Կուստաքի ալ-Հիմսի
Կուստաքի ալ-Հիմսի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 4, 1858[1] |
Ծննդավայր | Հալեպ |
Վախճանվել է | մարտի 9, 1941 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Հալեպ, Սիրիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական քննադատ և թարգմանիչ |
Լեզու | արաբերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Ազգականներ | Ջաբրայիլ ալ-Դալլալ |
Կուստաքի ալ-Հիմսի (արաբ․՝ قسطاكي الحمصي, փետրվարի 4, 1858[1], Հալեպ - մարտի 9, 1941, Հալեպ, Սիրիա), 19-րդ և 20-րդ դարերի սիրիացի բանաստեղծ, գրականագետ, գրաքննադատ, արձակագիր և թարգմանիչ, համարվում է Նահդայի զարթոնքի շրջանի ռահվիրաներից Օսմանյան Սիրիայում։ Հիմնադիրն է արդի գրաքննադատության՝ արաբական ժամանակակից գրականությունում։ Եղել է նաև առաջին գրականագետներից ով բարեփոխումներ է մտցրել արաբական ավանդական բանաստեղծության կառուցվածքում[2]։ Ան հայտնի է եղել որպես «ճամփորդ բանաստեղծ», կյանքի զգալի հատվածներ անցկանելով զանազան օտար երկրներում ու քաղաքներում, այդ թվում՝ Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Եգիպտոս, Բեյրութ և Կոստանդնուպոլիս։ Սակայն մշտական ապրուստի և ստեղծագործության վայրը մնացել է Հալեպ քաղաքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուստաքի ալ-Հիմսին ծնվել է Օսմանյան Սիրիայի Հալեպ քաղաքում 1858 թվին։ Նրա նախնիները 16-րդ դարում, գաղթել են Հալեպ՝ Սիրիայի Հոմս քաղաքից։ 15 տարեկան հասակում կորցրել է հորը։ Նրա խնամքն ստանձնել են մայրը՝ Սուզան Դալլալը և քեռին՝ բանաստեղծ Ջեբրայիլ Դալլալը։ Լինելով քեռու խնամքի ու ազդեգության ներքո և այն ժամանակի Հալեպի գրականագետների շրջանակում, նրա մոտ մեծ սեր է արթնացել արաբական գրականության՝ հատկապես բանաստեղծության հանդեպ։ Նա հիմնական ուսումն ստացել է Հալեպի հույն կաթոլիկների դպրոցում, ապա շարունակել ու ավարտել է Հալեպի Սուրբ Տիրամոր Ֆրանսիսկան Միսիոներների «Անարատ Հող» քոլեջը։ 19-րդ դարի վերջում անցել է Ֆրանսիա, որտեղ հաջողակ վաճառական է դարձել Մարսելում, Փարիզում և այլ քաղաքներում։ 1905 թվականին թողել է վաճառականական գործունեությունը Ֆրանսիայում ու վերադարձել Հալեպ։ 1908 թվականի Երիտթուրքերի հեղաշրջումից հետո, Հալեպ քաղաքի ավագանու անդամ։ Ֆրանսերենի և այլ Եվրոպական լեզուների տիրապետումն ու իմացությունը, բավականին օգնել են նրան ծանոթանալու օտար գրականություններում տեղի ունեցող առաջադիմություններին ու բարեփոխումներին։
1922 թվականին նշանակվել է Դամասկոսի Ազգային Գիտական Ակադեմիայի կազմում։
Մահացել է 1941 թվականին՝ ծննդավայր Հալեպում, որն այն ժամանակ Ֆրանսիական մանդատի ներքևում գտնվող Սիրիայի կազմում էր։
Նրա անունով անվանակոչվել է Հալեպի հիմնական փողոցներից մեկը։ 1971 թվականին, նրա կիսանդրին է տեղադրվել Հալեպի կենտրոնական հրապարակներից մեկում։ Նրա թոռների ջանքերով, Կուստաքի ալ-Հիմսիի Հալեպի պապենական բնակարանը դարձել է տուն-թանգարան։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականագիտական հրատարակություններ.-
- Դալլալի բանաստեղծության անաղարտ հմայքը, արաբ. السحر الحلال في شعر الدلال, հրատ. 1903, Կահիրե։ Գրականագիտական աշխատություն է, նվիրված նրա քեռու՝ Ջեբրայիլ Դալլալի բանաստեղծական ստեղծագործություններին։
- Գիտաշխատողի աղբյուրը գրաքննադատության մեջ, արաբ. منهل الورّاد في علم الانتقاد, հրատ. հատոր 1 և 2, 1905, Կահիրե, հատոր 3, 1935, Հալեպ։ Գրականագիտական աշխատություն է, որտեղ ալ-Հիմսին ներկայացրել է գրական քննադատության սկզբունքները գիտական հիմունքներով, Արաբական ժամանակակից գրականությունում։ Այս ստեղծագործությամբ, ալ-Հիմսին համարվում է գրական քննադատության հիմնադիրը՝ արդի Արաբական գրականությունում։
- Տասնիններորդ դարում հետքեր թողած գրականագետներ Հալեպում, արաբ. أدباء حلب ذوو الأثر في القرن التاسع عشر, հրատ. 1935, Հալեպ։ Գրականագիտական աշխատություն է, նվիրված 19-րդ դարի Հալեպի գրական և մշակութային կյանքին և քաղաքի մեծագույն գրական դեմքերին։
- Հոգիների հայելին, արաբ. مرآة النفوس, հրատ. 1935, Հալեպ։ Այս աշխատությամբ, հեղինակաը հիմնականում անդրադառնում է մարդկային բարձր արժեքներին ու բարոյական գաղափարներին։
Բանաստեղծական հրատարակություններ.-
- Երգեր Հին Կտակարանից, արաբ. أناشيد من العهد القديم, հրատ. 1907, Ալեքսանդրիա։ Պարունակում է ալ-Հիմսիի բանաստեղծական աշխատանքների որոշ հատվածներ։
- Հատընտիր Կուստաքի ալ-Հիմսիի քերթվածներից, արաբ. مختارات من نظم قسطاكي الحمصي, հրատ. 1939, Հալեպ։
Նրա բանաստեղծական ստեղծագործությունների զգալի մասը մնում է անտիպ։
Ալ-Հիմսին նաև Արաբերենի է թարգմանել բազմաթիվ Ֆրանսիական գրական ստեղծագործություններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ ալ-Ջամահիր թերթ, Կուստաքի ալ-Հիմսի՝ Հալեպի զավակն ու ճամփորդ բանաստեղծը (Արաբերեն)
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Հալեպ քաղաքում ծնվածներ
- Մարտի 9 մահեր
- 1941 մահեր
- Հալեպ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արաբ բանաստեղծներ
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Սիրիացի բանաստեղծներ
- Արաբ թարգմանիչներ