Կրակե շապիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակե շապիկը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակԶապել Եսայան
Բնագիր լեզուԱրևմտահայերեն

«Կրակե շապիկը», Զապել Եսայանի այն վիպակներից է, որոնք գրվել են Սովետական Հայաստանում։ 1934 թվականին տպագրված այս վիպակը կառուցված է հուշագրության ձևով և նպատակ ունի գեղարվեստականացնելու հայ ժողովրդի համար օրհասական դարձած ժամանակաշրջանը, պատկերելու հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով տեղի ունեցած վայրագությունները։ Պատմությանը գնահատական տալուց զատ, վիպակի արժեքը նաև նրա բարձր գեղարվեստի և էսթետիկ կատարելության մեջ է, որի մեծ վարպետն էր հեղինակը, ինչի մասին հայ գրականագիտության մեջ, ցավոք, առայժմ գրվել են հատուկենտ աշխատանքներ[1]։

Դիպաշարը և կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության կենտրոնական հերոսներից է պատկերվող ընտանիքի մայրը` Նունիկը, որը վիպակի սկզբում պատկերված է մռայլ, խիստ, կյանքի հոգսերի տակ կքած կնոջ կերպարում։ Նա, ըստ երևույթին, կրակե շապիկի օղակներում տանջվող առաջին հերոսն է, որն ընտանիքի ամենօրյա ապրուստը հոգալու համար պայքարի դուրս ելած մարդկանց առաջին շարքերում էր կանգնած։ Այստեղ կինը չի կատարում երկրորդական դեր, և իր ծավալած գործունեության կարևորությունը երբեք չի ստորադասվում։ Հեղինակին հաջողվել է տիպականացնել կերպարը՝ նրա մեջ ներմուծելով այն ժամանակվա հայ կնոջ և Օսմանյան կայսրության այլազգի քաղաքացու լավագույն գծերը։ Այսպիսով` ի դեմս Նունիկի, այս վիպակում գործ ունենք տիպականացված կամ հավաքական կերպարների հետ:Նունիկի կերպարը լրացնելու է գալիս ընտանիքի հայրը`պահպանողական հայացքների տեր մի մարդ, որի ուսերին էր ծանրացած ընտանիքի գոյատևման խնդիրը, մարդ, որն ամեն հնար գործադրում էր ընտանիքի հանապազօրյա կարիքները հոգալու համար, ինչի շահերց ելնելով`սովորաբար չէր հաճախում գինետներ և դրանով ընտանիքի անդամներին բախտավոր զգալու երջանկություն էր պարգևում։ Իսկ վերջիններս իրենց համեմատում էին այն ընտանիքների հետ, որոնց «հայրը գինետունը կթողուր վաստակը»։

Այս ընտանիքի պատմության ներկայացման ընթացքում հեղինակը պատմում է հայերի թշվառ վիճակի մասին, Արտաշեսը փորձում է դառնալ ժողովրդական ընդվզման առաջնորդ, սակայն ձերբակալվում է, իսկ ժողովրդի պայքարը մարում է:Ցույց տալով կերպարների` առանց ավելորդ պճնանքի և սեթևեթանքի աստիճանաբար խորացող ընթացքը (դա բնորոշ էր արևմտահայ կին հեղինակներին)` Հակոբ Օշականն իրավացիորեն գրում է.«Տիկին Եսայան հոգեբանական վեպին անվիճելի վարպետն է»[2]։

Գեղարվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության համակողմանի վերլուծությունը բերում է այն համոզման, որ հեղինակը միայն իր կենսագրությունը շարադրելու նպատակ չի հետապնդել. ունենալով գեղեցիկի բացառիկ ընկալում` Եսայանը կարողացել է ստեղծել գեղագիտական նշանակություն ունեցող պատկերներ։

Բնության տեսարանները, մարդկային դրամատիկ առօրյան, երազանքների և գորշ իրականության բախումը, ենթարկվելով գեղագետի գրչին, ընթերցողի դիմաց ներկայանում են իբրև բանաստեղծական պատկերներ, առանց որոնց անհնար է պատկերացնել գրական երկը. հեղինակը կենսական շատ մոտիվներ ներմուծում է նկարագրությունների, ցավի, մարդկային տառապանքի հնչյունների միջոցով։ Պատումի յուրահատկությունը դրսևորվում է նաև այն պարզ, ոչ խճողված նախադասություններում, որոնցով հեղինակը, ապահովելով անմիջական կապ իր և ընթերցողի միջև, չի խորանում անիմաստ մանրամասնությունների մեջ` միաժամանակ վիպակի ընձեռած հնարավորությունների սահմանում ամբողջովին պատկերելով ամբողջ ժամանակաշրջանն ու տիրող բարքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մակարյան, Ալբերտ (2018). Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզներ»-ը». Երևան: Անտարես. էջեր 154–197.
  2. Օշական, Հակոբ (1942). Հայ գրականություն. Երուսաղեմ. էջ 484.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)