Կուրտիզանուհիների ընտրություններ
| Երկիր | Ցին կայսրություն, Չինաստանի Հանրապետություն | |
|---|---|---|
Կուրտիզանուհիների ընտրություններ (չինարեն՝ 花選 ), մարմնավաճառների ընտրություններ, որոնք անցկացվել են Ցին դինաստիայի ուշ շրջանի և վաղ Հանրապետական դարաշրջանի Չինաստանում։ Դրանք հիմնականում կայացել են գեղեցիկ և տաղանդավոր կուրտիզանուհիների «ծաղկային ցուցակ» (չինարեն՝ 花榜 ) կազմելու համար։ Սկիզբ առնելով դեռևս 17-րդ դարից հայտնի ավանդույթներից՝ այս ընտրություններն առաջին անգամ փաստագրվել են 1860-ական թվականներին։ Վաղ շրջանի ընտրությունները կազմակերպել են առանձին մտավորականները, մինչդեռ ավելի ուշ դրանք անցկացվել են թերթերի կողմից՝ որպես սեփական ճանաչելիությունը բարձրացնելու միջոց։ Մրցույթներում հաղթող կուրտիզանուհիներն օգտվել են իրենց հանդեպ աճող պահանջարկից, մինչդեռ ընտրություններում ձախողվելը լրջորեն վնասել է նրանց հեղինակությանը։ Խոշոր ընտրություններ են կայացել Շանհայում. 1897 թվականի միջոցառումը կազմակերպել են Youxi Bao-ն և Լի Բոյուանը, իսկ 1917 թվականինը՝ The New World պարբերականի ներկայացուցիչ Չժեն Չժենցյուին։ Ժամանակակից Չինաստանում լայն ուշադրություն գրաված այս ընտրություններն աստիճանաբար կորցրել են իրենց հանրաճանաչությունը, քանի որ մարմնավաճառության վերաբերյալ հանրային դիսկուրսը գնալով ավելի խստորեն է դատապարտել այդ երևույթը։ Վերջին ընտրություններն անցկացվել են 1920-ականների վերջին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկային ցուցակներ և առաջին ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանում մարմնավաճառության գործելակերպը պատմականորեն թույլատրված է եղել[1], իսկ երբեմն էլ՝ արտոնագրված ու հարկված[2]։ Ականավոր կուրտիզանուհիների ցուցակները Չինաստանում կազմվել են առնվազն 17-րդ դարից։ Սուչժոուից և Նանկինից աշխատություններ են կազմվել համապատասխանաբար 1617 և 1618 թվականներին[3], իսկ Ցզյանսուից մեկ այլ աշխատություն էլ թվագրվել է 1656 թվականով[4]։ Ավանդաբար այս ցուցակները կազմվել են գրականագետների կողմից, որոնք էլ կուրտիզանուհիներին դասկարգել են՝ ելնելով նրանց տարբեր (օրինակ՝ երաժշտական) հմտություններից։ Ստացված ցուցակներն այնուհետև շրջանառվել են պոտենցիալ հաճախորդների շրջանում[4]։ Դրանք ներկայացվել են որպես գրական ստեղծագործություններ և երբեմն ներառել են պոեզիայի նմուշներ, որոնք ստեղծվել են կամ գլխավոր ժյուրիի, կամ նրա գործընկերների կողմից։ Դեռևս Մին դինաստիայի ուշ շրջանում[5]՝ նման ցուցակները փոխառություններ են կատարել Կայսերական քննությունից՝ իրենց վարկանիշում օգտագործելով նույն տիտղոսները։ Ցուցակներում կուրտիզանուհիները հաճախ զուգակցվել են կոնկրետ ծաղիկների հետ[3]։ Առանձին գրողների կողմից պատրաստված նման ցուցակների թողարկումը շարունակվել է մինչև 19-րդ դարը, որի մի օրինակն էլ Շանհայում հրատարակվել է Զու Տաոյի կողմից (1884 թվականին)[6]։
Շանհայում կուրտիզանուհիների ամենավաղ արձանագրված ընտրությունը տեղի է ունեցել 1868 թվականին՝ Գանգժայ Ժուրենի հովանավորությամբ։ Հաղթողը՝ Լի Ցյաոլինը, ստացել է հազար արծաթե դոլար։ 1870-ականների մրցույթների արդյունքում լույս են տեսել երկու գրքեր՝ «Քսանչորս կուրտիզանուհիների՝ որպես ծաղիկների պատկերազարդ գնահատում» և 1877 թվականի շարունակությունը, որտեղ հաղթող է ճանաչվել Լի Պեյլանը[5]։ Ավելի շատ ընտրություններ են անցկացվել 1882, 1883 և 1885 թվականներին[7], ինչպես նաև 1890 և 1891 թվականներին[6]։ Նման ընտրությունները կազմակերպվել են առանձին հովանավորների կողմից և ընդգրկել են փոքր թվով գրականագետների[8], թեև ժամանակի ընթացքում ժյուրիի անդամների ավելի մեծ կազմերը դարձել են ավելի տարածված[9]։
Լի Բոյուանի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]
1897 թվականի օգոստոսին տեղի ունեցած ընտրությունը կազմակերպել է գրող Լի Բոյուանը[10], որը հենց այդ տարի հիմնադրել է «Youxi Bao» լրագիրը[7]։ Սահմանափակված լինելով ավելի երիտասարդ ու պակաս հայտնի կուրտիզանուհիներով՝ այս ընտրությունը մասամբ ծառայել է նրանց աշխատանքի խրախուսմանը[10], մասամբ էլ՝ բուլվարային լրագրի գովազդմանը։ Քվեաթերթիկները հավաքվել են դրա կենտրոնակայանում, և կուրտիզանուհիներից նույնպես պահանջվել է հայտարարել իրենց թեկնածությունների մասին՝ գրասենյակներում տեղադրված տախտակների միջոցով[4]։ Առաջադրողներից պահանջվել է էսսեների միջոցով ներկայացնել թեկնածուներին առաջադրելու իրենց պատճառները[11], ինչից հետո դրանք հրապարակվել են լրագրում[12]։ Լին երգիծանքով նկարագրել է այս համակարգը որպես «արևմտյան ժողովրդավարական քվեարկության մոդելով» ստեղծված մի բան, որտեղ թեկնածուներն ընտրվել են լրացուցիչ քվեարկության միջոցով[13]։
«Youxi Bao»-ի հովանավորությամբ անցկացված առաջին ընտրությունը մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել. լրագիրն առաջին օրը, դեռ մինչև կեսօր, վաճառել է 5,000 օրինակ[14] և հայտարարությունից հետո՝ տասը օրվա ընթացքում, ստացել է հարյուր քվեաթերթիկ[10]։ Տպագրվել են ավելի շատ օրինակներ, և «Youxi Bao»-ն ստացել է ավելի քան երկու հարյուր նամակ, որոնց մի մասն աջակցող է եղել, իսկ մյուս մասը՝ քննադատական[14]։ Այդ ժամանակ Շանհայում բնակվել են մոտ երկու-երեք հազար կուրտիզանուհիներ, և անհրաժեշտ «գեղեցկություն, առաքինություն և գեղարվեստական նրբագեղություն» ունեցող կուրտիզանուհուն բացահայտելու լավագույն միջոցը բանավեճի առարկա է դարձել ժյուրիի անդամների միջև։ Հրապարակումներից մեկում պնդվել է, որ թեև քվեաթերթիկները հավաքվել են, Լին ինքը պետք է լիներ վերջնական որոշում կայացնողը[7]։ Ի վերջո, արդյունքները որոշվել են բացառապես ձայների քանակի հիման վրա՝ առանց կազմակերպչի այլ մեկնաբանությունների։ Դրանով նրանք ցույց են տվել, որ ոչ ոք իր մասին այնքան բարձր կարծիք չունի, որ համարձակվի զբաղեցնել ժյուրիի տեղը[15]։ Ընտրվել է տասնվեցամյա Չժան Սիբաոն, նա ստացել է ինը երաշխավորագիր նամակ[10], իսկ վերջնական ցուցակը բաղկացած է եղել 140 կանանցից[16]։
Ի սկզբանե «Youxi Bao»-ի ընտրություններում կուրտիզանուհիները գնահատվել են ըստ երկու չափանիշների՝ գեղեցկության և գեղարվեստական տաղանդի[4]։ Չափանիշները հետագայում վերանայվել են 1900 թվականին, երբ կանոնները փոխվել են՝ բացառելով երեխաներ ունեցող կուրտիզանուհիներին և նախկինում ամուսնացած կանանց. փոխվել է նաև թեկնածուների տարիքային միջակայքը՝ 16-20-ից դառնալով 13-18[17]։ Սկսած Լիի չորրորդ ընտրությունից՝ ավելացվել է տաղանդների ավելի ընդհանուր կատեգորիա[4]։ Ի վերջո, «Youxi Bao»-ն տարեկան չորս ընտրություն է անցկացրել[8]։ 1898 թվականի հաղթողների լուսանկարները սոսնձվել են առաջին էջին, հաղորդվել է նաև հաճախորդների մեծ հերթերի մասին[18]։ Լիի գլխավորած ընտրությունները հետագա գրողների կողմից նկարագրվել են որպես արդար և նույնքան խիստ, որքան Կայսերական քննությունը[19]։ Ինչպես նախկին ցուցակներում, այնպես էլ այդ ընթացքում հաղթող կուրտիզանուհիներին տրված տիտղոսները նույնպես վերցվել են քննությունից՝ հիմնվելով պետական ծառայողների կողմից ստացվող աստիճանների վրա[4]։
Միջանկյալ ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի առաջին տասնամյակում Շանհայում շարունակվել են ընտրությունները։ Սրանք, սակայն, հովանավորվել են ոչ թե «Youxi Bao»-ի, այլ այլ բուլվարային լրագրերի կողմից։ 1902 և 1903 թվականների ընտրությունները հովանավորել է «Huatian Ribao»-ն, իսկ 1904 թվականի ընտրությունները՝ «Yuxian Ribao»-ին[4]։ 1906 թվականին երեք առանձին հրատարակություններ կազմակերպել են ընտրություններ («Tianduobao», «Canghai Yizhubao» և «Guohunbao»)[20]։ 1909 թվականին ևս մեկ ընտրություն էլ կազմակերպել է «Caifengbao»-ն[14]։ Դրանից առաջ վերջին ընտրությունները կազմակերպվել են Շանհայում՝ մինչև 1911 թվականի հեղափոխությունը[19]։ Նմանատիպ մրցույթներ հայտարարվել են Պեկինում և Հանչժոուում[21], որոնցից ամենավաղը տեղի է ունեցել Հանչժոուում (1910 թվականին)[22]։ Հուանչժոուում կուրտիզանուհիների ընտրություններ անցկացվել են դեռևս 1907 թվականին (հասարակաց տների հետ համագործակցող թերթերի հովանավորությամբ)[23]։
Ավելի ուշ հաղորդումները ցույց են տվել, որ այս ընտրություններում որոշումները կայացվել են կազմակերպիչների կողմից ռեստորաններում (թեկնածուների փոքր խմբի հիման վրա)[24]։ Ժամանակակից հաղորդումները ցույց են տվել, որ տարածված է եղել նաև կաշառակերությունը, ինչը շատ հաճախ նմանեցվել է Այրի կայսրուհի Ցի Սիի կողմից կիրառվող «պաշտոնների վաճառքին և դիրքերի փոխանակմանը»[19]։ Մասամբ այս խնդիրների պատճառով, մասամբ էլ կուրտիզանուհիների մասին խոսույթների փոփոխության պատճառով ընտրությունները կորցրել են իրենց հանրաճանաչությունը[14]։ 1910-1916 թվականներին Շանհայում ընտրություններ չեն անցկացվել, ինչը լրագրության պատմաբան Ցիլյան Հեն վերագրել է այդ ժամանակ բուլվարային ամսագրերի պակասին[19], իսկ սեքսուալության հետազոտող Գեյլ Հերշատերը վերագրել է դա անկայուն քաղաքական իրավիճակին[8]։
Շանհայի 1917 թվականի ընտրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]
The New World (չինարեն՝ 新世界 ) պարբերականի հիմնադրումից մեկ տարի անց՝ 1917 թվականին, այս բուլվարային լրագիրը Շանհայում անցկացրել է կուրտիզանուհիների իր առաջին ընտրությունը։ Արտացոլելով Ցին դինաստիայից դեպի Չինաստանի Հանրապետություն կատարվող անցումը՝ մրցույթը վերնագրվել է «Ծաղկային պետության ընտրություն»։ Կառուցվածքային առումով այն ոչ թե նմանակել է արդեն գոյություն չունեցող կայսերական քննությունների համակարգը, այլ հիմնվել է նոր ազգային կառավարության մոդելի վրա[19]։ Տիտղոսները սահմանվել են հանրապետական կառույցների նմանությամբ և ներառել են մեկ նախագահ, երկու փոխնախագահ և մեկ վարչապետ։ Ավելի ցածր տիտղոսները բաշխվել են չորս դեպարտամենտների միջև (տաղանդի, գեղեցկության, առաքինության և հմտությունների)՝ ներառելով նախարարներ ու փոխնախարարներ, ինչպես նաև խորհրդականներ, նախագահողներ, անդամներ, ռազմական նահանգապետեր, մագիստրատներ և քաղաքացիական պաշտոնյաներ[25]։
1917 թվականի ընտրությունների մասին առաջին անգամ հայտարարվել է նոյեմբերի 25-ին[26]։ Հայտարարությունը, որը վերագրվել է ականավոր կուրտիզանուհի Լին Դայուին, ինչպես նաև ներկայացված քվեաթերթիկներից շատերը լի են եղել չինական դասական գրականությանն արված հղումներով՝ այդ թվում «Արևմտյան թևի սիրավեպը» (Romance of the Western Chamber) պիեսի կերպար Ցուի Ինյինին, ինչպես նաև Ցաո Պիի և Տաո Գուի ստեղծագործություններին արված հիշատակումներով[27]։ Դեկտեմբերի 10-ից 15-ը մասնակիցները ներկայացվել են ընտրողների գնահատմանը և ստացել են երգելու հնարավորություն[25]։ Լայն հասարակության ներկայացուցիչներին նույնպես հորդորել են ներկա գտնվել այդ միջոցառումներին[11]։ Քվեաթերթիկները վաճառվել են հովանավորներին[28], որոնց թույլատրվել է քվեարկել այնքան անգամ, որքան ցանկացել են[14]։
Ընտրությունների արդյունքները հայտարարվել են 1917 թվականի դեկտեմբերի 23-ին. Գուանֆանգը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 35,500 ձայն։ Նրա փոխնախագահներն են դարձել Ջուդին ու Բեյջինը[21]։ Հաղորդվել է, որ որոշ հովանավորներ հազարավոր քվեաթերթիկներ են գնել՝ իրենց նախընտրած թեկնածուի հաղթանակն ապահովելու նպատակով[29]։ Մրցույթի ավարտից հետո հաղթողների կենսագրությունները հրապարակվել են պարբերականներում՝ կրկին զուգորդված գրական ակնարկներով, բանաստեղծություններով և էլեգիական երկտողերով[27]։ Բացի այդ, վաճառքի է հանվել հաղթողներից հարյուրի լուսանկարները պարունակող հուշալբոմ[30]։ Հաղթողները (բացառությամբ մագիստրատների) ստացել են գավաթներ, և հայտարարվել է, որ նրանց լուսանկարները փակցվելու են «Նոր աշխարհ» զվարճանքների համալիրում[25]։ Մրցանակների թվում եղել են օծանելիքներ և սիգարետներ, որոնք տրամադրվել են հովանավորների կողմից[30]։ Հաղթողներից մի քանիսը շարունակել են հանդիպումներ անցկացնել՝ հանդես գալով մամուլում լայնորեն լուսաբանվող ելույթներով[31]։
Վերջին ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 և 1919 թվականներին The New World-ը հովանավորել է ևս մի քանի ընտրություն։ Դրանցից վերջինը, որն անցկացվել է «Մեծ աշխարհի» զվարճանքների սրահում, լուսաբանվել է մի քանի ամիս շարունակ և շրջանառության մեջ է դրել նոր տիտղոսներ (հիմնված Չանյեի և լուսնի պարի վրա)[28]։ 1920 թվականին անցկացվել է երկու ընտրություն[14]․ մեկը կազմակերպել է The New World-ը, իսկ մյուսը՝ Qimei Milk Candy ընկերությունը։ Վերջինիս նպատակն է եղել ընտրել «բուրավետ ազգի» առաջնորդին, քանի որ «ծաղկային ազգ» եզրույթն արդեն արտոնագրված է եղել The New World-ի կողմից։ Qimei-ի ընտրություններում հաղթողները որպես մրցանակ ստացել են կահույք, իսկ գլխավոր հաղթողին շնորհվել է «կաթի նախագահ» տիտղոսը[28]։ 1920-ականների ընթացքում ընտրությունները շարունակվել են, թեև դրանք արդեն սովորաբար ավելի փոքրամասշտաբ միջոցառումներ են եղել[25]։ Ենթադրվում է, որ այդ տասնամյակում նմանատիպ ընտրություններ են անցկացվել նաև Հուանչժոուում, թեև դրանց մասին շատ քիչ վավերագրական տվյալներ են պահպանվել[23]։
1920-ականների ընթացքում մարմնավաճառության վերաբերյալ հանրային դիսկուրսը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Խոշոր թերթերը, օրինակ՝ Shen Bao-ն, այդ գործելակերպի դեմ պայքարում հիմնվել են Լի Դա Չժաոյի և «Նոր մշակույթ» շարժման առաջ քաշած փաստարկների վրա՝ կոչ անելով արմատախիլ անել այն, մինչդեռ բուլվարային մամուլը շարունակել է պաշտպանել կուրտիզանուհիներին[32]։ 1920 թվականին Շանհայի միջազգային բնակավայրի իշխանությունները վիճակախաղի սկզբունքով փակել են տարածքի հասարակաց տների մեկ հինգերորդը, իսկ մնացածների գործունեությունը դադարեցվել է մինչև 1925 թվականը[33][34], ուստի կուրտիզանուհիների տները տեղափոխվել են Ֆրանսիական կոնցեսիա, որտեղ դրանց գործունեությունը շարունակել է ծաղկել[35]։ Հուանչժոուում 1926 թվականին նախատեսված միջոցառումը, որին պետք է մասնակցեր ավելի քան 500 կուրտիզանուհի, չեղարկվել է Գուանդունի կառավարության կողմից՝ երեսունից ավելի կանանց կազմակերպությունների ներկայացրած բողոքների արդյունքում[36]։ Եվ թեև կուրտիզանուհիների ընտրություններ այլևս չեն անցկացվել, մի շարք գրողներ արձանագրել են նախկին իրադարձությունների պատմությունը՝ ըստ տարեթվերի ներկայացնելով հաղթողներին ու նրանց շնորհված տիտղոսները[37]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազդեցությունը մասնակիցների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 19-րդ դարի ուշ շրջանում Շանհայում գործող գրող Վան Տաոյի, որը նաև դատել է 1882 թվականի ընտրությունները[5], կնոջ անունը ծաղկային ցուցակում ներառելը կարողացել է տասնապատկել նրա արժեքը։ Ընտրված կուրտիզանուհիները վայելել են հռչակի աճի շրջան և օգտագործել են իրենց ընտրությունը թերթերի գովազդներում[38]. նրանց ընտրված տիտղոսները նույնպես սովորաբար օգտագործվել են թերթերի լուսաբանումներում[39]։ Մի քանի հաղթողներ, ինչպիսիք են Հու Բաոյուն և Յաո Ցյանցյանը, դարձել են վեպերի հերոսներ[6]։ Սակայն այս փառքը մարել է, և, հետևաբար, շատ կուրտիզանուհիներ փորձել են ամուսին գտնել հանրաճանաչության գագաթնակետին հայընված ժամանակներում[38]։ «Youxi Bao»-ի դարաշրջանում բուլվարային լրագիրը հայտարարել է նախկին մրցակիցների ամուսնությունների մասին[18]։ Կուրտիզանուհիների առաջադրողները, հատկապես «Youxi Bao»-ում, նույնպես շահել են իրենց հասակակիցներին սեփական գրական հմտությունները ցուցադրելու հնարավորությունից. Հերշատերը սա նշել է որպես կուրտիզանուհիների ընտրությունների և ժամանակակից գեղեցկության մրցույթների միջև հիմնական տարբերությունը[12]։
Ընտրություններում ձախողումը վնասակար է եղել կուրտիզանուհիների հեղինակության համար[22], Վան Տաոն այն նկարագրել է որպես անարգանքի ձև[38]։ 1897 թվականի ընտրությունից հետո մի քանի կուրտիզանուհիներ գրել են «Youxi Bao»-ին՝ դժգոհելով, որ իրենց վարկանիշը շատ ցածր է եղել, և ի վերջո իրականացվել է վերադասակարգում[40]։ Կուրտիզանուհիները նաև դժգոհել են, որ տիտղոսները պահպանելը թանկ է արժեցել, քանի որ երկրպագուները նվերներ են ակնկալել։ Այսպիսով, 1919 թվականին Շանհայում մի կուրտիզանուհի հրաժարվել է իր տիտղոսից[39]։ Վան Լիանյինը, ով 1917 թվականի ընտրություններում գրավել է չորրորդ տեղը և ճանաչվել իր պեկինյան օպերայի հմտություններով, զրկվել է իր տիտղոսից, երբ հրաժարվել է մասնակցել հետագա միջոցառումներին[41]։ Ընտրությունները, որոնք թույլատրել են ցածր խավի կուրտիզանուհիներին և մարմնավաճառներին, քննադատվել են լրատվամիջոցների կողմից. Հանչժոուում մի խմբագրական հոդված հորդորել է անվավեր ճանաչել 1925 թվականի ընտրության արդյունքները՝ նշելով, որ դրանք ոչինչ չեն տվել, բացի «միջակ, սրիկա մարմնավաճառներից»[22]։
Հանրային խոսույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե կուրտիզանուհիների ընտրությունների վերաբերյալ հանրային խոսույթը դրական է եղել, և դրանք ներկայացվել են որպես «խաղային, հանրային իրադարձություններ»[42]։ Հանչժոուի «Zhejiang Shangbao»-ն այդ քաղաքի 1910 թվականի ընտրությունը նկարագրել է որպես զվարճալի և հետաքրքիր[22]։ Հուանչժոուում ընտրությունները 1920-ականներին սկսել են օգտագործվել որպես դրամահավաքի գործիք՝ ծառայելով Սուն Յաթ-սենի հուշահամալիրի համար գումար հավաքելուն։ 1926 թվականի միջոցառումը, որին մասնակցել է ավելի քան 500 կին, վաճառել է ավելի քան 70,000 տոմս[43]։ Շանհայի միջոցառումները կարողացել են գրավել մի քանի հազար մասնակցի[28]։
Շանհայի կուրտիզանուհիների ընտրությունների վրա կատարված ծախսերն արժանացել են «Eastern Times»-ի քննադատությանը, որը հարցականի տակ է դրել այն, թե ինչպես հովանավորները կարող են հազարավոր քվեաթերթիկներ գնել, բայց գումար չնվիրաբերել աղետների հետևանքների վերացման համար[29]։ Չժեն Չժենցյուն՝ 1917 թվականի ընտրությունների ժամանակ «The New World»-ի գլխավոր խմբագիրը, քննադատաբար է վերաբերվել Չինաստանում մարմնավաճառության շարունակվող գործելակերպին, ինչպես նաև ընտրությունների կողմից այդ երևույթի վրա գրավված ուշադրությանը, թեև շարունակել է հովանավորել դրանք[27]։ Քննադատությունն աճել է 1920-ականների ընթացքում։ Նոր մշակույթի շարժումը մերժել է կուրտիզանուհիների զվարճանքը՝ անվանելով այն որպես «հետամնաց ավանդույթ»[44]։ Անդրադառնալով Հուանչժոուում 1926 թվականի միջոցառմանը՝ Կանանց բյուրոն դատապարտել է ընտրությունները՝ որպես մարմնավաճառության խրախուսում, կանանց նվաստացում և վիրավորանք[43]։
Ընտրություններն ընկալվել են նաև որպես գերիշխող քաղաքական վարչակարգերի քննադատություն։ Բոստոնի համալսարանից Քեթրին Են, քննարկելով Լի Բոյուանի օրոք անցկացված ընտրությունները, նկարագրել է դրանք որպես Ցին դինաստիայի նկատմամբ բողոք[13]։ Չժեն Չժենցյուն գրել է, որ «The New World»-ի ընտրությունները ձեռնարկվել են՝ նպատակ ունենալով հանրությանը ցույց տալ, թե ինչպես կարող է ընթանալ ժողովրդավարական ընտրությունը, և դրանով իսկ հորդորել թե՛ քաղաքական գործիչներին, թե՛ շարքային քաղաքացիներին՝ փայփայել քվեարկելու իրենց իրավունքները[27]։ Ըստ Հերշատերի՝ ժամանակակից քաղաքական տերմինների օգտագործումը համարվել է թույլ կամ անարդյունավետ կենտրոնական կառավարության քննադատություն[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gronewold, 2017, էջ 567
- ↑ Gronewold, 2017, էջ 570
- 1 2 Zeitlin, 2006, էջ 86
- 1 2 3 4 5 6 7 Henriot, 2001, էջ 65
- 1 2 3 Yeh, 2006, էջ 228
- 1 2 3 Yeh, 2006, էջ 229
- 1 2 3 He, 2018, էջ 183
- 1 2 3 4 Hershatter, 1999, էջ 167
- ↑ Yeh, 2006, էջ 230
- 1 2 3 4 Yeh, 2006, էջ 231
- 1 2 He, 2018, էջ 190
- 1 2 Hershatter, 1999, էջ 165
- 1 2 Yeh, 2006, էջ 227
- 1 2 3 4 5 6 Henriot, 2001, էջ 66
- ↑ Yeh, 2006, էջ 232
- ↑ Wang, 2012, էջ 28
- ↑ Wang, 2012, էջ 31
- 1 2 Yeh, 2006, էջ 234
- 1 2 3 4 5 He, 2018, էջ 185
- ↑ Henriot, 2001, էջեր 65–66
- 1 2 He, 2018, էջ 195
- 1 2 3 4 Remick, 2014, էջ 64
- 1 2 Remick, 2014, էջեր 116–117
- ↑ He, 2018, էջ 191
- 1 2 3 4 He, 2018, էջ 189
- ↑ He, 2018, էջեր 185, 187
- 1 2 3 4 He, 2018, էջ 187
- 1 2 3 4 Hershatter, 1999, էջ 168
- 1 2 He, 2018, էջ 194
- 1 2 He, 2018, էջ 193
- ↑ He, 2018, էջ 196
- ↑ Jiang, 2021, էջ 98
- ↑ Chen, 2021
- ↑ Hershatter, 1999, էջ 281
- ↑ Hershatter, 1999, էջ 37
- ↑ Remick, 2014, էջեր 117–118
- ↑ Hershatter, 1999, էջեր 168-169
- 1 2 3 Henriot, 2001, էջ 67
- 1 2 Hershatter, 1999, էջ 166
- ↑ Wang, 2012, էջ 29
- ↑ He, 2018, էջեր 205–209
- ↑ Yeh, 2006, էջ 226
- 1 2 Remick, 2014, էջ 118
- ↑ Yeh, 2006, էջ 8
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chen Jianhua (陈建华) (2021 թ․ օգոստոսի 24). [(https://web.archive.org/web/20250119122334/https://m.thepaper.cn/kuaibao_detail.jsp?contid=14116569&from=kuaibao) 《阎瑞生》摄制与剧照之百年回观] [A Century-long Review of the Filming and Stills of "Yan Ruisheng"]. The Paper (Chinese). Արխիվացված է [(https://m.thepaper.cn/kuaibao_detail.jsp?contid=14116569&from=kuaibao) օրիգինալից] 2025 թ․ հունվարի 19-ին.
{{cite news}}: Check|archive-url=value (օգնություն); Check|url=value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gronewold, Sue (2017). «Prostitution in Shanghai». In García, Magaly Rodriguez; van Voss, Lex Heerma; van Nederveen Meerkerk, Elise (eds.). [(https://brill.com/view/book/9789004346253/BP000027.xml) Selling Sex in the City: A Global History of Prostitution, 1600s–2000s]. Studies in Global Social History. Vol. 31. Leiden: Brill. էջեր 567–593. doi:10.1163/9789004346253_023. ISBN 978-90-04-34625-3.
{{cite book}}: Check|url=value (օգնություն) - He, Qiliang (2018). [(https://books.google.com/books?id=h1txDwAAQBAJ) Newspapers and the Journalistic Public in Republican China: 1917 as a Significant Year for Journalism]. New York, London: Routledge. ISBN 978-0-429-79669-2.
{{cite book}}: Check|url=value (օգնություն) - Henriot, Christian (2001). Prostitution and Sexuality in Shanghai: A Social History, 1849–1949. Translated by Castelino, Noel. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-57165-4.
- Hershatter, Gail (1999). Dangerous Pleasures: Prostitution and Modernity in Twentieth-Century Shanghai. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-20439-3.
- Jiang Xing-peng (姜兴鹏) (2021). [(http://xb.chu.edu.cn/EN/10.12152/j.issn.1672-2868.2021.01.013) 20 世纪 20 年代上海的传媒生态探究: 要要以莲英案为中心的历史考察] [A Study of the Media Ecology of Shanghai in 1920s: A Historical Survey of the "Lianying Case"]. Journal of Chaohu University (Chinese). 23 (1): 94–100, 107. doi:10.12152/j.issn.1672-2868.2021.01.013.
{{cite journal}}: Check|url=value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Remick, Elizabeth J. (2014). [(https://books.google.com/books?id=_sfdAgAAQBAJ&dq=%22huabang%22&pg=PA117) Regulating Prostitution in China: Gender and Local Statebuilding, 1900–1937]. Redwood City, California: Stanford University Press. ISBN 978-0-8047-9083-3.
{{cite book}}: Check|url=value (օգնություն) - Wang, Juan (2012). [(https://www.google.com/search?q=http%3A%2F%2Fgoogle.ca%2Fbooks%2Fedition%2FMerry_Laughter_and_Angry_Curses%2Facfw3lMSuYMC%3Fhl%3Den%26gbpv%3D0) Merry Laughter and Angry Curses: The Shanghai Tabloid Press, 1897-1911]. Contemporary Chinese Studies. Vancouver: University of British Columbia Press. ISBN 978-0-7748-2340-1.
{{cite book}}: Check|url=value (օգնություն) - Yeh, Catherine Vance (2006). [(https://www.google.com/search?q=https%3A%2F%2Fbooks.google.com%2Fbooks%3Fid%3DTSQqz9MQ9nIC%26dq%3D%2522huabang%2522%26pg%3DPA374) Shanghai Love: Courtesans, Intellectuals, and Entertainment Culture, 1850-1910]. Seattle: University of Washington Press. ISBN 978-0-295-98567-1.
{{cite book}}: Check|url=value (օգնություն) - Zeitlin, Judith T. (2006). «'Notes of Flesh' and the Courtesan's Song in Seventeenth-Century China». In Feldman, Martha; Gordon, Bonnie (eds.). The Courtesan's Arts: Cross-Cultural Perspectives. Oxford: Oxford University Press. էջեր 75–102. ISBN 978-0-19-517028-3.