացիներից և օտարերկրյա այլ մարտիկներից, որոնք սովորել էին ապրել երկրում, այնպես որ վնասն այնքան էլ մեծ չէ»։ Լրաբեր Սեն-Ռեմին հաստատել է, որ Բյուկենի և Սևերակի զորքերում «եղել են ֆրանսիացիներ, լոմբարդացիններ, արագոնացիներ, շոտլանդացիներ և իսպանացիներ» (հավանաբար՝ վարձկաններ). Բյուկենի հրամանատարության ներքո ընդամենը եղել են երեք հազար շոտլանդացիներ, ևս ինը հազարը իր հետ բերել է Սևերակը[6]։ Այլ տեղեկությունների համաձայն՝ ֆրանսիական բանակում հաշվվում էր բոլոր ազգությունների շուրջ տասը հազար զինվոր, մինչդեռ անգլիացիները մոտ չորս հազար զինվոր ունեին[11] («500 անգլիացի զինվոր, 2000 նետաձիգներ, նրանց հետ էին նաև 1000 բուրգունդացի զինվորներ, աղեղնավորներ և օժանդակ մասերի զինվորներ՝ առանց հաշվի»)։ Բացի սա, Սոլսբերիի տրամադրության տակ էին շուրջ երեսուն կամ քառասուն բուրգունդյան կուլևրիններ, որոնք դուրս էին բերվել Օսեր քաղաքից և ուղեկցվում էին օսերական թնդանոթաձիգերով[1]։

Ֆրանսիացիները պաշարեցին քաղաքը, ընդ որում՝ պաշարվածները շուտով հայտնվեցին հուսահատ վիճակում։ Սովը ստիպեց նրանց ուտել իրենց սեփական ձիերին, ապա անցնել կատուներին և առնետներին։ Մի քանի անգամ նրանք փորձեցին արտագրոհների դիմել, սակայն այդ փորձերը հաջողությամբ հետ մղվեցին։  Պաշարումն ընդամենը տևեց մոտ հինգ շաբաթ, և Կրավանի անկումը անխուսափելի դարձավ։

Անգլո-բուրգունդական զորքերի նախապատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած շրջափակմանը, սենյոր դը Շատլյուի կողմից ուղարկված մի քանի պաժերի ու ծառաների հաջողվեց անցնել պաշարողների ճամբարի միջով։ Նրանք քաղաքում տիրող հուսահատ վիճակի մասին լուրը հայտնեցին Բուրգունդիայի այրիացած դքսուհուն։ Նա սկսեց շտապ զորք հավաքել դքսական վասալներից, որպեսզի վերացնի պաշարումը՝ երդվելով անհրաժեշտության դեպքում վաճառել իր բոլոր ձիերը՝ դրա համար բավականաչափ գումար ձեռք բերելու նպատակով[1]։ Ի թիվս այլոց՝ զորքին միացան բուրգունդացիներ Գի դե լա Տրեմույը, կոմս դե Ժուանյին, Անտուան դե Վերժին, կոմս դե Դամարտենը, սենյոր դե Շամպլիտը (Ֆրանսիայի մարշալ՝ 1421 թվականի հունվարից), Գիյոմ դե Վյեննը և Ժան դե Վյեննը, սենյոր դե Բյուսսին, Ժան II դե Մոնտագյուն, սենյոր դե Կոնշը, Պիեռ դե Բոֆրեմոնը (1435 թվականից՝ կոմս դե Շարնի), Ռենյե Պոն, սենյոր դե լյա Ռոշը և դե Նոլեն, Գիյոմ դե Ռոշֆորը, շևալյե դե Նիվերնուան, Ժան դե Տինտվիլը, սենյոր դե Շենեն, Ժան դե Վիլյերը, սենյոր դե Լիլ-Ադանը, սավոյացիներից՝ Ամե դե Վերրիին, Գիժեն և Գիգը, սենյոր դե Սալնովը՝ մինչ այդ Բուրգունդիայի դքսին հնազանդեցնելու նպատակով Օվերնը այրող (բայց ի տարբերություն իր հրամանատարի՝ պատժից խույս տված) Էրաքլ դե Ռոշբարոնի աջ ձեռքը։

Զորքը տրամադրվեց լե Բորն, այսինքն ՝«Ծուռ», մականունով Ժան դե Տուլոնժոնայի՝ սենյոր դե Սանսեի առաջնորդության ներքո։ Բուրգունդացիների հավաքակետեր նշանակվեցին Ավալլոնը և Մոնբարը։

Մյուս կողմից Կրավանին մոտեցավ կոմս Սոլսբերին, ում Բեդֆորդի դքսի կողմից լրացուցիչ փոխանցվել էին կոմս-մարշալ Ուիլոուբիի 1000 զինվորներ։ Նույն ամսվա վերջում քաղաքին օգնության հասան նաև կոմս Սաֆֆոլկը, լորդ Ուիլլոգբին և Սքեյլզը։

Երկու զորքերը հուլիսի 29-ին միավորվեցին Օսերում, ընդ որում՝ Սոլսբերին իր նստավայրը դարձրեց եպիսկոպոսական պալատը։ Նույն օրը երեկոյան տեղի մայր տաճարում տեղի ունեցավ զինվորական խորհուրդ, որտեղ որոշվեց՝

1. Դեպի Կրավան գնալ միասնական բանակով, որի համար մշակել խիստ կարգապահական կանոնադրություն։ Մասնավորապես, անգլիացիներին և բուրգունդացիներին հանձնարարվում էր միմյանց վերաբերվել որպես դաշնակիցներ, «համերաշխ և բարեկամ լինել միասին, առանց վեճերի և հաշվեհարդարների՝ հրամանատարների կամքով պատժվելու վախի ներքո»։

2. Մարշալներ նշանակել՝ զորքերի տեղաշարժը դիտարկելու համար. անգլիական կողմից նշանակվեցին Գիլբերտ դե Հելսալը, 1424 թվականից՝ կապիտան Էվրեն, և բուրգունդյան կողմից՝ սենյոր դե Վերժին։

3. Յուրաքանչյուր զինվորի հրամայել երկու օրվա պարեն ունենալ։ Պարենամթերքի այս չափաբաժինը նախատեսվում էր գնել հենց տեղից՝ Օսերից, ընդ որում՝ առևտրականներին երաշխավորվում էր «արժանապատիվ վճարում»։

4. Օգտագործել անգլիացիների՝ թշնամու հեծելազորից աղեղնաձիգերին պաշտպանելու նպատակով շարժական գերանապատնեշներ պատրաստելու մարտավարությունը։ Յուրաքանչյուր աղեղնավորի հանձնարարվում էր երկսայր սուր ցից պատրաստել, ինչպես նշում Է տարեգիր Սեն-Ռեմին՝ «ութ (ֆրանսիական) ֆուտ երկարության ցից», որպեսզի անհրաժեշտության դեպքում դա խրեն հողի մեջ՝ պաշտպանելով իրենց «թշնամիների հեծելազորի գրոհներից»[12]։

5. Հրամայել զինվորներին՝ առաջխաղացման և կռվի ժամանակ յուրաքանչյուրն իմանա իր տեղը շարքում և չլքի այն առանց հրամանի՝ պատժի վախի ներքո։

6. Հատկացնել 120 զրահավորներ՝ 60 անգլիացիներ և նույնքան բուրգունդացիներ, որոնցից ձևավորել աղեղնավորների հետ հետախուզություն իրականացնող թռուցիկ ջոկատ։

7. Թշնամու դիրքերից 2 լյեի վրա ձիերից իջնել (անհնազանդության համար մահապատիժ էր նախատեսվում), և ձիերը հետ քաշել կես լյե. այս դեպքում նույնպես՝ անհնազանդության համար կարգադրվում էր ձիերը առգրավել։

8. Առանց հատուկ հրամանի կամ թույլտվության գերիներ չվերցնել (հրամանը խախտողն իր գերու հետ մահապատժի կենթարկվեր)[13]։

Եթե հավատանք Սեն-Ռեմի ժամանակագրությանը՝ զորքին նույնպես հրաման տրվեց գիշերել «աղոթքով և սրտառուչ աղաչանքով, որքան հնարավոր է մեծ ակնածանքով՝ սպասելով Տիրոջ շնորհին՝ ապրել կամ մեռնել»։

Հաջորդ օրը, ներկա լինելով պատարագին և հաղորդությանը, միացյալ զորքը դուրս եկավ քաղաքից։ Հուլիսի 30-ի օրը անցավ Օսերից Կրավան երթով, շարժն իրականացվեց Յոննայի աջ ափով։ Այդ օրը ուժեղ շոգ էր, և «ոմանք ստիպված էին շոգի պատճառով դեմքը հողին հպած պառկել, որպեսզի մի քիչ թարմանան»[5]։ հակառակորդը նկատվեց քաղաքից մոտ 6,5 կմ հեռավորության վրա, որտեղ տեղակայված էին պաշարման դիրքերը։ Սակայն նույն օրը անգլիացիները, որոնք հոգնել էին ճանապարհից, խուսափեցին ճակատամարտից և նահանջեցին Վինսել, որտեղ էլ ճամբար դրեցին։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 31-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում անգլիացիները թողեցին Վինսելը և երթևեկությունը շարունակեցին արդեն այլ՝ քաղաքին մոտենալու ամենահարմար ուղղությամբ։ «Անգերրան Մոնտրելեի ժամանակագրության» համաձայն՝ ֆրանսիական դիրքերը գտնվում էին «լեռան վրա»[13]։ Ժամանակակից հետազոտող Մ. Նեչիտայլովը այս «լեռը» նույնացնում է Կրավանից մոտ 2,5 կմ հեռավորության վրա, Յոննայի արևելյան ափին՝ հոսանքն ի վար գտնվող բավականին բարձր լեռան հետ։ Այս լեռապարը ընդհատվում է նեղ կիրճով, որի ձախ կողմում գետափի ճահճացած հատվածն է։ Հավանաբար հենց այդ վայրերում էին տեղակայվել ֆրանսիական դիրքերը, որոնք փակում էին անգլիական զորքերի ճանապարհը[5]։ Այդ պատճառով Սոլսբերին Վինսելում որոշում կայացրեց անցնել գետի արևմտյան ափը և շարունակել առաջխաղացումը հարավային ուղղությամբ՝ պայքարի համար լավագույն դիրք ընտրելու նպատակով։

Ֆրանսիական զորքերն անգլիականին զուգահեռ շարժվեցին գետի հակառակ (արևելյան) ափին։ Բանակները մոտեցան ֆրանսիացիների և շոտլանդացիների կողմից պահվող նեղ կամրջին։ Կանգ առնելով նրա մոտակայքում՝ Սոլսբերին իր բանակը վերափոխեց մարտական կարգի։ Անգլիացիները պետք է շտապեին և վերադասավորվեցին ափի գծի երկայնքով, ընդ որում՝ ձիերին տեղակայեցին թիկունքում։ Աջ թևի հրամանատարությունն իր վրա վերցրեց լորդ Ուիլոգբին, ձախը՝ Սոլսբերին։ Նախքան ճակատամարտը ասպետի կոչում շնորհվեցին Գիյոմ դե Վյեննին՝ սենյոր դը Սեն-Ժորժի որդուն, Ժանին, սենյոր դ' Օկսին, Ֆիլիպին, սենյոր դե Տրենոնին, Կոպեն դե լա Վյեվիլին և ուրիշներին։ Եթե հավատանք տարեգրին՝ միայն Սոլսբերին ասպետական կոչում շնորհեց ավելի քան 80 հոգու։ Այն վայրում, որտեղ կանգ առավ անգլիական բանակը, գետի խորությունը փոքր էր։ Ջուրը հասնում էր մինչև գոտկատեղ, գետի լայնությունը չէր գերազանցում 50 ֆունտը[11], հոսքը բավականին արագ էր։

Երեք ժամվա ընթացքում բանակները կանգնած մնացին գետի հակառակ ափին, մինչև Սոլսբերին «Սու՜րբ Գևորգ» կոչով չհորդորեց դրոշակակրին առաջ չշարժվել և նրա ետևից չմտավ գետը։ Սոլսբերիին հետևեց մնացյալ զորքը, այնպես որ «հակառակորդը գետում տեսավ մոտ 1500 մարդ կամ ավելին ... նրանց սրերի ու նիզակների կոթերը»[1]։ Միևնույն ժամանակ, աղեղնավորները թույլ չտվեցին ֆրանսիացիներին խանգարել իրենց անցումը։ «Ֆրանսիայի կողմից Բուրգունդյան տանը հասցված դավաճանության և վիրավորանքների մասին» գրքի համաձայն՝ անգլիական զորքի անցման ժամանակ շոտլանդացի աղեղնաձիգերը աղեղների անձրև են տեղացել, որին բուրգունդյան թնդանոթաձիգերը պատասխանել են «ոչ փոքր զոհերի» պատճառ դարձած կրակով։ Անգլիացիները լորդ Ուիլլոուբի հրամանատարությամբ փորձեցին ճեղքել շոտլանդացիների պաշտպանությունը, բարիկադավորված կամուրջ, բայց նրանց բոլոր հարձակումները տապալվեցին[14]։ Այդ ժամանակ անգլիացիները հասան արևելյան ափ, որտեղ կատաղի ձեռնամարտ սկսվեց, գործի դրվեցին սրերն ու սակրերը։

Սկզբում կողմերից ոչ մեկը չէր կարողանում հասնել վճռական առավելության։ Նման իրավիճակում բերդի պարետ սենյոր դե Շատտլնուի հրամայեց բացել դարպասները, և Կրավանի կայազորում եղած զինվորները թիկունքից հարվածեցին պաշարողներին։ Հայտնվելով անգլիացիների ու քաղաքի արանքում՝ ֆրանսիացիները նահանջեցին, ընդ որում՝ առաջինը մարտադաշտը թողեցին վարձկանները՝ իսպանացիները, լոմբարդացիները ու գասկոնցիները։ «Կույսի քրոնիկներ»-ի անանուն հեղինակը նշել է, որ «Մարշալ Սևերակը, մեսսիր Ռոբեր դե Լերը և մյուսները խայտառակ կերպով փախուստի դիմեցին՝ ի մեծ վնաս ֆրանսիական թագավորի, և եթե նրանք մնային տեղում և կատարեին իրենց պարտքը, շատ հնարավոր էր, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր»[9]։ Շոտլանդացիները, որոնք շարունակեցին պահել կամուրջը և համառորեն հրաժարվեցին նահանջել, ամենամեծ կորուստները կրեցին։

Կապիտան Պերինե Գրասսեի ջոկատը դեռ որոշ ժամանակ հետապնդեց փախուստի դիմողներին՝ նրանց լրացուցիչ վնաս հասցնելով, իսկ անգլիական բանակը մտավ Կրավան։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական զորքերի կորուստները գնահատվում են 3-4 հազար շոտլանդացի հրաձիգներ և շուրջ 1200 ֆրանսիացիներ, որոնցից 300-400 ազնվականներ էին։ «Ռազմական հերոլդ Բերրիի տարեգրության»մեջ բերվում է մեկ այլ, ավելի ցածր թիվ՝ 800-1000 մարդ։

Ի թիվս այլոց, զոհվեց «շոտլանդական կոնետաբլ» Բյուքենի եղբորորդին՝ Թոմաս Սետոնը, բաստարդ դե լա Բոմը, Ուիլյամ Համիլթոնը և նրա որդին՝ Էնդրյուն, կապիտան Ջոն Պոլլոքը, բաստարդ դե լա Բոլյեն, սիր դե Ֆոնտեն Դ՛Անժուն։ Մոտ 400 մարդ, եթե հավատանք Մոնստրյեի տարեգրությանը, կամ մոտ 2000-ը (այս թիվը Սեն-Ռեմին է նշում) գերի ընկան, ընդ որում՝ գերության մեջ հայտնվեց նաև կոնետաբլ Բյուքենը (այդ մարտում նա զրկվեց աչքից և հանձնվեց սենյոր դե Շատլյուին), կոմս Վենտադուրը, Սթիվեն և Ջոն Ֆերնիխերստները, շոտլանդացի ասպետներ, սենյոր դե Բելլեն ու Գիյոմը, սենյոր դե Գամաշը։ Վնասն առանձնապես մեծ էր, քանի որ նահանջի համար, ըստ էության, նեղ միջանցք էր մնացել հարձակվող անգլիացիների ու կրավանցիների միջև, ինչից հաղթողներն օգտվեցին ամբողջ ծավալով[15]։

Ինչպես իր «Օրագրում» նշում է փարիզցի բուրժուա Ժորժ Շյուֆարը, օգոստոսի 3-ի երեկոյան անգլիացիների հաղթանակի և «3000 կամ ավելի արմանյակներ»-ի մահվան մասին լուրերը հասան Փարիզ։ Հաղթանակի առիթով (որը համընկել էր Ս. Ստեփանոսի մասունքները տեղափոխելու օրվա հետ) մեծ տոն կազմակերպվեց։ Շյուֆարը պնդում է նաև, որ 1500 մարդ խեղդվել է գետում[16], սակայն նրա «Օրագրում» փաստերը չափազանցված են։ Հաջորդ օրը բուրգունդյան զորքերը վերադարձել են Բուրգունդիա, միևնույն ժամանակ Սոլսբերին ուղևորվել է պաշարելու Մոն-Ագիյոնը, իսկ Սուֆֆոլկը՝ Կուսին։

Ֆրանսիական զորքերի պարտության հետևանքով կտրվեց Պիկարդիայի և Ֆրանսիայի հարավի միջև կապը։ Տարածքը, որը նախկինի պես պաշտպանում էր «օրինական թագավորին», «երկատվեց»։ Երկու մասերն էլ արդեն ստիպված էին պայքարել առանձին-առանձին՝ անկարող լինելով օգնության հասնել միմյանց, ինչը դաժան վնաս հասցրեց Շառլ VII-ի գործին։ Կրավանի պարտությանը հետևեցին ևս մի քանի պարտված մարտեր։ Դրա պատճառը, ինչպես նշում են հետազոտողները, մարտական ոգու անկումն էր և հակառակորդի հետ ուղղակի բախումներից խուսափելու Շառլի փորձերը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Robert Douglas Smith and Kelly de Vrie The artillery of the dukes of Burundy, 1363-1477. — Woodbridge: Boydell&Brewer, 2005. — 337 с.
  2. Google Maps «Google Maps Cravant-Paris» (ֆրանսերեն). Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Google Maps «Google Maps Cravant-Auxerre» (ֆրանսերեն). Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «Cravant. Promenades dans Cravant» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Сражение при Краване» (русск.). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 «Les Batailles de France: Bataille de Cravant» (ֆրանսերեն). Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 7,2 Jehan Wavrin Anciennes Chronicques d'Engleterre / L.M.E. Dupont. — New York: New York Public Library, 1856. — 349 с.
  8. Anthony Tuck Crown and nobility: England 1272-1461. — Wiley-Blackwell, 1859. — 357 с.
  9. 9,0 9,1 Неизвестный автор Bataille de Cravent // Chronique de la Pucelle. — Paris: Alolphe Delahays, 1859. — 540 с.
  10. Jean Raoulet Bataille de Cravent // Chronique de Jean Raoulet ou Chronique anonyme du roi Charles VII (de 1403 à 1429) / Auguste Vallet de Viriville. — P. Jannet, 1858. — 678 с.
  11. 11,0 11,1 «Jeanne d'Arc, Joann of Arc/ Battle of Cravant» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  12. Jean Le Fèvre, seigneur de Saint-Rémy XXXIII // Chronique de Jean Le Févre, seigneur de Saint-Remy: 1408-1420. — Librairie Renouard, H. Loones, successeur, 1881. — 549 с.
  13. 13,0 13,1 Enguerran Monstrellet La chronique d'Enguerran de Monstrelet: en deux livres, avec pièces justificatives 1400-1444 / Louis Douët-d'Arcq. — University of California, 1857. — 408 с.
  14. 14,0 14,1 Albert Laponneraye Histoire de rivalités et des luttes de la France et le l`Angleterre. — Paris: Chez l'Éditeur, 1843. — 470 с.
  15. John A. Wagner Encyclopedia of the Hundred Years War. — Greenwood Publishing Group, 2006. — 470 с.
  16. Неизвестный автор (предположительно - Жорж Шюффар) 387 // Journal d'un bourgeois de Paris, 1405-1449 / Alexandre Tuetey. — Paris: Société de l'histoire de Paris et de l'Ile-de-France, 1881. — 415 с.

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]